Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարո՛ն Ղուկասյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում 1990-ականների սկզբին իբր «ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Սա սպասելի սցենար էր, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։
-Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չէ միակողմանի հետ քաշել իր զորքերը գոյություն ունեցող շփման գծից։ Իմ կարծիքով՝ այս ճգնաժամն ստեղծվեց քաղաքական նպատակով՝ հրահրել Հայաստանում անկայունություն, որպեսզի տապալվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումը։ Հավանաբար ապրիլի 5-ն այն ժամնկետն է, երբ Հայաստանն ունի հնարավորություն՝ այս տարի որոշումներ կայացնելու եւ տնտեսական հարաբերությունների ու անվտանգության ոլորտներում պայմանագրեր կնքելու ԱՄՆ եւ Եվրամիության հետ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար ցանկալի դասավորություն չէ, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամի թեկնածու պետություն։ Եվ թիկունքում ունենալով Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությունը՝ մենք տեսնում ենք սրացում։
Ոսկեպարի բնակիչները հայտարարեցին, որ եթե բանակը միակողմանի թողնի դիրքերը, իրենք այդ դիրքերը կպահեն քաղաքացիական անձանց ուժերով։ Եվ ավելի սրվեց իրադրությունը, Ադրբեջանն արդեն քայլեր ձեռնարկեց՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական անձանց, որպեսզի վախեցնի, վախի մթնոլորտ ստեղծի բնակիչների ու կամավորականների շրջանում, որոնք դիրքորոշում են հայտնել, որ շփման գծի դիրքերը չեն թողնի։
Ինչո՞ւ էր այս ամենը պետք Հայաստանի վարչապետին, իմ անձնական կարծիքն այն է, որ ինքն այդ կեղտոտ խաղի մեջ մտավ, որովհետեւ շարունակում է փորձել խաղալ երկու ուղղության վրա՝ եւ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջանի ծրագրերն է սպասարկում, եւ միաժանակ փորձում է ԱՄՆ-Եվրամիություն-Ֆրանսիա այս ուղղության վրա հանդես գալ։ Ըստ երեւույթին, Փաշինյանը չի ուզում ապրիլի 5-ին կոպիտ պատասխանել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, այլ ուզում է, ձեռքի տակ ունենալ հիմնավոր պատճառաբանություններ, թե ինչո՞ւ ինքը չի կարող այդ որոշումներն ընդունել՝ որովհետեւ Հայաստանում ճգնաժամ է, սահմանի վրա լարվածություն է։ Այն, որ վարչապետն այդ ամենին մասնակից է, փաստում են իր այցելությունը Տավուշ եւ հանդիպումը մարդկանց հետ։ Սա հիմք է տալիս ասելու, որ ինքն անձամբ սպասարկում է այդ ահաբեկչական ինֆորմացիոն ծրագիրը։
-Փաշինյանը նախ Տավուշի մարզ չորս գյուղերը Հայաստանի տարածքից դուրս հռչակեց, հետո հայտարարեց, որ փորձում են իբր «լեգիտիմ սահմաններ» ձեւավորվել։ Նման քաղաքականության հետեւանքը ո՞րը կարող է լինել։
-Լեգիտիմ սահմանների հարցը դելիմիտացիայի խնդիր է։ Որպեսզի դելիմիտացիան տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն եւ սկզբում քարտեզի վրա հաստատեն միջպետական սահմանը, հետո կատարեն դեմարկացիա։ Ընդ որում, դա պետք է իրականացվի այն պայմաններում, որ զորքերը գոյություն ունեցող շփման գծից հետ քաշվեն։ Հայաստանի Հանրապետության տարածքով այդ շփման գիծն անցնում է օկուպացիայի հետեւանքով։ 2022-2023 թվականներին Ադրբեջանի գործողությունների հետեւանքով օկուպացվել են ՀՀ տարածքները, եւ Եվրամիության կողմից ճանաչվել է Հայաստանի 178 քառակուսի կմ տարածքի գրավումն Ադրբեջանի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այս իրավիճակին արձագանքեց եւ պնդեց, որ եթե Ադրբեջանը առաջ է բերում հարց, որ հայկական բանակը հետ քաշվի շփման գծից, ապա նաեւ ադրբեջանական բանակը պետք է հետ քաշվի շփման գծից, այսինքն՝ դեօկուպացնի Հայաստանի տարածքները։
Որեւէ հիմնավոր պատճառ չի կարող լինել, որ Հայաստանի կողմից զորքերը պետք է միակողմանի հետ քաշվեն շփման գծից, իսկ Ադրբեջանի կողմից մնան նույն դիրքերում։ Եվ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այն, ինչ այսօր կատարվում է, դելիմիտացիայի արդյունք է, որը որոշել են սկսել Տավուշի մարզից, սուտ է, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Դելիմիտացիան արված չէ, իսկ դեմարկացիան չի կարող արվել, քանի դեռ դելիմիտացիան չի արվել։ Որպեսզի դելիմիտացիան լինի, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, եւ զորքերը հետ քաշվեն շփման գծից։ Սա է միջազգային պրակտիկայում գոյություն ունեցողը կանոնը։ Այն, ինչ Տավուշում հիմա կատարվում է, որեւէ կապ չունի ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային պրակտիկայի հետ։ Դա պարզապես արհեստական ճգնաժամ է եւ առաջինը չէ։ Ամեն անգամ, երբ Հայաստանը կանգնում է ինչ-որ կարեւոր որոշումներ ընդունելու հարցի առաջ, դրան ընդառաջ տեղի են ունենում նման լարվածություններ թե սահմանին, թե երկրի ներսում։ Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտածում, որ ապուշներ են նստած Վաշինգտոնում եւ Բրյուսելում, միջազգային գործիչների ո՞ր դրսեւերումն է թույլ տվել Նիկոլ Փաշինյան մտածել, որ շուրջբոլորը հիմարներ են, ես չեմ հասկանում։