Մենք կարևորում ենք տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա պատմել է Սև ծովից դեպի Պարսից և Օմանի ծոցեր ճանապարհների մասին, ընդ որում, պարտադիր նշելով, որ «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրան տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով»։
Նա նաեւ ասել է, որ Հայաստանը կարող է միացնել «Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների»:
Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար, ասել է Փաշինյանը։
Նա անգամ մի բառ չասեց, թե ի՞նչ է այդ ամենից ստանալու Հայաստանը, քանի որ բոլոր թվարկած «փաստարկները» վերաբերում են բացառապես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Նա նաեւ չխոսաց Բաքուն ու Անկարան կապող այլ ճանապարհների մասին, ասենք, հարց չհնչեցրեց, թե ինչո՞ւ այդպես էլ չգործակվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որին դեմ էր Արեւմուտքը։ Ինչո՞ւ Իրանը 20 տարի է չի կառուցում Ադրբեջանին միացնող երկաթուղու 8 կմ Աստարա-Ռեշտ հատվածը։
Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ Ալիեւը 4 տարի է փակ է պահում իր երկրի ցամաքային սահմանները, այդ թվում՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ։ Գուցե, Ալիեւին ոչ թե դեպի Թուրքիա ճանապարհ է պետք, այլ ուղղակի Հայաստանն է ուզում գրավել։ Եւ դրա համար Փաշինյանի ձեռմամբ Հայաստանը վերածում է խաչմերուկի, որը չի կարող շահեր, սահմաններ, պետականություն ունենալ։
Հույները երեւի մի լավ կծիծաղեն հայերի վրա։