Ադրբեջանն արդեն երկու անգամ Արդարադատության միջազգային դատարանում պարտվել է»․ Արա Ղազարյան

  • 21:23 29.03.2024

Ադրբեջանն անընդհատ կարողանում է խուսանավել միջազգային իրավունքի նորմերի արանքում, բայց դա երկար չի տեւի, քանի որ իրավական ու քաղաքական ռեսուրսը սպառվում է։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Այն, ինչ Ադրբեջանն արեց եւ անում է, դեռ պետք է դրա տակից դուրս գա։ Իհարկե, դուք կասեք, որ սա չափազանց լավատեսական դիտարկում է, բայց ես իրավական բաղադրիչով եմ խոսում։ Այն, ինչ Իսրայելն սկսեց Գազայում, լրջորեն անհանգստացած էր իրավական գործընթացներով, որովհետեւ ինքն իսկապես անկյուն է քաշված բազմաթիվ դատական գործընթացներով։ Եվ տեսնում ենք ձեռագիրը՝ այն նարատիվները, որով Ադրբեջանն սկսեց Արցախի բլոկադան, այնուհետեւ հայաթափումը, էթնիկ զտումը, երբ ես կարդում եմ Իսրայելի դեմ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, միանգամից հիշում եմ Ադրբեջանը։ Կարծես թե նույն պետությունը լինի, այսինքն՝ նույն ձեռագիրն է»,- ասաց նա։

Խոսելով բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի մասին՝ Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է կատարի ԵԽԽՎ պահանջները, որն ացախցիների վերադարձն ապահովելուն է վերաբերում, բայց Ադրբեջանը բնականաբար չի կատարի դա, որովհետեւ չունի այդ ռեսուրսը։ «Ադրբեջանը պետք է առնվազն ինքնավարություն խոստանա հայերին, որպեսզի կարողանա ապահովել վերադարձի իրավունքը։ Պետությունները, նույնիսկ եթե օկուպացնում են եւ ստիպում են բնակիչներին լքել իրենց պետությունը, պետք է պատասխան տան, պետք է դեռ կարողանան դրա տակից դուրս գալ։ Ադրբեջանը կկարողանա դրա տակից դուրս գալ, թե՞ ոչ, մեզանից է կախված»,- ասաց նա։

Ղազարյանը հավելեց, որ իրավաբան գիտնականները գալիս են այն կարծիքին, որ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի սովորույթային իրավունքի նորմ է։ «Հիմնականում ընդունված է ասել, որ վերադարձի իրավունքը պետք է լինի կայուն, կամավոր եւ արժանապատիվ։ Սա նշանակում է Ադրբեջանը պարտավորված է լինելու մի ամբողջ կառուցակարգեր մշակել հայերի վերադարձի համար, առաջին հերթին անվտանգությունը։ Իսկ դրա համար պետք է նոր օրենքներ ընդունի կամ իր բնակիչներին նոր բան սովորեցնի։ Ադրբեջանը դրան պատրաստ չէ, այնքան է խորացել ատելությունը հայերի դեմ, որ դա ընդամնեը երկու-երեք տարում նա չի կարող ապահովել։ Բոսնիացիները եւ սերբերը հասան դրան, բայց հասան միջազգային ներկայությամբ։ Եթե Արցախում լիներ միջազգային ներկայություն, ապա հաստատ վերադարձի իրավունքը կլիներ։ Բայց մենք ունենք միայն Ռուսաստանը՝ որպես միջազգային ներկայություն, եւ տեսանք՝ Ռուսաստանն ինչ արեց։ Ռուսաստանն առնվազն ոչինչ չարեց, եթե չասենք, որ անցավ Ադրբեջանի կողմը։  Ուստի, իսկապես պետք է միջազգային ներկայություն»,- ասաց Արա Ղազայանը։

«Պետք է նախ հնարավորություն տալ, որ անձինք վերադառնան եւ որոշեն՝ իրենք ուզո՞ւմ են այնտեղ ապրել, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա արվի այն, ինչ եղավ 1988-90թթ․-ին, երբ քաղիրավական հարաբերությունների շրջանակում մարդիկ առանց պետության միջամտության փոխանակում են իրենց բնակարաններն ադրբեջանցիների հետ։ Եթե սովետական միության ավարտին դա հնարավոր եղավ, այսօր նույնպես հնարավոր կլինի, բայց Ադրբեջանը պետք է հարգի վերադարձի իրավունքը։ Հումանիտար իրավունքով նույնպես Ադրբեջանի վրա կախված է այդ բեռը, որ ինքը կատարել է պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, եւ պարտավոր է ապահովել բռնագաղթած անձանց վերադարձը»,- հավելեց նա։

Ղազարյանն ասաց, որ արցախցիներն ունեն իրենց յուրահատուկ մշակույթը, բնիկ ժողովուրդ են, Արցախը նրանց պատմական տարածքն է, իրենք ունեն այնտեղ մշակութային ժառանգություն, էլ չասած գույքային իրավունքը։ Սա նշանակում է՝ վերադարձն անքակտելի իրավունք է։ Եվ այստեղ Ադրբեջանը չի կարող առաջ քաշել այն փաստարկը, որն առաջ է քաշում Իսրայելը Պաղեստինի դեպքում, չի կարող ասել, որ արցախցիները վտանգավոր են, քանի որ նրանք «տեռորիստներ են»։ Չկա այդպիսի փաստ։ «Ինչպես գիտեք՝ Ադրբեջանն արդեն երկու անգամ Արդարադատության միջազգային դատարանում պարտվել է, որտեղ կեղծ նարատիվներ էր զարգացնում այսպես կոչված «հայ դիվերսիոն խմբերի» կողմից ականապատումներ անելու վերաբերյալ։ Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ մերժեց նրանց այդ փորձը, որովհետեւ նրանք ապացույց չէին ներկայացնում։ Եթե դատարանը դա հաստատեր, Ադրբեջանը կստանար այսպես կոչված իրավունք՝ հարձակումներ գործել սահմանի վրա՝ ինքնապաշտպանության նպատակով»,- հավելեց մասնագետը։

f