Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները

«Մեկ տարի առաջ դուք այստեղ խոսում էիք Արցախում հայերի իրավունքների պաշտպանության մասին, մեկ տարի հետո մենք այն իրավիճակում ենք, որ քննարկում ենք Տավուշից գյուղեր հանձնելու հարցը։ Ձեր զեկույցից չի զգացվում, որ դուք ցեղասպանությունից մեկ դար անց նորից ցեղասպանված ժողովրդի պետական կազմավորման արտաքին գործերի նախարարն եք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում։ Հայաստանի Հանրապետության որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն, ոչ միայն Տավուշի մարզի, այլեւս ՀՀ տարածքի որեւէ այլ մարզի այլ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որեւէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որեւէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։ Հետեւաբար, մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»։

Քրիստինե Վարդանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսը լսե՞լ եք, դուք որոշել եք թիմով, թե որն է հայկական գյուղ, որը հայկական գյուղ չէ՞։ Փաստ կա, այն 4 գյուղը, որոնք Ադրբեջանը պահանջում է եւ որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պիտի գնանք այդ ճանապարհով, պիտի գնամ հանրությանը համոզեմ, հայկական վերահսկողության տա՞կ են, թե՞ ոչ, Հայաստանի զինվորների թիկունքում են, թե՞ Հայաստանի զինվորների առջեւում։ Դուք կարող եք ասել՝ սովետական ժամանակ դրանք հայկական չեն եղել, փաստորեն դուք սահմանագծում-սահմանազատումն արել եք առանց փաստաթղթի ու արդեն պայմանավորվե՞լ եք»։

Միրզոյանը նշեց․ «Ես առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ եւ Ադրբեջանի գյուղ։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել՝ ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք անգամ չունի բանակցել Հայաստանի Հանրապետության որեւէ գյուղ որեւէ մեկին տալու ուղղությամբ։ Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ Խորհրդային միության փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա։ Ինչ-որ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի Հայաստանին, ինչ որ կլինի այդ սահմանից աջ, կպատկանի Ադրբեջանին։ Այստեղ որեւէ գաղտնիք ու դավադրություն չկա»։

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ճանաչում նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սահմանները։ Նա ասաց, որ ադրբեջանական կողմն ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ Ալիեւն այդ սահմանները ճանաչելու մասին գրավոր հայտարարության տակ ստորագրել է եւ Պրահայում, եւ Սոչիում, եւ Բրյուսելում։

«Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք մենք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ փոխըմբռնումն այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ։ Ես գոնե այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալու»,- նշեց նա։

Միրզոյանը կրկնեց, որ պետք է հիմք ընդունվեն Խորհրդային միության փլուզման պահին եղած սահմանագիծը, պատգամավորների հարցին՝ ո՞նց են որոշելու այդ սահմանագիծը, նա պատասխանեց․ «Այդ գիծը հնարավոր է գտնել Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից կազմված իրավական անհրաժեշտ հիմք ունեցող, իրավական անհրաժեշտ գործընթացներով կազմված իրավական ակտերում եւ դրանցից բխող քարտեզներում։ Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնություն այս պահին չկա։ Գիտեք, որ մենք բազմիցս առաջարկել ենք եւ կարծում ենք, որ այդ գիծը լավագույնս արտացոլված է 1974-1978 թվականների ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները շարունակվում են»։

Միրզոյանը խոսել է արցախցիներին ինտեգրելու մասին, “եթե նրանք այլ որոշում չունեն”

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանին, թե Հսայաստանի կառավարությունն ի՞նչ աշխատանք է տանում՝ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելու հարցով։

«Արցախի հայերի վերադարձի իրավունք պաշտոնապես հետապնդվո՞ւմ է արտաքին գործերի նախարարության կողմից, թե՞ ոչ, ո՞նց է դա բարձրաձայնվում»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք բախվել ենք մի իրավիճակի, երբ բռնի գործողությունների, ուժի գործադրման արդյունքում մեր ազգակիցները ստիպված են եղել թողնել իրենց տները եւ իրենց ընտանիքի անդամների կյանքի փրկության համար ապաստան են գտել Հայաստանում։ Նրանք բռնի տեղահանվածներ ու փախստականներ են, որոնց մենք պարտավոր ենք ոչ միայն առաջին օգնությունը ցույց տալ, այլ նաեւ հիմա արդեն խոսում ենք հնարավոր ամենալավ, ամենահարմար, ամենալայն ինտեգրման մասին Հայաստանի Հանրապետությունում, եթե չլինի իրենց կողմից այլ որոշում։ Մենք մեզ այդքան էլ իրավունք չենք վերապահում այս պահին հատկապես հրապարակային ուղղորդող հայտարարություններ անել»։

Միրզոյանը ճանաչեց այլոց ուժի իրավունքը եւ հրաժարվեց Հայաստանի ինքնապաշտպանության իրավունքից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։

«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետև սա այն առաջին և հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

Հիշեցնենք՝ ԱլմարԱթայի հռչակագիրը միակ փաստաթուղթն է, որը Փաշինյանը կարողացել է պեղել, ապացուցելու համար Արցախի եւ Նախիջեւանի “պատկանելիությունը” ադրբեջանին։

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխընբռման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները՝ որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ, ասաց Միրզոյանը:

Փաշինյանը իր վեզիր Միրզոյանի հետ պնդում է 1991 թ․ սահմանները, հայտարարելով, որ դրանով “զրոյանում” է իրավիճակը։ Սակայն ամբողջ “հմայքը” կայանում է նրանում, որ Հայաստանը, փաստորեն, զրոյացնում է 1991-ից հայկական կողմի՝ ինքնապաշտպանոթյան իրավունքով ձերք բերածը եւ ճանաչում Բաքվի ուժի իրավունքը եւ վերջին պատերազմի արդյունքները։

Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ եղած աշխարհակարգն արեն չկա, փլուզվել է: Այդ աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Մենք ապրում ենք մի շրջան, երբ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Հանուն արդարության պետք է նկատել, որ այդ մոտեցումը այսօր որոշ դեպքերում լավ էլ արդարացված է:

Այս պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը չկա, հարեւանությամբ կան կողմեր, որոնք առաջնորդնվում են «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, դու պարտավոր ես  կառավարել այդ իրավիճակն այնպես, որ այդ մարտահրավերները քեզ չոչնչացնեն: Օրինակ,  կարգավորել հարաբերությունները կոնֆլիկտի կողմերի հետ, գտնել նոր գործընկերներ, կողմեր, որոնց հետ համագործակցությունը գոնե մի փոքր  կբարձրացնի պաշտպանվածության աստիճանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Այսինքն՝ ճանաչելով թշնամու ուժի իրավունքը, Հայաստանը չի պատրաստվում ինքնապաշտպանվել, հրաժարվելով իր ինքնապաշտպանության իրավունքից եւ “կարգավորելով հարաբերությունները” ագրեսորի հետ։

Իլհամ Ալիևն իր հերթին ՄԱԿ-ի ներկայացուցչին այսօր ասել է, որ “Ադրբեջանը վերջ դրեց հայկական օկուպացիային՝ օգտագործելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և դրա արդյունքում այսօր տարածաշրջանն ավելի քան երբևէ մոտ է խաղաղությանը»։

 

Մարսելում այսօր կբացվի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին (Թեհլերյանին)։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։

orer.eu-ն հայտնում է, որ այսօր ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։ Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։

Հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2-ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում և մահացել է 1960թ մայիսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։

Ծրագիր, որով արցախցիները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ:

Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է:

Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման:

«Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների  համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։ Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ։

«Կրկին փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները և մեծ հույս ունենք, որ մինչև եվրոպական ընտրություններն՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում։  Ընդ որում, աշխատում ենք երկու ուղղություններով՝ և վիզաների ազատականացման ուղղությամբ, և արդեն գործող պայմանագրի վերականգման ուղղությամբ, որովհետև կորոնավիրուսային համավարակից հետո այդ պայմանագիրը չվերականգնվեց թե՛ հերթերի, թե՛ գնային առումով։ Վստահեցնում եմ ձեզ, որ ԱԳՆ-ն երբևիցե այս հարցով այդքան ջանքեր չի ներդրել, ինչքան անցած տարի և այս տարվա սկզբին։ Լիահույս եմ, որ մոտ ամիսների ընթացքում կունենանք առաջընթաց»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայաստանը կորցրեց նույնիսկ այն, ինչ պատերազմում պարտությունից հետո չէր էլ վիճարկվում

Step1.am-ի զրուցակիցն է հասարակական գործիչ, «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը։

-Դուք արդարացիորեն նկատել եք, որ պատերազմից հետո ավելի քան երեք տարի է՝ «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտեր մոլորեցնում են հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող է հարատեւ խաղաղության հանգեցնել, թե այսօր, վաղը, մինչեւ տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Իսկ ովքեր մատնացույց են անում այդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռեւանշիստներ» կամ այլ պիտակներով։ Կուզեմ մի փոքր մանրամասնեք՝ այս քաղաքականության նպատակը ո՞րն է եղել, ինչի՞ է հանգեցրել սա։

-Պատերազմում պարտությունից հետո օդում հարց կախվեց, թե ինչպե՞ս ենք մենք շարունակելու ապրել այդ բեռով։ Կատարյալ անորոշություն էր յուրաքանչյուրի մտքում։ Ցանկացած առաջարկ մերժվում էր և հայհոյանքի արժանանում։ Կառավարող ուժն էլ որևէ առաջարկ չուներ։ Ներքաղաքական այդ փակուղին ճեղքվեց կրկին արտաքին միջամտությամբ։ Համաշխարհային հանրությունը փորձ արեց վերականգնել Արցախի հարցում իր միջնորդական ջանքերը։ Ալիևը, ունենալով ՌԴ աջակցությունը, դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում։ Մերժումը նա հիմնավորեց՝ այդ ջանքերը ներկայացնելով որպես Հայաստանի հետ «խաղաղության օրակարգին» խանգարող գործոն։ Այդ կեղծիքը նրան չէր հաջողվի, եթե Հայաստանը չմիանար օրակարգին և արդարություն պահանջեր՝ գործող միջազգային իրավանորմերին համապատասխան։ Սակայն Հայաստանի կառավարող ուժի համար դա իշխանությունը պահելու համար փրկողակի դեր կատարեց։ Վերջապես «հիմնավորվեց», թե ինչ իմաստ ունի կառավարման ղեկին նրանց մնալու շարունակականությունը։ Եվ Հայաստանը մտավ այդ կեղծ օրակարգի տակ՝ դրանով աստիճանաբար արդարացնելով Ադրբեջանի հանցագործությունները։

Իր հերթին Ադրբեջանը, իհարկե, խաղաղություն չէր ուզում և պարբերաբար բարձրացնում էր դրա գինը։ Հաջորդ պահին, երբ Հայաստանը համաձայն էր հերթական, չափազանց բարձր գնին, Ադրբեջանը այն կրկին անհնարինության չափ բարձրացնում էր։ Այդպես է մինչ այժմ։ Փաստացի, Հայաստանը, մտնելով Ադրբեջանի կեղծ օրակարգի մեջ, աստիճանաբար կորցրեց նույնիսկ այն, ինչ պատերազմում պարտությունից հետո նույնիսկ չէր էլ վիճարկվում։ Եվ այդ շրջապտույտից դուրս գալու շանսերը այս կառավարության ամեն օրվա հետ նվազում են։

Այսպիսի քաղաքականությունը հնարավոր չէր լինի, եթե չհայտնվեին «քաղաքական» ու «վերլուծական» ծաղրածուներ, որոնց գործունեության հիմնական դաշտը դարձավ որոշակի օգուտի դիմաց հանրության համար այս օրակարգի համար ֆոն ապահովելը։ Հանրության ուշադրությունը բթացնելու նպատակով նրանք պնդում էին, որ բողոքել պետք չի, շուտով աստծո կամոք մի դուռ կբացվի, և մենք դրանով կմտնենք խաղաղության երկարատև դարաշրջան։ Որոշների պնդմամբ՝ այդ դուռը բացվելու էր Հյուսիսից, մյուսների պնդմամբ՝ Արևմուտքից։ Մի երրորդ շերտ էլ պնդում էր, որ այդ երկու բևեռներից օգուտ չի սպասվում, և մենք պետք է հաշտվենք հաղթանակած արշավով մեր վրա հարձակվող թշնամու հետ՝ տալով այն, ինչ նրանք մեզնից ուզում են։ Այս թեզի ջատագով դարձավ նաև կառավարությունը։

Այժմ, այդպիսի «քաղաքական գործիչների» ու «փորձագետների» օգնությամբ փորձ է արվում բավարարել Հայաստանի հետ կապված Ադրբեջանի ու Թուրքիայի ամենահամարձակ երազանքները։ Դա հնարավոր չէ առանց Հայաստանի պաշտպանունակության և, որպես հետևանք, պետականության կորստի։ Այնուամենայնիվ, այսպիսի քաղաքականությունը հրապարակ բերեց մի շարք բախտախնդիրների, որոնք հավակնում են որոշում կայացնողներ դառնալ կամ, փորձագետներ ներկայանալով, ամենօրյա ռեժիմով փորձում են գրոհել ՀՀ կուսական ուղեղ ունեցող քաղաքացիների վերջին պաշտպանական շերտերը։ Ու պետք է ասել, որ որոշակի հաջողություններ նույնիսկ գրանցում են։ Որպես այսպիսի քաղաքականության տեսնաելի հետևանք՝ կարելի է արձանագրել փաստը, որ հանրությունը պարալիզացված է՝ անպատրաստ ամենահավանական վտանգները տեսնելու, գիտակցելու և դրանց դիմագրավմանը։

-Հիմա արդեն իշխանության մակարդակով չեն թաքցնում, որ «խաղաղության դարաշրջան» չի լինելու, հանրությանը պատրաստում են նոր պատերազմի՞։ Եվ նորից առաջ է գալիս հարցը՝ այս իրավիճակում մարդկանց անելիքը ո՞րը պետք է լինի։

-Իհարկե՝ «խաղաղության դարաշրջան» չէր լինելու։ Պատերազմից հետո տարիներ շարունակ դրա համար բազմաթիվ փաստարկներ ենք բերել, ներկայացրել իրական վիճակը և կառավարության վարած քաղաքականության կործանարար բնույթը։ Աշխարհում, որը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, հնարավոր չէր մեր մշտապես կոնֆրոնտացիոն տարածաշրջանում խաղաղության կղզյակ սարքել։ Շատերն ասում են, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, բայց իմ գնահատականն այն է, որ ներկայումս տեղի ունեցողն ընդամենը դրան նախորդող «մարզումներն են»։

Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդիկ պետք է պատրաստվեն ավելի դաժան պայմանների։ Աշխարհը, խաղաղության կարճատև տասնամյակներից հետո, նորից թևակոխել է պատերազմների ու անորոշությունների փուլը։ Հայաստանը համաշխարհային զարգացումներից զերծ մնալու գործնական ոչ մի շանս չունի։ Ինչպես ակնհայտ էր նախորդ հարցի պատասխանից, Հայաստանի դեպքում նույնիսկ ներքաղաքական գործընթացներն են երկրից դուրս ձևավորվում։

Սակայն կա մի պարզ աքսիոմ՝ կառավարությունը, որը ոչ մի իրական բարեփոխում ունակ չեղավ մինչև վերջ հասցնել, որն անկարող եղավ կանխատեսել մեկ շաբաթ անց տեղի ունենալիք պատերազմը, որն ամենապաշտպանված դիրքերից ունակ չեղավ կառավարել  պատերազմը և խայտառակ պարտություն կրեց, որի վարչապետը պատերազմից երկու օր առաջ ներկայացնում էր 2050 թվականի Հայաստանի մասին մուլտիպլիկացիոն տեսարանները, չի կարող այս տուրբուլենտ ժամանակաշրջանում մեզ ուղղորդել։ Հայաստանը, ղեկին ունենալով աշխարհի մասին պրիմիտիվագույն պատկերացումներ ունեցող այս պատուհասներին, այս փուլում կկորցնի այն ամենը, ինչ հնարավոր կլինի կորցնել։ Կառավարությունը պետք է փոխվի։ Դա իմ միանշանակ գնահատականն է, այլապես նույնիսկ դժվար է պատկերացնել, թե աշխարհակարգի փոփոխության այս փուլից ինչ կլինի Հայաստանի տեղը։

Իրավաբանները մտահոգված են դատական հայցերը հետ կանչելու Փաշինյանի մտադրությամբ

ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է հետ կանչել ադրբեջանի դեմ հայցերը միջազգային դատարաններից, եթե այդ երկիրը համաձայնի խաղաղ պայմանագիր ստորագրել, լուրջ անհանգստություն է առաջացրել ոչ միայն Արցախի բռնի տեղահանվածների, այլև իրավաբանների և իրավապաշտպանների շրջանում։

Վերջինիս խոսքով՝ միջազգային դատարաններին ներկայացված բոլոր հայցերն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքականությամբ.

Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական զուտ քաղաքական քայլն է՝ հիմնված վախերի և ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակին «ծառայեցնելու» ցանկության վրա, որը բնորոշ է Հայաստանի իշխանությունների վերջին երեք տարիների քաղաքականությանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանի կարծիքով՝ անհնար է «իրավական պատերազմ» վարել՝ անտեսելով 2020, 2021, 2022, 2023 թվականների ադրբեջանական ագրեսիայից տուժած անձանց իրավունքները։

Կարիք չկա ասելու, որ միջազգային ատյաններում ներկայացված բոլոր հայցերը (4 հայց ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 1 հայց՝ Միջազգային քրեական դատարան) պարունակում են Ադրբեջանի կողմից Արցախի եւ Հայաստանի քաղաքացիական և զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգված հանցագործությունների հստակ ապացույցներ։

Միանգամայն հասկանալի է Ադրբեջանի ցանկությունը՝ ստիպել Հայաստանին հետ վերցնել այդ հայցերը, քանի որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը գիտակցում է իր պատասխանատվությունը նման ծանր հանցագործությունների համար և դրան հաջորդող պատիժը։

Ինչո՞ւ է Հայաստանը թույլ տալիս այդ պահանջները հետ կանչելու հնարավորությունը։ Ի վերջո, այդ պնդումները նպատակ չունեն միջամտելու այլ պետության ներքին գործերին կամ թշնամի երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չեն ներկայացվում։ Բոլոր հայցերն ուղղված են ցեղասպանության, ռասայական խտրականության, խոշտանգումների, գլխատման, մահապատժի և դիակների խեղման ենթարկված մարդկանց իրավունքների պաշտպանությանը:

Առանձին թեմա է՝ անհայտ կորած քաղաքացիական անձինք և ապօրինաբար ձերբակալված Արցախի ղեկավարության ներկայացուցիչները։

Ադրբեջանը միջազգային դատարաններին տեղեկատվություն չի ներկայացնում իր տարածքում անհայտ կորածների առկայության, ինչպես նաև կալանավորների պահման պայմանների մասին։ Էլ չենք խոսում այն ​​մասին, որ ադրբեջանն ընդհանրապես անտեսում է եվրոպական և միջազգային դերակատարների, միջազգային դատարանների որոշումները։ Եվ հայերի իրավունքների պաշտպանության գործում այս արհեստական ​​կազմավորման ահաբեկչական, ֆաշիստական, բռնապետական ​​բնույթի լրացուցիչ ապացույց օգտագործելու փոխարեն Հայաստանի իշխանությունները, որքան էլ անհեթեթ լինի, թույլ են տալիս հետ կանչել միջազգային ատյանների հայցերը։

Փաստորեն, վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունը չի հասկացել, որ սեփական պետության ու ժողովրդի իրավունքները զիջելով ոչ միայն չի կանխում նոր պատերազմը, այլ ամեն անգամ ավելի է մոտեցնում, քանի որ Ադրբեջանին քարտ բլանշ է տալիս նոր հանցագործությունների համար։ Այո, անպատժելիությունն ու հայկական կողմից զիջումները քարտ բլանշ են Ադրբեջանի համար։

Միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու Հայաստանի վարչապետի ներկայիս մտադրությունը նշանակում է, որ Արցախի և Հայաստանի հայ բնակչությունը ընդմիշտ կզրկվի իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար միջազգային իշխանություններին և հատկապես դատարաններին դիմելու իրավունքից։

Հայաստանն արդեն խրվել է «մեղքի» մեջ, չկատարելով իր միջազգային պարտավորությունները՝ լուծել ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված Արցախի բնակիչների խնդիրները։ Այժմ Հայաստանի իշխանություններն իրենց վրա են վերցնում հայերին իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու “իրավունքը”։

Ինչ խոսք, համարձակ քայլ է։ Բայց, ըստ երևույթին, հենց իշխանությունների անպատժելիությունն է նրանց «ներշնչում» նոր, ավելի ու ավելի կանխամտածված ստորության սեփական ժողովրդի նկատմամբ։

Հիմա ամեն ինչ կախվաշծ է հասարակությանից, որը դեռևս չի կարողանում դուրս գալ պարբերական տարածքային և մարդկային կորուստների երեք տարվա ծանր սթրեսին։

Հասարակական, իրավապաշտպան և իրավական կազմակերպություններն արդեն պետք է մամուլն ու համացանցը հեղեղած լինեին խնդրագրերով, հայտարարություններով, բողոքի ակցիաներով։ Բայց, ըստ երեւույթին, մարդիկ լիովին չեն հասկանում Հայաստանի վարչապետի նոր «մտադրության» վտանգը։

Հանկարծ չուշանան, ինչպես Արցախի դեպքում…

Մարգարիտա Քարամյան

Արցախի հեղինակային երգի ակումբը պատրաստվում է բարեգործական համերգի Հայաստանում

“Արցախի հեղինակային երգի ակումբի” հիմնադիր և ղեկավար Ջուլիետ Առուստամյանը step1.am-ի հետ զրույցում պատմեց.

“2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի և Շուշիի օկուպացիայից հետո մենք չկարողացանք հանել մեր կիթառները։ Հայ լավագույն բարդերից մեկը՝ Արեգ Նազարյանը օգնեց ձեռք բերել նոր կիթառներ, եւ Արցախի հեղինակային երգի ակումբը վերսկսեց իր գործունեությունը Ստեփանակերտում։

2023 թվականին մենք կրկին չկարողացանք փրկել մեր գործիքները։ Եվ այս անգամ եւս մեզ օգնեց Արեգ Նազարյանը՝ մեզ մոտիվացիա հաղորդելով, նոր գործիքներ ձեռք բերելու համար համերգի գաղափար տալով։ Նա օգնեց մեզ պատրաստվել, ծանոթացրեց Գագիկ Ղազարյանի հետ, ով մեզ տրամադրեց փորձերի համար տեղ ԲԱՑ հարթակում։ Մեկ ամսից ավելի է, ինչ փորձեր ենք անում։ Հուսով ենք՝ այս գարնանը կհասցնենք համերգը պատրաստել»։

Ալվարդ Գրիգորյան

Բա եթե ձեր հողերն են, ինչո՞ւ եք անհանգստանում․ դուք էլ գիտեք, որ ձերը չեն

«Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը (Արարատ լեռը,- խմբ․)։ Դա պետք է վերացվի»,-  Բաքվում՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով անցկացված 11-րդ գլոբալ համաժողովում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Հայաստանի Սահմանադրությունն ու գերբը Թուրքիային անհանգստացնում են միայն մի պատճառով․ Պոլսում, ի տարբերություն Երեւանի, շատ լավ գիտեն, որ այն հողերը, որոնք ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, Թուրքիայի հետ երբեք կապ չեն ունեցել՝ Արցախը, Նախիջեւանը, Արեւելյան Հայաստանի այն մասը, որը թուրքերին նվիրել են Լենինն ու Ստալինը։ Յըլդըրըմը գիտի, որ եթե Երեւանում ազգային կառավարություն լինի, եւ գեթ մի բառ հնչի հայկական օրինական իրավունքների մասին, Թուրքիայի եւ իր ապօրինի զավակ ադրբեջանի “ամբողջականությունը” կփլվի։ Եւ քանի պաշտոնական Երեւանը ազգային իրավունքներից հրաժարման ուղու վրա է, Յըլդըրըմը “թուրքերի դար” է ազդարարում։

Վաղը՝ մարտի 16-ը Թուրքիայի համար կենսական 1921 թ․ Մոսկովյան պայմանագրի ստորագրման օրն է։    

Ծար գյուղում ավերվել է 13-րդ դարի խաչքար

Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղում ադրբեջանցիները հավանաբար ոչնչացրել են 13-րդ դարի հայկական խաչքարը, հայտնում է Հայաստանի կրթության նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնը։

Ինչպես հայտնում է կենտրոնը, վկայակոչելով համացանցում հրապարակված լուսանկարները, ադրբեջանցիները գյուղում ավերել են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Գյուղից անհետացել է նաև 1224 թվականի խաչքարը։

Ալիեւը “մատնո՞ւմ” է Փաշինյանին, թե՞․․․

«2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար։ Մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն», – հայտարարում էր Ալիևը։

«Մենք նման սպասելիքներ ունեինք, և եթե այդ ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը գերադասեր գործել այնպես, ինչպես այժմ է գործում, ապա մեր ինքնիշխանությունն ուժով վերականգնելու կարիք չէր լինի», – ասաց Իլհամ Ալիևը՝ շարունակելով, թե համաձայնության հասնելու հնարավորությունները, սակայն, վերացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019-ի օգոստոսին հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի կարգախոսից հետո։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը բանակցությունների այս փուլում նման հայտարարություններ անելով, երբ, կարծես թե, ամեն ինչ գնում է դեպի Հայաստանի զիջումներ և Բաքվի առաջարկած համաձայնագրի ստորագրումը: Եվրամիությունը և ԱՄՆ-ը Փաշինյանի դրդմամբ եռանդուն պաշտպանում են Ալմա-Աթայի հռչակագիրը և ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները, ինքը Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է առաջին փուլում հանձնել 4 գյուղ, Արցախի հարցը ընդհանրապես չի բարձրացվում։
Բայց նույնիսկ այս իրավիճակում չկա զիջումների եւ Արցախի “ադրբեջանական” պատկանելիության որեւէ իրավական հիմք։ Ալմա-Աթայից նույնիսկ հավերն են ծիծաղում, իսկ որ պակաս անլուրջ Փաշինյանի բանավոր հայտարարությունը այլեւս չի հիշատակվում։
Այս համատեքստում Ալիևի հայտարարությունն ուղղված է Հայաստանում դժգոհություն հրահրելուն, որը պետք է «ճնշվի» մոսկովյան ուժերի կողմից, ինչի արդյունքում Փաշինյանը կամրապնդի իր թուլացած մանդատը։ Սա երկկողմանի շահեկան քայլ է, քանի որ եթե այս հայտարարություններից հետո Հայաստանում դժգոհություններ չառաջանան, Փաշինյանը հնարավորություն կստանա կատարել այն բոլոր քայլերը, որոնք համաձայնեցվել են 2018 թվականին, ինչպես նշել է Ալիևը։