Ոսկեպարից հետո Փաշինյանը հանձնելու է Տիգրանաշեն-Երասխ հատվածը, Դիլիջանը եւ Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածը

  • 14:29 24.03.2024

Նախորդ հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել ենք Ոսկեպարի հանձնման նպատակներին ու հետեւանքներին։ Արժե եւս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին, նկատի առնելով, որ հայ հանրությունը հակված է իրադարձությունների «տեղայնացմանը» եւ չի ընկալում դրանց ընդգրկումն ու պատճառահետեւանքային կապերը։

Ոսկեպարը «Բերձորի միջանցքն» է, որի հանձնումը ՀՀ պետականության լուծարման գործընթացի գործնական մեկնարկն է՝ տարածքի օտարմամբ, բանակի կազմալուծմամբ, մայրուղիների եւ մյուս հաղորդակցությունների վերահսկողությունը Բաքվին հանձնելով եւ բնակչության զանգվածային տարագրմամբ։ Հայերը մի ժամանակ չէին հավատում նմանատիպ սխեմայի իրականացմանն Արցախում, շատերն էլ դա Հայաստանը փրկելու պայման էին համարում։ Ի տարբերություն հայերի, ռուս-թուրքական ոճրագործ ալյանսը Արցախը համարում է Հայաստան, հասկանում է հայկական իրավունքների ուժը եւ գործում է դրանից ելնելով։

Փոխարենը, հայ հանրությունը շարունակում է մնալ ներքին ու արտաքին թշնամական քարոզի ազդեցության տակ․ մի մասը համոզված է, որ այսպես կոչված «ադրբեջանը» հաղթող է, ուժեղ է ու պայմաններ է թելադրում, մյուս մասը համոզված է, թե այս քաղաքականությամբ ռուսներին դուրս են մղում Հայաստանից ու Կովկասից, եւ դրա գինը հայկական կողմի զիջումներն են։

Նման կաղապարների ներդրումը հայերի գիտակցության մեջ նպատակ ունի համակերպել նրան տեղի ունեցողին եւ չեզոքացնել հնարավոր նախաձեռնություններն ու դիմադրությունը։ Հայկական քաղաքական կոչվող դաշտը եւ մեդիան ամբողջովին այս ծիրում են, հատուկենտ միջոցներն ու հանրային խմբերը, որոնք դուրս են այս շրջանակից, հետեւողականորեն չեզոքացվում են։

Գանք Ոսկեպարին ու նշենք հաջորդ քայլերը, որոնք ծրագրել է Փաշինյանի կառավարությունը․ Ոսկեպարը հանձնելուց հետո Փաշինյանը «հիմնավորելու» է Տիգրանաշեն-Երասխ հատվածի հանձնումը, որով ապահովվելու է Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքը Բաքվի վերահսկողությամբ եւ մեխանիկորեն լուծվելու է ՀՀ հարավի օտարման խնդիրը։ Բաքվի ստորաբաժանումները տեղակայվելու են Դիլիջանում եւ Գեղարքունիքի մարզում՝ վերահսկողության տակ վերցնելով ՀՀ գլխավոր մայրուղիները դեպի Վրաստանի սահման։

Ծրագրի առաջնորդողը Փաշինյանն է, օպերատիվ երաշխավորը՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական ստորաբաժանումները, որոնք ապահովելու են Բաքվի զորքերի տեղաշարժը եւ անվտանգությունը ՀՀ ՆԳՆ եւ ԱԱԾ ստորաբաժանումների հետ համատեղ։

Երեւանին հարկ է անդրադառնալ առանձին հրապարակմամբ, նկատի առնելով, որ երեւանցիներն առավել դժվար են պատկերացնում ապագան։ Մինչ այդ, Փաշինյանի այցերն ու ասուլիսները լուսաբանող լրագրողները կարող են հարցնել նրան՝ «ձեր կարծիքով, ադրբեջանը կադաստրի թուղթ ունի՞»։

ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ