Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու շուրջ համախոհություն․ հայտարարություն

  • 17:27 29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 28, 2024 թ., Երեւան

— Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացման մասին հատուկ բանաձևը, որը եվրահանձնաժողովին կոչ արվեց ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․

— Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ են և հաստատուն․

— Ողջունելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, Ռուսաստանից սպառնալից կախվածությունը նվազեցնելուն և եվրոպական ինտեգրմանն ուղղությամբ ՀՀ իշխանությունների արած քայլերը, մասնավորապես՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ԵՄ քաղաքացիական առաքելության հրավիրումը Հայաստան և 2025թ․-ից դրա մանդատի եւս երկու տարով երկարաձգելու որոշումը, Զվարթնոց միջազգային օդանավակայանում օտարերկրյա սահմանապահ ուժերի ծառայությունից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցնելը և այդ կառույցից դե յուրե դուրս գալու հայտնած մտադրությունը, ինչպես նաև ԵՄ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հետ խորացող ռազմատեխնիկական, քաղաքական գործակցությունը․

— Շարունակելով մնալ այն համոզմանը, որ Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդումն ու մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը, տնտեսական զարգացումը եւ մշակութային ինքնության պահպանումը հնարավոր են եվրոպական ընտանիքում, իսկ անվտանգության եւ խաղաղության ապահովումը՝ եվրաատլանտյան քաղաքակրթության ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում․

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի ներկայացուցիչներս․

  1. Հայաստանի Հանարպետության իշխանություններին հորդորում ենք անհապաղ հայտարարել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին և պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ լիիրավ անդամ դառնալու հայտով, ինչպես նաև բանակցություններ սկսել եվրատլանտյան անվտանգային համակարգերում Հայաստանի ինտեգրումը խորացնելու ուղղությամբ
  2. Վերահաստատում ենք ՀՀ իշխանությունների՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման քաղաքականությանը աջակցելու մեր դիրքորոշումը՝ Եվրամիության արժեքային և իրավակիրառական լավագույն ավադույթներին հետևողական հավատարմության պայմանով։
  3. Հաշվի առնելով, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին գլխավոր խոչընդոտներից են կոռուպցիան, անպատժելիությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը, չկայացած արդարադատությունը, պահանջում ենք ուժգնացնել կոռուպցիայի և անպատժելիության դեմ պայքարը՝ բոլոր մակարդակներում, ջանադրորեն հետամուտ լինել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արմատապես բարեփոխել դատաիրավական համակարգը՝ զերծ մնալով այս ոլորտներում հատվածային ու թերի փոփոխություններ անելուց։
  4. Դատապարտում ենք հակասահմանադրական եղանակներով իշխանափոխության, ժողովրդավարությունը տապալելու, միջազգային ասպարեզում Հայաստանը ժողովրդավարական երկրներին հակադրելու և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը տապալելու ցանկացած փորձ։
  5. Վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հայաստանի եվրոպական և եվրաատլանտյան անվտանգային-քաղաքական, տնտեսական և այլ համակարգերին ինտեգրվելու գործընթացի նկատմամբ հասարակական պահանջ ձևակերպելու, արտահայտելու և առաջխաղացման հարցում:
  6. Հորդորում ենք ԵՄ պետական հաստատություններին եւ քաղաքացիական հասարակությանը՝ լինել հետեւողական, աջակից եւ պահանջկոտ, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը հնարավորինս շահախնդիր կերպով իրականացնելու համար:
f