28-ամյա Աշոտն ավարտել է Արցախի պետական համալսարանի հիմնական զինվորական պատրաստության և ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը։ Արցախի պաշտպանության բանակի շարքերում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան։ Մեկնելուց որոշ ժամանակ անց իմացավ մորս հիվանդության մասին և վերադարձավ հայրենի քաղաք՝ Շուշի։ Մայրիկին չհաջողվեց փրկել: 2022 թվականին Աշոտն ամուսնացավ, և շուտով նրանք ունեցան հիանալի դուստր։
Այնուհետեւ Աշոտը համալրել է պաշտպանության բանակի շարքերը՝ նվիրվելով հայրենի երկրի պաշտպանության սուրբ գործին։ Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է մասնակցել Արցախյան երեք պատերազմի։ Շուշի քաղաքի կորստից հետո Աշոտը ընտանիքով վերադարձել է Ստեփանակերտ և նոր տուն կառուցել։
Սեպտեմբերի 19-ը Աշոտին զրկեց հայրենի հողում ապրելու ու ստեղծագործելու երազանքից։ Աշոտը, ինչպես մնացած արցախցիները, հասկացավ, որ այլ ելք չունի և ընտանիքը փրկելու համար պետք է հեռանա Արցախից։ Նա եւս վառելիքի խնդիր ուներ, եւ սեպտեմբերի 25-ին հարյուրավոր հայրենակիցների նման ողբերգության մասնակից դառավ։
Աշոտը հիշում է, թե ինչպես է դժոխքի վերածված վայրը խլել իր կողքին կանգնած մարդկանց կյանքը։ Նա կարծում էր, որ փրկություն չկա, շուրջբոլորը վառվում էր, և սարսափելի ճիչ էր լսվում։ Այդ պահին նա հիշեց փոքրիկ դստեր և կնոջ խնդրանքը. «Պետք է ողջ մնաս, իրավունք չունես…»:
Նա ուժերը հավաքեց, բռնեց դիմացի գետնին ընկած ինչ-որ երկաթե բանից, ձեռքերը վառելով, ու մի կերպ դուրս եկավ կրակի միջից։ Նրա հագուստն ամբողջությամբ այրվել է։ Այդ պահին նա նույնիսկ փորձել է օգնել կողքի անօգնական ճչացող կնոջը։ Հետո, լսելով փրկարարների ձայնը, Աշոտը գնացել է նրանց կողմը։ Հասնելով փրկարարներին՝ Աշոտը կարծել է, որ սարսափելին հետևում է, սակայն հիվանդանոցում ապշեցուցիչ պատկերի ականատես լինելուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։
Արցախում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Աշոտը նույնպես տեղափոխվել է Հայաստան, որտեղ համապատասխան բուժում է անցել։ Աշոտն ընտանիքի հետ այժմ ապրում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում։ Նրա առողջական վիճակը ծանր է, անվասայլակով է։ Ընտանիքի անդամները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Այժմ Աշոտը ամբուլատոր բուժում է անցնում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Նա երախտապարտ է Այրվածքների ազգային կենտրոնի մասնագետներին և Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ուշադրության և աջակցության համար։
Անցնելով սարսափելի օրեր, լինելով անօթևան և ունենալով առողջական լուրջ խնդիրներ՝ Աշոտը չի դադարում հավատալ ապագային՝ փորձելով ուժ գտնել՝ առաջ գնալու հանուն իր ընտանիքի, հանուն կռված տղաների սխրագործությունների, որոնք կյանք են տվել Արցախի համար։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: