Լևոն Արոնյանը հաղթեց WR Chess Masters-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ներկայումս ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը WR Chess Masters-ի հաղթող է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ֆեդերացիան, Արոնյանը, Նեպոմնյաշչին ևԳուկեշը 9 հնարավորից վաստակել էին 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառովանցկացվեց թայ-բրեյք, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող:

Թայ-բրեյքում Արոնյանը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 Նեպոմնյաշչիին:

Նա նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:

Լոնդոնում անցկացվել է ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումներին և բռնի տեղահանվածների իրավունքներին նվիրված համաժողով

Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում, որպես հիմնական բանախոս, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի հովանու ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից, սեփականությունից։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր: Բարձրացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

Անդրադարձել է հայերի դեմ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համաժողովին բանախոսել է նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Լորդ Ալթոնը։ Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը և ցեղասպանագետ Էվելինա Օխաբը ղեկավարել են քննարկումները:

Համաժողովին մասնակցել են նաև բարձրաստիճան հոգևորականներ, միջազգային փորձագետներ, Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նշվում է, որ համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Միացեալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Հույն Ուղափառ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի Առաջնորդ, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նիկիտաս Արքեպիսկոպոս Լիլուլիասը:

Համաժողովը կազմակերպվել է Գերաշնորհ Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի հիշատակին և նվիրված էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, և բռնի տեղահանված հայերի իրավունքներին։

Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները

Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարց. Պարո՛ն Գրիգորյան, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի Փաշինյան- Ֆոն դեր Լայեն համատեղ հայտարարության մեջ նշված էր, որ նախագահ Ֆոն դեր Լայենը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին: Արդյո՞ք կա այդ միջոցառման կազմակերպման մասով որևէ առաջընթաց:

Պատասխան. Ոչ միայն առաջընթաց կա, այլ նաև միջոցառման օրն է նշանակված: Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը  Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբՈւրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։

Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարել եւ համազգային, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք

Ազատության հրապարակում այսօր անցկացվեց Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել։ Բայց որպեսզի այս հրապարակը Արցախից հետո չհանձնվի Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի կամ անգամ Արարատի ժողովրդին, մենք համազգային այդ խենթությունը պիտի գտնենք, այդ բանաձեւը, այդ շանթը։ Հայ ժողովուրդը պիտի միանա եւ ոչ միայն արցախցիների, մեր հայրենակիցների հավաքական վերադարձի իրավունքի համար հավաքվի, այլ համարի, որ մեր բոլոր մարզերը, յուրաքանչյուր գյուղ ու բնակավայր հիմա հարվածի մեջ է։ Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարել, պստլիկությունից դուրս գանք եւ համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին։ Եթե այսպես շարունակվի, այս հրաշալի հրապարակում ոչ միայն արցախցիների խնդիրները կքննարկվեն, այլ նաեւ Հայաստանի այլ մարզերի»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ  ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հարեւան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ «Եվ հիմա, երբ ինքը մեր հայրենակիցներին սպառնում է պատերազմով, դա նշանակում է, որ ինքն իրականում թշնամի պետության քաղաքականության կցորդն է, իրականացնողն է։ Հիմա արդեն նա դուրս է մեր ազգից, մեր օրենքից, մեր պետությունից, իր խոսքն արդեն անվավեր է, այդ անվավեր խոսքը չի կարող տալ մեր հայրենիքը, որը սերունդների զոհողության միջոցով է կերտվել։ Եթե այս իշխանությունը եւ իր ղեկավարը մնան, Հայաստանի Հանրապետությունը պիտի հետ քաշվի, նահանջի Երեւանի շուրջը։ Եվ մենք լավագույն դեպքում կունենանք երեւանյան հանրապետություն»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մենք տեսել ենք, թե մեկ զիջումն ինչի է հագնեցրել՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը այս 5-6 տարիների ընթացքում թշնամու կողմից չի ստացել մեկ հայկական բնակավայր կամ տարածք։ «Խոսքը միայն ՀՀ տարածքից բռնազավթած տարածքների ու Արծվաշենի մասին չէ, եթե խոսում ենք գյուղերի մասին, Գետաշեն կա, Մարտունաշեն, Ազատ, Կամո եւ Արցախի Հանրապետության մնացած գյուղերն ու քաղաքները։ Միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվաստացման, կործման եւ մեր հայրենիքի զգալի մասի կորստի։ Հավելյալ զոհեր պիտի ունենա այս մարդու քաղաքականությունը»։

«Ես եղել եմ Ոսկեպարում, Բաղանիսում 1990-1991 թվականներին եւ տեսել եմ, թե հայ ժողովրդի ինչ զոհողություն է եղել։ Եթե մենք դա պետք է միանձնյա որոշմամբ, առանց հանրաքվեի, առանց ԱԺ նիստի վերադարձնենք, ես կարծում եմ, որ սա արդեն մեր պետականության վերջն է։ Իրենք մեր պատմությունն ուզում են իրենցով անել, եւ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

Հայտարարությունից ու ասուլիսից հետո ՀՀ իշխանությունները որոշ էական հարցերում զիջումների են գնացել․ Բեգլարյան

«Պատերազմի սպառնալիքով կարող են գալ հասնել նաեւ Երեւան։ Դրա համար, այո՛, մենք պետք է նաեւ պատրաստ լինենք պատերազմի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Բեգլարյանն ասաց, որ Արցախում ոչ թե նշաձողը բարձրացրել են, այլ փորձել են Արցախի կարգավիճակի նշաձողը պահել։ «Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել է՝ նշաձողն իջեցրել ենք, որպեսզի ինքնորոշման իրավունքը պաշտպանենք, Ադրբեջանի կազմում գոնե ինքնավարության հարցը լուծենք, բայց ես հիշեցնեմ, որ ինքնավարության կամ ներքին ինքնորոշման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Այսինքն՝ խոսք է եղել միայն ադրբեջանական տիրապետության ներքո հպատակեցման մասին՝ առանց հավաքական իրավունք հարգելու։ Այսինքն՝ սա հստակ է, որ ՀՀ իշխանությունների կողմից նույնիսկ այդպիսի դրույթ ու պայման չի եղել։ Արդյունքում, ակնարկելով, որ նշաձողը մի փոքր ենք իջեցնում, իջեցվեց մինչեւ զրոյական կետի»,- ասաց Բեգլարյանը։

Նա նաեւ ասաց, որ իրենց մարտի վեցի հայտարարությունից ու ասուլիսից հետո ՀՀ իշխանությունները որոշ էական հարցերում զիջումների են գնացել։ Այսինքն՝ հանրային պայքարն իր ազդեցությունն ունեցել է։ Բեգլարյանը նշեց, որ շատ կարեւոր  Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հետ էլ քննարկումներ ունենալ, որովհետեւ իրենք Արցախի ժողովրդի լեգիտիմ ու օրինական ներկայացուցիչներն են։

«Մի բան ակնհայտ է, որ առանց ՀՀ պաշտոնական աջակցության Արցախում ինչ որակի իշխանություն էլ լիներ, ինչ դիրքորոշումներ էլ ձեւակերպեին, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնելու համար։ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը պետք է լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին»,- ասաց նա։

Արցախյան կազմակերպությունները հայտարարությունը կփոխանցեն ՀՀ կառավարությանը

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ կարիքների ապահովման վերաբերյալ հայտարարություն ներկայացվեց։ Այն ավելի վաղ արված միասնական հայտարարության լրամշակված տարբերակն է։ Հայտարարության տեքստը կհանձնվի ՀՀ կառավարությանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորատ զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը հայտարարեց, որ ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում արդյունավետ քննարկումներ կսկսեն ու հստակ դիրքորոշումներ կհայտնեն արցախցիների խնդիրների մասին։ «Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից հստակ կքննարկվի ու հաշվի կառնվի այս ամենը»,- ասաց նա։

«Մի՛ արտագաղթեք, մենք դեռ պիտի փրկենք մեր մշակութային ժառանգությունը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը կոչ արեց արցախցիներին չարտագաղթել։

«Ես ձեզ հորդորում եմ, սիրելի՛ հայրենակիցներ, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր խոչընդոտներ ստեղծվեն, նաեւ տեղական որոշ ներկայացուցիչների կողմից թշնամական վերաբերմունքի արժանանանք, եթե ուզում եք մեր մշակույթը, ինքնությունը, բարբառը պահպանենք, ապա մի արտագաղթեք։ Չեք կարող ձեր ինքնությունը պահպանել Մոսկվայում կամ եվրոպական որեւէ քաղաքում ժենգլյալով հաց թխելով։ Մեր հայրենիքում պետք է լինենք համահավաք, իսկ դա Հայաստանն է։ Եվ մենք այդպիսի հիմք կստեղծենք դեպի Արցախ վերադարձի համար»,- ասաց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններն սկսել են Արցախի տարածքում 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանների ոչնչացումը։ Հաջորդ քայլով սկսելու են հայկական վիմագիր արձանագրությունները ջնջել։ «Ադրբեջանն այս հարցում բազմազան ձեւեր է կիրառում՝ միջնադարյան հուշարձանների աղվանացում, Շուշիի եկեղեցիների ուղղափառացում, ինչպես նաեւ հայկական եկեղեցիները վերածում է մզկիթների, ինչը սովորել է իր մեծ եղբայր Թուրքիայից»,- հավելեց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայության նկատմամբ էթնիկ զտման ու ցեղասպանության հետեւանքով Արցախը ոչ միայն զրկվել  է իր բնիկ բնակչությունից, այլ հայկական ավելի քան 6000 հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության տակ ու կորստի առաջ։ «Ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունը, Ադրբեջանը ունի մեկ նպատակ՝ կտրել մեզ մեր արմատից, մեր ինքնիությունից։ Մեր միասնական ջանքերով պետք է դիմենք միջազգային հանրությանը՝ մեր ինքնության կարեւոր բաղադրիչը՝ մշակութային ժառանգությունը փրկելու»,- ասաց նա։

 

«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց»․ Հաջիյան

«Միջազգային հանրությունն ի վերջո պետք է ուշքի գա, հասկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի հայության հետ, Արցախի հայ ժողովրդի հետ, մի օր ուխտի պես իր դռանն է չոքելու»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջիյանը։

Նա նշեց, որ այս հանրահավաքում կոչ է անում հայ ժողովրդի նկատմամբ Արցախում ու Ադրբեջանի տարածքում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ, որպես հանցագործություն՝ մարդկայնության դեմ։ «ՀՀ Ազգային ժողովը պետք է անպայման բանաձեւ ընդունի այդ կապակցությամբ, մասնավորապես, սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի հետեւանքով բռնի տեղահանության ու այն խոշտանգումների կապակցությամբ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախում, նամանավանդ ծայրամասային բնակավայրերում»։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ՝ դեռ 1980-ականներից սկսած, միջազգային իրավական հիմքով դա ոչ այլ ինչ է, քան, ցեղասպանություն»,- ասել է նա։

«Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, սպանել են մարդկանց։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում մեզնից յուրաքանչյուրի համար, ոչ միայն այդ զոհերի հարազատների համար։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրան, քաջատեղյակ է Մոսկվան, որի վեց սպաները սպանվել են այն պատճառով, որովհետեւ նրանք ականատես են եղել այդ հանցագործություններին։ Ու արդյունքում ի՞նչ՝ Բաքուն ու Մոսկվան իրար հետ լեզու գտան։ Ալիեւը գումարներ փոխանցեց այդ նահատակների հարազատներին, եւ հարցը վերջնականապես փակվեց։ Ես գտնում եմ, որ մենք այդ հարցը պետք է անպայման բաձրացնենք։ Մենք պետք է միջազգային ատյանների դռները շարունակաբար բախենք եւ ասենք՝ ո՛չ ցեղասպանությանը աշխարհում»,- հայտարարեց նա։

Հաջիյանը նաեւ ասաց, որ արցախցիներն ապրում են մեկ վճռականությամբ․ «Մենք պետք է վերադառնանք Արցախ։ Մենք պետք է մեր ինքնորոշման իրավունքը վերականգնենք, Արցախում չպետք է Ադրբեջան լինի։ Արցախ՝ առանց Ադրբեջանի, ինքնորոշված Արցախ, սա է մեր նպատակը։ Մեզ պետք է, որ հայ ժողովուրդը մեզ աջակից լինի՝ Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք արքայական պայմանների չենք ձգտում այստեղ, ինչ էլ մեզ տրվի, այդ բոլորը մեզ համար ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ մենք մեր լավագույնը թողել ենք Արցախում»։

Հայրյան․ արցախցիների խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց․ «Այսօր հավաքվել ենք այստեղ՝ մեր ապագայի հարցերը լուծելու համար։ Մեր ապագան որ ասում ենք, հասկանում ենք հայերի ապագան, կոնկրետ այս պահին հայության ամենավտանգված հատվածի՝ արցախահայության  ապագան։ Ցավոք, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ վտանգված է ոչ միայն Արցախի հայության կյանքը, այլեւ ամբողջ հայության կյանքը»։

Հայրյանը նշեց․ այն, ինչ այսօր կատարվում է Ոսկեպարում, շատ նման է Փառուխում կատարվածին։ Նա կոչ արեց միասնական ոտքի կանգնել ու պայքարել հայության շահերի համար։ «Միջազգային հանրությունը մեր փոխարեն հարցեր չի լուծելու։ Ադրբեջանը նույն միջազգային հանրությանը 30 տարի բողոքում էր, որ մենք իբր թե գրավել ենք իրենց տարածքները, եւ միջազգային հանրությունը ոչ մի մեղադրանք չի ներկայացրել մեզ, մինչեւ Ալիեւն ու թուրքերը հասկացել են, որ իրենց սրիկայական ծրագիրն իրականացնելու համար պետք է զենքը վերցնեն ու հարձակվեն։ Մենք չենք ուզում հարձակվել ուրիշի վրա, բայց մենք պետք է մեր զենքը վերցնենք եւ հայրենիքը պահենք։ Մենք առաջին հերթին պետք է իրար կողքի լինենք»,- հավելեց Լեւոն Հայրյանը։

Նա հայտարարեց, որ բռնի տեղահանված արցախցիների երազանքն է վերադառնալ իրենց հայրենիք․ «Որպեսզի երազանքը չմեռնի, պետք է կանգնենք իրար կողքի։ Եթե մենք ամբողջ արցախահայությունով կարողանանք կանգնել իրար կողքի, համայն աշխարհի հայությունը կկանգնի մեր կողքին, ինչպես կանգնել են 1988 թվականին»։

Հայրյանը նաեւ ասաց, որ մոտ 10 հազար արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից, մնացածին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե սոցիալական լուրջ ծրագրեր չիրականացվեն։

Նա ներկայացրեց իր առաջարկը եւ ասաց, որ արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել։ Արցախ վերադառնալու համար, ըստ նրա, կարեւոր է, որ այսօր արցախցիները համայնքով բնակվեն Հայաստանում։

«Մենք այստեղ գոյատեւելու կարիք ունենք, մինչեւ միջազգային հարմար երաշխիքներ կստեղծվեն Արցախ վերադառնալու համար։ Ես կուզենայի, որ այդ վերադարձը լիներ զենքով, չպիտի խորշենք ոչ մի բանից, եթե ժամանակը գա, պետք է նաեւ խնդրենք, ստիպենք, զենք ուզենք, որ մեր հայրենիքը ազատենք»,- հայտարարեց նա։

 

 

“Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծեք մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել”

«Այսօր այս հրապարակում հավաքվելով՝ մենք պնդում ենք, որ դեմ ենք բնակարանային ծրագրերի նախագծին»,- Ազատության հրապարակում հրավիրված հավաքում ասաց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորատ զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Բնակարանային ծրագրի մասին խոսելիս՝ նա հավասարության նշան է դրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի եւ Հայաստանի մեր հայրենակիցների միջեւ՝ ասելով, որ այդ ծրագիրը պետք է բոլորի համար լինի։ Այսպիսի արտահայտություն անելով՝ փորձում են սեպ խրել մեր միջեւ՝ մեր դեմ լարելով մեր հայրենակիցներին։ Իհարկե, մենք սա չենք ընդունելու»,- ասաց Ասրյանը։

Նա հավելեց․ «Վերջերս նաեւ զրույցներ են հնչել, որ արցախցին չի ուզում ծառայել բանակում։ Ասեմ, որ դա ՀՀ կառավարության մեղավորությունն է, որ արցախցին այստեղ չի ծառայում, քանի որ պարտադիր պայման են դրել հրաժարվել մեր 070 կոդով անձնագրերից։ Հիմա հարց եմ տալիս ՀՀ կառավարությանը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ 070 կոդով անձնագրով արցախցին ծառայում էր ՀՀ Զինված ուժերում, ո՞նց էր դա ստացվում։ Ներկայում այս ծանր իրավիճակում բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել Զինված ուժերում, սակայն այդ դուք եք, որ չեք թույլատրում նրանց՝ պարտադրելով հրաժարվել մեր անձնագրերից։

Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծեք մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել։ Նմանատիպ իրավիճակ է նաեւ պետական մյուս գերատեսչություններում, մարդիկ կային, որ 070 կոդով անձնագրով աշխատել են ՀՀ պետական համակարգում, եւ հիմա եկել իրենց ասում են՝ այլեւս չի ստացվում, որ դուք այստեղ աշխատեք, պետք է քաղաքացիություն ընդունեք։ Ի՞նչ է փոխվել, 070 կոդով անձնագիրն իր արժեքը կորցրե՞լ է ձեզ մոտ, թե՞ այլ նպատակներ եք հետապնդում»։

Արմեն Ասրյանը նաեւ ասաց, որ արցախցիները պահանջում են ՀՀ կառավարությունից, որպեսզի 40+10 հազար ծրագիրը շարունակվի մինչեւ արցախցիների բնակարանային խնդիրների լուծումը, հակառակ դեպքում ապրիլ ամսից արցախցիները լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Չկա արցախցի՝ չկա Արցախի հարց. համայքների ղեկավարների ահազանգը

2023թ. պատերազմից և ծննդավայրի կորստից հետո Արցախի տարբեր համայնքների ղեկավարները համախմբվել են Երևանում՝ քննարկելու իրենց համայնքների համախմբման և զարգացման հարցերը։ «Այսօրվա դրությամբ բնակչության հետ ամենօրյա կապ ենք հաստատում: Ոչ բոլոր դեպքերում ենք կարողանում հարցերին լուծում տալ: Մյուս գործառույթը տեղեկանքների տրամադրումն է: Այնուհետև փորձում ենք սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալ»,-ասում է Շուշիի շրջվարչակազմի նախկին ղեկավար Գրիշա Ավանեսյանը:

Համայնքների ղեկավարներն իրենց հանդիպումների ժամանակացույցի շրջանակներում այցելում են նաև հայկական գյուղերում ապաստանած մարդկանց՝ աջակցելու և քննարկելու նրանց ներկա իրավիճակն ու կարիքները:

«Մեր հիմնական նպատակն ու պարտականություններն այսօր բնակչության խնդիրների վերհանումն է, դրանց լուծման հնարավորության դեպքում տալիս ենք համապատասխան խորհրդատվություն»,-ասաց Ասկերանի շրջվարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ամենօրյա խնդիրներով եկող մարդկանց թիվը մեծ է, իսկ համայնքի ղեկավարների աշխատանքը՝ ինտենսիվ և ծավալուն։

Կարևոր է նշել, որ այս ամբողջ աշխատանքը կատարվում է բոլորովին անվճար՝ ցույց տալով համայնքների վերականգնման և զարգացման գործում  նվիրվածության բարձր մակարդակ:

Գրիշա Ավանեսյանի խոսքով` «ՀՀ-ում, կապված բնակվարձերի հետ, բնակչության մեծ մասը չի կարողանում ապահովել կենցաղային նվազագույն պայմանները, աղետալի վիճակ է տիրում: Մեր բոլորիս ջանքերն ուղղված են բնակարանային բարելավումն առաջնահերթ դարձնելուն»:

Հնարավոր արտագաղթը կասեցնելու համար բնակարան ձեռք բերելու գործընթացը պետք է անհատականացված լինի և հաշվի առնվեն յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Գյուղական  միջավայրում ապրած բնակչությունը կարող է դժվարությամբ հարմարվել քաղաքային կյանքին և հակառակը: Տեղահանվածների համար աշխատանքի և բնակության վայրի խնդիրը շարունակում է մնալ հիմնական և ամենակարևորը, քանի որ այդ ասպեկտներն ուղղակիորեն ազդում են նրանց կյանքի որակի և բարեկեցության վրա։

Տաթև Ազիզյան