Month: Մարտ 2024
Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանական էլիտայի հետ: Ինչո՞ւ այդքան թշնամանք սեփական ժողովրդի նկատմամբ
Հերթական լուրն է տարածվել ողջ Հայաստանում. ՀՀ կառավարությունը պատրաստվում է հետ կանչել միջազգային դատարաններից ադրբեջանի դեմ հայցերը։
Ամեն անգամ հայ ժողովրդին, հատկապես նրա արցախյան հատվածին թվում է, թե Հայաստանի իշխանությունները իրավունքների անտեսման, ատելության, արժանապատվությունը նվաստացնելու աստիճանով հասել են հատակին։ Բայց ոչ…
Եկեք հեռանանք էմոցիաներից և դիտարկենք հարցի իրավական կողմը:
Ինչո՞ւ է Հայաստանը դիմել միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ հայցերով։
Ակնհայտ է, որ հաշվի առնելով այն վախկոտությունը, որ Հայաստանի ուժային «էլիտան» ցուցաբերում է այս ֆաշիստական, ռասիստական, ահաբեկչական երկրի առջև, նա չէր դիմի նման բարձր ատյաններ առանց լուրջ հիմնավորման։ Սա նշանակում է, որ դեռ կա գիտակցություն, որ դաժան սպանությունները, բռնաբարությունները, անզեն մարդկանց գնդակահարությունները չեն կարող անպատիժ մնալ։
Իսկ ի՞նչն է հիմա ստիպել Հայաստանի իշխանություններին մտածել նման որոշման մասին։
Նախ, «բարի կամքի ժեստով» Հայաստանը ադրբեջանին է փոխանցել մեր երկրի սահմանը հատած թշնամալան զինծառայողին։ Ավելին, առանց որևէ բացատրության, թե ինչպե՞ս կարող է հանցագործը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, պարզապես ազատ արձակվել կալանքից։
Որտեղի՞ց եկավ «ազդանշանը»: Կրկին Ռուսաստանի՞ց, որը մի քանի շաբաթ առաջ կալանավորել էր մեկ այլ հանցագործի, ով 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել էր Հադրութում տարեց տղամարդու գլխատմանը, և անմիջապես հանձնել ադրբեջանական կողմին, թեև պետք է արտահանձներ Հայաստանին։
Թե՞ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարի ներշնչանքը ստիպեց Հայաստանի իշխանություններին հերթական անգամ հաճոյանալ մեր թշնամու «մեծ եղբորը»։
Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանական էլիտայի հետ և որտեղի՞ց այդքան թշնամանք սեփական ժողովրդի նկատմամբ, որն արդեն երեք տարի անհավատալի սթրեսի է ենթարկվել իր հայրենիքի մի մասի, բազմահազար որդիներ կորսնելով: Ի՞նչ վատություն են արել հայերը Հայաստանի իշխանություններին և Եւ ինչո՞վ է հայկական ազգանունով պաշտոնյաների պահվածքը տարբերվում ադրբեջանցիներից։
Ոչ մի ողջամիտ հայի մտքով չէր անցնի, որ կգան ժամանակներ, երբ սեփական իշխանություններն այսքան եռանդով կծաղրեն սեփական ժողովրդին։ Թերեւս նրանց կարելի է համեմատել միայն բոլշեւիկների հետ։
Նայելով Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ սկսում ես հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարի 20-ականներին, և ինչու Արցախն ի վերջո հայտնվեց ադրբեջանի կազմում, իսկ իրականում՝ փոքր Թուրքիայի կազմում։
Բայց կարծես թե Հայաստանի իշխանությունները թերագնահատում են իրենց ժողովրդի մտավոր ներուժը։
Արտաքին թշնամու դիմաց, իր կորուստների ցավից ու ցնցումներից, մեր ժողովուրդը դեռ դիմանում է պետական պաշտոնյաների հարձակումներին, որոնք դուրս են բոլոր ողջամիտ սահմաններից։
Բայց մարդկանց գիտակցությունը սկսում է գերակշռել հույզերին, համենայն դեպս Արցախի բռնի տեղահանված բնակիչների մոտ, ովքեր դիմացել են 36 տարվա պայքարի բոլոր դժվարություններին, անհավատալի կորուստներ են կրել միայն հարգանքի ու ճանաչման արժանի ազատ Հայրենիքում ապրելու համար։
Հանուն այս ազատության իրենց սիրելիներին կորցրած մարդկանց զգացմունքների ծաղրը չի կարող անպատիժ մնալ։ Մնում է միայն գտնել խելագարներին պատասխանատվության ենթարկելու ձև:
Մարգարիտա Քարամյան
Մուլտիպլիկացիոն հույս. ոգեշնչող պատմություն շրջափակման օրերի մասին
Անի Հայրապետյանը մանկական երեկույթների հանդիսավարի իր աշխատանքը չթողեց անգամ շրջափակման օրերին։ Մերթընդմերթ ռմբակոծվող, վտանգի տակ գտնվող ու քաղցած քաղաքում Անիի ընտանիքը ուժ գտավ ոչ միայն գոյատևելու, այլև իրենց էներգիան և ջերմությունը կիսելու փոքրիկ հայրենակիցների հետ: Վերջին օրերի հանդիսությունների ժամանակ նույնիսկ հյուրասիրություն չկար, բայց երեխաները մեկ տարի սպասել էին իրենց ծննդյան օրվան և անհրաժեշտ էր ամեն ինչ անել, որպեսզի ուրախանան։
Ծնունդով գյումրեցի, բայց ամբողջ գիտակից կյանքն Արցախում անցկացրած Անին իր մասնագիտությունն ընտրել էր դեռ մանկուց: Երեխաներին զվարճացնելու առաքելությունն ինքն ու ամուսինը իրենց վրա վերցրին և ստեղծեցին ընտանեկան կազմակերպություն: Գլխավոր նպատակն էր՝ հասնել Արցախի ամեն մի համայնք, լինել ամեն տեղ, որտեղ իրենց կարիքը կար: Շրջափակման օրերին ոտքով գյուղից քաղաք էին հասնում, որպեսզի առանց հյուրասիրության տոնվող ծնունդներին գոնե մուլտհերոսի ներկայությամբ ուրախացնեն:
Բռնի տեղահանման օրերը լի էին փորձություններով: «Մեր համայնքի`Բերքաձորի վրա շատ էին խփում, քանի որ երկու խոշոր ռազմական կարևորություն ունեցող կետեր կային, մենք չգիտեինք, հաջորդ հարվածը որտեղ կլիներ, բայց հետո հրաման ստացանք, որ պետք է տեղափոխվել հիմնական նկուղ: Գյուղը ռմբակոծվում էր, ու մենք արկերի տակ փորձում էինք փախչել: Երեխային գրկած վազում էի, երբ ուժասպառ եղա ու մտա հարևանի հավաբունը: Հետո իմացա, որ քույրս հասել է շենքի մոտ, ուր արդեն վիրավորներ կային:
Առաջին ժամվա ընթացքում մեզ գյուղից տարհանեցին և տարան Ստեփանակերտ: Մենք այլևս չկարողացանք վերադառնալ գյուղ: Այնտեղ միայն զինված տղամարդիկ էին մնացել: Կանայք երեխաների հետ նկուղում էին…ուտելու ոչ մի բան չկար: Բարի մարդիկ ռումբերի պայթյունների տակ մի բան էին բերում, որ տայինք երեխաներն ուտեն: Սեպտեմբերի 28-ի գիշերը մենք վերջապես վառելիք գտանք և դուրս եկանք»,- վերհիշում է նա:
Երևան հասնելուց անմիջապես հետո փորձեցին վարձով տուն գտնել, բայց վարձավճարները չափազանց թանկ էին: Հանգրվանեցին ծննդավայր Գյումրիում ու վերսկսեցին ընտանեկան բիզնեսը` այս անգամ ուրախացնելու են գյումրեցի երեխաներին:
Շատ կարճ ժամանակում ձեռք բերեցին մեծ թվով պատվիրատուներ: «Արցախցու թասիբը շատ բարձր է, արցախցիները աշխատասեր են: Աշխատելու ուժ չկա, մեր թևերը կոտրվել են, բայց պետք է շարունակել: Ինչ-որ մի բան պետք է մտածենք ոտքի կանգնելու համար»,- ասում է նա:
Տաթև Ազիզյան
Հայասեր. «Շատ եմ ուզում աշխատանք գտնել և ընտանիքիս հոգսը ինքս հոգալ»
Հայասեր Պետրոսյանը ծնվել է 1988 թվականի մայիսի 25-ին Ստեփանակերտում։ Ավարտել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցը։ Վերապրել է 4 պատերազմ:
Արցախյան առաջին պատերազմի սկզբում նա շատ փոքր էր, բայց հստակ հիշում է այդ սարսափելի տարիները։
«Ես երբեք չեմ մոռանա այդ ցուրտ ու քաղցած ժամանակները, մենք քնում ու արթնանում էինք արկերի պայթյունի ձայներից՝ մութ, խոնավ նկուղներում։ Ուտելու բան չկար, և այդպես շարունակվեց մինչև Շուշիի ազատագրումը։ Մենք գոյատևել ենք անմարդկային պայմաններում, քանի որ հավատում էինք հաղթանակին։ Բայց, ցավոք, արցախցիների փորձությունները դրանով չավարտվեցին, թեև մեր գործն արդար էր։
90-ականների պատերազմից հետո, թվում էր, թե խաղաղություն է եկել… Դպրոցն ավարտեցի ու սկսեցի ապագայի պլաններ կազմել։ 2015-ին ընտանիք կազմեցի, և բառացիորեն մեկ տարի անց նորից փորձանքը պատեց մեզ։ Ես, ինչպես բոլորը, ոտքի կանգնեցի պաշտպանելու իմ Հայրենիքը։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմը տեւեց ընդամենը 4 օր, այն կարողացավ հարյուրավոր կյանքեր խլել, այդ թվում՝ ինձ մերձավոր մարդկանց։
Բայց չնայած կորուստներին, հաղթանակն այս անգամ եւս մերն էր։ Ինչպես ողջ արցախցիները, ես էլ ուժերս հավաքեցի ու շարունակեցի ապրել։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Այս անգամ պատերազմը տարբերվում էր նախորդներից։ Հակառակորդը միաժամանակ սկսել է առաջխաղացումը շփման գծի ողջ երկայնքով։ Նա գերազանցում էր մեզ թե’ տեխնիկայով, թե’ կենդանի ուժով: Մենք ստիպված էինք պայքարել մի քանի պետությունների, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների դեմ։ Բայց մեր մարտական ոգին չկոտրվեց։ Մենք անհավասար մարտում շարունակեցինք պաշտպանել մեր ազգային շահերը։ Եվ, հավանաբար, կպաշտպանեին, եթե ամեն ինչ արդար լիներ։
Բայց պարտվեցինք։ Թեկուզ չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո բոլորը վերադարձան հայրենիք՝ այն հույսով, որ վերջապես կգա այդքան սպասված խաղաղությունը։ Մեզ էլի խաբել են. ռուս խաղաղապահ ուժերի ներկայությամբ Ադրբեջանը ամեն կերպ ճնշում էր արցախցիներին։ Այն խաղաղությունը, որին մենք հույս ունեինք, փոխարինվեց 9-ամսյա շրջափակմամբ։ Մենք կրկին գոյատևեցինք անմարդկային պայմաններում։
2023 թվականի մարտին ես վթարի ենթարկվեցի և ողնաշարի վնասվածք ստացա։ Կարմիր խաչի օգնությամբ ինձ տեղափոխեցին Երեւան, որտեղ կատարվեց վիրահատությունը։ Երեւանում կարճատեւ մնալուց հետո վերադարձա Արցախ։ Վերականգնողական փուլ անցա Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին և ամեն ինչ արեցին ինձ լիարժեք կյանքի վերադարձնելու համար։ Կարելի է ասել, որ դա նրանց հաջողվել է։
Ինչ-որ չափով ես դարձա անկախ և ինքնավստահ, չնայած այն հանգամանքին, որ սայլակով էի։ Եվ միգուցե ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե չլիներ սեպտեմբերի 19-ը։
Ընդամենը մեկ օր պատերազմ, բայց դարձյալ հարյուրավոր զոհեր, վիրավորներ և արդյունքում՝ հայրենիքի լիակատար կորուստ։ Մենք թողեցինք մեր տունը՝ ամեն ինչ։ Հարազատներն օգնեցին մեզ հեռանալ։ Երեք օր ճանապարհին էինք։ Ժամանելուց հետո մի քանի օր էլ ապրեցինք մեքենայում՝ բնակարան փնտրելով։
Հիմա ապրում ենք Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որտեղ 120.000 դրամով բնակարան գտանք։ Առանց կենցաղային տարրական պայմանների, սարսափելի վիճակում, պատերը խոնավ և բորբոսած։ Տաք ջուր չկար, ջեռուցման միջոց չկար։ Մենք ինքնուրույն արեցինք հնարավոր ամեն ինչ։
Ես երեք երեխա ունեմ։ Մեր ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Մենք գոյատեւում ենք պետության կողմից արցախցիներին ցուցաբերվող օգնության շնորհիվ։ Քանի որ Արցախում ես չեմ հասցրել հաշմանդամության խումբ ստանալ, զրկված եմ նաեւ թոշակից։ Իսկ այստեղ դա կապված է մեծ դժվարությունների և ժամանակի հետ։
Շատ եմ ուզում աշխատանք գտնել և օգտագործել իմ ներուժը ընտանիքս պահելու համար»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Հայասերը։
Արսեն Աղաջանյան
Տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։
Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հայրիկյան․ իրավապահները պարտավոր են կասեցնել պետությանը հսկայական վնասներ պատճառած այս հանցագործությունը
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ պահանջեց իրավական գնահատական տալ սահմանադրական բարեփոխումները ձախողած իշխանություններին։
Հայրիկյանը կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների համար մոտ 200 մլն դրամ է ծախսվել, բայց անարդյունք։
«Հայաստան պետության բոլոր իրավապահները պարտավոր են անհապաղ միրջոցներ ձեռնարկել պետության իրավական բովանդակության դեմ ուղղված, պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Ոչ թե մենք պետք է դիմեինք դատախազություն, այլ դատախազությունն ինքը պետք է արդեն գործ հարուցած լիներ։
Գործ ունենք ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված մի շարք կոռուպցիոն հանցագործությունների հետ, ամենամեղմն անփութությունն է եւ իշխանության չարաշահումը, ապօրինի աշխատավարձերի հատկացումը, իրավական ակտի բովանդակության աղավաղումը։ Սակայն ամենակարեւորն այն է, որ այս կոռուպցիոն խումը ոտնձգություն է կատարել Հայաստաի Հանրապետության Սահմանադրության սրբության սրբոց, անփոփոխելի դրույթի դեմ, այն է՝ Հայաստանը իրավական պետություն է։
Հույս ենք հայտնում, որ Գլխավոր դատախազությունը կգիտակցի իր պատասխանատվությունը եւ այս անգամ հետեւողական կլինի իր պարտականությունները կատարելու հարցում»,- հայտարարեց Հայրիկյանը։
Նրա պահանջին միացել էին նաեւ այլ քաղաքական ու հասարակական գործիչներ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ հանցագործության մասին դիմումին ընթացք է տրվել, այն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Այո, մենք չենք կատարել նախընտրական ծրագիրը, բայց բյուջեից չենք գողանում
Մարդկանց ուղեղները լվանալու արվեստին տիրապետող պոպուլիստ Փաշինյանը փորձում է իր անմիջական պարտականությունների կատարումը ներկայացնել որպես մեծ լավություն։ Փաշինյանը հայտարարում է, որ «ճանապարհներ ենք կառուցում, տներ ենք կառուցում», «մարդկանց եկամուտներն ենք ավելացնում», «բոլորին ստիպում են հարկեր վճարել», իբր սա ոչ թե իշխանության պարտականությունն է, այլ մեծ հրաշք, որը նախկինում ոչ ոք չի կարողացել անել։ Բայց ամենամեծ «ձեռքբերումը» Փաշինյանը համարում է այն, որ չեն գողանում։
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում նա ասաց. ««Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է:»։
Ինչպես ասում են՝ հասանք։ Այսինքն՝ մարդիկ նորից պետք է գնան ու ընտրեն Փաշինյանի կուսակցությունը միայն այն պատճառով, որ այն չի գողանում, թեպետ այս իշխանության ողջ տնտեսական քաղաքականությունը ժողովրդի գրպանը մտնել ու վերջին կոպեկը հանելն է։ Նույն տրամաբանությամբ բժիշկները կարող են պարծենալ, որ բուժում են մարդկանց, իսկ կոշկակարները՝ որ կոշիկներ են կարում և երբեք չեն մտնում իրենց հաճախորդների դրամապանակը՝ ամբողջ գումարը վերցնելու համար։
Փաշինյանն ակնհայտ անհեթեթություններ է ասում իր ամոթը կոծկելու համար։ Նա հո գիտի, որ իշխանության գնահատման «չափանիշը» նախընտրական ծրագրի իրականացումն է, որի համար նա ստացել է մանդատ և լիարժեք իշխանություն, այդ թվում՝ բռնության իրավունք։
Փաշինյանը փորձում է չհիշատակել այս «չափանիշը»՝ զբաղեցնելով ընտրողների ուշադրությունը նրանով, որ նրանք, տեսնում եք, բյուջեի նկատմամբ ոտնձգություն չեն անում։ Իսկ կատարե՞լ եք ձեր նախընտրական ծրագիրը։ Թե՞ կարծում եք, որ իրավունք ունեք ընթացքում փոխել կանոններն ու նախընտրական խոստումները։ Իսկ գուցե 2021 թվականին, երբ ներկայացնում էիք նախընտրական ծրագիրը, արդեն գիտեի՞ք, որ այն չեք իրականացնելու, չեք պաշտպանելու Արցախը, չեք կարողանա պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
Նախընտրական ծրագրի չկատարումը եւ դրանով հանդերձ իշխանություն պահելը՝ պետական հանցագործություն են, ավելի վատ, քան «բյուջեի հանդեպ ոտնձգությունը»։ Փաշինյանի իշխանությունը պետք է իմանա, որ ընտրողները անմիտ զանգված չեն, որոնց ուղեղներն անընդհատ կարելի է լվանալ։
Հիշվում է՝ Պարույր Հայրիկյանն ասում էր, որ հանցագործության մասին ծանուցում կներկայացնի դատախազություն, քանի որ նախընտրական ծրագիրը չկատարելը հանցագործություն է։
«Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, եւ հարցն այդքանով կլուծվի». Միրզոյան
Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խոսքը միայն «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու մասի՞ն է, թե Հայաստանի մյուս տարածքներից եւս, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանից։
«Հայտարարությունը եղել է Զվարթնոցի մասին, հետեւաբար, խոսում ենք միայն Զվարթնոցի մասին»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։
«Ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին։ Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրեւ աջակցություն նորանկախ հայկական պետականությանը։ Եվ նախատեսված էր այդ գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենար։ Եվ երբ Հայաստանը կունանա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացվեն Հայաստանի պատկան մարմինների միջոցով։ Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է Զվարթնոց օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը, եւ ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին։ Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, եւ հարցն այդքանով կլուծվի»,- հայտարարեց Միրզոյանը։
Forrights. Բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո․«կանգնեցրել ու վախեցրել են»
Արցախից բռնի տեղահանված 42-ամյա Ռուդիկ Առուշանյանը՝ 1, 3, 5, 8, 9, 11 տարեկան երեխաների և կնոջ հետ հաստատվել է Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Մի շարք սոցիալական խնդիրներ ունեն։ Մինչ օրվա հոգսերին անդրադառնալը Ռուդիկը պատմում է 44-օրյա պատերազմից հետո տեղից-տեղ բռնի տեղահանվելու մասին։
Ռուդիկ Առուշանյանը Հադրութի Դրախտիկ գյուղից է։ Այնտեղ ապրել է մինչև 44-օրյա պատերազմը։ Երբ գյուղում ապրելն անհնարին է եղել, կնոջն ու երեխաներին ուղարկել է Հայաստան, ինքը մասնակցել մարտական գործողություններին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո փորձել են հաստատվել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում։ Այնտեղ, սակայն, ապրել են մեկ օր։ Նոյեմբերի 19-ին գնացել են, 20-ին՝ տեղահանվել։
«Նոյեմբերի 20-ին երեխաների հետ նստած հաց էինք ուտում, ադրբեջանցիները քացով դուռը բացեցին, լցվան տուն։ Ասացին՝ հելեք, գնացեք։ Իրենց ավտոների կալոնան կանգնեց, չորս հոգի զինված մտան տուն՝ ավտոմատները ձեռքերին։ Ասում է՝ ժամանակ ենք տվել, որ գնանք, ինչո՞ւ չեք գնացել, բայց մեզ բան ասող չի եղել։ Ռուսներ չկային հետները։ Կնոջս ու երեխաներիս ուղարկեցի, ես հետ եկա, ուզում էի փոքր երեխայիս իրերը վերցնեի։ Քացով խփեց ձեռքիս, պայուսակն ընկավ։ Տանն ինչ կար մնաց։ Երեխաները դամաշնիկով, լաթիկով դուրս եկան»,- Faorrights.am-ի հետ զրույցում պատմում է Ռուդիկ Առուշանյանը և նշում, որ մեծաթիվ զորք է լցվել Վազգենաշեն, չորս-հինգ հոգով լցվել են տներն ու բոլորին հանել։
Ադրբեջանցիների բռնի գործողություններից հետո Ռուդիկը սկսել է հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերում տուն փնտրել, տեղափոխվել են Աշան։ Ռուդիկն ընտանիքի հետ մինչև սեպտեմբերի 19-ն ապրել է այս գյուղում։
«Կրակոցները, որ սկսվեցին երեխաների կեսը դպրոցում էին, գնացի բերեցի ու բարձրացա պոստեր։ Հանձնած էր, բայց մեզ չէին ասում, անիմաստ զոհեր տվեցինք, մենք չենք իմացել, որ հանձնած է։ Մեկ օր անցավ զանգեցին, թե զենքերը դրեք, իջեք, Ղարաբաղից դուրս ենք գալիս։ Դիրերում շատ վատ վիճակ էր»,-ասում է, որ այս պատմության դրական կողմնն այն է, որ դիրքում 9 հոգի են եղել, որևէ մեկը չի զոհվել կամ վիրավորվել։ Օգնել են նաև մյուս դիրքերի տղաներին դուրս գալ։
Ռուդիկը երրրորդ անգամ է ստիված եղել լքել իր տոնը։ Սեպտեմբերի 20-ին Աշանից եկել են Ստեփանակերտ։ Ընտանիքի բռնի տեղահանումն ընթացել է զինված ադրբեջանցիների ճնշումների ներքո։ «Գյուղից Ստեփանակերտ տանող ամբողջ ճանապարհին իրենք էին։ Կագնացնում էին ու ստուգում։ Օրինակ մեքենա է եղել, կանգնեցրել են ու սնունդը վերցրել, սոկերը վերցրել են։ Մինչև հասանք Ստեփանակերտ երեք-չորս տեղ կանգնած էին։ Ավտո է եղել, որ կանգնեցրել ու վախեցրել են, եղել է, որ հարվածել են մեքենային, իրենց լեզվով հայհոյել են, վատ վիճակ է եղել»։
Ռուդիկի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ Forrights.am-ի հետ զրույցում փոխանցում է, որ ՀՀ կառավարությունից աջակցությունը թերի է ստացել։ «100 հազար և 50 հազար դրամները լրիվ ստացել ենք (նկատի ունի յուրաքանչյուր անձի միանվագ տրվող 100 հազար և 50 հազար դրամները), 40+10 հազար դրամները նոյեմբեր, դեկտամբեր ամսվանից չեն ստացել, հունվարին միայն 200 հազար դրամ են փոխանցել, բայց չգիտեմ, թե դա ինչի համար է, մենք 8 հոգի ենք։ Գնում եմ սոցապ, ասում են՝ նստելու է քարտին, բայց, թե երբ կնստի, չգիտեմ»,-ասում է նա ու նշում, որ մինչ այս տրված գումարով տան համար օգտագործված գույք է առել՝ մահճակալ, պահարան, ինչպես նաև վառելափայտ, որն արդեն վերջացել է։
Ռուդիկը նաև էլեկտրական սղոց է գնել, որպեսզի գումարով փայտ կտրտի, սակայն, աշխատանքի առաջարկ դեռ հաճախակի չի ստանում։ Սպասում է գյուղատնտեսական աշխատանքերի մեկնարկին։
Ընտանիքը սննդի և խնամքի միջոցների կարիք ունի։ «Երեխաներին շոր ու կոշիկ գնելու գումար չկա, երեք դպրոցական երեխա ունեմ։ Անգամ փամփերս չկա, որ երեխային հագցնեմ»,-ասում է բազմազավակ մայրը։
Նարեկ Կիրակոսյան
Ազգային անվտանգության ծառայության օրը նշվելու է ոչ թե «Չեկիստի օրը», այլ հունվարի 20-ին
Ազգային անվտանգության մարմինների օրը Հայաստանում կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում։
Դեկտեմբերի 20-ը ոչ պաշտոնապես նշվում էր որպես Չեկիստի օր։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում, չնայած անկախությանը, նշում էին ԱԱԾ-ի 90, նույնիսկ 95-ամյակը՝ նույնականացնելով ՀՀ ԱԱԾ-ն խորհրդային անվտանգության մարմինների հետ։ Հետո «տարիքը» փոխվեց, բայց «ծննդյան օրը» մնաց։ Կփոխվի՞ Հայաստանի անվտանգության մարմինների պատկանելությունը ռուսական հետախուզական ծառայություններին և կիրականացվի՞ լյուստրացիա։
Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ
Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարոն Ղուկասյան, իշխանությունը հիմա էլ շրջանառության մեջ է դրել թեզը, որ կարող են հրաժարվել Բաքվի դեմ ներկայացված հայցերից։ Հարցին, թե Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարո՞ղ է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես մանրամասներ չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք։ Մեր հանրապետության դեմ եւս հայցեր կան»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
-Հայաստանի վերանախավը հետեւողական քաղաքականություն է վարում՝ հայ ժողովրդին նսեմացնելու, հայերի արժանապատվությունը տրորելու, մարդկանց վրա թքելու ուղղությամբ։ Այդ թեզը շրջանառության մեջ դնող գործիչը հայտնի է հենց քաղաքացիների վրա բառիս բուն իմաստով թքելու արարքով։ Եթե երկու շաբաթ անցնի, եւ իրենք հայերին ցավ պատճառող, նսեմացնող ինչ-որ հակահայկական հայտարարություն չանեն, երեւի կհամարեն, որ իզուր են ապրել այդ երկու շաբաթը։ Մենք անընդհատ այդպիսի հայտարարություններ ենք լսում։ Երեւի մի օր էլ կլսենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանվանել «Արեւմտյան Ադրբեջան», պետական կրոն ընդունել իսլամը, եւ բոլորի ազգանունները դարձնել ադրբեջանական, գրագրությունն էլ իրականացնել ադրբեջանական տարբերակով։ Այդ դեպքում բացարձակ անվտանգության կհասնենք։
-Բաքվի պատերազմական հանցագոծությունների հարցը միջազգային դատական ատյաններում բարձրացնելով՝ ի՞նչ արդյունքի է հնարավոր հասնել, եթե հետեւողական աշխատանք տարվի։
-Տեղի է ունեցել հանցագործություն՝ էթնիկ զտում։ Միջազգային փաստաթղթերում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն արդեն ստացել են այդ ճանաչումը։ Ես նկատի ունեմ Եվրամիության վերջին բանաձեւը, եւ այլն։ Այսինքն՝ ինչի՞մասին է խոսքը, դա պարտականություն է, պարտավորություն է։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, օրենքի կողմը պահող սուբյեկտները պարտավոր են իրավունքի պաշտպանության գործառույթները կատարել, դա ցանկության հարց չէ։ Մարդիկ են մահացել, ցանկացած մարդ մահանում է, քրեական գործ է հարուցվում։ Դա հանցագործություն է, եթե իրավապահ համակարգն այդպես չի գործում, ուրեմն առհասարակ չի գործում ու չի կարող կարող համարվել իրավապահ համակարգ։ Նույնը միջազգային հարաբերություններում է։ Այն ատյանները, որոնք փաստը հաստատող, գնահատական տվող, անաչառ գործառույթ իրականացնելու մանդատ ունեն՝ ճանաչված միջազգային հանրության բոլոր անդամների կողմից, այդ գործառույթը պետք է իրականացնեն՝ փաստերով հիմնավորված թեզերի հիման վրա։ Այն է՝ 1988 թվականից ի վեր Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ փաստերը։ Այդ աշխատանքն անհրաժեշտ ու պարտադիր բնույթ է կրում, ոչ թե ցանկության կամ քաղաքական նպատակահարմարության հարց է։
-Ի՞նչ նպատակ եք տեսնում Հայաստան իշխանությունների այսօրինակ գործողությունների հիմքում։
-Նպատակն է նսեմացնել հայ ժողովրդին, անընդհատ դեմորալիզացնել հանրությանը, թքել մարդկանց վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջատար գործիչների համար մարդկանց վրա թքելը դարձել է քաղաքականություն, կրեդո։ Իրենք ապրում են հայերի նկատմամբ ատելությամբ։ Եվ միգուցե հրապարակային ելույթներում վարչապետը մարդկանց դիմում է՝ «հպարտ քաղաքացիներ» եւ այլ դիմելաձեւով, բայց այս հանդուժողոկանությունը, որն անձամբ ցուցաբերում է ինքը իր մտերիմ գործիչների հայտարարությունների նկատմամբ, եւ այն արտահայտությունները, որոնք ինքն է անում, երբ խոսում է ազգային ընդհանուր նպատակներից հրաժարվելու մասին, այդ մթնոլորտը, քաղաքականությունը եւ գործողությունները ես որակում եմ ատելություն հայ ժողովրդի, հայկական ինքնության նկատմամբ։ 2018 թվականին մարդիկ իրենց ներկայացրեցին որպես հայ ժողովրդի շահերն առաջ տանողներ, արդարության համար պայքարողներ, բայց մենք տեսնում ենք, որ ոչ այդ արդարությունը հասանելի դարձավ մեր երկրի ներսում, ոչ էլ միջազգայի հարաբերություններում Հայաստանն ինչ-որ առաջընթաց ունի։
Թե ինչու հայերին պիտի դնեն այս վիճակի մեջ, որ մեղքերի համար, ես չեմ հասկանում։ Նույնիսկ եթե թուրքերը հիմա ղեկավարեին Հայաստանի Հանրապետությունը, իրենք ավելի զգուշավոր կլինեին հայ ժողովրդի նկատմամբ անհարգալից իրենց դրսեւորումներում։ Սրանք իրենց հայ են համարում եւ երեւի գտնում են, որ իրենց ցանկացած լպրիշ դրսեւորում այս հանրությունը հանդուրժելու է։
Մեքենայի տեխզննության ժամանակ նոր նախագծով կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարորդների և մեքենա ունեցողների համար․
Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։
Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»։
news.am