Կիրանց․ բոլոր մարտերից նրանք դարերի ընթացքում դուրս են եկել հաղթած

  • 00:26 26.03.2024

Կիրանցն այսօր կրկին ճակատագրական օրեր է ապրում։ Գյուղացիները անդրդվելի են սահմանների փոփոխության հարցում։ Ի՞նչ հաջողություններ կարձանագրեն այս անգամ, կամ դիմակայությունը ի՞նչ արդյունք կտա, ցույց կտա ապագան ու հայ ժողովրդի հավաքական կամքը։

Տավուշի շրջանի Կիրանց գյուղի մասին ամենավաղ հիշատակումները վերաբերում են 4-րդ դարին։ Գյուղը հնում եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով, որը տարածվում էր Քարահան (Կիրանց) գետի երկու կողմերում։ 1935 թվականից մինչև 1967 թվականը կրել է Գետաշեն անունը։ Իսկ 1967 թ.-ին գյուղը վերանվանվել է Կիրանց։

Գյուղի տարածքում պահպանված պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, խաչքարեր վերաբերվում են 13, 17 և 19-րդ դարերին։ Հատկապես հայտնի է Կիրանց վանքը։ Վանական համալիրն իր մեջ է ներառում երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, բնակելի և տնտեսական շինություններ: Վանքի կառուցման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր։ Աճարկուտ գյուղի մոտ, որտեղ ժամանակին եղել է Հին Կունեն գյուղատեղին, այսօր կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը համաձայն բարավորի արձանագրության կառուցվել է 1675 թվականին, Խերումյաններից սերող մելիքական տոհմի կողմից։ Շուրջը հին գերեզմանոցն է։

Գյուղը մեծապես տուժել է մոնղոլական արշվանքների ժամանակ, ինչպես նաև Շահ Աբասի իրականացրած տեղահանությունից։ 1728թ. գյուղն ընդգրկված է եղել Թիֆլիսի վիլայեթի մեջ։

Գյուղի մասին հիշատակում է  Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, որը 19-րդ դարի 80-ականներին եղել է Կունենում․ «Հիմնված է Նոր Պիպիսի արևմտյան կողմում, այն սեռի (սարի) վրա, որ ընկած է Ոսկեպար վտակի և Կունեն (Քարահան) առվակի մեջ. բնակիչք գաղթած Երևանի Նորք և Կողթ և Շամշադին գավառի Կռզեն գյուղերից. հողը կիսով չափ արքունի. տեղեկան բարքերը նոյն, օդն կլման և ջուրը ոչ այնքան գովելի, երկար կյանք՝ 60-70 տարի։ Եկեղեցին Սուրբ Երրորդություն, քահանան գալիս է Ոսկեպար գյուղից։ Ծուխ 34, ար. 185, իգ. 156»: 19-րդ դարի վերջերին՝ 70-80-ականներին կունենցիները գյուղատեղին տեղափոխում են գյուղի ներկայիս տարածք։

1880 թ. կառուցվել է Սուրբ Երրորդություն անվանումով գյուղական փոքրիկ, քարաշեն եկեղեցին։ Խորհրդային տարիներին որոշում է կայացվում եկեղեցին ավերել կամ վերածել գոմի, սակայն գյուղի այն ժամանակվա նախագահ Աբգար Նազարյանի ջանքերով եկեղեցին կանգուն մնաց։

Կունենցիներն ակտիվորեն մասնակցել են 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումներին, ապա 1918-1920 թվականներին հայերի և թաթարների միջև ընթացող մարտական գործողություններին և բոլոր դեպքերում դուրս եկել հաղթողի կարգավիճակում։

Մեծ է կիրանցեցիների (գյուղի նոր անվանումը) ներդրումը 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, ովքեր աչքի են ընկել բացառիկ հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Նաև կիրանցեցիների ջանքերով ոչ միայն  հաջողություն չունեցավ «Օղակ» գործողությունը, այլև նրանց բացառիկ հերոսության շնորհիվ վնասազերծվեցին ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն տվեց գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի պետական սահմանի գյուղին հարակից տեղամասը։ Մարտերի ժամանակ աչքի են ընկել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը և այլք։

Կիրանցեցիներից ոմանք մասնակցել են նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա Արցախյան պատերազմին, որի ժամանակ հերոսաբար զոհվել է 18-ամյա Աբգար Նազարյանը։

Արմինե Հայրապետյան

 

f