«Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույն հաջողությամբ, ինչ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Հատկանշական է, որ Էրդողանը չի ասում, որ քննություն է հանձնել «ադրբեջանում»՝ հստակ ցույց տալով, որ, ի տարբերություն Հայաստանի վարչապետի, ինքը Ղարաբաղը չի համարում ադրբեջանի մաս։
Բաքուն, փաստորեն, չի ներկայացնում որևէ փաստաթուղթ, ըստ որի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ալիևը խոսում է միայն պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունների և «ինքնապաշտպանության իրավունքի» մասին։
Սակայն միջազգային կազմակերպությունները, չնայած ուժի ապօրինի կիրառման համար պատժամիջոցների չենթարկեցին Ալիեւին, չեն կարող ճանաչել ուժի կիրառման արդյունքում առաջացած իրողությունները։ Հակառակ դեպքում դա պետք է արվի Ուկրաինայի հանդեպ, որտեղ Մոսկվան պահանջում է օրինական ճանաչել Ուկրաինայի մի մասի օկուպացիան։
Այդ պատճառով Բաքուն և Մոսկվան ակտիվացել են՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի՝ Փաշինյանի հետ հանդիպելու մտադրության հետ կապված։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես եղել է 2022 թվականի աշնանից սկսած՝ Պրահայի հանդիպումից հետո, որտեղ ԵՄ-ն սկսեց քարոզել Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա Արևմուտքը կկարողանա «գերազանցել ինքն իրեն». ճանաչել Արցախի հակամարտության ուժային “լուծումը” և տեղ թողել Ղրիմի հարցով Մոսկվայի հետ սակարկելու համար։
Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանը կամավոր հրաժարվի իր պետությունից և տարածքներից, և այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանությունով հաստատված սահմանները կդառնան բացարձակապես «օրինական»։
2022 թվականի աշնանից Հայաստանի վարչապետը «ադրբեջանական» է ճանաչել ոչ միայն Ղարաբաղը, այլև Տավուշի գյուղերը, Սյունիքի Իրան-Հայաստան ճանապարհի մի մասը՝ Հայաստանն անվանելով «խաչմերուկ»։ Մնում է դա ձեւակերպել համաձայնագրի ձեւով, վավերացնել խորհրդարանում, իսկ հետո Էրդողանը կպարծենա, որ Հայաստանում էլ քննությունը հաջող է հանձնել։
Հայաստանի իշխող կուսակցությունը պատրաստ է դա անել, ինչի պատճառով էլ ակտիվացել են «արևմտամետ» տրամադրություններն ու հայկական տարածքների և պետականության դիմաց «շենգենյան վիզաների» խոստումները։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ՀՀ խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասում է, որ չկա փաստաթուղթ, ըստ որի Արցախը կմնա Ադրբեջանի կազմում։ «Այսօր Արցախը էթնիկ զտումների արդյունքում գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ. Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները իրավական կամ իրավաչափ հիմքեր չունեն։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շտապում է ձեռք բերել իրավական փաստաթուղթ, որը կվավերացնի նաեւ ՀՀ Ազգային ժողովը, օրինականացնելու արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը։ Եթե այս ամենին համաչափ ընդդիմություն լինի, մենք միասին ամեն ինչ կկանխենք»։
Ինչպե՞ս կարելի է դա կանխել, եթե Հայաստանի ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չեն պահանջում համաշխարհային հանրությունից չճանաչել Արցախի հակամարտության ուժային “լուծումը” և սկսել նոր «բանակցային գործընթաց»: Նման պահանջի բացակայությունը վկայում է հայաստանյան քաղաքական ողջ սպեկտրի կողմից ռուս-թուրքական-արևմտյան կոնսենսուսի լիակատար աջակցության մասին։