Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը օրերս ասել էր, որ արցախցիներին բնակարանով ապահովման ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են։ Մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի: Ըստ նրա՝ ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք։
Արցախցիների շրջանում դժգոհություն է առաջացրել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը, հատկապես ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը։
Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց․ «Շրջանառվող կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ արցախցիների մեծ մասը դեմ են ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջին, չեն ուզում փախստականի կարգավիճակը կորցնել, քանի որ չեն ուզում հրաժարվել իրենց իրավունքներից։ Մարդիկ ասում են, որ դրանով կսահմանափակվի Արցախի նկատմամբ, Արցախում իրենց ունեցվածքի նկատմամբ պահանջատիրությունը»։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են, վերջնական լուծում կամ որոշման տարբերակ դեռ չկա, եւ վաղ է գնահատել այս ծրագիրը։ «Պետք է սպասենք, հասկանանք, թե կոնկրետ ի՞նչ առաջարկ է լինելու, որովհետեւ ասացին, որ դեռեւս քննարկումներ են լինելու։ Անգամ եղավ տեղեկություն, որ մինչեւ ամառ որոշումը դեռ չի լինի, կշարունակվի 40+10 հազար ծրագիրը։ Բայց երբ խոսում ենք քաղաքացիություն ստանալ-չստանալու մասին, պարզ է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը բնակապահովման ծրագիր է անում, պետություն ինչ-որ առաջնահերթություններ դնում է իր առջեւ։ Եվ դա չի արվում՝ որպես Արցախում կորցրածի փոխհատուցում։ Այսինքն՝ մենք չպետք է պահանջատիրությունից հրաժարվենք, պահանջատիրությունը միշտ պետք է լինի։ Մենք պետք է գիտակցենք, որ սա փոխհատուցում չէ, ընդամենը բնակապահովման ու աջակցության ծրագիր է»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հստակ լինի՝ արդյոք Արցախի քաղաքացիությունից հրաժարվելը պահանջատիրությունից հրաժարվելու նպատակո՞վ է արվում, թե դա արվում է զուտ այն նպատակով, որ ՀՀ-ն մեծ գումարներ է ներդնում եւ ցանկանում է այդ ծրագիրն իրականացնել ՀՀ քաղաքացիների համար։ «Բայց նաեւ չեմ բացառում, որ եթե աջակցության ծրագիր է, կարող են այնպես անել, որ փախստականի կարգավիճակով անձը նույնպես օգտվի դրանից, հատկապես, որ այս փախստականի կարգավիճակը հատուկ որոշմամբ է տրամադրված արցախցիներին։ Եվ ըստ այդմ՝ այդ շրջանակի անձանց պետք է հնարավորություն տալ օգտվել բնակապահովման ծրագրից, մնալ այդ բնակարաններում այնքան ժամանակ, մինչեւ հնարավորություն կլինի վերադառնալ Արցախ, ապրել իրենց տներում»,- հավելեց նա։
Ըստ Լիաննա Պետրոսյանի՝ մարդկանց վերջնանպատակն Արցախ վերադառնալն է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: