Ի՞նչ վտանգ է ներկայացնում Արցախի կառավարությունը Հայաստանի համար

  • 18:16 28.03.2024

Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը կարեւոր է, քանի որ արցախցիների խնդիրները սպասարկում են պահանջում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը։ Ըստ նրա՝ հասարակական կազմակերպությունները չեն կարող իրականությունն այնպես պատկերացնել, ինչպես պատկերացնում են այն մարմիները, որոնք տարիներով զբաղվել են արցախցիների խնդիրներով։ «Արցախում կար բնակարանային կոմիտե, որը բավական լավ փորձ ունի, կարծում եմ՝ պետք է օգտագործել այդ ինստիտուտների գոյությունը։ Ես չեմ ասում՝ Հայաստանում երկրորդ կառավարություն ձեւավորենք, բայց միգուցե այս համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Երեւանում։ Ի պատասխան՝ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է»։

Հարցին, թե ի՞նչ քայլեր կարող են հետեւել Փաշինյանի այս հայտարարությանը, Արամ Հարությունյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի, բայց կարծում եմ՝ կարեւոր է, որ մենք ինստիտուտները պահպանենք։ Չգիտեմ՝ ինչ ձեւաչափով դա պետք է լինի, միգուցե ինչ-որ զգայուն հարցեր կան, որոնք փակ ռեժիմով քննարկվեն»։

Ի՞նչ վտանգ կարող է լինել Հայաստանի համար, եթե Արցախի վտարանդի կառավարությունը գործի Հայաստանում, ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները։ Այս հարցին Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց․ «Չեմ կարող այդ գնահատականը տալ։ Հետո չեմ կարծում, որ այս պահին ճիշտ է վտարանդի անվանել։ Կան ինստիտուտներ, որոնք գործել են, գործում են, եւ այս պահին բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծմանը կարող են նպաստել իրենց գործունեությամբ։ Կան հարցեր, որոնք միգուցե պետք է փակ ռեժիմով քննարկվեն, որովհետեւ հասկանում ենք, որ տարածաշրջանում վիճակն անկայուն է։ Բայց նաեւ մյուս կողմից չեմ կարծում, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը սպառնալիք է»։

Ըստ Արամ Հարությունյանի՝ ամենամեծ խնդիրը կոմունիկացիայի բացակայությունն է, ինչը հանգեցրել է այս իրավիճակին։ «Եթե վտանգներ կան, որոնք Սամվել Շահրամանյանը կամ Արցախի այլ ներկայացուցիչ այս պահին չի կարող գնահատել, այն մարդիկ, որոնք կարող են գնահատել, համապատասխան շփումների, կոմունիկացիաների միջոցով կարող են տեղեկացնել»,- ասաց նա։