Արցախցիները պարզ հարցեր են տալիս, պատասխանեք այդ հարցերին

«Տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Նախ, անթույլատրելի է հատկապես իշխող քաղաքական ուժի կողմից սոցիալական եւ հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Չի կարելի նման բան անել, սա այնտեղը չէ, որտեղ սեւեր-սպիտակներ կամ տարանջատումներ պիտի արվեն։ Ականջներիդ օղ արեք, չի կարելի, եւ սա իրական կարմիր գիծ է։ Շաբաթ-կիրակի օրերին այցելել էի Մարտունու եւ Արտաշատի տարածաշրջաններ, կոնկրետ մարդիկ պարզագույն հարցերն են բարձրացնում, տվեք այդ հարցերի պատասխանները։ Եվ տարբեր պետական մարմիններ իրարամերժ եւ իրարից տարբերվող պարզաբանումներ ու պատասխաններ են տալիս մարդկանց։ Չի կարելի՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներով են մարդիկ։ Օրինակ՝ պարզ բացատրեք այդ մարդկանց կարգավիճակի տարբերությունները՝ ՀՀ քաղաքացիության դեպքում ինչ իրավունքներ ունեն, ինչ իրավունք ունեն փախստականի կարգավիճակի դեպքում։

Մարդիկ հարցնում են՝ եթե, օրինակ, իրենք ՀՀ քաղաքացիություն վերցնեն այդ ընթացակարգերով, արդյոք կկորցնեն, թե՞ չեն կորցնի իրենց պահանջի հատուցման, փոխհատուցման իրավունքը, իրենց՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բացատրեք, բացատրեք այնքան, մինչեւ այդ մարդիկ պարզ կհասկանան, ոչ թե տարբեր մարմիններ տան տարբեր պարզաբանումներ՝ ամեն մեկն իր այսպես ասած նեղ անձնական շահերից կամ այլ թաքնված ցուցումներից բխող»։

«Հաջորդ խնդիրը, օրինակ, հենց Մարտունու Լիճք գյուղում բնակվող 9 հոգանոց ընտանիքի մայր էր եկել՝ արցունքն աչքերին, բնականաբար, այդ ընտանիքում 6 երեխա հաշմանդամություն ունեցող մեկ անձ, մնացածն էլ գործազուրկ։ Հիմա այս ընտանիքին որեւէ սոցիալական աջակցություն չի ցուցաբերում պետությունը, այդ մարդը ո՞նց ապրի։ Այդ պարագայում դուք ո՞նց եք հակադրում, ասում եք՝ աղքատ ընտանիքներ Հայաստանում էլ կան։ Բայց մարդիկ տուն ու տեղը կորցրած, հայրենիքը կորցրած բազմազավակ ընտանիքներ են։ Սրանք այն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու նաեւ Աստծո դատաստանը»,- նշեց Թադեւոս Ավետիսյանը։

Աղազարյան․ Եթե մենք այս քայլը կատարենք, իրենք ընդառաջ քայլ չկատարեն, ապա մենք մտնում ենք տուպիկ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգանավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը միակողմանի զիջումների գնում եւ թշնամուն հանձնում հայկական բնակավայրերը։

«Եթե դա կարող է դիտվել միակողմանի քայլ, թող այդպես դիտվի, տեսնենք միջազգային հանրությունն ինչ է ասում։ Մենք, լինելով այս տարածաշրջանում շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի պես հարեւաններ, մեր հնարավորությունները շատ սահամանափակ են։ Մենք պետք է անպայման մեր քայլերի մեջ ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը։ Մենք անում ենք ընդառաջ քայլ խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ»,- ասել է Աղազարյանը։

Միաժամանակ նա նշել է, որ թշնամուց ընդառաջ քայլեր չի տեսնում․ «Եթե մենք հիմա այս քայլը կատարենք, իրենք ընդառաջ քայլ չկատարեն, ապա մենք մտնում ենք տուպիկ»։

Հովիկ Աղազարյանը հավելել է․ «Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մարզում կան բնակավայրեր, որոնք պատկանել են ադրբեջանական խորհրդային հանրապետությանը, եւ դրանք ոչ թե պետք է հանձնվեն, այլ պետք է վերադարձվեն իրենց վերահսկողությանը»։

 

Աբրահամյան․ դրական է, որ Տավուշի մարզի համայնքների բնակիչները դեմ են այս ծրագրերին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ընդլայնելու են ադրբեջանական պահանջներն ու ախորժակը, եւ ադրբեջանական ճնշումները գնալով ավելի մեծ տեմպ են ստանալու։

Աբրահամյանն ասաց, որ եթե թշնամուն հանձնվեն Տավուշի մարզի չորս գյուղերը, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, անվտանգային լուրջ խնդիրներ կառաջանան։ «Ժամանակին ոչ միայն այդ, այլ նաեւ մնացած ուղղություններում, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական ուղղություններում առաջնագիծը, ինժեներական կառույցներն իրենց ողջ ենթակառուցվածքներով տեղակայվել են՝ հաշվի առնելով տվյալ ուղղությամբ պաշտպանություն իրականացնող զորքի խնդիրները եւ նպատակները։ Եվ դիրքավորում է տեղի ունեցել բոլոր այն մարտավարական ու ռազմավարական նշանակության բարձունքներում, որոնք մեզ հնարավորություն են տվել մեր պաշտպանական խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու։ Մեխանիկական տեղափոխությունները դեռեւս չի նշանակում նույն պաշտպանական խնդիրների էֆեկտիվությունը»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հավելեց՝ շատ կարեւորն է, որ հանրությունն իր ձայնը բարձրացնի, եւ դրական է, որ Տավուշի մարզի համայնքների բնակիչները դեմ են այս ծրագրերին, որովհետեւ շատ ժամանակ իշխանությունն օգտագործել է իրավիճակը, որ տարբեր համայնքներում բողոքի ձայն ու դժգոհություն չի եղել, եւ ավելի հեշտ են գնացել զիջումների։ «Ցանկացած հայտարարություն, որը հնչում է Երեւանից, չունի այն ուժը եւ այն հնարավորությունը, որը կարող է ստեղծվել, երբ բողոքի ձայնն առաջին հերթին արտահայտվում է հենց այդ գյուղերում։ Դա ունի որոշակի զսպաշապիկի դեր, որովհետեւ այս պահին խոսվում է չորս գյուղի մասին, հետագայում նաեւ քննարկման մեջ է մտնելու չորս անկլավների հանձնման թեման, բայց այս իշխանության քաղաքականությունը շատ բանով պայմանավորված է լինելու նրանից, թե հանրային կարծիքն ինչպես է դրսեւորվում եւ հատկապես տեղերից ինչպիսի արձագանք է լինելու։ Երբ սասանվում են իշխանության դիրքերը, երբ իրենք խնդիր են տեսնում իրենց պաշտոնի եւ իշխանության մասով, իրենց քայլերում շատ ավելի զգուշություն են դրսեւորում»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմությունն այս իրավիճակում ունի խնդիր՝ բարձրաձայնելու եւ հասարակության բոլոր շերտերի համար ընկալելի դարձնելու այն մատուցումը, թե ինչ վտանգ է սպառնում մեր երկրին։ «Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բոլոր խնդիրների հիմքում այս իշխանության գոյությունն է եւ նրա վարած քաղաքականությունը, բնականաբար, ընդդիմությունն իր գործունեությունը պետք է ուղղի իշխանության շուտափույթ հեռացմանը։ Օրակարգը սա է, որովհետեւ մենք այս պահին Տավուշն ենք քննարկում, մեկ այլ փուլում այլ իրավիճակ ենք քննարկելու, բայց դրա հիմքում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության գոյությունն է»։

Տիգրան Աբրահամյանիը նկատեց մի վտանգավոր միտում՝ նախքան տարածքներ հանձնելը իշխանությունը նախապատրատսական գործընթաց է տանում, այդ տարածքները հռչակում է ադրբեջանական։ Եվ սրանով խնդիր է ստեղծում ոչ միայն բուն բանակցային գործընթացում, այլ նաեւ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կլինեն խնդիրներ։ «Օրինակ՝ այդպես եղավ Արցախի դեպքում, երբ Ադրբեջանի հարձակումից դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց, որ Արցախն Ադրբեջան է, եւ հետագայում Ադրբեջանը գործողություններ իրականացնելիս հղում էր անում նաեւ երկրի իշխանություններին, այդ թվում՝ Փաշինյանի հայտարարություններին։ Ցավոք սրտի, այս պահին որոշակի առումով խնդիրն արտացոլված է նաեւ այստեղ, որովհետեւ Տավուշի մարզում նա արդեն իսկ այդ գյուղերը հռչակել է ադրբեջանական։ Եվ եթե լինի դիմադրություն կամ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը վախենա գնալ նման քայլի, զուտ իշխանությունը կորցնելը հաշվի առնելով, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Փաշինյանն իր հայտարարություններով Ադրբեջանի համար արդեն լեգիտիմ դաշտ է ստեղծել։ Եվ իրավական առումով բոլորը հղում են անելու Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացրած այդ դրույթներին։ Եվ այս իրավիճակում Ադրբեջանը հերթական անգամ մարսելու է իր քայլերը։ Սա ամենավտանգավոր դրսեւորումներից մեկն է»,- ընդգծեց նա։

 

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է, հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ինքնաթիռն վայրէջք է կատարել Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ինքնաթիռի Երևան վայրէջքից անմիջապես հետո։ Ալիեւը նույնպես շնորհավորել է Պուտինին այն օրը, երբ Ստոլտենբերգը Բաքվում էր։

Գառնիկ Դանիելյան. եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզի 4 գյուղերը թշնամուն հանձնելու դեպքում մի շարք աղետների առաջ ենք կանգնելու բոլորս։

«Դա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, կոմունիկացներն են, ՀՀ մտնող գազն է, կահավորված առաջնագիծն է, որը 30 եւ ավելի տարիներ կահավորվել է։ Այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արեւելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն անմիջապես հայտնվելու են ճանապարհին, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ ֆրակցիան Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին բերում ու կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա։

Եվ հաջորդիվ այդ տարածքի գյուղերում ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ մի պետական հաստատություն չի կարողանալու աշխատել, ուղիղ նշանառության տակ են մնալու։ Այդ տարածաշրջանն ամբողջությամբ դատակվելու է, այդ մասին հանդիպման ժամանակ ասել են նաեւ գյուղաիցները, ասել են՝ թշնամուն բերում ես, հասցնում ես գյուղի մեջ, ըստեղ մա՞րդ է մնալու»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Նիկոլ Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից։

«Այդ ճնշումը պետք է լինի, բազմաթիվ օրինակներ կան, որ երբ ժողովուրդը կանգնել ու ցույց է տվել իր դիրքորոշումը, ինքն իր որոշումներից հետ է կանգնել։ Մենք բազմիցս նշել ենք, որ Արցախը մեր վահանն է, Արցախը հանձնելու պարագայում մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնելու, թշնամին կանգ չի առնելու, նորանոր պահանջներ է ներկայացնելու»,- ասաց նա։

Դանիելյանն ասաց, որ այդ գյուղերում 8-րդ դարի եկեղեցի է վեր խոյանում, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան։ «Դրանք ադրբեջանական կարող են անվանել միայն ադրբեջանցիները եւ այստեղ ապրող թրքահպատակ հայերը։ Ադրբեջանը ոչ թե ԽՍՀՄ իրավահաջորդ է ճանաչել իրեն, այլ Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ։ Այսինքն՝ այդ գյուղերի՝ ադրբեջանական լինելու թեզն այստեղ հոլովելն անտեղի է, դրանք բուն հայկական տարածքներ են»,- հավելեց նա։

Նա նշեց, որ տավուշցիները կտրուկ անհամաձայնություն են հայտնել, ասել են, որ այդ հրեշավոր որոշումն իրականացնելու դեպքում տարածաշրջանի որեւէ գյուղ բնակեցված չի նա։

«Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»․ քննարկում Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են լինելու Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, գրող, դիվանագետ Օլիվյե Վեբերը և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Բանախոսները լույս կսփռեն տարածաշրջանում զարգացումների վրա՝ միջազգային, մարդու իրավունքների տեսանկյունից, կվերլուծեն միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի դերը։ Քննարկման մասնակիցները կխոսեն նաև ապագայի հեռանկարների, առկա իրավիճակից ելքերի և անհրաժեշտ հստակ քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի և արցախահայության անքակտելի իրավունքները։

«Ժամանակավոր պաշտպանությունը» իրավական կարգավիճակ չէ. Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները

Արցախի բռնի տեղահանվածների կարգավիճակի թեման դեռ լուծված չէ: Դեռևս մարդիկ, ովքեր հայտնվել են Հայաստանում 2020-23 թվականների ցեղասպանության և Արցախի էթնիկ զտումների հետևանքով, չեն ստացել միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, որը պետք է լուծի բոլոր խնդիրները՝ քաղաքականից և իրավականից մինչև սոցիալական։

ՄԱԿ-ը և Եվրամիությունը հայտարարել են, որ Արցախի բռնի տեղահանված բնակիչները փախստականներ են։ Այսինքն՝ իրականում մենք փախստական ​​ենք, բայց մեր կարգավիճակը օրինական ձևակերպված չէ։

Ժամանակակից միջազգային իրավունքում փախստականների նկատմամբ կիրառվող իրավական ռեժիմը և, մասնավորապես, նրանց համապատասխան կարգավիճակը, որոշվում են համընդհանուր ձևով՝ 1951 թվականի հուլիսի 28-ի ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակին վերաբերող կոնվենցիայի և Արձանագրության դրույթների հիման վրա, որն ընդունվել է 1967 թվականի հունվարի 31-ին։

«Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի» նախաբանում, մասնավորապես, ասվում է.

քանի որ ապաստանի իրավունքի տրամադրումը կարող է անհարկի բեռ դնել որոշ երկրների վրա, և խնդրի բավարար լուծմանը, որի միջազգային շրջանակն ու բնույթը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, երկիրը չի կարող հասնել առանց միջազգային համագործակցության։

Նշենք, որ Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1951թ.

1999 թվականի մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

Սույն օրենքը սահմանում է փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր տեղակայման, փախստականի կարգավիճակ տալու կամ մերժելու, փախստականի կարգավիճակ կորցնելու հիմքերը, կարգը և պայմանները, լիազորված պետական ​​մարմնի իրավասությունը, փախստականի և փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական և սոցիալական ապահովության երաշխիքները։

Իրականում կա օրենք, բայց չկա պետական ​​մարմին, որը պետք է համակողմանիորեն լուծեր վերը նշված բոլոր խնդիրները։

Ընդ որում, խոսքը ոչ միայն ներկայիս փախստականների՝ արցախցի գաղթականների, այլեւ 90-ականների, Խորհրդային ադրբեջանի հայաբնակ քաղաքներից ու շրջաններից բռնի տեղահանված փախստականների մասին է, որոնք նույնպես ենթարկվել են ցեղասպանության ու էթնիկ զտումների։

«Փախստականների մասին» ՀՀ օրենքում նշված է.

«Փախստականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձն է, որը ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքին պատկանելու համար հետապնդման զոհ դառնալու հիմնավոր վախի պատճառով գտնվում է իր քաղաքացիության պետությունից դուրս և ի վիճակի չէ կամ չի ցանկանում օգտվել այս պետության պաշտպանությունից կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և մնալով իր նախկին հիմնական բնակության վայրից դուրս, չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այս պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետությունների քաղաքացի է, բայց մտավախություն ունի, որ չի կարող օգտվել որևէ կամ այդ պետությունների պաշտպանությունից»։

Ի՞նչ է կատարվում իրականում։ Կարգավիճակի համար դիմող Արցախի բնակիչներին առաջարկում են (ստիպողաբար) ստորագրել ձևաթուղթ, որի կետերից մեկում գրված է. «Ես որևէ երկրի քաղաքացի չեմ»։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող անձինք չունեն որևէ երկրի քաղաքացիություն, դրանով մարդիկ հաստատում են, որ իրենք ՀՀ քաղաքացի չեն։ Մյուս կողմից, Արցախի բնակիչները չեն կարող լինել ադրբեջանի քաղաքացի (ինչը բարձրաձայն շեփորում է Ալիևը), քանի դեռ չեն դիմել այս երկրի քաղաքացիություն ստանալու համար։

Նոր անձնագրի հետ մեկտեղ (ի դեպ, նույն 070 ծածկագրով, ինչ նախորդ արցախյան), մարդիկ Հայաստանից ստանում են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

Ի՞նչ է «ժամանակավոր պաշտպանությունը»:

2008 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանն ընդունել է «Փախստականների և ապաստանի մասին» ազգային օրենքը, որը կարգավորում է ապաստանի համակարգը, սահմանելով «փախստական» ճանաչվելու հինգ պատճառ.

Մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, համատարած բռնություն, արտաքին հարձակում, ներքին բախումներ, հասարակական կարգի լուրջ խախտումներ։

Նույն օրենքում ասվում է.

«Հայաստանում ապաստան ստացած փախստականներն օգտվում են օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված իրավունքներից՝ անշարժ գույքի ձեռքբերման և սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերություններում։

Ապաստան հայցողները և փախստականները օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրականացնելիս հարգում են Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները, պահպանում են Հայաստանի Հանրապետության հասարակական կարգն ու անվտանգությունը»:

Ուշադրություն դարձնենք առաջին կետին. Այսինքն՝ Արցախից փախստականները հավասար են օտարերկրյա քաղաքացիներին։ Սակայն եթե օտարերկրյա քաղաքացիներին անշարժ գույքի ձեռքբերման և սեփականաշնորհման հետ կապված որևէ պահանջ չի ներկայացվում, ապա արցախցի փախստականները պարտավոր են ընդունել Հայաստանի քաղաքացիություն և միայն դրանից հետո ստանալ բնակարանի իրավունք, ընդ որում՝ հիփոթեքային վարկավորման հիման վրա։

Բայց այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ։ Շատերը չեն կարողանում ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Թե ինչի հետ է սա կապված, նույնպես անհասկանալի է։

Ո՞վ պետք է զբաղվի արցախցի փախստականների խնդիրներով՝ Արցախի օրինական ընտրված իշխանությունները, որոնց արգելվում է գործունեություն ծավալել Հայաստանում, թե՞ Հայաստանի իշխանությունները, որոնք միջազգային պարտավորություններ ունեն պաշտպանելու փախստականների իրավունքները։

Իսկ գուցե ՄԱԿ-ը ձեռնամուխ լինի արցախցիների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նախատեսված է «Փախստականների մասին» օրենքով։ Այսինքն՝ «Եթե սույն օրենքի («Փախստականների մասին» ՀՀ օրենքը) նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերին, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Եթե ​​նորմերը հակասում են, ապա պետք է գործեն միջազգային պայմանագրերը, եթե դրանք չեն հակասում, Հայաստանը պարտավոր է կատարել իր միջազգային պարտավորությունները, իսկ ՄԱԿ Գերագույն հանձնակատարը պետք է վերահսկի դրանց կատարումը։ Փաստորեն, ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երրորդը չի արվում։

Այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները 36 տարվա ընթացքում, երբ Ադրբեջանից փախստականները պարբերաբար հայտնվում էին իր տարածքում, կատարում էին ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի պահանջները և ամեն ինչ արեցին, որ փախստականները կամ լքեն երկիրը, կամ ստանան ՀՀ քաղաքացիություն։ Ակնհայտ է, որ նրանք կոծկել և շարունակում են կոծկել վերոնշյալ եռյակի հանցագործությունները, քանի որ բոլոր երեք դերակատարները գործում են միասնաբար հայոց պետականության ոչնչացման հարցում։

Փախստականները մի թեմա են, որը գրագետ և նպատակային վարվելու դեպքում կարող է խաթարել նրանց բոլոր ծրագրերը և մեծ խնդիրներ ստեղծել միջազգային ասպարեզում։

Այս խնդիրները չեն կարող լուծվել հասարակական նախաձեռնություններով, իսկ փախստականների իրավական խնդիրներն ու նրանց իրավունքների պաշտպանությունը օդից կախված կլինեն ու բազմաթիվ խնդիրներ կստեղծեն Հայաստանի ներքին կյանքում։ Էլ չենք խոսում այն ​​մասին, որ եթե Արցախից փախստականները դիմեն ՄԱԿ-ի դատարան, Հայաստանը կարող է պատժվել փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները չկատարելու համար:

Ժամանակավոր պաշտպանությունը անիմաստ արտահայտություն է, որը թույլ է տալիս խուսափել անօթևան և ապրուստի միջոց մնացած մարդկանց չլուծված խնդիրների համար պատասխանատվությունից:

Փախստականի կարգավիճակի տրամադրման հետ կապված արհեստականորեն ստեղծված խոչընդոտները դառնալու են ոչ միայն ներքաղաքական խնդիր, այլեւ սպառնալիք Հայաստանի պետականության համար։

Մարգարիտա Քարամյան

Էրդողանը խոսել է Սիրիայում և Իրաքում «անվտանգության գոտու» մասին և չի հիշատակել Հայաստանը

Թուրքիան այս ամառ «վերահսկության տակ կվերցնի» Իրաքի հետ իր սահմանի անվտանգությունը և «կավարտի Սիրիայում անավարտ աշխատանքը», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ռազմական պաշտոնյաների առաջ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Hürriyet» թերթը մարտի 7-ին հայտնել է, որ թուրքական զինված ուժերը ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, և համաձայնություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ։

«Մենք այս ամառ կստանձնենք Իրաքի հետ մեր սահմանի անվտանգությունը: Սիրիայում նույնպես ավարտին կհասցնենք անավարտ աշխատանքը»,-ասել է նա երկուշաբթի օրը ելույթ ունենալով զինվորականների առջեւ։

Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը։ Նրա խոսքով, թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծել։

Էրդողանը չի նշել Հայաստանի հետ փակ սահմանը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններում շոշափելի առաջընթաց չկա։ Թուրք պաշտոնյաները բացեիբաց խոսում են, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությանը և, ինչպես կարծում են Պոլսում, տարածքային պահանջներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ։

Էրդողանը մտադիր է ամռանը փոխել Թուրքիայի Սահմանադրությունը և, ըստ երևույթին, այն կնախանշի Թուրքիայի նոր սահմանները, որոնք կապված կլինեն ոչ թե Լոզանի և Կարսի պայմանագրերի, այլ հենց Թուրքիայի ինքնիշխան որոշումների հետ։ Թուրքիան իրեն իրավասու է համարում ռազմական ուժի կիրառմամբ սահմանել այդ սահմանները։

Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. կա 4 զոհ

Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարոդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է ավտոմեքենան:

Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են չորս քաղաքացու դի:

Բելգորոդից մինչև Բլեքգորոդ. պատերազմի թեժ կետ Ռուսաստանում

Ռուսական Բելգորոդը ամայի է. քաղաքը, որը գտնվում է մարտական ​​գոտում մոտ, թվում է, թե մեռել է ռուս ապստամբների գործողության մեկնարկից հետո: Սոցցանցերը լցված էին Ռուսաստանի Դաշնության մարզկենտրոնի դատարկ փողոցների լուսանկարներով։ Ժողովուրդ չկա, թեկուզ օրվա կեսին։ Փակ են դպրոցներն ու առևտրի կենտրոններըЖ Լսվում են ռուսական հակաօդային պաշտպանության անընդհատ պայթյուններ, ազդանշաններ և համազարկեր։

Տխուր պատկերը բարդանում է նրանով, որ հրթիռների մի մասն ընկնում է անմիջապես քաղաքի վրա՝ ստիպելով բնակիչներին արագ ապաստան փնտրել: Ժողովրդի մեջ վախ ու հուսահատություն կա, հայհոյում են պատերազմը, օգնություն խնդրում։ Սոցցանցերի օգտատերերը նշում են, որ այժմ ռուսներն իրենք են զգալու պատերազմի արժեքը և այն էմոցիաները, որոնք ուկրաինացիներն ապրել են վերջին երկու տարիների ընթացքում։ Այս մասին հայտնում է Dialog.UA-ն։

Հիշեցնենք, որ «Ռուսաստանի ազատության» լեգեոնի մարտիկ Ալեքսեյ Բարանովսկին հայտնել էր, որ մարտերը Բելգորոդի և Կուրսկի շրջաններում շարունակվում են։

Ինքնության պահպանում. Կոնդը` քննարկման կենտրոնում

Երեւանի պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։ Այս թեման առավել քան ակտուալ է  երևանցիների համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո այն մասին, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով կօտարվի՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Իսկ ի՞նչ են այդ մասին մտածում Կոնդի բնակիչները:

Կոնդի անանուն բնակչի կարծիքով`թաղամասի ճակատագիրը պետք է որոշեն բնակիչների հետ միասին: «Սա անհատական մոտեցում պահանջող թաղամաս է, այստեղ ապրում են հնաբնիկներ: Պետք չի մեզ փորձել վախեցնել, համոզել ու սպառնալով պայմաններ առաջադրել: Մենք արդեն նման բան տեսել ենք, երբ հայրենիքի համար նահատակված տղաների մայրերին են ձերբակալել….Կարծես թե նույն քաղաքականությունն են վարում մեր հանդեպ: Այնինչ, պետք է նայել քաղաքացու հնարավորություններին, պահանջներին և կյանքի հետագա ընթացքին: Մեր թաղամասում կան բավականին հարմարավետ  և ժամանակակից չափանիշներին համապատասխանող բնակարաններ»,-ասաց նա:

Կոնդի բնակիչ Նիկոլայ Ավետիսյանի կարծիքով` Կոնդը պետք է ոչ թե քանդել, այլ թարմացնել, բարեկարգել: «Կոնդն այն վայրերից է, որը պիտի մնա, որովհետև այստեղ է պահպանվում Երևանի շունչը: Մարդկանց համար դեռ պարզ չէ, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը: Պետք է ավելի բաց ձևով խոսել հանրության հետ: Կոնդը տարբերվող է: Բնակիչները նույնիսկ դռները չեն փակում որևէ տեղ գնալուց առաջ: Կոնդն ունի կոլորիտ, բնակիչներն իրար հետ սերտ շփվում են, երեխաները բակերում խաղում են, դա շատ տեղերում արդեն չկա… Մեզ մոտ պահպանվել է, այդպես պիտի լինի, քանի որ մենք երևանցիներ ենք ու փորձում ենք Երևանի շունչը պահել»,-ասաց նա:

Տաթև Ազիզյան

“Մենք կանք”․ Արցախի հետ կապված հարցերը էությամբ սոցիալական չեն

Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն ուշի ուշով հետևում է Արցախի շուրջը տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին, որոնք ակնհայտորեն վերջին շրջանում ակտիվացել են: Տարբեր հարթակների ձևավորումը ողջունելի է մեզ համար, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնք կարող են շեղել հիմնական նպատակից, այն է` արցախցիների Արցախ վերադարձից։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը հանրայնացրել է Արցախի հիմնախնդրի առկա փուլի հետ կապված իր սկզբունքային մոտեցումներն ու դիրքորոշումը: Դրանք անշեղորեն կապված են քաղաքական ինքնության հետ: Մեզ համար անընդունելի է ցանկացած գործողություն, որը կշրջանցի արցախցիների անհատական և հավաքական իրավունքները:

– Ցանկացած ծրագիր` սոցիալական, թե մեկ այլ նշանակության, պետք է ներառի այն կարևոր ուղենիշները, որոնք առնչվում են արցախցիների Հայրենիք վերադարձի ընդունելի և իրատեսական հնարավորություններին: Դրա խրախուսման գործիքակազմը պետք է ներդաշնակվի արժանապատիվ ու անվտանգ ճանապարհով իրագործմանը: Մեզ համար առաջնահերթը հայրենադարձությունն է: Ժամանակավոր ու երկարաժամկետ ռազմավարական նախագծերը պետք է բխեն այդ համատեքստից: Այն ամենն, ինչ կհակասի այդ առանցքին, մեզ համար անընդունելի է, լինեն դրանք ֆինանսական օժանդակության փաթեթներ` 3, 5 կամ թեկուզ 20 մլն. դրամ արժողության:

– Բռնի տեղահանված արցախցիների կենցաղային ու սոցիալական խնդիրների շուրջ հարցերի լուծումը ՀՀ իշխանութունների կողմից որոշումներով հաստատելու կամ դիսկուրսի սադրանքով դրանք հանրային քննարկման դաշտ տեղափոխելու մարտավարությունը մեզ համար անհասկանալի է, մանավանդ , երբ բացակայում են դրան զուգահեռ համապատասխան քաղաքական գործընթացն ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ գործակցությունը: Մեզ համար սուբյեկտը պետական օղակներն են և ոչ թե անձերը` նրանց նկատմամբ յուրատիպ վերաբերմունքով: Ժողովրդի վրա փորձարկումներով միջանկյալ լուծումների կիրառումն անընդունելի է:

– Պետք է դուրս գալ այն մտայնությունից, թե Արցախին առնչվող հարցերը սկսվում և ավարտվում են սոցիալական բաղադրիչով: Օրակարգում պահելով միայն այդ ուղղությունն, ակնհայտորեն արժեզրկվում են բոլոր մյուս կարևորագույն թեմաները` ներառյալ` Հայրենիք ու ապագա:

– Մեզ համար անբեկանելի է միասնության գաղափարը: Անգամ սոցիալական ծրագրերի նախաձեռնություններում կարևորում ենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը, ինչն արժանապատիվ հանգրվանի հասցնելու տեսանկյունից բացահայտ անհրաժեշտություն է: