«Զվարթնոց» օդանավակայանը կարող է նախադեպ դառնալ. ի՞նչ կարող է հակադրել Մոսկվան

Երևանն առաջարկել է Մոսկվային դուրս բերել ռուս սահմանապահներին, ովքեր աշխատում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետում, գրում է BBC-ն։

«Առաջարկել» բառն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս քաղաքական և իրավական ակտի բնույթի մասին, որը կարող է դառնալ կարևոր նախադեպ: Կամ այն բանի նախադեպ, որ Հայաստանը կհասնի իր օրինական պահանջի կատարմանը, կամ Մոսկվայի կողմից «անմեղ առաջարկի» համար «պատժվելու» նախադեպ։

Չորեքշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ օդանավակայանում հսկողությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը։ Հարցին, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, Գրիգորյանը պատասխանեց, որ անկախության շրջանում Հայաստանն ստացել է օդանավակայանի ամբողջական վերահսկողության բոլոր հնարավորությունները, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Այս հստակ դիրքորոշման մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է Ռուսաստանի Դաշնությունը»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը։

Մոսկվան չգիտի պաշտոնական նամակի մասին, ավելին, Կրեմլը չի ​​ասել՝ ընդունո՞ւմ է Հայաստանի օրինական «առաջարկը», թե՞ այն անօրինական է համարում։ Սա չափազանց կարևոր հարց է, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահները ծառայում են առանց փաստաթղթային պայմանագրային հիմքի։ Ինչպես օրինական հիմք չկա Հայաստանի և ադրբեջանի պայմանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության համար։

Եթե ​​Մոսկվան օրինական համարի “առաջարկը” եւ համաձայնի դուրս բերել սահմանապահներին օդանավակայանից, ապա Սյունիքից և Վայոց Ձորից եւս պետք է դուրս գա։ Իսկ Մոսկվայի մերժումը սահմանապահներին օդանավակայանից դուրս բերելը կարող է կասկածի տակ դնել իր ռազմական ներկայության իրավական հիմքերը Հայաստանում ընդանրապես:

Մոսկվան, ինչպես միշտ նման դեպքերում, գործում է ոչ թե իրավական, այլ սպեկուլյատիվ տարածքում։ Անմիջապես սկսվեց «պատասխանի» մասին խոսակցությունը, կարծես Հայաստանը Ռուսաստանից պահանջում է Կրասնոդարի երկրամասը, այլ ոչ թե «առաջարկում» է դուրս բերել սահմանապահներին սեփական օդանավակայանից։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը մարտի 6-ից փակում է Վերին Լարսը (այն ​​փաստացի փակվեց բեռնատարների համար՝ բայց վատ եղանակի պատճառով)։ Նորից սկսեցին խոսել այն մասին, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում» (առանց նշելու, որ Ուկրաինայի հետ պատերազմը չի խանգարում միլիոնավոր ուկրաինացիների ապրել Ռուսաստանում և հակառակը)։

Հայկական մամուլում եւս արտահոսքեր սկսվեցին։ Այսօր «տեղեկություններ» հայտնվեցին Արմեն Գրիգորյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխող խմբակցության հետ հանդիպման մասին, որտեղ նա իբր ասել էր, թե Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է պորտալարով, որ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերը կարող են հանգեցնել Վերին Լարսի փակմանը և անվտանգության խնդիրների, որ Արևմուտքը պատրաստ չէ «դիվերսիֆիկացիային» և վաղաժամկետ է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար: Նա, իբր, ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը և ռուսական բազաների դուրսբերումը չի քննարկվում, բայց հայտարարությունները տալիս են իրենց պտուղները՝ Լավրովը զանգահարել է Միրզոյանին (այսինքն՝ նախկինում չէր զանգահարել)։

Եթե ​​տեղեկությունը հավաստի է, և եթե Մոսկվան զորքերը դուրս չբերի Զվարթնոցից, ապա այս պատմությունը կդառնա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ուժեղացնելու ևս մեկ նախադեպ, ինչպես նաև գործող իշխանության «հակառուսական» իմիտացիոն էության վառ ապացույցը։

1992 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ ռուսական սահմանապահ զորքերի չորս ջոկատներ հսկողություն են իրականացնում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին՝ Գյումրի, Արմավիր, Արտաշատ և Մեղրի բնակավայրերում։ Ու վերջ:

Նաիրա Հայրումյան

Ֆրանսիան համաձայն է Իրանի հետ Հայաստանի հարցում. բայց Իրանը բաց կթողի՞ զենքը

Իրանը անհանգստացած է Հայաստանի փորձերով՝ դիվերսիֆիկացնելու իր անվտանգության համակարգը և Հայաստանում «արտտարածաշրջանային» ուժերի ի հայտ գալու հնարավորությունից, միևնույն ժամանակ խստորեն հանդես է գալիս սահմանների և տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Թեեւ ակնհայտ է, որ առանց արտաքին օգնության Հայաստանը չի պահպանի իր ամբողջականությունը։ Իսկ «դաշնակիցները»՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի և «բարեկամ» Էրդողանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ամբողջականության փլուզման հիմնական շահառուներն են։

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի երեկոյան իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կովկասյան տարածաշրջանը չպետք դառնա մրցակցային դաշտ այլոց համար։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նա պնդել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունքն է ունենում՝ տարածաշրջանը վերածելով ուժերի բախման վայրի և նոր խնդիրներ ստեղծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և նրանց հողերի նկատմամբ ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխությանը, ընդգծել է Աշտիանին՝ հավելելով, որ Իրանը հավատարիմ է այս քաղաքականությանը Կովկասում։

Միաժամանակ Իրանը հրապարակավ չի հայտարարել տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերի դեպքում ռազմական միջամտության իր մտադրության մասին։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Իրանը համաձայն է օգնել Հայաստանին անհրաժեշտ սպառազինության մատակարարման լոգիստիկ հարցերում։

Վերջին շաբաթներին Հայաստանը փորձում է «դաշնակիցներ» գտնել՝ ռազմական ներխուժման հնարավորության մասին խոսակցությունների ֆոնին։ Պապիկյանն այցելել է Հնդկաստան, որից հետո համաշխարհային լրատվամիջոցները սկսել են խոսել Հայաստան հնդկական զենք մատակարարելու մասին։ Փաշինյանն ու Պապիկյանն այցելել են Ֆրանսիա, եւ հաջորդ օրերին Հայաստան են այցելել Ֆրանսիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները։ Վրաստանի հետ ստորագրվել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր, իսկ Հայաստանի դեսպանը վերջերս հանդիպել է Վրաստանի պաշտպանության նոր նախարարի հետ։ Նախատեսված է Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը։ Երեւան կատարած այցի ընթացքում հույն նախարարը խոսել է Հունաստան-Ֆրանսիա-Հայաստան-Հնդկաստան ռազմական համագործակցության մասին։

Իրանը բացակայում էր այս շղթայից, բայց Ֆրանսիան «լրացրեց» այդ բացը։

Մենք չենք մտածում ազդեցության ոլորտների բաժանման կատեգորիաներով, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից։ Եվ միայն Ֆրանսիան չէ, որ իսկապես անհանգստացած է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում երեկ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը` Հայաստանի հարևան պետությունը, նույնպես բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Մենք շատ հարցերում համաձայն չենք Իրանի հետ, բայց սա այն հարցն է, որի շուրջ մենք միակարծիք ենք»,- ասել է դեսպանը:

Դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում հավատարմագրված Ֆրանսիայի և Իրանի դեսպանները հանդիպել եւ քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է անձեռնմխելի լինեն։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը կարող են կանխել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կասեցնել սահմանների փոփոխությունները տարածաշրջանում։

Լոգիստիկան շարունակում է մնալ պաշտպանական համագործակցության կարևոր բաղադրիչ, և այս առումով Իրանի դիրքորոշումը չափազանց կարևոր է։ Ռուսական փաբլիկները ուրախությամբ մեջբերում է Դանիել Իոննիսյանին, ով ասել է, որ Իրանը, իբր, հրաժարվել է թույլ տալ, որ ֆրանսիական զենքը իր տարածքով անցնի Հայաստան, և «Վրաստանը մնում է միակ ճանապարհը»։ Փաբլիկները գրում են, որ Բաքվին և Թեհրանին հաջողվել է համաձայնության գալ Հայաստանի տարածք զենքի տարանցման արգելքի շուրջ։ Ի՞նչ կասի Պապիկյանը։

Պուտինը ճանաչեց Միացյալ Նահանգները որպես գերտերություն, բայց մեղադրեց աշխարհակարգը խափանելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ, ԱՄՆ-ին անվանել է գերտերություն։

Պուտինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ և «յուրահատուկ» երկիր է, որը պատմական համեմատաբար կարճ ժամանակահատվածում իր ժողովրդի տաղանդի շնորհիվ հասել է գերտերության կարգավիճակի։

«Սա ակնհայտ փաստ է»,- ասել է Պուտինը

Այդուհանդերձ, շարունակեց Պուտինը, համաշխարհային հարթակում իր մենաշնորհը պահպանելու ԱՄՆ-ի ցանկությունը հանդիպում է շատ երկրների, այդ թվում՝ դաշնակիցների դժգոհությանը:

Վաշինգտոնը որոշել է, որ միջազգային հարաբերությունների նախկին համակարգը, որը ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, «իրենց այլևս պետք չէ» և «դա իրենց չի սազում, քանի որ աշխարհում հավասարակշռությունը փոխվել է», – ասել է նախագահը։

Պուտինի խոսքով, «ամերիկյան իշխող վերնախավերը» ստեղծեցին իշխանության մենաշնորհը և սկսեցին ամրապնդել այն, բայց բախվեցին այն փաստի հետ, որ «աշխարհի երկրների ճնշող մեծամասնությանը դա իսկապես դուր չի գալիս», ներառյալ նրանց դաշնակիցները: «Եվ թաքնված, աստիճանաբար բոլորը տեսան, որ նման ձևավորվող աշխարհակարգին դիմադրությունը մեծանում է: <…> Եվ սկսվեցին խնդիրներն ու խափանումները»,- ասաց նա:

«Իրադարձություններ Իրաքում, Սիրիայում, նախկին Հարավսլավիայում… Ես հիմա չեմ խոսի պատճառների մասին։ Բայց այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ չկային։ Միացյալ Նահանգներն ինքը բաց է թողել այս ջինին շշից: Բայց եթե թույլատրվում է նրանց, ապա ինչո՞ւ մյուս երկրներին չի թույլատրվում նույն կերպ պաշտպանել իրենց հիմնական շահերը»։ – ասել է Պուտինը։

Այս պահին Վերին Լարսում հայկական բեռնատարների համար արգելք չկա

Հայ արտահանողները լսել են, որ հնարավոր է արգելեն Վերին Լարսի անցակետով հայկական բեռնատարների մուտքը Ռուսաստան, բայց այսօրվա դրությամբ արտահանման հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել։ «Օրիգինալ Տրանսպորտ Գրուպ» ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ է մամուլում շրջանառվող այդ տեղեկություններին, բայց այսօրվա դրությամբ որեւէ խնդիր չկա։

«Մենք լսել ենք նման խոսակցություններ, բայց այս պահին որեւէ խնդիր չկա, մեքենաները նորմալ հատում են սահմանը։ Մենք այս պահին մեքենա ունենք, բարձված գնում է, եւ ինֆորմացիա չունենք, որ չեն թողնելու անցնել մաքսակետով»,-ասաց նա։ Վարուժան Քոլյանը նշեց, որ պատկան մարմիններից չեն փորձել տեղեկատվություն ստանալ այդ հարցով, Վերին Լարսի անցակետի մաքսավորներից են փորձել ճշտել՝ արդյոք այդ տեղեկությունները ճի՞շտ են։ «Մեզ մաքսավորներն ասել են, որ այս պահին նման խնդիր դրված չէ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Նշենք,որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նույնպես ասել էր, որ ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, թե Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։

Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում պարբերաբար խնդիրներ են ստեղծվում հայ արտահանողների համար։ Նախորդ տարեվերջին՝ նոյեմբեր ամսին տեղեկություն եղավ, որ հայկական բեռնատարներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։ Այդ ժամանակ արտահանողները հայտարարեցին, որ ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները, բուսասանիտարական եւ անասնաբուժական հավաստագրերով բեռները սահմանը հատելու խնդիր են ունենում։ Միրգ-բանջարեղենով, կենդանական ծագում ունեցող ապրանքներով բեռնված մեքենաները հետ էին ուղարկվում Հայաստան։ Դրանից ամիսներ առաջ էլ դարձյալ ահազանգ եղավ, որ ռուսական կողմում ռենտգեն սարքավորումների պակաս կա, ինչը դժվարացնում էր ձեւակերպումների գործընթացը, գոյացել էին մեծ հերթեր։

Վարուժան Քոլյանից հետաքրքրվեցինք՝ այս փուլում արտահանողներն որեւէ խնդրի բախվո՞ւմ են։ «Հիմա մաքսակետը բնականոն աշխատում է, բայց ապրանքներ կան, որոնք հատուկ զննության են ենթարկվում։ Այդտեղ մեքենաներ կան, որոնք երկար սպասում են, բայց դա աշխատանքային պրոցես է, որպես բեռնափոխադրող՝ այս պահին ուրիշ խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։

 

Տնօրհնեք. փախստականներին օգնելու առաքելությունը

Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Շանթ և Մարինե Չարշաֆճեաններին նմանեցնում են նոր սերնդի Մոնթեի և Սեդայի հետ։

Ամերիկայում ծնված և մեծացած Շանթը Հայաստան էր եկել 2020թ. պատերազմից առաջ։ Արցախի գեղատեսիլ վայրերն այցելելուց հետո զգաց, որ Մարտունին յուրահատուկ ձգողականություն ունի։ Նորաստեղծ ընտանիքը որոշեց «արմատներ գցել »Մարտունիում։

Սովորեցին բարբառը։ Զուգահեռ հասցնում էին օգնություն ցուցաբերել 2020 թ. պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Շրջափակման օրերին հնարավորություն ունեին Կարմիր Խաչի օգնությամբ դուրս գալու Արցախից, բայց նախընտրեցին մնալ  ու շարունակել պայքարը։

2023թ. պատերազմից հետո ապրած հիասթափությունը նրանց չստիպեց հեռանալ երկրից, այլ ոգևորեց զբաղվել հայրենանվեր գործով, նպաստել, որ հայը մնա հայրենիքում։ Շանթի ջանքերով ստեղծված Lorik humanitarian fund մարդասիրական հիմնադրամի օգնությամբ Արցախից բռնի տեղահանված 6 ընտանիք արդեն ապահոված է մշտական բնակության վայրով։

«Պատերազմից հետո տեսանք, որ արցախցիները Հայաստան եկած են և տուն ու տեղ ապահովելու շատ մեծ խնդիրներ կան: Եթե ուզում ենք, որ արցախցիները մնան Հայաստանում, պետք է փորձենք կարողություների չափով օգնել, օգտագործել բոլոր առիթները, որ մարդիկ մնան երկրում, ապահովել տնով: Սա 6-րդ ընտանիքն է, որ կարողացել ենք ապահովել մշտական տնով: Շատ կարևոր է ինձ համար, որ պահենք մեր սրբությունները, մեր բարբառը: Ուրախ ենք, որ տեր հայրը եկավ և օրհնեց տունը: Հուսով ենք, որ կկարողանանք միասնաբար վերադառնալ Արցախի մեր տները: Մի քանի տուն էլ վերանորոգման փուլի մեջ է, հուսով ենք շուտով կավարտենք և էլի ընտանիքներ կտեղավորենք: Սփյուռքում կան տարբեր կազմակերպություններ, որոնք փորձում են դրամահավաքների միջոցով օգտակար լինել: Ողջունելի կլինի, որ ավելի շատ մարդիկ ներգրավեն և փորձեն իրար օգնել»,-ասաց  նա:

Տաթեւ Ազիզյան

Արցախի պահեստազորի սպաների միությունը շարունակելու է իր օրինական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում

Արցախի պահեստազորի սպաների միությունը մտադիր է շարունակել իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

Փետրվարին տեղի է ունեցել Միության հիմնադիր ժողովը։ Նշվել է, որ կազմակերպությունը խթանելու է Արցախի հանրապետության պահեստային սպաների շահերն ու իրավունքները։

Մարտի 4-ին կազմակերպությունը պետական ​​գրանցում է ստացել որպես հասարակական կազմակերպություն։ Նախատեսվում է գրասենյակ բացել։

Նախագահն է Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Քարամյանը։

Նշենք, որ 2001 թվականից Քարամյանը բազմիցս բարձրացրել է Արցախի պետական ​​համալսարանում ռազմական ամբիոն ստեղծելու անհրաժեշտության հարցը՝ անհրաժեշտության դեպքում բանակի շարքերը համալրելու համար անհրաժեշտ է պահեստազորի սպաներ պատրաստել։ Նախագիծը մի քանի անգամ ներկայացրել է Արցախի Հանրապետության կառավարությանը։ Վերջին՝ հինգերորդ անգամը՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին, և կրկին՝ ապարդյուն։

Ալվարդ Գրիգորյան

Գործարկվել է Artsakhcrisis.info պրոյեկտը․ ահռելի աշխատանք է կատարվել

Օրեր առաջ գործարկվել է artsakhcrisis.info պրոյեկտը, որը հանդիսանում է “longread” և “non-code” կայք եւ ներկայացնում է Արցախի պատմությունն ու հակամարտությունը։

Գաղափարի հեղինակները երկու հայ դիզայներներ են` պրոդուկտ-դիզայներ Էննի Հովսեփյանը և Ֆինլանդիայում ապրող Արտեմ Միլիտոնյանը։

“Ինձ ամենաշատը հետաքրքում է դիզայն-լրագրություն ուղղությունը, այս ժանրում ես նախկինում ստեղծել էի http://100.greatarmenia.org պրոյեկտը (Մեծ հայերի մասին) և http://genocide.greatarmenia.org (Հայոց ցեղասպանության մասին), որոնք ստացել են տարբեր մրցանակներ” ,- ասում է Արտեմը։

Արցախի մասին “լոնգրիդ” ստեղծելու միտքը ձագել է անցյալ տարի` շրջափակման ժամանակ։ Արտեմը կապվեց Էննիի հետ, և միանգամից պրոյեկտի հեռանկարը պարզ դարձավ։

Պրոյեկտի համար հավաքվեց բավականին մեծ թիմ, որի անդամներն էին Ռիտա Մկրտչյանը (Մոսկվայում Հայկական Թանգարանի գլխավոր խմբագիրը), Մանե Թաթուլյանը (դիզայներ, փլիսոփայության գիտությունների թեկնածու), ով պատասխանատու էր տեքստերի և պատմությունների համար, և Մանվել Ասատրյանը՝ հետազոտությունների և խորհրդատվությունների պատասխանատուն։

Պրոյեկտի նախնական միտքն է եղել՝ տեղեկացնել աշխարհին Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Սակայն երբ իրավիճակը կտրուկ փոխվեց և սկսվեց պատերազմը, որոշվեց հետաձգել մեկնարկը և պրոյեկտի մեջ ներառել նաև վերջին իրադարձությունները։

“Բացի տեքստերից, պատմություններից և սկզբնաղբյուրներից, մեր խնդիրը՝ այդ ամենը վիզուալ ձևով ներկայացնելն էր։ Կապվեցինք լուսանկարիչների հետ։ Մեզ պետք էին շատ դիպուկ նկարներ, որոնք կկարողանան փոխանցել պատմությունը”,- Step1.am-ին ասաց Էննին։

Լուսանկարների համար դիմել էին 10-ից ավելի լուսանկարիչների և քարտեզագրողների, որոնց մեծ մասը համաձայնել է օգնել։

Կայքը ստեղծելու համար կատարվել է ահռելի աշխատանք, կարդացվել են հարյուրավոր էջեր և լսվել տասնյակ պատմություններ։ Կայքում կարելի է գտնել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ստույգ ինֆորմացիա և լուսանկարներ։

Թիրախային լսարանը՝ ԱՄՆ և Եվրոպան է, որտեղ շատ քչերը գիտեն Արցախի մասին։ “Մենք արտիստներ ենք, և սա մեր ձևն է կարևոր թեմաների մասին խոսելու” ,- ասում են նրանք։

Հայկ Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահները, Մոսկվան արդեն տեղեկացված է

Հայաստանի դիրքորոշումը այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները»  ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», – նշել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս:

Սեպտեմբերի 19-ի մղձավանջը Խաչմաչ գյուղում

Ֆոտո` Ալվարդ Գրիգորյանի

Ռաֆայել Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է  Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքը, որը Արցախի փոքր, բայց կուռ համայնքներից մեկն էր։ Ժողովուրդը` աշխատասեր, սեփական քրտինքով մի կտոր հացը վաստակող։ Համայնքն այսօր ցրված է, բնակիչները տեղավորվել են ով որտեղ կարողացել է, իսկ Ռաֆայել Գրիգորյանի ընտանիքին գաղթի ճանապարհը հասցրել է Լոռու մարզի Արջուտ գյուղ։ Գյուղատնտեսությամբ զբաղված մարդն այսօր նեղվում է, որ այդ գյուղում հող չկա, եղածն էլ անորակ, որ հող մշակեն յոլա գնան։

Սեպտեմբերի 19-ի առավոտը Ռաֆայելի համար բացվեց սովորականի պես, որը սակայն ժամեր անց վերածվեց դժոխքի ու դարձավ վերջին աշխատանքային օրը հայրենի գյուղում։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես սովորականի պես անցա իմ ամենօրյա աշխատանքներին, վերջին տարիներին դպրոցում էի աշխատում, դպրոցի այգում էի։ Առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում պայթյունների ձայներ էի լսում, ասում էին` Հարավ գյուղի կողմերիցա, բայց դե մտածում էի` հերթական սադրանքն է ու չէի պատկերացնում, որ կարող էր դառնալ լայնամասշտաբ հարձակում։ Հատուկ ուշադրություն չդարձրեցի, մինչև կեսօրվա ժամը մեկի կողմերը այգում աշխատեցի, եկա տուն։ Հասա տուն, արդեն սկսվեց նաև գյուղի ռմբակոծությունը։

Աշխարհազորի տղաները զենքերը ստացան, իջան դիրքեր, գյուղում մնացածներս էլ կանանց, երեխաներին, մի խոսքով գյուղացիներին ուղղորդում էինք փոքրիշատե անվտանգ թաքստոցներ, որը գյուղի պայմաններում թաղ կոչվող կառույցի տեսակն էր։ Կապ չկար, ոչ մեկս տեղյակ չէր, թե ինչ է կատարվում առհասարակ։ Գյուղը տարատեսակ զինատեսակներից ռմբակոծվում էր։ Բայց դե մտածում էինք` կրակում են, էսա կհանգստանա։ Ժամեր անց դիրքերից տղաներ եկան ու հայտնեցին, որ թուրքերը հասել են գյուղի գերեզմանոցի տակ, պետք է ժողովրդին տարհանել։

Բոլորիս համար այդ ամենն այնքան անսպասելի էր, որ գրեթե բոլորը մեքենա ունեին, բայց իրենց տներից չհասցրեցին բան վերցնել, ժամանակ արդեն չկար, թուրքերը մտնում էին գյուղ, մարդիկ թաքստոցներից հելան նստեցին մեքենաներն ու դուրս եկանք։

Թոռներս կիսատկլոր էին, ծածկոցի մեջ փաթաթեցինք, նստեցինք մեքենան, որովհետև տուն գնալու ու շոր վերցնելու ժամանակ արդեն չկար։ Երբ հասանք Կարմիր գյուղ, գյուղամիջում կանգնած տղաներն ասացին` դեռ մի գնացեք, թուրքերը առաջացել ու կրակի տակ են պահում ճանապարհը։ Այդ ընթացքում մեր գյուղացի Բորիկը ընտանիքի հետ հասավ մեզ ու ասաց. իմաստը ո՞րն է այստեղ մնալու, Կարմիր գյուղը երկար չի դիմանա, մտնելու են։ Գնանք, մենք ու  մեր ճակատագիրը, մեկա մնանք` կոտորվելու ենք, գնանք, եթե խփեն` կոտորվելու ենք, պետք է փորձել դուրս գալ, ու տենց յա բախտի դուրս եկանք։ Ուշ երեկոյան արդեն հասանք Ստեփանակերտ։

Վերջին պահին ամեն ինչ հապշտապ եղավ, մինչդեռ մենք ժամանակ ունեինք, եթե իմանայինք, որ տարհանվելու ենք, բոլորն էլ կարող էին պատրաստվել դրան, փաստաթղթեր, առաջին անհրաժեշտության իրեր, շոր վերցնել։ Էն տարիներով մշակած տարհանման պլանները ի՞նչ եղան, եթե կազմակերպված ժողովրդին տարհանեին, կորուստներն էլ քիչ կլինեին։ Կամ թե չէ դիրքերում աշխարհազորը ի՞նչ պիտի աներ ավտոմատներով, միթե՞ հնարավոր չէր այդ ամենը կանխատեսել։

Ես հեռադիտակով միշտ նայում էի, դե Ակնաղբյուր, Ջրաղացներ գյուղերը մեր դեմն էր, Հադրութից եկող ճանապարհը տեսնում էինք, դրանց մեքենաների շարժը էնքան շատ էր, որ հասկանալի էր, որ ինչ որ բանի պատրաստվում են։ Մեր մոտ անկազմակերպվածությունը շատ էր։

Ափսոսալու շատ բան կա, ուղղակի, որ մտածում ես՝ ինչի՞ց ենք փրկվել, աչքիդ չի երևում, որ նայում ես կողքինիդ, մեկի որդին, մեկի ամուսինը, հայրը դիրքում է զոհվել, մեկինը կռվից ողջ մնացել, եկել պայթյունինա զոհ գնացել, արդեն լռում ես։

Ռաֆայելի կինը՝ տիկին Կարինեն արտասվախառն աչքերով հիշում է այդ օրը թխած սպիտակ հացը, որ այդպես էլ չհասցրեցին համտեսել, ու այնքան էր խուճապահար, որ նույնիսկ դուրս գալիս այդ հացը չվերցրեց, իմանալով, որ Ստեփանակերտում հաց չկա։

Սեպտեմբերի 18-ին ջրաղաց էինք գնացել, ալյուր աղել բերել, որ ամսի 19-ին պետք է հաց թխեինք, ու քանի որ մինչ այդ լրիվ սև հաց էինք ուտում, տղաս ասաց՝ մա՛մ, արի այս անգամ լրիվ սպիտակ հաց թխի, հետո էլի կխառնես։

Ամսի 19-ին խմորն արեցի, հացը թխեցի, էրեխես մտավ տուն, հացը վերցրեց, որ մի կտոր կտրի, պայթյունը որոտաց, մեկ էլ հացը դրեց, ինձ վերցրեց ու իջանք նկուղ։ Հետո լսեցի, որ ռումբն ընկել է աղջկաս թաղամասը, որտեղ որ ապրում էր, ցանկանում էի դուրս գալ գնալ երեխեքի հետևից, որովհետև արդեն խելագարվում էի, չգիտեի ի՞նչ է կատարվում, ամուսինս չթողեց, ինքը մի կերպ ձայն տվեց, քանի որ կապ չկար, ու երեխեքին տեղափոխեցին մեզ մոտ։

Մեր թաղը իբր համեմատաբար ապահով էր։ Աղջկաս երեխաները շատ փոքր են, մեկը գրկի երեխա է, եկան կիսատկլոր, բոբիկ, վախեցած։ Հարևանս էր թոռանս համար բոթասներ բերել, որ հագնի։ Ուշք ու միտքս երեխաներն էին, որ անընդհատ այդ պայթյունների հետ վախից լացում էին։ Էդպես մի քանի ժամ մնացինք նկուղում, ու որ եկան ասեցին թուրքերը հասնում են գյուղ, տենց էլ դուրս եկանք ճանապարհվեցինք։

Եթե պատկերացում ունենայինք, որ գյուղը ընկնելու է թուրքերի ձեռքը, էլի կարելի էր այդ ընթացքում շորեր, նկարներ, փաստաթղթեր վերցնել, բայց քանի որ մտածում էինք, էս ամեն ինչը շուտով կավարտվի, հասցրեցի մենակ փաստաթղթերը վերցնել։ Անգամ թխածս թարմ հացը չվերցրեցի, իմանալով որ ճանապարհ ենք գնում, հայտնի չէ, ինչ է լինելու, Արցախում էլ հաց գտնելը անհնար էր։ Գոնե մեր լուսանկարները վերցնեի․․․Աղջիկս չէր հասցրել նույնիսկ փաստաթղթերն ու ոսկեղենը վերցնել։

Սեպտեմբերի 19-ի օրվա վերջ վիճակն այնքան օրհասական էր, որ եթե Կարմիր գյուղի էտ  հատվածում թուրքերի դեմը չառնեին, մեզ բոլորիս կոտորելու էին։

-Գյուղից բոլո՞րն են հասցրել դուրս գալ։

-Չէ, մի տարեց կին մնացել էր, մեծ կին էր, մրսում էր, նկուղում չմնաց, գնաց տուն ու էդպես մնաց։ Հետո Կարմիր խաչի միջոցով այդ կինը եկավ Հայաստան։ Պատմում է, որ հաջորդ առավոտյան դուրս է եկել գնացել բարեկամների տուն, տեսել մարդ չկա, եկել մեր տան մոտից իր բարեկամ Ստյոպային կանչել, մեր տնից հայերենով մեկն ասել է՝ Ստյոպան այստեղ է, արի, բարձրացել տեսել է թուրքերը մեր տանը նստած հաց են ուտում։ Տենց գերեվարել են։

-Իսկ Արցախից ե՞րբ ու ո՞նց եք դուրս եկել։

Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, Ռաֆիկը միշտ տենց հոգեպահուստ բենզին պահում էր, մենք էլ որ եկել էինք Ստեփանակերտ, կանգ էինք առել Ռաֆիկի քրոջ թոռան տանը, հենց ինքն էլ կազմակերպել է մեր բոլորիս, նաև մեր հարազատների դուրս գալը։ Եթե մենք ամսի 25-ի առավոտյան դուրս չգայինք, մեր երեխաներն էլ էին լինելու էտ պայթյունի տեղը։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան հասել ենք Երևան։ Մենք Երևանում բարեկամ չունենք, Ռաֆիկի քրոջ տալը ապրում է Քասախ գյուղում, գնացինք իրենց տուն, էն էլ փոքր տուն, կանայք երեխաների հետ տանն էինք քնում, տղամարդիկ մեքենայի մեջ։ Այդպես մնացինք մինչև ամսի 28-ը։ Հետո բարեկամ-ընկերների միջոցով իմացանք, որ Լոռու Արջուտ գյուղում տուն կա, առանց երկար–բարակ մտածելու եկանք այստեղ, որովհետև նման պայմաններում երկար մնալ հնարավոր չէր։ Այդպես դարձանք գաղթական, մեր ձեռքբերումները, հաղթանակները ջուրը լցվեցին, կորցրեցինք մեր Հայրենիքն ու թանկ գերեզմանները։ 90-ականների պատերազմում զոհված եղբորս գերեզմանը մնաց անհաս․․․ բառերը խեղդվում են կոկորդում։

-Իսկ ինչպե՞ս եք ապրում նոր բնակավայրում։

-Ո՞նց ենք ապրում, շատ համեստ ձևերով, պետության տրված աջակցությունը օգտագործում ենք խնայողաբար։ Մեր տանտերն էլ շատ հիանալի մարդ է, ապրելու համար պայմանները ստեղծել է, ամեն ինչ նորմալ է, ուղղակի աշխատանք չկա, եթե աշխատանք լիներ, ես 100 տարի այս գյուղից գնացողը չեմ,- ասում է Ռաֆիկը։

-Իսկ կուզենայի՞ք, որ արցախյան համայնքները կոմպակտ ապրեն։

-Շատ մեծ սիրով, 120 հազարը՝ դա մի քանի լավ շենքի բնակիչա, արցախցիներին կոմպակտ տեղավորելը մեծ խնդիր չէ։ Այդպես նաև մեր տեղական մշակույթը, ավանդույթները կպահպանվեն, շատ հարցեր կլուծվեն, բայց ես չգիտեմ ՀՀ կառավարությունը ինչպե՞ս է տեսնում մեր ապագան։

-Շատ է խոսվում արցախցիների վերադարձի մասին, դուք պատրա՞ստ եք վերադառնալ, և ի՞նչ պայմաններով։

-Էտ վերադառնալու հարցը մի քիչ դժվար եմ պատկերացնում, հա, ինչ որ լուրեր են շրջանառվում, խոսում են, բայց դա ընդամենը խոսքեր են։ Այս պահին վերադարձը ռեալ չեմ համարում։ Իսկ կգնամ միայն մի պայմանով, եթե այնտեղ թուրք բառն անգամ չլինի։ Մնացած պայմանները, անվտանգությունը, մունք մեր հողում կստեղծենք, կապրենք։ Մեր անվտանգությունը ռուսը չի կարող ապահովել։ Մի գեղեցիկ առավոտ զարթնելու ենք ու  էլի նույն պատմությունը, հնարավոր է նույնիսկ ավելի վատ։

Այս պահին մի բան եմ ուզում միայն, որ այն, ինչ մեզ հետ կատարվել է Արցախում, չտեղափոխվի այստեղ։

Արմինե Հայրապետյան

Արցախի գերեւարված ղեկավարներին հնարավորություն է տրվել շփվելու ընտանիքների հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները փետրվարի վերջին այցելել են Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ այցը տեղի է ունեցել Կարմիր խաչի ստանդարտ ընթացակարգերի շրջանակում, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփումների հնարավորություն է ընձեռվել:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց Հայաստանի հետ կապված հարցում համաձայն ենք. Ֆրանսիայի դեսպան

Մենք ազդեցության ոլորտների տեսանկյունից չենք մտածում, մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը:

«Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով:

Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով, Հայաստանի հետ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է. «Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին»:

“Եթե աջակցության ծրագրերը չշարունակվեն, արցախցիների զգալի մասը կրկին կտեղահանվի”

«Եթե 40+10 հազար ծրագիրը չշարունակվի, մենք կրկին տեղահանվելու մեծ ալիք ենք ունենալու։ Արցախցիները ներկա դրությամբ տեղավորված են, եթե այս ծրագիրը կրճատվի, նրանք անվճարունակ են լինելու եւ ստիպված են լինելու կրկին նոր բնակարան փնտրել»,- այսօր Մեդիա կենտրոնում «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։

Նրա խոսքով՝ արցախցիներին շատերը ստիպված են տեղավորվել Երեւանում, քանի որ աշխատանքի հարց կա, ուսանող երեխաներ ունեն։ Արցախյան 32 կազմակերպություններն իրենց հայտարարության մեջ կոչ են անում ՀՀ կառավարությանը շարունակել այդ ծրագիր։ Կառավարությունը ներկայացրել է նախնական տեղեկատվություն, որ «40+10 հազար» ծրագիրը շարունակվելու է ընտանիքի անչափահաս անդամների համար։

Արմեն Ասրյանն ասաց, որ ըստ տեղեկությունների՝ մոտ 30 հազար արցախցիներ լքել են Հայաստանը։ «Եթե այս ծրագիրը իրականացնեն, մենք ավելի շատ արտագաղթողներ ենք ունենալու»,-ասաց նա։

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանն էլ նշեց, որ իրականում տվյալներ չկա, թե քանի արցախցի է լքել Հայաստանը, միայն իշխանությունները կարող են այդ թիվը հստակ ասել։ «Ուղղակի մեր ստացած տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ այդ թիվը բավական մեծ է։ Եվ աճի միտումը շատ ակնհայտ է, հատկապես այս տիպի սոցիալական ու բնակարանային ծրագրերի առկայության պայմաններում։ Մենք լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվն էական աճելու է, եթե բարելավումներ չլինեն եւ մեր առաջարկությունները հաշվի չառնվեն»,-ասաց Բեգլարյանը։