«Ահա թե ինչ էր սպասվում արցախցիներին եւ ինչու նրանք լքեցին իրենց հայրենիքը»․ Գեղամ Սստեփանյան

  • 14:18 29.03.2024

Այսօր Ամերիկյան համալսարանում «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարարկում է անցկացվում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով, ըստ իրենց կողմից իրականացված փաստահավաք աշխատանքի, Ադրբեջանի կողմից արձանագրվել է 223 անձանց սպանություն, որից 21-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 6-ը երեխաներ։ Եվս 238 անձ զոհվել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։

«Այս դեպքը, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով եւս կապակցված է Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով ստեղծված քաոսային իրավիճակի հետ եւ հետեւանք է ագրեսիայի։ Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետեւանքով դեռեւս անհայտ է մնում 21 անձի ճանակատագիր, իսկ պայթյունի հետեւանքով անհայտ է մնում եւս 20 անձանց ճակատագիր։ Այս ուղղությամբ մի քանի փորձ կատարվել է մեր կողմից կոնկրետ պայթյունի տարածքում նոր որոնողական աշխատանքներ իրականացնելու առումով, սակայն ադրբեջանական կողմը որեւէ ձեւով պատրաստակամություն չի ցուցաբերում։ Կարծես թե ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անընդհատ խախտվում են եւ արդյունք չեն ունենում»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ հարցերը Հայաստանի Հանրապետության կողմից բանակցային գործընթացում չեն բարձրաձայնվում, ինչպես նաեւ չեն բարձրաձայնվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցերը։

«Ինձ համար ՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, օրակարգում չորս հիմնական թեմաներ են՝ առաջինը, Արցախի բռնի տեղահանված անձանց սոցիալ-հումանիտար խնդիրները եւ միջազգայիան աջակցությունն այս հարցում, երկրորդը, վերադարձի իրավունքի ուղղությամբ աշխատանքները, երրորդը, Արցախից գերեվարված եւ պատանդառված անձանց ճակատագիրը եւ չորրորդը, Արցախում պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ աշխատանքները»,- նշեց նա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ Արցախում այսօր մնացել է 20 հայ։ «Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում։ Ստեփանակերտում տեղաշարժվելու համար նրանք պետք է թույլտվություն ստանան ադրբեջանական օկուպացիոն ուժերից, իսկ նրանց տների մոտ ոստիկանական կետեր են տեղադրվել՝ նրանց հսկելու համար։ Ահա թե ինչ էր սպասվում արցախցիներին եւ ինչու նրանք լքեցին իրենց հայրենիքը»,- հյավելեց Գեղամ Սստեփանյանը։

Ըստ նրա՝ Արցախի նկատմամբ կիրառածն Ադրբեջանն այսօր էլ փորձում է կիրառել Հայաստանի նկատմամբ։ «Համակարգային ցեղասպանական քաղաքականություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ, որին հակադրել զիջողական եւ պարտվողական օրակարգը, իմ կարծիքով, սխալ է, դա բերելու է նոր ողբերգությունների»։

f