“Երբ լույսը տալիս էին, երեխան պետք է քներ, որ ես տիկնիկներ պատրաստեի”

  • 22:45 25.03.2024

Լարիսան մասնագիտությամբ մանկաբարձուհի է, մանկուց սիրել է ստեղծագործել, և այդպես  ծնվել է տիկնիկների պատրաստման գաղափարը:

Առաջին քայլերը տիկնիկագործության ոլորտում սկսում է իրականացնել 2020թ. սկզբին: Հենց այդ նույն ամսում Լարիսան աշխատանքի առաջարկ է ստանում և մի առ ժամանակ թողնում տիկնիկագործությամբ զբաղվելու մտքերը: Ամիսներ անց նորից սկսեց տիկնիկների պատրաստումը:

Անկեղծանում է՝ սկզբից շատ դժվար էր, պետք էր ձեռք բերել բավականին հումք և տեխնիկա: Առաջին կարի մեքենան գնել է առաջին հերթափահության համար տրված աշխատավարձով: Ասում է նաև, որ սկզբից հիասթափությունները շատ էին, տիկնիկները չէին ստացվում այնպես, ինչպես նա էր պատկերացնում, բայց համառության շնորհիվ այժմ ստացվել են անվանական հրաշք տիկնիկներ:

Առանձին պատմություն էր շրջափակումը՝ սկզբում լույս չկար, որ կարի մեքենայով աշխատի, իսկ հետո խնդիրներ առաջացան հումքի հետ կապված՝ «օրինակ կտոր կար, որ այդ պահին ինձ պետք չէր, բայց պիտի գնեի, որովհետև հետո հնարավոր է չլինի: Սինտիպոն չկար, բայց մի ձև բամբակի օգնությամբ պատվերները իրականացում էի: Լույսն էլ էր խնդիր, ես փոքրիկ երեխա ունեի եւ այնպես պետք է կազմակերպեի, որ երեխան քներ, երբ լույսը կար, որպեսզի ես աշխատեի: Ես կարողացա դա անել, քանի որ ցանկությունը ավելին էր, քան դժվարությունները»:

Բռնի տեղահանումից Լարիսան չկարողացավ վերցնել իր կարի մեքենան, բայց բարի մարդկանց շնորհիվ, ովքեր նվիրել են նոր կարի մեքենա, զարմանահրաշ տիկնիկների արտադրությունը շարունակվում է:

Նկարները՝ Lara soft toys ինստագրամյան էջից

Քրիստինա Ալավերդյան

f