Ինչ է սպասում Երեւանին առաջիկայում

  • 13:29 28.03.2024

«Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք չի։ Դե մենք ասենք՝ էլի ոչինչ, ջանդամ, անտառում ենք ապրում, փեդ կճարենք, բա քաղաքները ի՞նչ պիտի անեն, բա Երևանը ո՞նց պիտի լինի, դրա մասին մտածու՞մ են։ Երևանում չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասում։ Մեր թշնամին մեր խելքին չի, ինքը հետո սաղ փակելուա մեզ Արցախի օրը գցի, դա՞ ենք ուզում», Step1.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի 87-ամյա բնակիչ Վարդգես պապը։

Ավելացնենք՝ երեւանցիները ոչ միայն հիմա չեն պատկերացնում, այլեւ չեն պատկերացնելու նույնիսկ այն ժամանակ, երբ գազը, էլէներգիան չլինեն, իսկ քաղաքից դուրս գալու համար ստիպված լինեն անցաթուղթ վերցնել Բաքվի անցակետերում։ Երեւանցիների համար Արցախը, Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը հեռու ու անհաղորդ ինչ որ բաներ են, որոնք չպետք է խաթարեն առօրյան, իսկ եթե պետք է փրկել Հայաստանը՝ ուրեմն պետք է հանձնել դրանք։ Թե ինչ են հասկանում Հայաստան ասելով՝ մնում է ենթադրել։ Այս իրողությունների մեջ կարելի է համոզվել ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական լրահոսին հետեւելով, այլեւ շրջելով երեւանյան փողոցներում։

Պատճառը միայն հայաստանյան մեդիա-քաղաքագիտության դեբիլային քարոզչությունը չէ, այլեւ երեւանյան «քաղաքական մշակույթի» առանձնահատկությունները եւ բնույթը, որը հրաշալի ներկայացրել է ժամանակակից փիլիսոփա Վարդան Ջալոյանը։ Երեւանը «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» տարանջատիչ «հայեցակարգի» շրջանակում բնականաբար լիովին կտրվել է դրա երեք բաղադրիչներից։ Կտրվել է սերունդների միջեւ կապը։ Երեւանը գյուղ չէ, բայց քաղաք էլ չի դարձել՝ լռվելով ինչ որ կետում իր «քաղաքային» պսեւդոմտավորականությամբ ու տրեխավոր «իստեբլիշմենտով»։

Այս երկուսի տիպիկ ներկայացուցիչները՝ Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանը, կարող են առավոտյան հանգիստ հայտարարել, որ հայ ժողովուրդ չկա, հայերը հայրենիք չունեն, Հայաստանը անօրինական է, հողերը հայկական չեն եւ այլն, երեկոյան հանգիստ գնալ սրճարան ու համերգ, տուն, եւ այդպես ամեն օր։ Իսկ համալսարանական ու ակադեմիական բթամտությունը, տրեխավոր «քաղաքական դաշտը» եւ թշնամական ծրագրերի սպասարկու հայաստանյան մեդիա-քաղաքագիտությունը շինիչ քննարկումներ ծավալեն սրճարաններում ու կլուբներում։

Սա է Երևանը հավաքական առումով։ Չնայած երեւանցիները չեն հավատա, բայց քիչ-ինչ լրացնենք Տավուշցի Վարդգես պապի խոսքը։ Տավուշի «անկլավները» տեղային ինչ որ խնդիր չէ, այլ Հայաստանի պետականության վերացման գործնական մեկնարկը Արցախում կիրառված սխեմայով՝ ՀՀ Սահմանադրական տարածքի օտարմամբ, բանակի կազմալուծմամբ, Հայաստանի լիակատար շրջափակմամբ, մայրուղիների եւ մյուս հաղորդակցությունների վերահսկողությունը Բաքվին հանձնելով եւ բնակչության զանգվածային տարագրմամբ։

Տավուշին հետեւելու է Տիգրանաշեն-Երասխ հատվածի հանձնումը Բաքվին՝ Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքի բացմամբ, մայրուղու երկայնքով եւ Երեւանում այսպես կոչված «ադրբեջանցիների» զանգվածային բնակեցմամբ։ Երեւանը սկզբի համար ունենալու է բաժանարար գիծ եւ լինելու է երկհամայնք՝ քաղաքի արեւելյան մասի հանդեպ Բաքվի ուժային վերահսկողությամբ։ Բաժանարար գիծն անցնելու է Աբովյան փողոցով։ Փաշինյանը հիմա հայկական հողերը հանձնելը «հիմնավորում է» հանրագիտարանին հղումով, իսկ Երեւանը ոչ հայկական քաղաք է հայտարարելու՝ հղում անելով Բաքվի խորհրդարանի համապատասխան հայտարարությանը։ Հետեւանքները թողնում ենք երեւանցիների երեւակայությանը եւ ինտելեկտին։

Մի ժամանակ Փաշինյանն ու մյուս քպ-ականները հայտարարում էին, թե Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը չեն պնդելու՝ Մեղրիի միջանցքի հարց չբարձրացնելու համար։ Հիմա ասում են, թե Տավուշը հանձնում են՝ Մեղրիի միջանցքի հարց չբարձրացնելու համար։ Հազվադեպ քաղաքական մեկնաբաններ տարիներ առաջ զգուշացնում էին, որ Մեղրիի միջանցքի շուրջ աղմուկը ընդամենը քողածածկույթ է ՀՀ պետականության վերացման ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Մեղրիի միջանցքի հարցը տեխնիկական է եւ լուծվելու է ընդհանուր ծրագրի համատեքստում, իսկ ավելի պարզ՝ Տիգրանաշեն-Երասխ հատվածը հանձնելուց հետո։

«Տավուշը, Սյունիքը, Չարբախը, հին ստադիոնը, մզկիթի շրջակայքը տանք՝ Երեւանը փրկենք»։ Երեւանցիներին հիասթափեցնենք, որ բաժանարար գծով ամեն ինչ չի ավարտվելու՝ Կոնդի, Ակադեմիական քաղաքի, պետական հիմնարկները տեղափոխելու ծրագրերը վկա։ Պետք է հասկանալ, որ Ալիեւի հայտարարությունները ներքին լսարանի կամ անձնական քմահաճույքների համար չեն, ինչպես սովորաբար ներկայացվում է։ Ալիեւը չի կարող հայտարարել մի բան, որը չի կարողանալու իրականացնել։ Սրանք ռուս-թուրքական պայմանավորվածություններն են Փաշինյան-քպ-ի առաջնորդությամբ, Ալիեւն ընդամենը թվարկում է դրանք։ Այս ծրագրերն անհնար են առանց պաշտոնական Երեւանի առաջնորդության։

Պաշտոնական Երեւանը պաշտոնական Երեւան, իսկ ի՞նչ են մտածում իրենք երեւանցիները, որոնք վերը բերված պնդման ուժով կիսում են լիարժեք պատասխանատվությունը Հայաստանի գոյության համար։ Ռուս-թուրքական ծրագրերը ոչինչ ու առոչինչ են առանց Երեւանի որոշման։

ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ