Ի՞նչ են առաջարկելու ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին. Փաշինյանը այդպես էլ չի պատասխանել Փելոսիին

  • 13:05 25.03.2024

Նիկոլ Փաշինյանը, Էնթոնի Բլինկենը և Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը կհանդիպեն ապրիլի 5-ին Բրյուսելում։ Այս մասին օրեր առաջ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ուղիները։

Դժվար չէ կռահել, թե ինչ է «առաջարկվելու» Հայաստանին այս հանդիպմանը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա «սահմանազատում», այսինքն՝ Իրանի հետ սահմանի “փակում”, Ռուսաստանի հետ հաղորդակցության ապահովում ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի տարածքով, և ֆորմալ “Հայաստանի” «ելքը» դեպի արտաքին աշխարհ բացառապես Թուրքիայի միջոցով։ Այն, ինչի մասին Փաշինյանն է խոսում՝ Հայաստանը պետությունից «խաչմերուկի» վերածելը։

Փաշինյանը հիմա ասում է, որ Հայաստանը (նկատի ունի իրեն) այլ այլընտրանք չուներ, և մենք ի սկզբանե դատապարտված էինք։ Իսկ հիմա, իբր, նա փորձում է գոնե պետականությունը պահպանել, թեկուզ դա էլ է հարցականի տակ։

Հայաստանն այլընտրանք ունե՞ր. “եթե”-ներով խոսալը, ինչպես գիտեք, անշնորհակալ գործ է, բայց կան փաստեր։

Ժամանելով 2022 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստան (Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայից մի քանի օր հետո), ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հիմնադիր հայրերը 1787 թվականին Սահմանադրության օրը ժողովրդավարությունը գերադասեցին ավտոկրատիային: Սերունդների ընթացքում մենք պաշտպանել ենք այս ընտրությունը։ Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»:

Նա նաև հարցրել է, թե ինչ է ուզում Հայաստանը և ինչպես կարող է օգնել նրան Միացյալ Նահանգները։ Հայաստանի իշխանությունները քմծիծաղով անտեսեցին Փելոսիի խոսքերը և նրա հարցը՝ այդպես էլ չհնչեցնելով, թե ինչ է ուզում Հայաստանը։

Արդյունքում՝ 2022 թվականի դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, հայտնվեց «Ալմա-Աթայի հռչակագրի» մասին թեզը, Հայաստանն ու ԱՄՆ-ն ոչինչ չարեցին շրջափակումը ճեղքելու համար, 2023 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ ԵՄ ներկայացուցիչները հավաքվեցին Ստամբուլում և, փաստորեն, “դոբրո” տվեցին Արցախի ցեղասպանության և բռնագաղթի համար, որից հետո Իսրայելն անմիջապես սկսեց Գազայի տեղահանումը։

Հիմա, երբ Փաշինյանը խոսում է Տավուշի և Հայաստանի այլ մարզերի ռազմավարական տարածքների հանձնման, պատերազմի վտանգի մասին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիշեցնում են Ալմա-Աթայի հռչակագիրը, թեև Ուկրաինայի և Իսրայելի դեպքում պնդում են ինքնապաշտպանության իրավունքը։

Փելոսիի Հայաստան և Թայվան այցից մեկուկես տարի անց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը խոսում է «Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին» աջակցելու մասին օրենքը քվեարկության դնելու մասին, այլ ոչ թե «Ուկրաինային, Թայվանին և Հայաստանին», ինչպես առաջարկել էր Փելոսին:

Փաշինյանն ասում է, որ ցանկանում է «պատմական Հայաստանը» վերածել «իսկական Հայաստանի», բայց, ըստ երևույթին, Հայաստանը վերածում է պատմության։