ՀՀ պարտականությունները Արցախի հանդեպ հստակ ամրագրված են, եւ նրանք չեն կատարվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաեւ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:

Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել:

Օրինակ՝ զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որեւէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որեւէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման հարցում։

«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը

ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», – նշված է կառավարության զեկույցում:

Հայաստանի պատասխանատվությունը 2020-23 թթ․ իրադարձությունների համար հստակ ամրագրված է ՀՀ օրենքներում, 2021 թ․ կառավարության ծրագրում, 2023 թ․ բյուջեյում, ինչպես նաեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարուրյան մեջ։    

Եվրոպայի խորհրդի երկամյա ծրագիրն՝ ուղղված արցախցիների սոցիալական իրավունքների ամրապնդմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրում ներառված «Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների ամրապնդում ՀՀ-ում» երկամյա ծրագրի մեկնարկով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և, առհասարակ, ՀՀ-ում սոցիալական իրավունքների ամրապնդմանը:

«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝  ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության գործադրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների արագ արձագանքման և դրանց լուծման շուրջ իրականացված աշխատանքների առումով:

Մաքսիմ Լոնգանգեն տեղեկացրել է՝ «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների և խոցելի խմբերի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշված համատեքստում կարևորվել է կրթություն-աշխատաշուկա կապը՝  ծրագրի շրջանակում ընդգծելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության խթանումը:

«Կրթություն-աշխատաշուկա դինամիկ կապերի ամրապնդումը մեր կարևորագույն մարտահրավերներից է: Աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կրթական բարեփոխումների առաջնային խնդիրներից են»,- ընդգծել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ազգային ժողովում վերջերս առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական  կրթության  և  ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ինստիտուցիոնալացում՝ շեշտը դնելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վրա:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրացուցիչ և շարունակական կրթության համատեքստում կարճաժամկետ կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստումների և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Առաջարկություն․ միջազգային դոնորների համաժողով արցախցիներին աջակցելու համար

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

-Պարոն Հայրյան, արցախցիների շրջանում դժգոհություն է առաջացրել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը։ Ինչպե՞ս եք դուք պետկերացնում արցախցիների բնակարանային հարցի լուծումը, ի՞նչ տարբերակներ կարելի է կիրառել։

– Տարբեր մոտեցումներ կան հարցի վերաբերյալ։ Ժողովրդական մակարդակում արցախցիներն ասում են՝ մենք քաղաքական հարցեր չունենք, բնակարաններ ենք ուզում, բայց բնակարանների հարցը, պարզվում է, ամենամեծ քաղաքական հարցն է, որովհետեւ կապված է գումարների հետ։

Հարցի լուծման երկու ճանապարհ ենք տեսնում՝ մեկը Հայաստանի բյուջեից հատկացումների միջոցով լուծել խնդիրը, մյուսը՝ Հայաստանը պետք է քաղական կամք դրսեւորի եւ միջազգային հանրությանը ներգրավի գործընթացին։ Մենք փորձում ենք տարբեր հանդիպումների ժամանակ բացատրել հարցի բուն նշանակությունը հայ ազգի եւ արցախցիների ապագայի համար։ Հարցի լուծումը պետք է լինի համապարփակ քաղաքական որոշում, բայց կառավարությունը կարծես թե նման մոտեցումներ չունի։

Ուզում ենք հուշել, առաջարկել կառավարությանը՝ քանի որ Հայաստանի բյուջեի համեմատ շատ մեծ փողեր են պետք արցախցիների բնակարանային խնդիրները ցիվիլ մակարդակով լուծելու համար, իսկ ՀՀ-ն այդպիսի հնարավորություններ չունի, ուրեմն պետք է ՀՀ կառավարությունը գեներացնի այսպիսի մի նախաձեռնություն՝ միջազգային հանրության շրջանում կազմակերպի միջազգային դոնորների համաժողով՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։

Հակամարտությունների, բնական աղետների զոհերին աջակցելու միջազգային այս ձեւաչափը վերջին տարիներին շատ է կիրառվել Ուկրաինայում, Սիրիայում, Թուրքիայում։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ համաժողովի անցկացումը ոչ միայն կլուծի բնակարանային հարցերը, այլեւ էական օգուտներ կբերի ՀՀ-ին մի շարք ոլորտներում՝ ժողովրդավարություն, ֆինանսներ, տնտեսություն, անվտանգություն, մարդկային ռեսուրսների հզորացում։ Այսինքն՝ արցախցիները կմնան այստեղ եւ չեն արտագաղթի։

Միջազգային դոնորների համաժողով անցկացնելու փաստը նաեւ քաղաքական դիվիդենտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը, միջազգային հարաբերություններում դիրքերը կամրացնի։ Ամեն ինչ կախված է համաժողովի հաջող կազմակերպումից եւ անցկացումից։ Դա պահանջում է մեծ աշխատանք պոտենցիալ դոնոր երկրների հետ։ Այդ բանակցությունները պետք է վարել եւ գրեթե պահանջատիրության դիրքից պետք է խոսել այն երկրների իշխանությունների հետ, որոնք 1990-ականներից իրենց վրա են վերցրել Արցախի հարցի խաղաղ լուծման պատասխանատվությունը, օրինակ, Մինսկի խմբի երկրները։

Դրանից բացի, մենք գիտենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ստամբուլում հավաքվել, անցկացրել են փակ հանդիպում, որին հաջորդել է Ադրբեջանի ագրեսիան Արցախում։ Այսինքն՝ ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որոնք այդ հանդիպումն անցկացրել են, ընդ որում, լուրջ մտահոգություններ կան, որ նրանք իրենց կոնսենսուսային որոշումը կայացրել են եւ Ադրբեջանին թույլ են տվել այդ հարձակումն իրականացնել, նրանք ինչ-որ տեղ պատասխանատու են Արցախի ժողովրդին բնակարաններով ապահովելու համար։ Քանի որ նրանց հարցերը չեն կարողացել լուծել Արցախում, ուրեն պարտավոր են այստեղ լուծել։

Ես մի քանի դեպք հիշեցնեմ՝ առաջինը ԱՄՆ Պետքարտուղարությունում հաստատել են, որ Ստանբուլում Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է կայացել։ Ֆրանիսան չի եղել, բայց Ֆրանսիայի փոխարեն ԵՄ-ն է եղել։ Այնտեղ քննարկվել ու հաստատվել են Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան եւ էթնիկ զտումների իրականացումը։ Նույնիսկ Էրդողանն է լկտիություն ունեցել եւ հայտարարել, որ Փաշինյանը տեղյակ էր հարձակման մասին։ Եթե Էրդողանի ասածը ճիշտ է, նշանակում է Փաշինյանի պատասխանատվությունը կրկնակի, եռակի ավելանում է։

Որոշ երկրներ հիմա գումարներ են հատկացնում արցախցիների համար, բայց դրանք փոքր են, քանի որ Հայաստանի կառավարությունն ինքը դեռեւս չի ցանկանում համապարփակ ծրագիր մշակել՝ հարցը լուծելու համար։

Եթե Հայաստանի կառավարությունը, ռուս-թուրքական տանդեիմին տուրք տալով, չի գնալու ի աջակցություն ԼՂ ժողովրդի միջազգային դոնորների համաժողով կազմակերպելու ճանապարհով, եթե դա արվելու է Հայաստանի բյուջեի հաշվին, այստեղ էլ երկու ճանապարհ կա։ Մեկն այն է, որ եթե Հայաստանը եւս երեք տարի միջպետական վարկ հատկացնի Արցախին՝ բնակարանաշինության համար, կարելի է միջազգային չափանիշներին համապատասխան գումարներ ներդնել եւ արցախիների հարցերը լուծել։

Որոշ մարդիկ ասում են՝ պետք է այնպես արվի, որ արցախցիների հարցը լուծելը լարվածություն չառաջացնի Հայաստանի ժողովրդի մոտ, բայց ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունները ոչ թե վախենում են, այլ կարելի է ասել՝ իրենք են նախաձեռնություն ցուցաբերում, որպեսզի այդ լարվածությունն առաջանա։ Այդպես կարելի է բացատրել Փաշինյանի՝ Մյունխենում արած հայտարարության այն հատվածը, որ Հայաստանի բնակիչներին էլ պետք է ապահովել բնակարններով։ Մեզ առաջարկված վերջին փաթեթում ամենաանհեթեթ, ամենաանհասկանալի, ոչ հայկական դիրքերից ելնող կետն այն է, որ ասում են՝ քաղաքացիություն ընդունեք, որպեսզի ձեզ տանք այս չնչին գումարը։ Նրանք առաջարկում են այսպիսի բան՝ փող տանք, արցախցիները քաղաքացիություն ձեռք բերեն, եւ վերջ, արցախցիները Հայաստանի քաղաքացի են, մեկ անգամ փող են ստացել, հետո ձայները մեզ, կնստեն։ Ոչ Արցախի համայնք, ոչ Արցախ վերադարձի հարց չի լինի այլեւս։

-Ձեր առաջարկությունները կառավարությունում հաշվի առնո՞ւմ են, քննարկո՞ւմ են։

-Մեր բոլոր առաջարկությունները նրանք մոտ ոչ մի բան չի առաջացնում։ Այստեղ եզրակացնում ենք, որ երեւի չեն ուզում լուծել հարցերը։ Մենք նրանց միշտ առաջարկում ենք, որ մեզ սոցիալական բնակարաններ տան։ Այս հարցն ընդհանրապես չեն ուզում քննարկել։ Ժամանակակից աշխարհում տարբեր մեթոդներ կան՝ բնակարանային հարցերը լուծելու համար։ Տներ կառուցելու ավստրիական, չինական տարբերակներ կան, ուսումնասիրել ենք չինական տարբերակը, 18-20 հազար դոլարով հնարավոր է 4-5 սենյականոց բնակարան հավաքել։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը պետք է ընդամենն իրականացնի հողահատկացումը, եւ շատ թեթեւ գումարներով կարողանալու են հարցը լուծել։ Այսինքն՝ նույնիսկ Հայաստանի սուղ բյուջետային միջոցների հաշվին հնարավոր է որոշ տարածքներում հողահատկացում անել եւ այդ հավաքովի տնակների տարբերակը կիրառել։

Սոցիալական բնակարաններ կառուցելով՝  համահայկական շահերից ելնելով երկու բան պետք է հաշվի առնվի։ Առաջինը՝ պետք է Արցախի համայնքը պաշտպանվի, երկրորդ՝ Արցախ վերադարձի հարցը պահպանվի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Արցախի քաղաքական ու քաղաքացիական ուժերը վերջրերս ուղերձ էին հղել, որտեղ ներկայացված են այն 5 պայմանները, որոնց առկայության դեպքում միայն մենք պետք է վերադառնանք Արցախ։

Վերադառնալով Հայաստանի կառավարությանը՝ հիշեցնեմ, որ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնեն 5 մլն-ի։ Եթե արցախցիներին այստեղից քշում է, ո՞ւմ միջոցով են ուզում բնակչության թիվը հասցնել 5 մլն-ի, անհասկանալի է։ Հայ ազգի համար հրամայական է արցախցիներին Հայաստանում պահելը, երկրորդը՝ արցախցիներին այստեղ պահելու համար ստեղծել նորմալ պայմաններ։ Նույնիսկ միջազգային դոնորների համաժողովում պետք է բարձրացնել առաջիկա մի քանի տարիներին արցախցիներին անտոկոս միկրովարկեր տրամադրելու համար միջոցներ հայթայթելու հարցը։

Այսինքն՝ եթե Հայաստանի կառավորությունը չցուցաբերի միջազգային դոնորներ ներգրավելու նախաձեռնությունը, նշանակում է Հայաստանի կառավարությունը չի ուզում հարցը լուծել։ Ինչո՞ւ միջազգային դոնորները պետք է շահագրգռված լինեն արցացխիների հարցերն այստեղ լուծելու հարցում, որովհետեւ նրանք անընդհատ ներգայղթյալներ ունեն եւ վախենում են այդ ներգաղթյալների հոսքից։ Նույն միջազգային հանրությունը Թուրքիային տարեկան 3 մլրդ դոլարի չափ դոտացիա է տալիս, որ փախստականներին իրենց երկրում պահեն, չթողնեն գնալ Եվրոպա։ Թուրքիան էլ դրանից քաղաքական դիվիդետներ է շահում, Եվրոպայի վրա ճնշում է գործադրում։

Այսինքն՝ միջազգային դոնոր կազմակերպություններին ընդգրկելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից  քայլեր չանելը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդի շահերի հետեւից չի գնում։

Մայրուղիների հանձնումը նշանակում է երկրի հանձնում. ինչու է իշխանությունը երկիրը տանում զոհաբերության

Վարչապետը հայտարարեց, որ այն 4 գյուղերը, որոնց վերադարձի մասին խոսում է ադրբեջանը, երբեք չեն եղել Հայաստանի կազմում, նույնիսկ խորհրդային տարիներին։

Այսինքն՝ դատելով Հայաստանի կառավարության վերջին 3 տարիների քայլերից՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հանձնել Վայոց ձոր և Սյունիք (Տիգրանաշեն գյուղ) տանող ճանապարհը, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող մայրուղին՝ մեր երկրին ռուսական գազ մատակարարող գազատարի հետ միասին (Տավուշի մարզի գյուղեր)։

Ակամա հիշում ես 44-օրյա պատերազմից հետո արցախյան իրադարձությունները. առանց մի կրակոցի՝ Արցախը Հայաստանին կապող Քարվաճառի և Քաշաթաղի ճակատագրական կարևոր շրջանները հանձնվեցին թշնամուն։ Հետո Փարուխն ու Քարագլուխը հանձնվեցին։

Կա՛մ անմտությունից, կա՛մ սեփական եսասիրական շահերից ելնելով, հայկական կողմը համաձայնել է Բերձորի մարդասիրական միջանցքի երթուղին տեղափոխել նեղ, վտանգավոր լեռնային ճանապարհ, որն այնուհետև փակել են այսպես կոչված «էկոակտիվիստները» (ըստ էության՝ թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչներ):

Հակարի կամրջի վրա անօրինական անցակետի ստեղծումը ամբողջացրեց Արցախի շրջափակումը։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախի հերթական ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։

Ինչի՞ է փորձում հասնել Հայաստանի իշխանությունը՝ ռուս-թուրք-ադրբեջանական հանցագործ եռյակին հանձնելով մեր ժողովրդի բոլոր իրավունքներն ու տարածքները։ Իրո՞ք, այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում, չի՞ դարձել վկայություն, որ վերը նշված եռյակը կանգ չի առնելու Հայաստանի հանդեպ իրենց հավակնությունների մեջ։

Հայաստանի վարչապետը բազմիցս անդրադարձել և շարունակում է անդրադառնալ Ալմա-Աթայի հռչակագրին, ըստ որի՝ իբր պետք է որոշվեն Հայաստանի սահմանները։

Մինչ Հայաստանը հռչակագրին միացել է 1991 թվականին, Ադրբեջանն ընդհանրապես չի ստորագրել այն։ Ադրբեջանն իրեն հռչակեց առաջին հանրապետության իրավահաջորդը, որը չէր ներառում Արցախը կամ այն ​​տարածքները, որոնց այսօր հավակնում է Ադրբեջանը։

Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը կատարում ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի քմահաճույքները և իր երկիրը դնում զոհասեղանի: Ի վերջո, մայրուղիները թշնամուն հանձնելը նշանակում է երկիրը հանձնել։

Ինչո՞ւ է Հայաստանը լռում այն ​​մասին, որ 1988 թվականից ի վեր իր տարածքում հարյուր հազարավոր փախստականներ կան Ադրբեջանից։ Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը լռում Արցախի ցեղասպանության և էթնիկ զտումների, բուն Հայաստանի տարածքի օկուպացիայի մասին։

Գումարած դրան, վարչապետը կրկին հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը միջազգային ատյաններից հետ է կանչելու ադրբեջանի դեմ իր հայցերը։ Սա նշանակում է, որ մենք վերջնականապես կկորցնենք Արցախի նկատմամբ բոլոր իրավունքները։

Ինչպե՞ս կանգնեցնել այս հանցավոր, ապազգային գործընթացը։ Ինչպե՞ս կանգնեցնել կոլաբորացիոնիստ իշխանություններին. աա է հայ հասարակության համար ամենակարեւոր հարցը։

Մարգարիտա Քարամյան

Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ

Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվեց «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային  կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» նախագիծը, որին գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն։ Նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավագանու նախորդ նիստում մանրամասն քննարկվել է նախագծի ընդհանուր տրամաբանությունը, հետևաբար նա անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են առաջին քննարկումից հետո։

«Երեք տոմսային փաթեթների մասով՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները և փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետների շրջանակներում։ Երկրորդ՝ երեք տոմսային փաթեթները նախատեսվել են ավելի մատչելի գների համար՝ համեմատած սկզբնական նախագծի տարբերակի։ Մասնավորապես ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթների համար սահմանվել է համապատասխանաբար 9000 և 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչի համար, 24000 և 23600 դրամ, 90000 և 88000 դրամ»,- ասաց փոխքաղաքապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշակիորեն հասցեագրվել է նաև այն ուղևորների մտահոգությունը, ովքեր հաճախ չեն օգտվում տրանսպորտից և հավելեց, որ 10-անգամյա ուղևորության լիցքավորման փաթեթը կարժենա 2200 և 2100 դրամ՝ կախված ֆիզիկական կամ էլեկտրոնային կրիչից։

«Նախագիծը դրվել էր հանրային քննարկման և հաշվի առնելով, որ արձանագրվել էր լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն, ապա լսեցինք բոլոր կարծիքներն ու առարկությունները, հետևաբար նախագծի ներկայիս տարբերակն ունի երկու նպատակ՝ շարունակել սուբսիդավորումը, բայց ունենալ հնարավորություն այդ սուբսիդավորումը  պահել որոշակի տրամաբանության շրջանակներում՝ համաչափ ծախսեր չանելով ի հաշիվ այլ ոլորտների, և երկրորդ՝ վերացնել ստվերի տեսքով առկա արատավոր երևույթները, ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ՝ հետագայում ավելի տվյալահեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։ Նա տեղեկացրեց, որ նախագծի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ պետք է նաև գործեն արտոնությունների փաթեթները, որոնց վրա քաղաքապետարանը դեռ ժամանակ կունենա աշխատելու։ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ հարցում կառավարվելու են միջազգային փորձով, ուստի արտոնյալ խմբերի (ուսանողներ, սոցիալապես անապահով անձինք) խնդիրները լինելու են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ նախորդ նիստում տվյալ հարցի վերաբերյալ կայացել է բազմաբովանդակ քննարկում, որի ընթացքում եղել են ինչպես ճիշտ դիտարկումներ, այնպես էլ մանիպուլյացիաներ։

«Այս նախագիծը տրանսպորտային միասնական տոմսային համակարգ ունենալու, ապագայում տրանսպորտային համակարգն արդիականացնելու հնարավորություն ունենալու համար է, իսկ այն մարդիկ ովքեր իրապես ունեն արտոնությունների կարիք, ապա այդ հարցի շուրջ կրկին կլինեն քննարկումներ բոլոր շահագրգիռ խմբերի հետ։  Մինչև սեպտեմբեր բերվելու են տարբեր արտոնությունների նախագծեր, որոնք հաշվի են առնելու պոտենցիալ այն քաղաքացիների բեռը, ովքեր իսկապես կարող են այդ բեռի պատճառով նեղվել։ Նոր նախագծի հաշվարկներով համարվում է, որ տրանսպորտի ոլորտում ամբողջական ստվերը վերացված է։ Ամբողջական գումարները նոր տոմսային համակարգի գներով մտնելու են Երանի քաղաքապետարան և նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո՛, ավելի նվազ չափով, բայց շարունակում ենք»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը հորդորեց երևանցիներին այնուամենայնիվ ծանոթանալ նախագծին և հավելեց, որ շուտով քաղաքապետարանի պաշտոնական կայքում կտեղադրվի մի հաշվիչ, որը թույլ կտա հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից։ Ավինյանը վստահեցրեց, որ բարձրաձայնվող ահասարսուռ թանկացումներն իրականությանը չեն համապատասխանում և մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում բարեփոխումները կբարձրանան այլ մակարդակի՝ անցնելով ավելի դրական փուլ։

Ավագանու անդամները զեկուցող Սուրեն Գրիգորյանին ուղղեցին բազմաթիվ հարցեր։ Այնուհետև կայացավ քվեարկություն։ 32 կողմ, 2 դեմ, և  0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։

Ամոթ է, վերջնականապես մի խայտառակվեք, թեկուզ խայտառակվելու տեղ էլ չկա

Ստեփանակերտում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունը կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում են՝ գնացեք, անգարներից բենզին վերցրեք՝ առանց հսկողության։ Ես տեսնում էի, որ այդ թվում՝ օտար ուժեր, կային արտաքին ուժեր, ովքեր նաեւ դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, ինչի՞ համար, որովհետեւ նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը եւ տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն տեղի ունենա։ Այնպես չէ, որ այդ նկրտումները ավարտվել են, դրանք շարունակվում են»,- նշեց նա։

Ցինիզմի անհասանելի հատակը դեռ հեռու է։ Բացատրել 150 հազար մարդու զոհաբերելու սեփական որոշումը, «Ղարաբաղը ադրբեջան է», «մենք չենք վտանգի Հայաստանը հանուն Ղարաբաղի» ցինիկ արտահայտությունները նրանով, որ արցախցիները որոշել են գալ Երեւանում իշխանափոխություն անել, ցինիզմից մի քիչ ավելին է պահանջում։

Բա ո՞ւր մնացին, 6 ամսվա մեջ մի անգամ գոնե բողոքի ակցիա անեին։ Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի բնակչության կեսը՝ բացի Ստեփանակերտից, տեղահանվեց, 200 մարդ սպանվեց, մարդիկ ոտքով, անտառներով հասան Ստեփանակերտի օդանավակայան, ճանապարհները փակվեցին, էլի՞ Փաշինյանից իշխանությունը խլելու համար էր։

«Մենք գիտեինք՝ եթե շատ փող լինի, խնդիրները կլուծվեն»՝ Փաշինյանի այս արտահայտությունը ամեն ինչ ասում է։ Փող եւ իշխանություն․ ըստ Փաշինյանի՝ ամեն ինչ հանուն դրա է արվում։    

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավալեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։

Նշենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ-ն Հայաստանից տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ «Իսկապես, գերատեսչական նամակն այս հաշվով ստացվել է նաեւ գերատեսչությունների գծով, այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին հիմա ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը։

Փաշինյանի խառնակչությունը․ արցախցիների զավակները պետք է ծառայեն բանակում, որ բնակարանային հարցով օգնենք

Այսօրվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մասին, ասաց, որ, նախ այդ ծրագրից պետք է օգտվեն նաեւ ՀՀ քաղաքացիները։ Եւ երկրորդ՝ արցախցիներն էլ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որ իրենց զավակներն էլ ծառայեն բանակում, որպեսզի «հասարակության մեջ լարվածություն չառաջանա»։

Այսինքն, այն, որ արցախցիները ամեն ինչից զրկվել են, տեղահանվել են, ոչ տուն ունեն, ոչ գործ, լարվածություն չի առաջացնում հասարակության մեջ, իսկ այն, որ տղաները չեն ծառայում բանակում՝ առաջացնում է։

Փաշինյանը չի դադարում խառնակչությունը, արցախցիների դեմ սեփական քայլերը վերագրելով հասարակությանը։ Արդյո՞ք Փաշինյանը հարցում է արել կամ արդյո՞ք «հայաստանցիները» բողոքի ակցիաներ են արել, պահանջելով, որ արցախցիների հանդեպ հատուկ վերաբերմունք չլինի։ Ո՞ւմ հետ է շփվում Փաշինյանը։

Մյուս կողմից, Փաշինյանի կառավարության ապաշնորհ որոշումներով արցախցիները զրկվել են ՀՀ քաղաքացիությունից, առ այսօր հերթ են կանգնում, որ փախստականի կարգավիճակ ստանան, իսկ նրանք, ով դիմել է քաղաքացիության համար, պատասխան չեն ստանում։

Հիմա Փաշինյանը կրկին արցախցիներին ուղարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Թեկուզ բավական էր մեկ որոշումով մարդկանց 070 անձնագրերը ճանաչել որպես լլիրավ, իսկ նրանց, ովքեր չեր ցանկանում ստանալ քաղաքացիություն, հնաավորություն տալ փախստականի կարգավիճակ ձերք բերել։ Բայց պետք էր ստիպել արցախցիներին մի դժոխքի շրջան անցնել, որ ՀՀ քաղաքացի լինելուց կրկին հասնել ՀՀ քաղաքացիության։

Անձնագրերի ճանաչո՞ւմն էլ էր հասարակության մեջ լարվածություն առաջացնելու։

Ֆոտո՝ Ստեփանակերտի հանրահավաքից

Փաշինյանը հայտարարեց, որ 40+10 հազ․ ծրագիրն արցախցիների համար շարունակվելու է

Այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 40+10 հազ․ ծրագիրն արցախցիների համար կշարունակվի առնվազն մինչեւ տարվա վերջ։

Փաշինյանը չմանրամասնեց, արդյո՞ք ծրագրրն ամբողջ ծավալով կշարունակվի։ Հիշեցնենք, նրա տեղակալ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ծրագիրը կշարունակվի միայն անչափահասների համար, իսկ թոշակառուները հավելում կստանան թոշակին։

Ռուսաստանի Պետդուման կչեղարկի Ղարաբաղը ադրբեջանին փոխանցելու որոշումը

ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել՝ անվավեր ճանաչելու Ղրիմը ՌՍՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին հանձնելու մասին 1954թ որոշումը։ Ինչպես նշված է օրինագծի բացատրական գրության մեջ, այն ուղղված է «մաքրելու Ռուսաստանի Դաշնության իրավական ժառանգությունը» «առոչինչ արարքներից, որոնք իրավական հիմքեր չունեին»։

Ռուսաստանի Դաշնության Պետդուման կարող էր «լուծել» արցախյան հակամարտությունը դեռևս 1990-ականների սկզբին (և նույնիսկ հիմա ուշ չէ) գրչի մեկ հարվածով՝ չեղյալ հայտարարելով 1921 թ․ Կավբյուրոյի որոշումը հայկական Ղարաբաղը  ադրբեջանին փոխանցելու մասին։

Բայց ռուսական իշխանություններն այլ ճանապարհով գնացին՝ Սումգայիթ, «Օղակ» օպերացիա, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղի «ճանաչում» Ադրբեջանի կազմում, ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի ստեղծում Ակնայում, «աջակցություն» Արցախից բնիկներին տեղահանելու հարցում և ռազմական ներկայության շարունակումը ամայացած Ղարաբաղում։

Փաշինյանը․ Բաքվի թվարկած Տավուշի 4 գյուղերը ՀՀ տարածքում երբեք չեն եղել եւ կարող են հանձնվել

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլ նաև դրանից հետո»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Այսպիսով Փաշինյանը ասում է, որ այդ 4 գյուղերը Հայաստանին չեն պատկանում եւ կարող են հանգիստ հանձնվել։ 

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Ֆոտո՝ Ստեփանակերտի հանրահավաքից

Երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ նշել է. «Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի  վերաբերյալ:

Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:

Քանի որ սա նախնական հանրային ծանուցում է, Նախաձեռնությունը լրացուցիչ կերպով կտեղեկացնի, երբ Երևանի քաղաքապետից ստանա պաշտոնական պատասխանը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով»: