Մարդկանց մի մասն ասում է՝ ես այսպես թե այնպես քաղաքացի եմ, ինչի՞ համար նորից դիմեմ. Գեղամ Ստեփանյան

  • 16:12 29.03.2024

«Պաշտոնական մակարդակով խոսվում է, որ Հայաստանի Հանրապետություն է ժամանել 102 հազար բռնի տեղահանված արցախցի։ Ես կուզենայի, որ շեշտադրումը ճիշտ կատարվի, որ սեպտեմբերի 25-ից հետո է, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 102 հազար բռնի տեղահանված անձ, բայց ըստ էության Արցախն ամբողջությամբ դատարկված է»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ Արցախը մինչև 2020 թվականի պատերազմն ունեցել է 145-150 հազար բնակչություն։ «Այսինքն՝ եթե խոսում ենք Արցախից փախստական, բռնի տեղահանված դարձած անձանց մասին, պետք է ֆիքսենք հենց 145-150 հազար հազար մարդու հանգամանքը։ Կարծես թե անտեսվում են 2020 թվականին Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից, Շահումյանից բռնի տեղահանված մարդկանց կամ շրջափակման օրերին Արցախից դուրս եկած անձանց իրավունքները»։

Նրա խոսքով՝ արցախցիների համար այսօր կարեւորը իրավական կարգավիճակի հարցն է՝ փախստական, թե՞ Հայաստանի քաղաքացի։

«Սա հարց է, որը բոլորին է հուզում, որովհետեւ ըստ էության 30 տարիների ընթացքում Արցախի ամբողջ բնակչությունը կրում էր Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ բացի ընտրական իրավունքից, ՀՀ-ում օգտվում էր նույն իրավունքներից։ Արդյոք սա ՀՀ քաղաքացիությունը փաստող փաստաթուղթ էր, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ ըստ էության այո, բայց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվում է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Իմ անձնական կարծիքն այս հարցի վերաբերյալ այն է, որ փախստականի կարգավիճակ շնորհելով եւ առնվազն միջազգային կառույցներում միջազգային հանրությանը ցույց տալով, որ այսքան մարդ է ժամանել Հայաստան՝ որպես փախստական, ճիշտ մոտեցում էր, բայց, միեւնույն ժամանակ, կոնկրետ ներքին դաշտում դրանով պայմանավորված խտրականություն դրսեւորելը ճիշտ չէ»,- ասաց նա։

Ստեփանյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության այդ որոշման հետեւանքով արցախցիները Հայաստանում զրկված են իրավական գործարքներ կատարելու հնարավորությունից, նրանցից պահանջում են պարտադիր հաշվառվել, հետո միայն այդ գործարքներն իրականացնել։

«Փախստականի վկայականն այսօր պահանջվում է արցախցիների համար նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու եւ վերադառնալու համար, ինչը եւս որեւէ հիմնավորում չունի։ Ուղղակի երեւի որոշակի բյուրոկրատական հավելյալ քաշքշուկ են ավելացնում, որովհետեւ տարբեր երկրներում ՀՀ նույն 070 կոդով անձնագրով շատ հանգիստ կարող ենք եւ հիմա էլ կարողանում ենք իրացնել մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Որքան կպահպանվի փախստականի կարգավիճակը, դեռեւս անորոշ է, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներով պայմանավորված՝ բռնի տեղահանված անձանց շրջանում այնքան էլ հակվածություն չկա ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Մարդկանց մի մասն ասում է՝ ես այսպես թե այնպես քաղաքացի եմ, ինչի՞ համար նորից դիմեմ ու ստանամ, մի մասն էլ մտավախություն ունի, որ եթե 070 կոդով անձնագիրը փոխի, դա կզրկի իրեն հետագայում վերադարձի հնարավորությունից»,- հավելեց նա։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝  Հայաստանից արդեն արտագաղթել է շուրջ 11 հազար արցախցի, բայց որոշ գնահատականներով այդ թիվը հասնում է մինչեւ 15 հազարի։ Արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններ են, Հայաստանում ընդամենը 10 800 արցախցի է կարողացել աշխատանք գտնել։

f