Ի՞նչ են տավուշցիները ուզում լսել Փաշինյանից, նոր “միջանցքի” խոստումնե՞ր

  • 13:12 29.03.2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ եւ փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք։ Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի»:

Մի քանի օր առաջ հայկական թերթերից մեկը գրել է, իբր ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել է, որ «զարմանալի է, թե մեզ այսքան ժամանակ ինչպես են հանդուրժում»։ Եւ իրոք, կարծես, էլ բան չի մնացել «ջարդելու», տալու, սակայն նույնիսկ Տավուշում մարդիկ հանգիստ սպասում են, որ Փաշինյանը գա ու լսի իրենց։ Ի՞նչ են սպասում նրանք Փաշինյանից։ Որ ավելի մեծ սպառնալիքի մասին խոսա՞, թե՞ որ “по блату” այդ գյուղերի բնակիչներին թույլ տա նոր՝ «Տավուշի միջանցքի» երկանքով քյաբաբնոցնե՞ր բացել։

Փաշինյանը դարձել է հայերին վախեցնելու գլխավոր աղբյուրը։ Հիմա նա նոր վախեր է գեներացնում, ասելով, որ 30 տարիների համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել։

«Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք իրենց հերթին, մենք մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ, երջանիկ», – հայտարարել է Փաշինյանը։

Իհարկե, պետք է կանգնեցնել, բայց արդյո՞ք այն կետում, որը սպառնալիքի տակ է դնում հայոց պետականությունը։

Մեկ ուրիշ հայկական թերթ գրել է, որ «տավուշեցիները, որոնց գրեթե 70%-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը»։

«Իրագործման» մասին ասում են թիմի մյուս անդամները։ «Եթե բնակիչներին հանելու հարց լինի, պետությունը դա սպասարկելու բոլոր միջոցառումներն ունի», ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Այսինքն, մարդկանց տարհանումը չի բացառվում, նույնիսկ խոստանում են պետական «միջոցառումներ»՝- 40+10 հազ․եւ այլ։

Ընդդիմությունը, խորհրդարանում ոչ մի քաքաղաքական ընթացակարգ չձեռնարկելով, միայն կոչ է անում բանակին՝ չենթարկել անօրինական պահանջներին։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի: Սակայն ընդդիմադիր ուժերը այդպես էլ իրավական եւ քաղաքական հայցեր չներկայացրեցին հանցագործությունների առիթով։ Իրենց է՞լ են միջանցքից բան խոստացել։

Նաիրա Հայրումյան