Մեհտիշենի բարբառ․ արժեք, որը պետք է պահպանվի

Մեհտիշենցիները առիթը բաց չեն թողել ընդգծելու, որ իրենց բարբառը /վիդեո/ հատուկ է եւ նման չէ ո՛չ Հադրութին, ո՛չ էլ  Մարտակերտին։ Նրանք դժգոհում են, որ իրենց բարբառը բավականաչափ ուսումնասիրված և փաստագրված չէ։

Արցախից բռնագաղթելուց հետո մեհտիշենցիները մտավախություն են հայտնում, որ եթե նախկինում գյուղի երիտասարդները փորձում էին խոսել ստեփանակերտցիների ոճով, ապա այժմ անցնում են Երևանի ոճին, և Մեհտիշենի բարբառը կարող է մոռացվել։

«Մեզ միայն դա է մնացել՝ մեր բարբառը։ Մենք յուրահատուկ բարբառով խոսողներ ենք։ Սա ոչ մի տեղ Արցախում կամ Հայաստանում չես հանդիպի։ Մեզ դա է միայն մնացել»։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը և տեսանյութը՝ Մեհտիշենը 2020 թվականի պատերազմից առաջ

«Եվ համաշխարհային հանրությանն էլ դրդեցինք, որ նրանք մեզ վերաբերեն որպես խելապակասների»

«Եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, դա կնշանակի, որ հայկական կողմի հայցերը տեղին չէին։ Թող Ադրբեջանն էլ ներկայացնի հայցեր, դու էլ ներկայացրու, բարի կա՞մք է դրսւորում, մոռացե՞լ եք, որ հայ քաղբանտարկյալներ կան Բաքվում, որ նրանք ներխուժել են տարածքներ, որտեղ իրենք չպետք է լինեին, փակել են մեր երկրի ճանապարհները, մշտապես թշնամական քարոզչությամբ են զբաղվում»,- այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։

Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ոչ արդարամիտ քայլեր են կատարել եւ Բաքվի ոչ արդարամիտ քայլերը հավասարազոր են համարում իրենց ոչ արդարամիտ քայլերին։ Մի քանի օրից աղջիկս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացնելու է զեկույց, դա ամերիկյան ակադեմիկան շրջանակների անաչառ գնահատականն է։ Դիտորդական մեծ խումբ է գործել երկու ժամանակահատվածում, մեկը այն ժամանակ, երբ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը գործում էր, մյուսը՝ շրջափակման ժամանակ։ Այդ զեկույցում մեկ դրվագի վրա ուշադրություն դարձրեցի, այն է՝ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է արդարացնել Արցախում իրականացված ցեղասպանությունը։ Երկրորդ, դա նշանակում է հրաժարվել ինքնորոշման սկզբունքից ընդհանրապես»,- ասաց Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ «շատ սխալ միջավայրում ենք հայտնվել՝ սրանց ոչ միան ողորմելիության, այլ նաեւ իդիոտության պատճառով։ Եվ համաշխարհային հանրությանն էլ դրդեցինք, որ նրանք մեզ վերաբերեն որպես խելապակասների եւ միջազգային չափորոշիչները մեր հանդեպ չկիրառեն»։

Վաղը Փաշինյանը ասուլիսում կհայտարարի նոր Սահմանադրության և անկլավների հանձնման մասին

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանում, պարզվում է, արդեն պատրաստ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են արդարադատության նախարարությունից։ Նախօրեին Բաքուն Հայաստանի «պասից» հետո բացահայտ պահանջեց չորս հայկական գյուղեր։

Պատահական չէ, որ Սահմանադրության հայեցակարգի մշակման և անկլավների հարցը օրակարգում ներառելու  մասին հայտարարվել է Փաշինյանի շտապ ասուլիսից առաջ։

Փաշինյանը, որպես կանոն, ասուլիսները օգտագործում է՝ հանրությանը Հայաստանի ինքնիշխանության և պետականության հանձնման մասին հերթական լուրի մասին իրազեկելու համար։ Այս անգամ, ըստ ամենայնի, կհայտարարվի Սահմանադրության փոփոխությունների և գյուղերի հանձնման մասին։ Այս ամենը կփաթաթվի անվտանգության սպառնալիքների, խաղաղություն ապահովելու ցանկության և հանձնման քաղաքականության այլընտրանքի բացակայության մեջ։ Գուցե Փաշինյանը նույնիսկ «խոնարհաբար» ասի, որ Սահմանադրության հանրաքվեն լինելու է իր կառավարության վստահության քվեն։

Չի ասվում, թե Սահմանադրության որ հոդվածներն են փոխվելու։ Նախարարությունից միայն ասացին, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, պարզվում է, գլխավորում է փաստաբան Դավիթ Հակոբյանը։ Հանձնաժողովի ամբողջական կազմը, սակայն, չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը վերջերս դատախազություն էր ներկայացրել կոռուպցիոն հայց՝ պահանջելով ստուգել, ​​թե ինչի՞ համար են «սահմանադրական հանձնաժողովների» անդամները 2 տարի աշխատավարձ ստացել, որի համար ծախսվել է 200 մլն դրամ։

Հիմա պարզվում է, որ հանձնաժողովի անդամների անունները չեն հրապարակվում, ըստ երևույթին, որպեսզի դատախազությունը “չպարզվի”, թե ովքեր են աշխատավարձ ստացել Սահմանադրության գաղտնի մշակման համար։

Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը հասկացրեց, որ նոր Սահմանադրությունը չպետք է որևէ հղում պարունակի 1990 թվականի օգոստոսին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրին։ Եվ եթե Հայաստանի քաղաքականությունը հիմնված լինի Անկախության հռչակագրի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վերամիավորման վրա, ապա պատերազմ կսկսվի և երբեք խաղաղություն չի լինի։

«Կյանքն ինձ վերադարձրեց երաժշտություն». Բաքվի հայի մասին վավերագրական ֆիլմը Օսկար ստացավ

Sputnik.

Օսկարակիր «Վերջին արհեստանոցը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում բնակվող դաշնամուրի լարող Սթիվ (Ստեփան) Բագմանյանի մասին:

Դպրոցում տեղակայված արհեստանոցը քաղաքային դպրոցի պատվերով է աշխատում՝ երաժշտական ​​դպրոցի աշակերտներին գործիքների անվճար վերանորոգում ապահովելու համար (Լոս Անջելեսը ամերիկայի վերջին քաղաքներից մեկն է, որն անում է դա):

Լոս Անջելեսի իր արհեստանոցում Սթիվ (Ստեփան) Բագմանյանը ոչ միայն հմտորեն լարում է դաշնամուրները, այլ նաև կատարում է ադմինիստրատորի դեր՝ ապահովելով, որ բոլոր գործիքները ժամանակին վերանորոգվեն, պահպանվեն անվտանգության կանոնները և ընկերական մթնոլորտ լինի այդ վայրում:

«Այստեղ մենք մեկ ընտանիք ենք»,- համոզված ասում է նա։

Նա առաջին անգամ դաշնամուր տեսել է փոքր ժամանակ Բաքվում, որտեղ ծնվել և մեծացել է։ Մի լարող մտավ երգասենյակ և սկսեց քանդել դաշնամուրը, հետո խլացնելով յուրաքանչյուր լարը, սեղմելով այն, հետո հաջորդը, հաջորդը…

«Ես մտածեցի. «Աստված իմ: Այնքան շատ լարեր կան, և նա պետք է աշխատի յուրաքանչյուրի հետ: Այսքան մանրամասներ… Ինչպե՞ս է նա դա անում: Վայ»,- հիշում է Բաղմանյանը։

Քիչ անց՝ 60-ականների վերջին և 70-ականների սկզբին, նրա եղբայրը, ով տասը տարով մեծ էր, գնեց կիթառ՝ խստիվ արգելելով կրտսեր եղբորը դիպչել դրան։

«Մի անգամ ես վերցրեցի այն, երբ եղբայրս ինստիտուտում էր, և նա գալիս է տուն և ասում. «Ո՞վ է կիթառիս կպել։ Ես խնդրեցի, որ ձեռք չտաս»։ Ես ասում եմ. «Ես պարզապես մի փոքր նվագեցի»: Նա ասում է. «Այսինքն՝ կիթառ ես նվագում»: Եվ ես ասացի. «Դե, այո»: Հետո կիթառը տվեց ինձ»,- հիշում է Սթիվը (Ստեփան):

Հետո ամեն ինչ փոխվեց՝ Բաքվում սկսեցին ճնշել հայերին, ընդհուպ մինչեւ վտարման աստիճան։ Սակայն, հիշում է Բաղմանյանը, ծնողները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց հետ ինչ-որ վատ բան կարող է պատահել. Նրանք ապրում էին ընկերների և հարևանների մեջ, որոնց հետ երկար տարիներ կիսում էին նույն բակը։

Բայց իրավիճակը գնալով վատանում էր. հայկական շրջանների բնակիչները գիշերը հերթապահում էին խառույկների շուրջ՝ հսկելով իրենց տները։ Օր օրի մարդիկ ավելի ու ավելի էին քչանում։

«Հայրս լավատես էր, ասում էր. «Ես ոչ մի տեղ չեմ գնա, որովհետև ոչ մեկին վատ բան չեմ արել։ Մենք ապրում ենք Խորհրդային Միությունում, և մեր կառավարությունը երբեք թույլ չի տա, որ նման բան լինի»։ Շատ իմաստուն մարդ էր, բայց ինչքան սխալ էր… Երբ աշխատանքի էր, ինչ-որ մեկը մեջքից դանակով սպանեց»,- ասում է Բաղմանյանը։

Նա իր որդուն, ով արդեն ծնվել է Ամերիկայում, անվանել է Սամսոն՝ ի պատիվ հոր։

Որդիները վերցրել են մորը և դուրս եկել տնից՝ փակելով դուռը և թողնելով իրենց ողջ ունեցվածքը, այդ թվում՝ ընտանեկան լուսանկարների ալբոմներն ու կիթառները։ Քաղաքից օդանավակայան տանող ճանապարհը հատկապես դժվար էր, քանի որ ցանկացած հայի համար վտանգավոր էր փողոցում հայտնվելը։ Եվ, որքան էլ զարմանալի է, նրանց օգնեցին հեռանալ ադրբեջանցի ընկերները։

Ամերիկայում Բաղմանյանները գտան հովանավորներ՝ ամուսնական զույգ՝ Քենն ու Վերոնիկան, որոնք համաձայնեցին ժամանակավորապես նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել որպես փախստականների։ Սթիվը նրանց հետ շփվում էր ռուս-անգլերեն բառարան ձեռքին, քանի որ անգլերենի իմացությունը սահմանափակվում էր միայն «հելլո» բառով։ Մի օր, երբ Սթիվը փորձեց հարցնել Քենին, թե ինչ է նա անում, նա ճիշտ բառը չգտավ։ Սենյակում՝ դաշնամուրի վերևում, կախված էր 20-րդ դարի ամերիկացի ամենահայտնի նկարիչներից և նկարազարդողներից մեկի՝ Նորման Ռոքվելի նկարը։ Այն պատկերում էր դաշնամուրի լարող։

«Եվ հետո ես հիշեցի, թե ինչպես էի նայում լարողին դասարանում և մտածում. «Աստված իմ, նա իսկապե՞ս դաշնամուր է լարում»: Հետո ասում եմ նրան. «Դինգ, դինգ, դինգ…»: Նա ասում է՝ այո, այո, այո, և մենք սկսեցինք ծիծաղել։ Հետո նա ասաց. «Ուզու՞մ ես օգնել ինձ իմ արհեստանոցում»: Այն ժամանակ ես պիցցա էի առաքում, ձյուն թափում, կահույք տեղափոխում… Եվ ասացի. «Իհարկե»,- հիշում է Սթիվը:

Այնուհետև Քենը նրան ուղարկեց լարողների դպրոցներ հայտնի արտադրողների մոտ՝ Yamaha, Baldwin, նույնիսկ Steinway:

«Կատարվածից հետո կորցրեցի երաժշտության ցանկությունս։ Բայց կյանքն ինձ վերադարձրեց երաժշտության: Տեսնու՞մ ես, թե ինչպես է այդ ամենը միավորվում»։ – ասում է Սթիվը:

Հոգ տանել, որ երեխաները առանց երաժշտության չմնան, հիանալի կոչում է, ավելացրեց նա:

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար

Ազատություն

Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Այս մասին գրել է պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մեկը՝ IADN-ը ու հավելել՝ երկու խոշոր ընկերություն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջև լոգիստիկան։

Ընկերություններից մեկը՝ Container Corporation of India-ն խոշոր բեռնափոխադրող է. մյուսը՝ HAL-ը, ավիացիայի ու պաշտպանության ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասերն էլ պետությանն են պատկանում։

CONCOR-ը նախօրեին X-ի պաշտոնական էջում շնորհավորել է համատեղ խմբին դեպի Հայաստան իրականացված առաջին թռիչքի կապակցությամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Ռազմավարական նշանակության բեռ են տեղափոխել Հայաստան, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չեն հայտնում։ Երևանը ևս նման փոխադրումները չի բացահայտում։

Իսկ ի՞նչ է օդային միջանցքը և որտեղով է այն անցնում. բառարաններն այսպես են բացատրում՝ այն երկու վայր միմյանց կապող օդային ուղի է՝ առանձնացված սահմանափակ գոտի, որը հնարավորություն է տալիս մարդկանց կամ ռազմական բեռները մի տեղից մյուսը հասցնել։ Տերմինը հաճախ մարդասիրական օգնություններ ուղարկելիս են օգտագործում։

Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի ԼՂ-ի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման պատասխանատուների նկատմամբ․ Ջոն Ինյարիտու

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է նպատակաուղղված պատժամիջոցներ կամ այլ պատիժներ սահմանի այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ապագա խախտումները կանխելու համար։

«Ըստ երևույթին, սա այն գիծն է, որն առաջարկվում է Եվրախորհրդարանի կողմից։ Այդուհանդերձ, ես այդքան էլ լավատես չեմ այս հարցում՝ հաշվի առնելով, որ Ալիևի ռեժիմը 2020-2023 թվականներին կազմակերպել է ԼՂ-ի ամբողջ բնակչության էթնիկ զտում, սակայն պատժամիջոցներ չեն ընդունվել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ափսոսանք հայտնեց իսպանացի պատգամավորը:

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող հստակ քայլերին՝ պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներին և վանդալիզմին վերջ դնելը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ ներգրավելով ինչպես դիվանագիտական ու իրավական, այնպես էլ մշակութային ջանքեր:

«Թեև միջազգային հանրությունը դիվանագիտական երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ձգտելով հասնել վերջնական խաղաղության, այդուհանդերձ, առանց հենց Լեռնային Ղարաբաղում՝ գետնի վրա իրավիճակը վերահսկող անկախ միջազգային մոնիտորինգի մեխանիզմների, անհնար կլինի պաշտպանել տեղի հայկական ժառանգությունը»,- ընդգծեց պատգամավորը։

Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ հայկական կողմը ևս այստեղ անելիքներ ունի, և անհրաժեշտ է, որ օգտագործի բոլոր օրինական միջազգային հարթակները և ինստիտուտները՝ ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արդարադատության միջազգային դատարանը, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին մշակութային այս նոր ոչնչացման համար։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է խրախուսի մշակութային կրթության և իրազեկման ծրագրերը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով:  Լրատվամիջոցների, հանրային իրազեկման քարոզարշավների միջոցով պետք է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին իրազեկվածությունը»,- հավելեց պատգամավորը։

Մինչ բոլորը վիճում էին, նոր Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է

 Sputnik. Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատւթյան նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։
Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հանձնաժողովը մայր օրենքի որ դրույթներն է քննարկում փոփոխել, սակայն նշում են, որ հաստատված նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»։
Նշվում է, որ հայեցակարգը նախատեսում է նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելուն և այլ կարգավորումներին վերաբերող փոփոխություններ, որոնք արդեն հաստատվել են նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:
Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում։
Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ընտրվել հայտարարված մրցույթի արդյունքում` 2023թ –ի փետրվարի 3-ին։ Ավելի ուշ Հակոբյանը դարձել էր հանձնաժողովի աշխատանքները համակարգողը։
Հիշեցնենք` ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի ևՀայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի ևՀայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի ևԵրևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

«Օսկար 2024»․ Oppenheimer-ը՝ 96-րդ մրցանակաբաշխության գլխավոր դափնեկիր

Ազատություն

Լոս Անջելեիս «Դոլբի» թատրոնում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։

Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիրն է՝ ստանալով յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Կիլիան Մերֆի) անվանակարգերում։

Էմմա Սթոունը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Poor things ֆիլմի համար։

2023-ին ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը՝ Barbie-ին, ստացել է ընդամենը մեկ մրցանակ՝ Բիլլի Այլիշի և նրա եղբոր՝ Ֆիննեասի գրած լավագույն երգի համար:

Երեկոն պատմական էր նաև Ուկրաինայի համար․ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց 20 Days in Mariupol ֆիլմին։

Դափնեկիրների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ

Մարուքյանը պատրաստվում է նախարար դառնալ Հայաստանի «վտարանդի կառավարությունում»

Հունաստանը կհամագործակցի Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության դասերը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Այն, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն» արդեն ընկալվում է որպես «քաղված դաս», ոչ միայն Երևանի, այլև Ստեփանակերտի իշխանությունների «վաստակն» է, որոնք օր ու գիշեր խոսում են «նոր իրողությունների» մասին։

Ղեկավարության մշտական ​​զիջումներից ու քայլերից հասարակությունն արդեն ձեռք է բերել ցավալի իմունիտետ և նույնիսկ “թմրամոլություն”։ Մարդիկ արդեն կայֆ են ստանում, երբ իշխանությունները մեկ հայտարարությամբ ու գրչի մի հարվածով հրաժարվում են իրական իրավունքներից, տարածքներից, շահերից ու պահանջներից՝ դա հիմնավորելով նրանով, որ հիմա նոր իրողություններ են, և կարող էր ավելի վատ լինել։ Այդպես էր 2020 թվականին Արցախում, երբ Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթղթի ստորագրումն ու Արցախի հանձնումը, ասաց, որ պատերազմը շարունակելը կարող էր հանգեցնել 35 հազար մարդու մահվան։

Հետո Ալիեւը մի քանի անգամ խոստովանեց, որ իրենք այլեւս պայքարելու ուժ չունեին, եւ եթե Փաշինյանը գրչի մեկ հարվածով Քաշաթաղն ու Քարվաճառը չտար, ​​Բաքվի համար այնտեղ շատ դժվար կլիներ։

2021 թվականի ամռան ընտրություններից հետո Փաշինյանի կառավարությունը գործնականում չի խոսում Ղարաբաղի մասին՝ ամեն ինչ անելով, որ նույնիսկ միջազգային մերձավոր գործընկերներն Արցախի մասին խոսեն որպես «քաղված դասի»։

Այժմ իշխանությունը, Ալիևին “պաս” տալով, հայտարարում է 4 գյուղական անկլավներ «առաջին փուլում» հանձնելու անհրաժեշտության մասին։ Հասարակությունը, արդեն համակերպվելով սրա հետ, քննարկում է, թե ինչ կլինի հետո՝ Գեղարքունիք, Սևան, Կոնդ, ամբողջ Երևան։ Արդեն քննարկում են, թե Կոնսերվատորիան ում է վաճառվել, հետո ինչ կոչվելու է Հանրապետության հրապարակը։ «Այո, այո, ավելին», ասում է հասարակությունը մոզախիզմի տենդի մեջ:

Այս ֆոնին հատկապես ցինիկ է թվում հատուկ հանձնարարությունների գծով հեռացած խորհրդական Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե «վերջին կաթիլը սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ անհամաձայնությունն էր»։

Մարուքյանը նոյեմբերի 9-ի հայտարարությանն աջակցող մյուսների հետ 2023 թվականի նոյեմբերին հայտարարեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստում արցախցիների վերադարձի մասին խոսք չկա, քանի որ այդ հարցը «պետք է լուծի ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ»։ Նա կտրականապես արգելել է նաեւ Արցախի պետական ​​կառույցների գործունեությունը Հայաստանում։ «Հայաստանի տարածքում չպետք է լինեն այլ երկրների պետական ինստիտուտներ, եթե դրանք դիվանագիտական ​​ներկայացուցչություններ չեն։ Հայաստանի անվտանգության համատեքստում ՀՀ տարածքում նման ինստիտուտներ ստեղծելը սխալ է, կարող են լինել վտարանդի կառավարություններ, բայց Հայաստանի Հանրապետությունը դրանց հետ գործ չունի»,- ասաց Մարուքյանը։

Հիմա նա ասում է, որ «դեմ է պետականության հիմքերի վերանայմանը։ Այս պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունն է, երրորդը չէ, չորրորդը չէ»,- ասաց Մարուքյանը։

Գուցե Մարուքյանն արդեն պատրաստվում է Հայաստանի «վտարանդի իշխանությանը» անդամակցելո՞ւն։ Որ տալիս ես, ստիպված ես մինչեւ վերջ տալ։

Նաիրա Հայրումյան

Վթարվել է «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը. ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Վեոլիա ջուր» ընկերության տարածած հաղորդագրությունից, ընկերության աշխատակիցները գիշերվանից վթարի վայրում են, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։

Այս պահին դադարեցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Վ. Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Վահագն Դավթյան, Հր. Քոչարի, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահր. Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ. Վաղարշյան 15-15/3, 17-24, 26 շենքերի, Ադոնցի 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյան 1-64/1 շենքերի, 1/2-101 անհատական տների, Մալխասյանց փողոցի, Վրացական 4-10 շենքերի և 4-րդ նրբանցքի, Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյան 1-24Բ շենքերի, 2-136/2  անհատական տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7  անհատական տների, Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայսի, Սոսեի, Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի, Աղբյուր Սերոբի, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը: Նախատեսվում է տարածքների ջրամատակարարումը վերականգնել մարտի 11-ին ժամը 21.00-ին:

«Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Բեգլարյան․ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը: Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հիմա  ստիպում են հարցազրույց տալ։

«Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,-նշել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Բաքվի ԶԼՄ-երը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ “հարցազրույցի” անոնս են արել։ 

Հին շեն․ Ճակատագրով պայքարողը

Արցախի Հին շենը գտնվում է  Շուշիի շրջանում,  նախկինում՝ Բերդաձոր գավառում։ Գյուղը տարածվում է Հավքաղաց (Սաղսաղան), Համզասար լեռների հարավ-արևմտյան մասում, Չիման և Ըլանանց գետերի հովիտներում։

Կապված աշխարհագրական դիրքի հետ գյուղն իր հարատևման համար ստիպված էր անընդհատ պայքարել ու վասն հայրենյաց զոհասեղանին դնել զավակներից լավագույններին։ Այդպես էր Շահ Աբասի օրոք, այդպես էր ռուս- պարսկական պատերազմի, հայ–թաթարական ընդհարումների ժամանակ, երբ Բերդաձորի ենթաշրջանը հայտնվել էր դեպքերի կիզակետում։

Բերդաձորի հայերը շատ փորձությունների միջով անցան և որոշ ընտանիքներ ապահովության համար տեղափոխվեցին Չափար, Զարդախաչ, Չլդրան գյուղերը։

1918 թվականը մարտահրավերներով լի էր նաև այս ենթաշրջանի համար։ Նույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հայ ինքնապաշտպանների և թուրք-թաթարական հրոսակախմբերի միջև ծանր մարտեր են տեղի ունենում և շուրջ 700 բերդաձորցիներ իրենց մասնակցությունն էին ունենում մարտական գործողություններին։ Սյունիքի կողմից հայկական ուժերի ծավալած գործողությունների արդյունքում օգոստոսի 25-ին ղարաբաղյան կողմը, ունենալով 20 սպանված ու 35 վիրավոր, ստիպված եղավ նահանջել։ Թշնամու ճնշումների տակ դատարկվում են Բերդաձորի հյուսիսային գյուղերը։

Ինքնապաշտպանական ուժերի հետ միասին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերից շուրջ 5000 խաղաղ բնակիչներ հեռացան հայրենի օջախներից և ապաստանեցին Շուշիում, Վարանդայի և Խաչենի  գյուղերում։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո բերդաձորցիների մի մասը տեղափոխվեց հարազատ բնակավայրեր և նորից սկսեց նոր շունչ տալ թուրքերի կողմից ավերված բնօրրանին։ Ու չնայած բազում կորուստներին ու զրկանքներին Հին շենի բնակիչները իրենց պապերի օջախները շեն պահելու ձգտումով նորից վերադարձան։ Գյուղի հայտնի ազգատոհմերից են` Դերունք, Յուղուտանք, Գիլբիսարանք, Բոզունք, Բալապուղունք, Բուղունք, Քյասունք, Ճոռունք, Աթայանք, Գյուլդադունք, Բրումանք, Ափոնք, Նոթունք, Ջափունք, Զոկառանք, Ջինգիրանք, Թինդիվանք, Իշլիմազանք։

1918 թվականի տվյալներով Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերում կար 800 տնտեսություն և շուրջ 5000 ազգաբնակչություն։ Պատկերը էականորեն փոխվեց խորհրդային տարիներին, երբ Ադրբեջանը հետևողականորեն վարում էր ենթաշրջանի հայաթափման քաղաականություն։ 1989 թվականին Հին շենում ապրում էր ընդամենը 201 բնակիչ։

Արցախյան ազատագրական շարժման տարիները ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջան էր Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի համար։ Շրջապատված ադրբեջանական բնակավայրերով 1988-1991 թվականներին գյուղի ազգաբնակչությունը՝ Առնո Մկրտչյանի գլխավորությամբ կենաց ու մահու պայքար սկսեց։ Սակայն «Օղակ» ռազմական գործողության ժամանակ ուժերն անհավասար էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու խորհրդային բանակի համատեղ ուժերի դեմ։

1991 թվականի մայիսի 18-ին բռնատեղահանված մյուս բնակավայրերի ճակատագրին արժանացան նաև Հին շեն գյուղի հայերը։ Տեղահանությունն ուղեկցվում էր բռնություններով և թալանով։

Պայքարի կազմակերպիչ, լեգենդար Առնո Մկրտչյանին դավադրաբար ձերբակալեցին և Բաքվի բանտում կտտանքների ենթարկելով 1993 թվականին սպանեցին։ 1992 թվականի մայիսին գյուղն ազատագրվեց։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղը կրկին հայտնվեց մղձավանջի մեջ։ Թշնամին հենց գյուղի ամենամոտ բարձունքի վրա էր դիրքավորված, որտեղից դիտարկվում էր բնակիչների ամեն մի շարժը։ Հերթական այցելություններից մեկի ժամանակ, երբ անվտանգության մասին խոսք գնաց ու ակնարկեցինք գյուղում տեղակայված ռուսների մասին, գյուղի կանանցից մեկն ասաց․

-Ես «Օղակ» գործողություն եմ տեսել և ես ամենավերջին հիմարը կլինեմ, եթե վստահեմ ռուսին, մեզ լավ օրեր չեն սպասվում, մենք ուղղակի էս հողին մեռածն ենք, մահապարտի պես եկել կանգնել ենք մահվան բերան, մեր փոքրերի հետ․․․

Նույնիսկ փորձված տառապանքի դեպքում, մենք կրկնեցինք նույն սխալները, իսկ Հին շենի այդ կինը ճիշտ էր։ Այսօր Հին շենը թշնամին կրկին բռնազավթել, ու վերացնում է բոլոր այն հետքերը, որոնք վկայում են գյուղի երբեմնի հայկականության մասին։ Նա ավերում է գյուղի գերեզմանոցը, որտեղ հանգչում են պատմական տարբեր հանգրվաններում գյուղը պաշտպանած, գյուղը շենացրած հայերը։

Հին շենի բնակիչները կրկին կվերադառնա՞ն արդյոք իրենց հայրենի բնօրրանը, կհանգստանա՞ն նրանց ապուպապերի հոգիները, կախված է այսօրվա մեր ողջախոհությունից։

Արմինե Հայրապետյան