Արցախցի ուսուցիչը նախընտրում է ոչ մասնագիտությամբ աշխատանք անել
Լիանա Կարապետյանը ուսուցչուհի է: Գրեթե 30 տարի նա ռուսերեն է դասավանդել Արցախի Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։
Լիանա Կարապետյանը՝ Արցախի իր աշակերտների հետ
Ընտանիքի հետ Արցախից տեղահանվել է սեպտեմբերի 26-ին։ Մեծ դժվարություններով են հասել Հայաստան։ Ողջ ճանապարհին, որը տևել է 40 ժամ, մտածել է, թե ինչ են անելու, ոնց են ապրելու հետո․․․
Երևան հասնելուն պես՝ 350 հազար դրամով երեք սենյականոց բնակարան են վարձակալել, ապրում են 8 հոգով։
Լիանան պատմում է, որ սկզբում իր մասնագիտությամբ է աշխատանք փնտրել։ Սակայն ուսուցչի գործ միայն գյուղերում կար։ Իսկ պետական հիմնարկներում աշխատանքի անցնելու համար ՀՀ քաղաքացիություն էր պետք ունենալ։ Ստիպված ուժերը փորձել է իր համար բոլորովին նոր բնագավառում և աշխատանքի անցել Երևանի սուպերմարկետներից մեկում։
Լիանա Կարապետյան-սուպերմարկետ
«50 տարեկանում վաճառողուհի դառնալն այնքան էլ իմ սրտով չէ, բայց ժամանակն իր պայմաններն է թելադրում, պետք է սթափ նայել կյանքին։ Արդեն 3-րդ ամիսն է, ինչ աշխատում եմ։ Կարողանում եմ լեզու գտնել գործընկերներիս ու հաճախորդների հետ։ Կարծում եմ՝ այս հարցում մանկավարժ լինելն օգնում է ինձ»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ Հայաստանում ապրում է Արցախից բռնի տեղահանված 1500 ուսուցիչ։ Նրանց համար մշակվել և իրագործվում է աջակցության ծրագիր․ մարզեր գործուղվող արցախցի ուսուցիչները 30 տոկոս հավելավճար են ստանում իրենց աշխատավարձին, իսկ սահմանամերձ որոշ բնակավայրերում աշխատելու դեպքում՝ ևս 50 հազար դրամ լրացուցիչ գումար։
2024 թ-ի մարտի 13-ի տվյալներով՝ կառավարության աջակցության ծրագրով 324 ուսուցիչ է գործուղվել Հայաստանի մարզեր։ Արցախցի ուսուցիչները նախընտրում են հիմնականում Երևանին մոտ մարզերում աշխատել՝ Արարատ, Արմավիր, Կոտայք։ Լիանա Կարապետյանն այս ծրագրին չի դիմել։
«Չենք կարող Երևանից տեղափոխվել, որովհետև աղջիկս ԵՊՀ-ի ուսանող է, իմ ընտանիքում կան նաև հաշմանդամներ, որոնք պարբերաբար բուժզննության կարիք ունեն։»
Անցած 6 ամսվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների մոտ 22 տոկոսն է աշխատանք գտել մարզերում։ է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում են, որ իրական թիվը հնարավոր է մի փոքր ավելին լինի, քանի որ Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախցիները տեղում աշխատանքի են անցել՝ առանց կառավարության ծրագրին դիմելու։
2024թ-ի մարտի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակում դեռ 600-ից ավելի աշխատատեղ կա՝ թե՛ հեռավոր, թե՛ Երեւանի մոտ մարզերում։ Ամենաշատ թափուր հաստիքները Լոռիում են, նաև Երևանին մոտ՝ Արմավիրում ու Արագածոտնում։
Իր տան մոտ գտնվող սուպերմարկետոմ Լիանան 180 հազար աշխատավարձ է ստանում։ Սա համարյա նույն գումարն է, ինչ ուսուցիչների գործուղման հարթակում նշված միջին աշխատավարձը՝ անգամ 30 տոկոս լրավճարով։
Մարզերում ուսուցչություն անելու պետության առաջարկը մրցունակ չէ աշխատանքի շուկայում։
Կարինե Բախշիյան