Պուտինի «ապասաքրալիզացիան» սկսվել է. Գերմանիան դադարել է նրան «նախագահ» անվանել

DW

Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո Գերմանիայի կառավարությունը երկրի գործող ղեկավար Վլադիմիր Պուտինին չի անվանում Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Դա հետևում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանի խոսքերից, որոնք հնչել են երկուշաբթի՝ մարտի 18-ին, Բեռլինում կառավարության մամուլի ասուլիսում։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը Պուտինին դիմելու է որպես «նախագահ», թե՞ այլ կերպ, Հոֆմանը պատասխանել է. «Այս պահին Ռուսաստանի հետ շփումները շատ կրճատված են։ Ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք խոսել Պուտինի հետ, եթե դա իմաստ ունենա։ Բայց այս պահին նման ծրագրեր չկան»։ Ճշտող հարցին ի պատասխան՝ նա հավելել է. «Այս պահին մենք Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության մեջ չենք, ուստի նման հարցադրումը (ինչ անվանել նրան.-Խմբ.) տեղին չէ»։

Գերմանիան չի ճանաչում Ռուսաստանում անցկացված ընտրությունները որպես օրինական և չի համարում դրանք ազատ ու արդար, ընդգծել է Հոֆմանը։ «Արդյունքը նախապես հստակ հայտնի էր», – ասաց նա մամուլի ասուլիսում։ «Մեր գնահատմամբ՝ այս ընտրությունները ժողովրդավարական չէին. իրական հակառակորդներին թույլ չէին տալիս մասնակցել, (Ռուսաստանում-Խմբ.) վախի մթնոլորտ էր, եղան ձերբակալություններ»։ Ո՛չ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ո՛չ էլ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր չեն շնորհավորել Պուտինին ռուսական պետության ղեկավարի լիազորությունները պահպանելու կապակցությամբ”։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն նույնպես հայտարարել են, որ չեն ճանաչում Ռուսաստանում անցկացված ընտրությունները որպես ազատ և արդար։ Պաշտոնապես դեռ չի հայտարարվել, որ Պուտինն այլեւս չի համարվում լեգիտիմ նախագահ։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա արեւմտյան երկրները ստիպված կլինեն վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ պայմանագրային բազան։ Թվում է, թե Գերմանիան այս ճանապարհին է, և Ֆրանսիան և Լեհաստանը կարող են միանալ դրան:

Այսպիսով, սկսվել է Պուտինի ապասաքրալիզացիան. Արևմուտքը ցույց է տալիս, որ նրան այլևս լուրջ չի վերաբերվում։

Սոֆյա Հովսեփյան. մարդիկ պետք է ոտքի կանգնեն, այլ ելք չկա

«Սա միայն Ոսկեպարի խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է, չպետք է ոսկեպարցիներին մենակ թողենք։ Այնպես, ինչպես Արցախ մխրճվեցին ու օկուպացրին, այսօր նույնկերպ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի գյուղերի հանձնմանը։

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է, որ եթե գյուղերը խաղաղ չհանձնի, պատերազմ կլինի։ «Սա փաշինյանական մեթոդն է, որն ինքն անում է արդեն 3 տարի։ Եվ ես զարմանում եմ, թե մենք ինչո՞ւ ենք զարմանում իր գործելաոճի վրա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Նրա խոսքով․ «Այս ամենը ստրկական հոգեբանությամբ լակոտին պաշտոն տալու հետեւանք է։ Եվ իրեն ինչպես թելադրում են, այդպես էլ կատարում է։ Ամբողջ թիմով հիմա նախ իրենք իրենց են համոզում, որ ճիշտ են, հետո բոլորին են փորձում համոզել, որ դա ճիշտ է, եւ պատերազմ չի լինելու։ Բայց բոլորս տեսանք, թե Արցախի ճակատագիրը ինչ եղավ՝ նախ մխրճվեցին, հետո ամբողջությամբ վերցրեցին՝ կոտորելով ու բռնի տեղահանելով այդքան մարդ, ցեղասպանություն անելով։ Նախապատրաստվում է հերթական ցեղասպանությունը, եւ դա արդեն արվում է հենց իր ձեռքով»։

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ մարդիկ պետք է ոտքի կանգնեն․ «Ներուժը ոտքի կանգնելն է, ոչ թե ինչ-որ անհատը, որը պետք է առաջնորդի։ Առաջնորդները միշտ ծնվում են շարժման ընթացքում»։

Փաշինյանը ամեն կերպ համոզում է տավուշցիներին, որ 4 գյուղ պետք է հանձնել

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ եւ Ոսկեպար գյուղում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը բնակիչներին տեղեկացրել է, որ պետք է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեն այն 4 գյուղերը, որոնց մասին օրերս հրավիրած ասուլիսում խոսել էր։ Խոսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Այդ գյուղերի մասին խոսելիս, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր․ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»։

Step1.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում բնակչությունը շատ զայրացած է դիմավորել Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Փաշինյանը հայտարարել է, որ եթե այդ 4 գյուղերը խաղաղ չհանձնվեն, պատերազմ կլինի։ «Ասաց՝ Ադրբեջանը կհարձակվի, իսկ եթե պատերազմի մեջ մտնենք Ադրբեջանի հետ ու փորձենք առաջ գնալ, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն՝ մարդկանց վախեցնում էր»,- մանրամասներ հայտնեց մեր զրուցակիցը։

Գյուղացիները բարձրացրել են հարցը, որ այդ գյուղերի մոտով են անցնում դեպի Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Հարցին, թե ի՞նչ են անելու, եթե ադրբեջանցիները փակեն միջպետական ճանապարհը, Փաշինյանը պատասխանել է, որ նախատեսում են թունել կառուցել։

Տեղեկացանք, որ գյուղացիները դժգոհ են մնացել նրա հայտարարություններից, ասել են, որ գյուղերը կդատարկվեն, անվտանգային այդ պայմաններում ոչ ոք չի ցանկանա մնա հարակից գյուղերում։ Բայց Փաշինյանն ամեն կերպ նրանց համոզել է, որ գյուղերը պետք է հանձնվեն։

Փաշինյանի արցախյան սցենարը Ոսկեպարում և Արարատ Միրզոյանի դրաման

Այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ է գնացել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և, ինչպես հանդիպման մասնակիցներն են ասում, երեք տարբերակ առաջարկել՝ կա՛մ 4 գյուղը հանձնվում են, կա՛մ չեն հանձնվում, և սկսվում է պատերազմ Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հնարավոր միջամտությամբ։

Փաշինյանը չխոսեց չորրորդ սցենարի մասին, որն իրականացվեց Արցախում 2023 թվականի օգոստոսին։ Սա շատ լավ տարբերակ է, բոլորին ձեռնտու:

Հիշեցնենք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով 2020 թվականի պատերազմից հետո համառորեն հրաժարական չէր տալիս և անառարկելի կատարում էր Փաշինյանի բոլոր առաջադրանքները, 2023 թվականի օգոստոսին անսպասելիորեն հայտարարեց, որ այլևս չի ցանկանում նախագահ լինել և հեռանում է։ Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը նրան կոչ էր անում հրաժարական չտալ այն պահին, երբ շրջափակումն հասել է գագաթնակետին, և նույնիսկ հաց չկար, Հարությունյանը հեռացավ, երեւի, հույս ունենալով, որ կփրկվի։ Ընդդիմությունը նոր նախագահ նշանակեց, որին Երևանում չճանաչեցին, և մինչ նա կհասցներ գործի անցնել, սեպտեմբերի 19-ից ագրեսիա սկսվեց, մնացածը գիտեք։

Օրեր առաջ խորհրդարանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, «միջամտվելով» «այլ պետության» ներքին գործերին, փաստորեն, Արցախի հանձնման մեջ մեղադրեց Արայիկ Հարությունյանից հետո իշխանության եկած քաղաքական ուժերին.

«Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավը, որը զբաղված էր իշխանություն ձեւավորելով, բանակցելու ուղարկեց մի մարդու, ում իշխանությունը տրվել էր ընդամենը մի քանի օր առաջ, և նա հրամանագիր արձակեց Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին։ Ի վերջո, փաստերն ակնհայտ են. երբ Հայաստանի կառավարությունը կոչ էր անում աշխատել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դուք քննադատում էիք այս քաղաքականությունը, իսկ ձեր քննադատությունը տասն անգամ ավելի բարձր հնչեց Ստեփանակերտում։ Այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Ստեփանակերտում տարբեր տարածքների վերաբերյալ բանաձեւեր ընդունեցին, հետո՝ հոպ, երկու օրում լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե ​​հարցեր ու մեղադրանքներ ունեք, հարցրեք ուրիշներին։ Մենք մեղավոր չենք, ամեն ինչ արել ենք, որ նման իրավիճակ չստեղծվի։ Նրանք որոշեցին ցրել, հասարակ մարդիկ ստիպված էին փախչել իրենց կյանքը փրկելու համար, և մենք ընդամենը կարողացանք և արեցինք՝ մարդկանց գրկաբաց ընդունեցինք և հոգ տարանք նրանց մասին»,- ընդգծեց նախարար Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի դրամայի մասին, հավանաբար, մի օր կգրվի Հայաստանի դասագրքում (եթե այն այդպես կոչվի ապագայում): Իշխանության ազդեցության տակ դասական դեգրադացումը Միրզոյանին հասցրեց ամենավերջին, բայց Փաշինյանը կօգնի նրան ավելի դեգրադացվել։

Օրերս Փաշինյանը Ստեփանակերտի «նոր իշխանությանը» մեղադրեց վառելիքի պահեստում պայթյուն կազմակերպելու մեջ՝ որպեսզի մարդիկ Արցախից արագ դուրս գան, գան Երեւան ու դառնան ռեսուրս Երևանում իշխանափոխության համար։

Ահա եւ Փաշինյանի արցախյան սցենարը։ Ըստ այդմ Տավուշի իշխանամետ մարզպետը հրաժարական կտա, իշխանություն կձևավորեն տեղական ուժերը կամ ընդդիմությունը, Փաշինյանը աչքով կանի Ալիևին, տարածքները կհանձնի, տավուշցիներին կվերաբնակեցնի Մեղրիում, հին մարզպետին կհանձնի Բաքվին եւ կմեղադրի ընդդիմությանը, որ հանձնել է Տավուշի գյուղերը, որպեսզի կատաղած բնակիչները հասնեն Երեւան ու իշխանափոխություն անեն։

Իսկապես, ցինիզմին սահման չկա։

Մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու համար՝ պապիկ-տատիկի ամուսնության վկայական

2023 թ. բռնի տեղահանումից հետո արցախցիները ՀՀ-ում հանդիպեցին մի շարք դժվարությունների, ընդ որում՝ խնդիրների մեծ մասը արհեստածին է:

Խնդիրներից մեկն է՝ մինչև 2 տարեկան երեխաների ամենամսյա նպաստը: Մեր զրուցակիցներից Հ.Ա-ն, որի երեխան ծնվել էր սեպտեմբերին, դիմել էր տարածքային կենտրոն, դիմում գրել և հանձնել համապատասխան փաստաթղթերը ու մեկ ամիս անց ստացել նպաստի հաստատման փաստաթուղթը:

Իսկ մյուս զրուցակիցը՝ Լ.Ղ. այդպես էլ չի կարողանում ստանալ երեխայի նպաստը, քանի որ իր ծննդականը թողել էր Հադրութում՝ իրենց տանը, իսկ վերականգնումը բավականին երկար և դժվար գործընթաց է:

Պարզվում է, որ երեխայի նպաստի նշանակման համար պահանջում է նաև մոր եւ հոր ծնողների ամուսնության վկայականները: Հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի երեխայի նպաստը տատիկ-պապիկների ամուսնության հետ:

Միջին վիճակագրական տվյալներով, ծննդյան վկայականի փոփոխման գործընթացը տևում է մի քանի ամիս և ավելի երկար, եթե դիմումը ներկայացվում է Երևանից դուրս, քանի որ այդ դեպքում տարածքային կենտրոնը փաստաթղթերը պետք է ուղարկի Արդարադատության նախարարություն: Արդարադատության պատասխանի հիման վրա միայն անձը կարող է ստանալ նոր ծննդական։

Ստացվում է, որ մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը ստանելու համար իրենց տներից բռնի տեղահանված անձինք, որոնք հաճախ չեն հասցրել վերցնել նույնիսկ փաստաթղթերը, բախվում են խնդիրների, որոնք հեշտ կարելի էր կարգավորել վարչարարական մի հրամանով։ Ինչո՞ւ նման կարգավորում չի արվում՝ հարցը հռետորական է։

Քրիստինա Ալավերդյան

Ինչի համար է Փաշինյանը գնացել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ

Ազատություն

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհի հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դրանք մի քիչ այլ կերպ կվերակառուցեն․ – «Արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»:

«Առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք, և էնտեղ, որտեղ, օրինակ, մեր կոմունիկացիաները մեր սահմաններից դուրս են, էդ հատվածներում մեր կոմունիկացիաները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաներն անցնեն Հայաստանի դե յուրե տարածքով», – նշեց վարչապետը:

Մինչ այդ դելիմիտացիայի հարցով բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել էր, որ Հայաստանի ավելի քան 30 բնակավայրերի տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքուն Հայաստանից տարածքներ է օկուպացրել նաև 44-օրյա պատերազմից հետո, սակայն հրաժարվում է ընդունել այդ փաստը։ «Ազատության» հարցին, թե արդյոք Բաքուն պատրա՞ստ է նույն կերպ հետ քաշել զորքերը Հայաստանի այն 31 գյուղերի տարածքից, ուր առաջ է եկել կա՛մ 90-ականներին, կա՛մ 2021-22 թվականնների հարձակումների ընթացքում, վարչապետը ասուլիսի ժամանակ չհստակեցրեց։

Օդերևութաբանները զգուշացրել են մոտալուտ հզոր ցիկլոնի մասին

Մարտի 19-ից 20-ը Հայաստանը կգտնվի հարավից եկող հզոր ցիկլոնի ազդեցության տակ, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Այսպես, մարտի 19-ին, ինչպես նաև 20-ի գիշերը Շիրակի, Լոռու և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, որոշ հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

ԵՄ-ը Հայաստանին ու Վրաստանին կինտեգրի՝ իշխանությունների կամքին հակառակ

Մարտի 18-ին Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, այլ հարցերի թվում, կներառվեն Հայաստանին աջակցությունը Եվրամիության կողմից եւ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում նշված է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

Հայաստանի իշխանություններն ի պատասխան ասում են, որ թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելու համար իրենք դեռ պետք է հանրային քննարկումներ անցկացնեն եւ պարզեն, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները ուզում են դա։

ՀՀ իշխանությունների նման կրավորական պահվածքն արդեն կասկածներ ու քմծիծաղ է առաջացրել․ տեղյակ փորձագետներն ասում են, որ Եվրամիությունը, տեսնելով, որ իշխանությունները ժողովրդի կամքի դեմ են գնում, որոշել է Վրաստանին եւ Հայաստանին “ինտեգրել”՝ առանց իշխանությունների կարծիքը հարցնելու։ Վրաստանի իշխանությունները ի պատասխան այդ փորձերի սկսել են բացահայտ խոստովանել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իրենց համար ավելի կարեւոր են։

Հայաստանի իշխանությունները դեռ “հակառուս եւ արեւմտամետ” են ձեանում, սակայն արդեն բացահայտ ասվում է, որ Հայաստանը երբեք այդքան կախված չէր Ռուսաստանից եւ Թուրքիայից, ինչքան այս իշխանությունների օրոք։

Եվրոպայի քաղաքականությունը բավականին կոշտանում է, եւ հեռու չէ այն օրը, երբ եվրոպական առաջնորդները պատռեն ներկայիս ՀՀ իշխանության դիմակը։ Շոլցը դա արդեն արել է, Փաշինյանի հետ ասուլիսում խոսելով արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին եւ ապացուցելով, որ այդ իրավունքը խեղդողը Փաշինյանն է։ Նույնն արել է Մակրոնը՝ կոչ անելով հայերի բոլոր պրոբլեմները փնտրել Փաշինյանի մոտ։ Նույնիսկ եվրոպական դիտորդների մուտքը Հայաստան կատարվել է ՀՀ իշխանությունների կամքին գրեթե հակառակ։

Եվրոպական առաջնորդները Փաշինյանի կառավարության հետ ակնհայտորեն հույս չեն կապում, դրան փաստի առաջ դնելով։

Պուտինը պարտվել է Երևանում և Գյումրիում

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները Հայաստանում տեղակայված ընտրատեղամասերում հետևյալ պատկերն ունի, հայտնում է radar.am-ը։

Երևան՝

Դավանկով-63%

Պուտին-8%

Խարիտոնով-1%

Սլուցկի-1%

Անվավեր քվեաթերթիկ 17%

Գյումրի՝

Դավանկով – 48%

Պուտին – 21%

Խարիտոնով-2%

Սլուցկի-1%

Անվավեր քվեաթերթիկ – 10%

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին

ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը.

1. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են:

2. Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար:

3. Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով:

4. Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում:

5. Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները:

Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները:

Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից:

6. Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը:

Այս դեպքում անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք:

Ստացվելու է` Կառավարության անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից:

7. Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով դիվանագիտական դիմադրողականության հիմքերը:

8. Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու Արցախից մինչև Սփյուռք:

Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ, կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն:

9. Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական գոյության դեմ առհասարակ:

10. Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ ունենալու:

11. Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու, շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար:

12. Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ:

13. Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։

Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով:

Ստորագրողներ`

Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար

Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ

Հայաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով նվազելուց հետո նույնքան կբարձրանա

Հայաստանի տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում, 19-22-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին՝ նույնքան կբարձրանա։

Ըստ աղբյուրի՝ Երևանում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։

Պաշտոնական. գրեթե հինգ ամսում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 7825 արցախցի

5 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցված 7825 քաղաքացի լքել է Հայաստանը և չի վերադարձել։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի՝ գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությանը տրամադրված տվյալները։
Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է Արցախում հաշվառում ունեցող 13619 քաղաքացի, որից վերադարձել է միայն 5794-ը։
Հայաստանում գրանցված է 101848 ներքին տեղահանված անձ Լեռնային Ղարաբաղից, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72626 տեղահանված, մնացածը՝ Երևանում։