Երբեք չփորձել մասնատել Հայաստանը․ այսօր Չարենցի 127-ամյակն է

Եղիշե Չարենցի կյանքը հագեցած էր իրադարձություններով, թռիչքներով ու վայրէջքներով։ Իր ապրած կյանքի, իր ստեղծած արժեքավոր գրական ժառանգության համար բանաստեղծը հետմահու էլ արժանանում է խոնարհման և ծափերի։

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 127-ամյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել  Հայաստանի գրողների միությունը, Չարենցի տուն-թանգարանն ու Չարենցի անվան դպրոցը։

Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ Չարենցի հուշակոթողը հանրության համար բաց այլընտրանքային թանգարան է, որը կարող է մտորելու տեղիք տալ։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը նշեց, որ բանաստեղծի թոռնուհին լինելը մեծ հպարտություն է, միաժամանակ՝ պատասխանատվություն։ Չարենցը իր իմացած ամենալուսավոր մարդկանցից է՝ թե՛ էությամբ, թե՛ պոեզիայով։

Գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը շնորհավորեց Եղիշե Չարենցի ծնունդը և նշեց, որ բանաստեղծին պետք է միշտ անդրադառնալ, քանի որ գործ ունենք մի բացառիկ հանճարի, համաշխարհային նշանակության մեծ գրողի հետ։ Դեպի Չարենց են գալիս բոլոր ստեղծագործական ճամփաները։

Հայաստանի գրողների միության քարտուղար Նորեկ Գասպարյանն էլ հորդորեց հիշել Չարենցի պատգամները և երբեք չփորձել մասնատել Հայաստանը։

Տաթեւ Ազիզյան

“Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոց”

Մեկնարկել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից հայտարարված “Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոց” ծրագիրը:

Դպրոցը նախատեսված է 18-25 տարեկան ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևանում փաստացի բնակություն հաստատած արցախցիների համար: Դպրոցի գլխավոր նպատակը ՀՀ աշխատաշուկայում մրցունակության բարձրացումն է և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը:

Հավելենք, որ մասնակցությունը անվճար է: Մանրամասնությունների, ինչպես նաև դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչև մարտի 20-ը:

«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից  «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Նկարը՝ «Armenian progressive youth» ֆեյսբուքյան էջից:

Զախարովան չի վիճարկել «Զվարթնոցի» վերաբերյալ Հայաստանի որոշման օրինականությունը

Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։

««Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշումը կկայացվի միջգերատեսչական մանրամասն աշխատանքի արդյունքում: Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասաց Զախարովան։

Զախարովան չի վիճարկել «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային գործառույթներն ինքնուրույն իրականացնելու Հայաստանի որոշման օրինականությունը. նա փորձեց հարցը տանել «քաղաքական բարոյականության» դաշտ՝ Երևանի քայլը գնահատելով որպես ոչ բարեկամական, բայց դա միայն ընդգծեց այս քայլի անվիճելի օրինականությունը։

Կասկածից վեր է, որ օդանավակայանի հարցը նախապես համաձայնեցված է եղել Մոսկվայի և Երևանի միջև։ Բայց Երևանի օրինական որոշումը, որին Մոսկվան ոչինչ չի կարող պատասխանել, պետք է նախադեպ դառնա ռուսական զորքերի դուրսբերման համար Սյունիքից և Արցախից, որտեղ նրանք գտնվում են նույնքան անօրինական, որքան «Զվարթնոց» օդանավակայանում։

Չկրակելու հրաման չկա, բայց կա՞ կրակելու հրաման

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ Տավուշի 4 գյուղերից հայկական զորքերն առաջիկայում պետք է դուրս բերվեն։ Պապիկյանը հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն ասաց․ «Զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց խնդիրը»։

Հարցերին, թե 4 գյուղերը հանձնվելու են, Տավուշում ի՞նչ է տեղի ունենալու, Ադրբեջանը հայկական 31 գյուղերը վերադարձնելո՞ւ է, հայկական զորքերը հե՞տ են քաշվելու Տավուշի չորս գյուղերից, Պապիկյանը միայն պատասխանեց․ «Երեկ վարչապետը  բոլորի հարցերի պատասխանը տվեց»։

Հարցին, թե շփման գծում զինծառայողն ի՞նչ իրավիճակում կարող են կրակել, նա պատասխանեց․ «Ըստ իրեն տրված հրամանի»։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ չկրակելու հրամա՞ն կա, նա արձագանքեց․ «Ո՛չ, չկրակելու հրաման չկա»։

«Փաշինյանը երեւի միակ հայն է, որը բոլշեւիկների գծած սահմանը պատրաստ է մարմնով պաշտպանել»․ Խաչատրյան

Եթե Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, ինչի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի թիրախում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Անկասկած, դա ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն է։ Եթե նայենք ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք, եղել են նոր ձեւավորված սահմանից։ Ինչքան էլ սրանք խոսեն, ասեն՝ սահմանը շատ լավ կահավորում ենք, հին կահավորված սահմաններից որեւէ մխրճում չի եղել։ Հիմա, եթե Հայաստանը հանձնվի, Ադրբեջանին առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու։ Եվ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու, ցանկացած բան կարող են պահանջել, եթե Հայաստանի իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը։ Սկզբում այս 4-ը կուզեն, հետո ուրիշ ինչ-որ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, ո՞վ ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին։ Նույն պատճառաբանությունը կբերեն, ինչը բերեցին Ջերմուկի հատվածում՝ Հայաստանից մոտ 150 քառակուսի կմ տարածք օկուպացնելու ժամանակ։ Ալիեւն ասաց՝ եթե սա ձեր տարածքն է, կահավորանք կլիներ, եւ եթե սահմանը սահմանազատված չէ, ո՞վ ասաց, որ սա ձեր տարածքն է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հավելեց․ «Փաշինյանը երեւի միակ հայն է, որը բոլշեւիկների գծած սահմանը պատրաստ է մարմնով պաշտպանել»։ Ըստ նրա՝ Փաշինյանը շանտաժի լեզվով է խոսում հայ ժողովրդի հետ, ասում է՝ եթե հանկարծ մեր իրավունքների համար պայքարենք, կարող է Երեւանն էլ կորցնենք։ Փոխանակ քաղաքական խնդիր լուծի, ապահովի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, զբաղված է ժողովրդին շանտաժի ենթարկելով։

 

Եթե ֆիքսված չէ՝ ինչ քարտեզներով է արվելու սահմանազատումը, Փաշինյանն ինչո՞ւ է հայտարարում, որ այդ 4 գյուղերը Հայաստանում չեն

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն, հասկանան, թե որ քարտեզով են աշխատում։ Այսինքն՝ այն իրավական հիմքը պետք է լինի, որով այդ գիծը հստակ կգծվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերի մասին հարցին։

Լրագրողները նրան հարցրին, թե Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից ի՞նչ հասկացվեց՝ Տավուշի մարզի 4 գյուղերն առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանի՞ն, Սանոսյանը պատասխանեց․ «Բոլորդ լսել եք, կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք այն, ինչ շատ պարզ ասվեց՝ կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ եւ այն կողմ կպարզվի՝ որն է Հայաստանը, որն է Ադրբեջանը։ Եթե կան ենթակառուցվածքներ, որոնք հատվում են, լեռնային բարձր ռելիեֆ է այնտեղ, այդ ենթակառուցվածքները կվերակառուցվեն»։

Հարցին՝ եթե հանձնաժողովները դեռ չեն աշխատել, ֆիքսված չէ՝ ինչ քարտեզներով է արվելու սահմանազատումը, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է շտապում ու հայտարարում, որ այդ 4 գյուղերը Հայաստանում չեն, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երեւում»։

Նա միաժամանակ ասաց, որ տեղյակ չէ՝ ի՞նչ քարտեզների մասին է խոսքը։ Հարցին, թե Տավուշի մարզի 4 գյուղերի վերաբերյալ իրավական հիմքը ո՞րն է, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Պետք է երկու կողմի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել, իրավական քարտեզ, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա։ Այդ քարտեզով կլինի եւ կաբինետային, եւ դաշտային աշխատանք։ Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքներ սահմանագծին բավական մոտ են։ Որոշ տեղերում գուցե նաեւ պարզվի, որ հատում են սահմանի որոշ հատվածներ։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե ենթակառուցվածքները վերակառուցելու հարց առաջանա»։

Հարցին, թե խոսքը Վերին Ոսկեպարի մասին է, թե՞ այլ հատվածներ էլ կան, որտեղ ենթակառուցվածքների խնդիր կարող է առաջանալ, Սանոսյանը պատասխանեց․ «Այսօրվա գործող ճանապարհի որոշ հատվածների մասին է խոսքը։ Պետք է հանձնաժողովներն աշխատեն, քարտեզով հստակեցնեն, նախնական որոշակի հատվածներում կա այդպիսի խնդիր»։

Հարցին, թե խոսքը միայն ճանապարհների մասին է, թե՞ նաեւ Հայաստան մտնող գազատարի, նախարարը պատասխանեց․ «Ընդհանուր աշխատանք պետք է տարվի, որից կպարզվի՝ միայն ճանապարհին, միայն գազատարին, թե՞ նաեւ այլ ենթակառուցվածքի կվերաբերի»։

Հարցին, թե Հայաստանին չե՞ն պատկանում այդ 4 գյուղերը, նա պատասխանեց․ «Հայաստանի 29800 քառակուսի կմ-ի մասին չէ խոսքը»։ Հարցին, թե Հայաստանը Ադրբեջանից պահանջո՞ւմ է 31 գյուղերը, որոնք օկուպացվել են, ՏԿԵ նախարարը նման պատասխան տվեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովներն ինչ-որ հատվածից կսկսեն ու ամբողջ սահմանի երկայնքով կաշխատեն։ Դրանք 31 գյուղեր չեն, 31 գյուղերի ինչ-որ տարածքներ են»։

Դոմինոյի էֆեկտ։ որոշվում է գյուղերի հանձնման հերթականությունը

Ազատությունը գրում է․

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն:

«Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնեցին, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը:

Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։

«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։

Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»:

«Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։

Հարցին՝ Հայաստանը տալո՞ւ է Ադրբեջանին գյուղերը, Մելքոնյանն ասաց․ «Ո՛չ։ Նա ասաց՝ ինչը մեր տարածքի մեջ է՝ մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, ապա մերը չէ»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում դրանք, պատգամավորն ասաց․

«Քննարկում են, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, որ այդ 4 գյուղերը պետք է Հայաստանը տա մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ Մելքոնյանն ասաց․ «Ինքը շատ բան ա ասում։ Ամեն ասածը հո չե՞ն անում»։

Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ Հայաստանը տվեց, Մելքոնյանն ասաց․ «Ռուսներն են տվել։ Այդ սահմանին իրենց ռուսների հետ էին կանգնած։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքում ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց Ադրբեջանին, ոնց Լաչինի միջանցքը»։

Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել բանաձև, որում առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը

Ազատություն

Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։

Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։

Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։

Պատգամավորները կոչ են անում Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, սեկտորային ինտեգրման ոլորտներում։

Բանաձևի քվեարկությունը նախատեսված է աշխատանքային օրվա ավարտին։

Ներկայացվել են արցախցիների համար 2024-ին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը։

Կառավարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացնել 48 միլիարդ 670 միլիոն դրամի չափով օժանդակության ծրագրեր։

Աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի շուրջ 46%-ը կամ 22 միլիարդ 461 միլիոն դրամ կուղղվի կենսաթոշակների տրամադրմանը՝ այդ թվում աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 20 հազար 439 շահառուի և զինվորական կենսաթոշակով ապահովելով 1 217 անձի։

Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար նախատեսվում է հատկացնել 15 միլիարդ դրամ՝ աջակցելով 100 հազար բնակչի։

Փաշինյան. բնակապահովման ծրագիրն անհրաժեշտ կլինի ոչ միայն արցախցիներին, այլև տավուշցիներին

Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնելու մտադրության մասին, որոնք, պարզվում է, “ներառված չեն Հայաստանի տարածքում”։ Փաշինյանը դրա մասին հայտարարեց իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով՝ չմանրամասնելով, թե ինչ է լինելու Տավուշի գյուղերում բազմաթիվ սերունդներ ապրող «մեր եղբայրների ու քույրերի» հետ՝ իրենց տներով ու ունեցվածքով։

Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանն ասում, որ բնակապահովման ծրագիրը պետք է տարածվի է ոչ միայն արցախցիների վրա, այլեւ “ՀՀ քաղաքացիների”։ Տավուշում և այլ մարզերում դեռ քանի՞ այդպիսի գյուղ պետք է հանձնվի, եւ քանի՞ մարդ պետք է բնակարանով ապահովվեն։ Նրանց չես կարող ասել, որ իրենք ունեն 070 ծածկագրով “կեղծ” անձնագրեր և չես կարող նրանց մեղադրել, որ նրանք հատուկ թողել են իրենց տները՝ Երևանում իշխանությունը տապալելու համար։

Թեև տավուշցիներին էլ փոխհատուցում չի տրվելու՝ կառավարության դավաճանական քաղաքականության արդյունքում կորցրած ունեցվածքի դիմաց։ Փաշինյանն իրեն արդեն ապահովագրել է՝ սա Հայաստանի տարածքը չէ, ինչը կրկին նշանակում է, որ Ռաֆիկը մեղավոր չէ։ Հնարավոր է նույնիսկ դատեն այն պաշտոնյաներին, ովքեր «օտար հող» են գրանցել Հայաստանի կադաստրում։

Ով չի տեղավորվում Փաշինյանի քարտեզի վրա, պետք է լքի իր տները. Ի դեպ, այս քարտեզի վրա Սեւանի փոխարեն անցքը նույնպես հուշում է՝ Սեւանը նույնպես Հայաստանի տարածքի մաս չէ։ Հայաստանի տարածքը դարձավ անտեր «terra ingognita» (միգուցե «terra, տարածք» բառի հիմքում ընկած է հայերեն «տեր» բառը): Հայաստանի տարածքը մեկ որոշվում է ՀՀ կադաստրով, մեկ Ալմա-Աթայի հռչակագրով, մեկ ասում են՝ Հայաստանը սահմաններ ունի, և ՀԱՊԿ-ը պետք է ճանաչի դրանք, մեկ ասում են՝ սահմաններ չկան, և անհրաժեշտ է սահմանազատում։

Հատուկ մշակված այնպիսի հասարակությունների համար, ինչպիսին հայկականն է, քաղաքական տեխնոլոգիան ուղղված է «իշխանություն-պետություն-իրավունքներ-տարածքներ-պատասխանատվություն-տեր» տրամաբանական շղթայի ամբողջական ճեղքմանը։ Այս շղթայից թողնվում է միայն սկիզբն ու վերջը՝ «իշխանություն-տեր»։

Տավուշցիների բախտը չբերեց՝ առաջինը պետք է Սյունիքը լիներ, բայց Իրանի ու Ֆրանսիայի դիրքորոշման շնորհիվ առայժմ դիմանում է։ Իսկ տավուշցի փորձագետներն արդեն առաջարկում են Վրաստան-Հայաստան ճանապարհի և գազատարի հատվածները տեղափոխել և նոր երթուղի մշակել։ Այսինքն՝ կորուստն արդեն «մարսված է»։ Ապրի տերը։

Նաիրա Հայրումյան

Ձեռագործ հրաշքներ․ այս տարի այդքան շատ չի վաճառվում

Մասնագիտությամբ տեխնոլոգ-ինժեներ Լիլիթ Մելումյանն արդեն 20 տարի է գործում է հայկական գորգանախշ ասեղնագործ սփռոցներ:

Հունաստանից ուղարկված կտորներն առաջին աշխատանքների համար ծառայեցին որպես հումք: Որոշ ժամանակ անց նկատեց, որ առևտուրը լայն թափ է ստանում և ցուցադրեց Վերնիսաժում:

Բարդ, ժամանակատար աշխատանքի հանդեպ սերը ժառանգել է Էրզրումցի տատիկից: Ասում է` գեներով է փոխանցվել: «Դիզայնը ինքս եմ որոշում, երբեմն ուղարկում են սպասքի նկարները և համապատասխանեցնում եմ սփռոցի հետ: Ամենահիշարժան գործը  հայերեն այբուբենն էր` երկաթագիր և թռչնագիր գրերով: Նայած անցած տարվա` սպառումը հեշտ չի իրացվում»,-ասում է նա:

75 տարեկան Թորոսյան Գայանեն մասնագիտությամբ աշխատելուց բացի տանը ուլունքներով գործում և վաճառում է տարբեր զարդեր, թելերով` փափուշներ, բռնիչներ, գլխարկներ: Հակառակվում է որոշ երիտասարդների այն խոսքերին, որ Երևանում աշխատանք չկա: Չնչին գումարի դիմաց շատ երկարատև, մանրակրկիտ աշխատանք է կատարում: 10 մետրից ավելի երկար թելի վրա մանր հուլունքներ հավաքելը հեշտ գործ չէ:

Ապրանքների վաճառքը սկզբից իրականացնում էր տնից, հետո սկսեց վաճառել Վերնիսաժի մոտակայքում: Ուրախ է, որ գոնե զբաղեցրած տարածքի համար գումար չի վճարում:

10 տարեկան բիզնեսը Ամերիկայից հաճախորդներ ունի, բայց այս տարի, զբոսաշրջիկների այցելության հետ կապված, վաճառքն ավելի քիչ է իրականացվում: Ժամանակակից գործիքներից` սոցիալական կայքեր, ՍՄՄ ծառայություններ,  չի կարողանում օգտվել, բայց ասում է, որ դա ավելի դյուրին կդարձներ իր գործը:

«Արտասահմանցիները մեծ հետաքրքրությամբ են մոտենում բռնիչներին, իսկ ես բացատրում եմ, թե դրանք ինչի համար են: Շատ կուրախանամ, եթե նվեր ընտրելիս մարդիկ գնահատեն նաև ձեռագործ, ինքնատիպ աշխատանքները»,-ասում է նա:

Տաթև Ազիզյան

 

«Հրապարակ». Կառավարությունը մերժել է արցախցիներին կուտակային թոշակների հարցով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Արցախի խորհրդարանի կատարած փոփոխությանը, համաձայն որի՝ այն արցախցիները, ովքեր ուզում են այսօր ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան վերցնել: Հատկապես որ ոմանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ շարունակել կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, որ «արժանապատիվ ծերություն» ունենան: Գրել էինք, որ պատկան կառույցը՝ ԿԲ-ն, որը պետք է կազմակերպեր այդ գործընթացը, ձեռքերը լվացել է։ Մեր հարցին էլ պատասխանել էին, թե խնդիրն իրենց իրավասության տիրույթում չէ։

Տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Օրեր անց ստացել են պատասխան, որ այդ հարցով շրջաբերական է ուղարկվել կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, եւ մեծամասնությունը կողմ չէ այդ գործընթացին։ Մենք օրերս խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին, որը հասցեագրվել է ֆինանսների նախարարությանը։ Հուսանք, որ պատասխանում կներկայացնեն մերժման պատճառները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում