Ռուս զբոսաշրջիկն ամուսնության առաջարկ արեց՝ մատանին թաքցնելով ժենգյալով հացի մեջ

  • 11:45 26.03.2024

Move to culture-ը մեզ տանում է հետաքրքիր ճանապարհորդության Հայաստանի մշակութային ժառանգության միջով: Move to culture-ի առաքելությունն է ծանոթացնել զբոսաշրջիկներին մեր հնագույն ավանդույթների, ժողովրդական արվեստի, խոհարարության ու տոների հետ։

Ծրագրի շրջանակներում զբոսաշրջիկները հանդիպում են տեղի բնակիչների հետ, որոնք դառնում են  ուղեցույցներ հայկական ավանդույթների աշխարհում։ Նրանք խոսում են հայկական ծեսերի նշանակության մասին, պատմում լեգենդներ ու պատմություններ՝ կապված տեղական ավանդույթների հետ։ Տարբեր միջոցառումների միջոցով, ինչպիսիք են ազգային արհեստների վարպետության դասերը, մասնակցությունը ժողովրդական փառատոններին և մշակութային միջոցառումներին, զբոսաշրջիկները ձեռք են բերում յուրահատուկ փորձ և խորը պատկերացում հայկական մշակույթի մասին:

Արցախյան Ժենգյալով հացի վարպետության դասը կազմակերպել էին տեղի բնակիչները, հայկական խոհանոցի և մշակույթի մասնագետները։ Արցախից Իրինա Համբարձումյանի համար ժենգյալով հաց թխելը նախկինում սիրելի հոբբի էր, տեղահանությունից հետո վերածվեց ընտանեկան բիզնեսի։ Մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու, թե ինչպես պատրաստել այս ավանդական ուտեստը փորձառու խոհարարների և հայկական խոհանոցի մասնագետների ղեկավարությամբ:

Վարպետության դասի ջերմ ու ընկերական մթնոլորտում մասնակիցներին միացած ռուս զբոսաշրջիկը ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն։ Ազգային երաժշտության հնչյունների և հայկական խոհանոցի բույրերի ներքո ապրած պահերը նրանք կհիշեն իրենց ողջ կյանքում: Այս հրաշալի դրվագը դարձավ վառ օրինակ, թե ինչպես հայկական ավանդույթներն ու սովորույթները կարող են ոգեշնչել անմոռանալի պահերի կերտմանը և կապել տարբեր մշակույթների ու ազգությունների մարդկանց սրտերը։

Տաթև Ազիզյան

f