Արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչները ասուլիսում ներկայացնում են պահանջները

Հայաստանի կառավարության հաշվարկները՝ յուրաքանչյուր արցախցու բնակարանային ապահովման համար 3 մլն դրամ տրամադրել, անշարժ գույքի իրական գների հետ առնչություն չունեն։

Այս մասին Մեդիա կենտրոնում «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Արցախյան 32 կազմակերպություններ ձեւավորել են նախաձեռնություն՝ արցախցիների բնակարանային կարիքների լուծման նպատակով՝ բաց նամակ հղելով ՀՀ կառավարությանը, որում ներկայացնում են իրենց առաջարկությունները։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների բնակարանային հարցերով ՀՀ կառավարությունը բավարար քննարկումներ չի անցկացրել արցախցիների հետ։ «Ես միայն մեկ օրինակ գիտեմ, նաեւ ինձ էին հրավիրել, 10-15 տարբեր գործիչներ հրավիրվել էին փոխվարչապետի մոտ, ընդ որում, հայտնի չէ՝ ինչ սկզբունքով ընտրված, ներկայացուցչական չէր հաստատ։ Ընդհանուր սկզբունքները ներկայացվել են, դա եղել է փետրվարի կեսին։ Եվ կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ներկաները, Արցախից ներկայացուցիչները սկզբունքորեն տարաձայնություն են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, նաեւ գումարի չափի մասով։ Իրենց կողմից հիմնավորումն այն էր, որ տարբեր տարիներին Կադաստրում գրանցված առք ու վաճառքի մեկ քմ գինը 200 հազարից ավելին չէ։ Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ-ն բավարար է, եւ 200 հազարը բազմապատկել են 15-ով, ստացել են 3 մլն դրամ։ Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայի իրական պատկերը, քանի որ Կադաստրում գործարքներ անելիս շատ հստակ միտում կա՝ մարդիկ ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Մենք առաջարկում ենք՝ ուսումնասիրեք շուկան, մտեք ուղղակի առցանց հարթակներ եւ նայեք գինը։ Ես ինքս ուսումնասիրել եմ, եւ մեկ քմ միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, 320-500 հազար դրամ է՝ միջին վիճակում գտնվող»,- ասաց նա։

Այսինքն, Արտակ Բեգլարյանի խոսքով՝ կառավարությունը շուկայական իրական գները հաշվի չի առել։ Երկրորդ, բավարար չափով հաշվի չեն առել Արցախի ժողովրդին ներկայացնողների կարծիքը։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն էլ ասաց, որ իրենց կազմակերպությունով հանդիպել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարի հետ, հնչեցրել են իրենց մտահոգությունները սոցիալական ու բնակարանային խնդիրների մասին։

«Մենք խնդրեցինք, որ զոհվածների ընտանիքներին ուշադրություն կենտրոնում պահեն, առանձնահատուկ ուշադրություն դարձնեն, քանի որ կերակրողներին կորցրածներն ավելի խոցելի են համարվում են։ Նա խոստացավ հանդիպում կազմակերպել Սոցապ նախարարի տեղակալի հետ, մենք վստահեցինք, սպասեցինք, տեսա, որ զանգ չկա, ես զանգեցի, խոստացան կրկին կապ հաստատել, եւ մինչ օրս որեւէ տեղեկություն չկա։ Այսինքն՝ նրանք մարդկանց են հրավիրում քննարկումների, բայց գլխավոր շահառու կազմակերպությանը չեն հրավիրել»,- նշեց Ասրյանը։

Արցախյան կազմակերպությունները բնակապահովման ծրագրի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարությանը

Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը», մարտի 5-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջ:

Բաց նամակում, մասնավորապես, նշված է.

 

«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի

Հարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,

Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը,

Արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի մտահոգություններն ու տրամադրությունները՝

Արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախի բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները Ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները՝

  1. Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.
  2. Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.
  3. Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.
  4. Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.
  5. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.
  6. Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.
  7. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.
  8. Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.
  9. Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.
  10. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.
  11. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.
  12. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:

Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար:

Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները:

Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում: Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը»:

 

05 մարտի 2024թ.

 

Կազմակերպություններ՝

  1. Արցախի պահեստազորի սպաների միություն ՀԿ, Նախագահ՝ Յուրի Քարամյան
  2. Արցախի ազատամարտիկների միություն ՀԿ, Աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան
  3. Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ, Նախագահ՝ Արմեն Ասրյան
  4. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտուր Առստամյան
  5. «Արցախի պատերազմի վիրավորների միություն» ՀԿ, Նախագահ՝ Դավիթ Բաբայան
  6. «Հայկի սերունդ» ՀԿ, Նախագահ՝ Արմինե Պետրոսյան
  7. «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտակ Բեգլարյան
  8. «Վերածնված հայրենիք» ՀԿ, Նախագահ՝ Տարոն Հակոբյան
  9. “Արցախի փախստականների միություն” ՀԿ, Նախագահ՝ Սարասար Սարյան
  10. “Արցախի գրողների միություն” ՀԿ, Նախագահ՝ Նորեկ Գասպարյան
  11. Գեն նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամ, Ղեկավար՝ Արմինե Ավագիմյան
  12. Մայրություն Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Միքայելյան
  13. Արդարություն և վերադարձ ՀԿ, Համահիմնադիր՝ Արմեն Պետրոսյան
  14. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ, Նախագահ՝ Կիմ Գաբրիելյան
  15. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ, Նախագահ՝ Միքայել Գասպարյան
  16. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ալբերտ Մարդյան
  17. «Փախստականների կանանց միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ռուզաննա Ավագյան
  18. «Մտքի ուժը» ՀԿ, Նախագահ՝ Արամայիս Աղաբեկյան
  19. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հովիկ Ավանեսով
  20. «Լուսաբաց» ՀԿ, Նախագահ՝ Սերգեյ Բեգլարյան
  21. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մհեր Հարությունյան
  22. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Գևորգյան
  23. «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ, Նախագահ՝ Իրինա Գրիգորյան
  24. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Մերի Դավթյան
  25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Ալվինա Ներսեսյան
  26. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Ավագյան
  27. «Երիտասարդները հանուն արդարության» ՀԿ, Նախագահ՝ Սնեժանա Թամրազյան
  28. «Ելարան» երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալիզացման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Եսայան
  29. «Մեր տուն-Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Անահիտ Թովմասյան
  30. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Ապրես Մարգարյան
  31. «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ, Նախագահ՝ Վիտյա Յարամիշյան
  32. «Արցախի Հանրապետության խուլերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Բելլա Գրիգորյան

 

Վազգեն Սարգսյանի 65-ամյակը ամոթ եւ հարցեր է առաջացրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել  Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նա ակնարկեց, որ եթե Վազգենին եւ մյուսներին սեպտեմբերի 27-ին չսպանեին, “մեր պատմության ընթացքը” այլ կլիներ։

«Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։ Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»,- ասել է Պապիկյանը, երեւի, մեղանչելով, որ ինքը սխալները խոստովանելու ունակություն եւ քաջություն չունի։

Վազգեն Սարգսյանին նվիրված միջոցառումները ամոթի զգացում են առաջացրել նրանց մոտ, ով Սարգսյանին որպես ազգային պետության, իրավունքների, շահերի, հզոր բանակի զինվոր են համարում։

Լիզա Ճաղարյան-ը գրել է․

«Բայց ինչքա՜ն, ինչքան էլի՛ տականք պիտի լինես, որ էսքանից հետո, էսքան աղետներից, արհավիրքներից, Արցախի կորստից հետո վեր կենաս գնաս Վազգենի շիրիմի մոտ կապիկություն անես։ Ի՞նչ ես էլի էդ պահին մտքումդ ասում, ի՞նչ…

Ու ո՞նց ես էլի, Արամ, դրա կողքով քայլելով գնում եղբորդ մոտ, ո՞նց չեն ծնկներդ դողում։

Էս ինչ զարհուրանքների միջով ենք անցնում, Աստված ջան։

Էս էլ քիչ է, Սասուն Միքայելյանն ասում է` մենք Վազգենի գործն ենք շարունակում։ Այսինքն, Վազգենի երազանքը Արցախը ադրբեջանցիներին հանձնե՞լն էր, էս ինչ մառազմ է։

Չէ, դուք ընդամենը երկրորդ անգա՛մ սպանում եք Վազգենին։ Ամեն օր սպանում եք»։

 

Հայաստանը դատական հայցերը հետ կկանչի եւ “կհաստատի” Բաքվի “իրավունքը”

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ազատման դիմումի պատճառների մասին:

Ըստ թերթի, Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից: Ընդ որում, Ադրբեջանը չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

Փորձագետները դեռ 2021 թ․ սկզբին էին գրում, որ Հայաստանի կառավարությունն այնպես է կազմում միջազգային դատարաններ ներկայացվող հայցերը, որ բացառվեն հայկական քաղաքական իրավունքները, որ Բաքուն հանկարծ չմեղադրվի ուժի կիրառման, ագրեսիայի եւ օկուպացիայի համար, հարցերը դիտարկվեն միայն “հումանիտար” ծիրում եւ ճանաչվի Բաքվի “իրավունքը”։

Հայկական իրավունքները սակայն այնքան ակնհայտ են, իսկ Բաքվի իրավունքներն այնքան զրոյական, որ նույնիսկ նման ձեւով կազմված հայցերը հակասում են Ալիեւ-Փաշինյան-Պուտին-Էրդողան պլաններին եւ “սպառնում են” բերել հայկական իրավունքների ճանաչման եւ Բաքվի դատապարտմանը։ Ահա թե ինչու Հայաստանը հետ է կանչում նույնիսկ նման ձեւով կազմված հայցերը։

Ալեն Սիմոնյանն ու ուրիշները վախեցնում են հայ հասարակությունը նրանով, որ եթե Հայաստանը պնդի հայցերը, Բաքուն պահանջ կներկայացնի “30 տարի Ղարաբաղը շահագործելու” համար եւ որպես փոխհատուցում կպահանջի Սյունիքը։ 

Նույիսկ հավերն են դրա վրա ծիծաղում։ Եթե վախենում եք նման պահանջից, ձեր հայցում ուղակի նշեք, որ Ղարաբաղը կապ չունի ադրբեջանի հետ։ Բայց բոլոր հայցերի իմաստը հենց դա է՝ ապացուցել, որ Ղարաբաղը ադրբեջան է։  Քանի որ չկա գոնե մեկ փաստաթուղթ, որ կվկայի դրա մասին։ 

Հայաստանն այդպես էլ չհետաքրքրվեց, թե ի՞նչ է Բաքուն ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ Արցախի հարցով հայտնի որոշումից 8 շաբաթ անց։

Բայդենն ու Թրամփը հաղթում են փրայմերիզներում. Թրամփը 2%-ով առաջ է Բայդենից

RealClearPolitics-ի կողմից կազմված էքզիթ-փոլի միջին տվյալները ցույց են տալիս, որ Թրամփն առաջ է անցել Հեյլիից 65 միավորով նախնական ընտրություններում և երկու միավորով առաջ անցնել նախագահ Ջո Բայդենից նախագահական ընտրություններում, եթե դրանք անցկացվեին հիմա:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական փրայմերիզներում առաջատարն է միանգամից 12 նահանգներում, հայտնում է Associated Press-ը։ Սուպեր երեքշաբթի օրը, որն այս տարի տեղի է ունեցել մարտի 5-ին, ներկուսակցական ընտրությունների ամենակարևոր օրն է, որի ժամանակ Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցությունների կողմնակիցները քվեարկում են այն թեկնածուների օգտին, որոնց ցանկանում են առաջադրել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

Հանրապետականների փրայմերիզներն ու հավաքները անցկացվել են 15 նահանգներում՝ Ալաբամա, Ալյասկա, Արկանզաս, Վերմոնտ, Վիրջինիա, Կալիֆորնիա, Կոլորադո, Մասաչուսեթս, Մինեսոտա, Մեն, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Տեխաս և Յուտա:

Դոնալդ Թրամփի միակ մրցակիցը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին։ Անգամ սուպեր երեքշաբթիից առաջ նախկին նախագահը վստահ առաջնորդ էր նախագահական ընտրություններում Հանրապետական ​​կուսակցությունը ներկայացնելու իրավունքի համար՝ հավաքելով պատվիրակների 273 ձայն։ Հեյլին գրեթե վեց անգամ պակաս է ունեցել՝ 43 ձայն։

Հարցումների նախնական տվյալները ցույց են տալիս, որ Թրամփը առաջատար է Ալաբամա, Արկանզաս, Վիրջինիա, Կալիֆորնիա, Կոլորադո, Մասաչուսեթս, Մինեսոտա, Մեն, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի և Տեխաս նահանգներում:

Կալիֆոռնիայում, որն ունի ամենամեծ թվով պատվիրակներ (169), Թրամփը նախապես հավաքում է ձայների ավելի քան 70%-ը։ Մեկ այլ առանցքային նահանգում՝ Տեխասում (161 պատվիրակ), նախկին նախագահը ստացել է ձայների մոտ 78%-ը։ Նիկի Հեյլին կարողացավ հաղթել միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում։ Ալյասկայում և Յուտայում ձայների հաշվարկը դեռ չի սկսվել։

CNN-ի միջնաժամկետ կանխատեսումները ցույց են տալիս, որ Թրամփը ենթադրաբար շահել է պատվիրակների առնվազն 893 ձայն: Հեյլին ապահովել է մոտ 66 պատվիրակների աջակցությունը։ Երկու թվերն էլ կշարունակեն աճել՝ քվեաթերթիկների հաշվարկի հետ մեկտեղ: Սուպեր երեքշաբթիի արդյունքում Թրամփը չի ստանա նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ 1215 պատվիրակների «կախարդական թիվը», բայց մեծ հավանականությամբ դա տեղի կունենա մարտի 12-ին կամ 19-ին, երբ տեղի կունենան ներկուսակցական ընտրություններ, նախատեսված է մի քանի այլ խոշոր նահանգներում:

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել է փրայմերիզը բոլոր 14 նահանգներում, որտեղ քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 5-ին, հայտնում է Associated Press-ը։ Նա կառաջադրվի Դեմոկրատական ​​կուսակցության կողմից երկրորդ ժամկետով։

Դեմոկրատների փրայմերիզներն անցկացվել են Ալաբամա, Արկանզաս, Վերմոնտ, Վիրջինիա, Կալիֆորնիա, Կոլորադո, Մասաչուսեթս, Մինեսոտա, Մեն, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Տեխաս և Յուտա նահանգներում: Իսկ Ամերիկյան Սամոայում՝ Պոլինեզիայի յոթ կղզիներից բաղկացած խումբ, որոնք ունեն Միացյալ Նահանգների չընդգրկված տարածքի կարգավիճակ, անցկացվել են կոկուսներ։

Ըստ նախնական տվյալների՝ Բայդենը յուրաքանչյուր նահանգում հավաքել է միջինը 70-90% ձայն։ Բայդենի միակ հակառակորդը՝ Մինեսոտայի պատգամավոր Դին Ֆիլիպսը, յուրաքանչյուր նահանգում հավաքել է ձայների 10%-ից ոչ ավելին: Մրցակցության ցածր մակարդակը բնորոշ է մի կուսակցության, որի քաղաքական գործիչը զբաղեցնում է Օվալաձև գրասենյակը և ձգտում է վերընտրվել երկրորդ ժամկետով:

Սուպերերեքշաբթիի գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք առաջադեմ դեմոկրատները, որոնք դեմ են Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությանը, կկարողանա՞ն կրկնել փետրվարի 27-ին Միչիգանի փրայմերիզներում տեղի ունեցած բողոքի քվեարկության հաջողությունը: Այն ժամանակ «չեզոք» սյունակը՝ «բոլորի դեմ» կետի անալոգը, պաշտպանել է նահանգի ընտրողների ավելի քան 13%-ը: Նախաձեռնությունը առանձնահատուկ արձագանք գտավ տեղի մահմեդական սփյուռքի շրջանում։ Այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն է դարձվել մարտի 5-ին Մինեսոտայում քվեարկությանը, որտեղ նույնպես զգալի թվով ընտրողներ կան արաբական և հյուսիսաֆրիկյան ծագումով։ Նախնական տվյալներով՝ այս նահանգում «չեզոք» սյունակի օգտին քվեարկել է ընտրողների 19,3%-ը։

Սուպեր երեքշաբթի օրը կուսակցական 1420 պատվիրակ էր հավաքվել: CNN-ի վաղ կանխատեսումների համաձայն՝ Բայդենը կունենա առնվազն 1289 պատվիրակ, շեմը, որին նա պետք է շահի առնվազն 1968՝ պաշտոնապես առաջադրվելու համար: Գործող նախագահը, ամենայն հավանականությամբ, կհատի այդ նշագիծը մինչև ամսվա վերջ, թեև ներքին կուսակցական ընտրությունները կտևեն մինչև հունիսի սկիզբը:

Լիլիթ․ ես հասկացա, որ պատասխանատվությունն ինձ վրա է, եւ նստեցի ղեկին

2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո արցախցիները ստիպված էին լքել իրենց հազարամյա հողը։ Լիլիթը ամուսինը, ինչպես շատ շատերը, վառելիք էր հայթայթում ընտանիքը տարհանելու համար:

Լիլիթը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին ամուսինը ընկերների հետ գնացել էր վառելիք բերելու: Մի քանի ժամ անց հիվանդանոցը արդեն լցվել էր պայթյունից տուժած բնակիչներով: Սկզբում չէին պատկերացրել պայթյունի մասշտաբը: Ամուսինը ծանր վնասվածքներով վերակենդանացման բաժանմուքում էր, հետո նրան օդային ճանապարհով տեղափոխեցին Երևան: Տեղեփոխումը Երևան տուժածների փրկության միակ հույսն էր:

Ամուսնու ընտանիքը երկար էր փնտրում մարդկանց, ովքեր կարող էին վարել իրենց մեքենաները և հանել ընտանիքները: Բայց որոնումները արդյունք չտվեցին և, ինչպես Լիլիթն է ասում, այդ պահին ինքը հասկացավ, որ պատասխանատու է ընտանիքների համար։

«Ես ինքս ինձ ասացի, որ այդպես կաներ ամուսինս, և նստեցի մեքենայի ղեկին: Իրականում հիմա հետ նայելով հասկանում եմ, որ այլ տարբերակներ չունեի: Առջևից ես էի վարում, իսկ իմ հետևից գալիս էր կիսրայրս՝ երկրորդ մեքենայով: Ճանապարհին մեքենան փչացել էր, մի կերպ սարքեցինք։ Մեկ օրվա հաց ունեինք՝ մի կերպ հերիքեց, բայց այդ ամենը այնքան անիմաստ էր, անկարևոր՝ ի համեմատ նրան, ինչի միջով ենք անցել մինչ այդ և պիտի անցնեյինք հետագայում»։

Հարցին, թե ինչ էր զգում այդ պահին՝ լարվածությո՞ւն, գուցե նաև վա՞խ, պատասխանում է՝ «Ճանապարհը չեմ հիշում, ընթացքը ևս, սով էլ առանձնապես չէի զգում: Երևի ամուսնուս կողքին լինելու ցանկությունը ավելի ուժեղ էր»:

Մի քանի ամսվա բուժումից հետո Լիլիթի ամուսինը փորձում է կյանքի վերադառնալ։

Քրիստինա Ալավերդյան

Facebook-ը չի աշխատում

Facebook սոցիալական ցանցը չի աշխատում. րոպեներ առաջ օգտատերերի մեծամասնությանը «դուրս նետեց» իրենց օգտահաշիվներից, եւ այժմ նրանք չեն կարողանում նորից մուտք գործել։ Խնդիրն արդիական է սոցիալական ցանցի ինչպես վեբ, այնպես էլ բջջային տարբերակի համար։

Ըստ Downdetector.com-ի՝ վերջին 20 րոպեների ընթացքում ավելի քան 500 հազար օգտատեր ամբողջ աշխարհից հայտնել է սոցիալական ցանցի հետ կապված խնդիրների մասին՝ ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական և այլ երկրներից: Հայաստանում նույնպես խնդիրը առկա է՝ շատ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։

Երբ փորձում եք մուտք գործել, սոցցանցը պնդում է, որ սխալ գաղտնաբառ եք մուտքագրում։ Երբ փորձում եք վերականգնել ձեր գաղտնաբառը, այն խոստանում է ուղարկել կոդ ձեր էլ.փոստին, հեռախոսահամարին կամ WhatsApp-ին, սակայն հաղորդագրություններից ոչ մեկը, ի վերջո, չի հասնում:

Խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ընկերության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։ Սակայն, ըստ տեղեկությունների, խնդիրներ կան նաեւ Meta-ի մեկ այլ սոցիալական ցանցի՝ Instagram-ի մոտ, որտեղ լուրերի հոսքը չի թարմացվում:

news.am

82-ամյա քաղաքացին Ստեփանակերտից անհետ կորել է սեպտեմբերի 27-ին

Mediahub

Սեպտեմբերյան դեպքերն ու դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու գաղթն Էմիրյանների ընտանիքին ավելի քան 5 ամիս հանգիստ չեն տալիս։ Արև Էմիրյանը MediaHub-ին պատմում է, հոր՝ 82-ամյա Գավրուշայի մասին։ Նա սեպտեմբերի 27-ից որոնվում է։

«Հայրս ամբողջ կյանքն ապրել է Մարտունու շրջանում։ Մասնագիտությամբ բուժակ է, ուստի մասնագիտական ողջ կարողությունը ծառայեցրել է Արցախին՝ աշխատելով Մարտունու և հարակից բնակավայրերի բուժհաստատություններում։ Պատերազմների ժամանակ միացել է զինվորական հոսպիտալի իր գործընկերներին ու փրկել հարյուրավոր կյանքեր։ Մտավորական, խելացի տղամարդ է։ Հեղինակ է 2 գրքի, որից մեկը նվիրել է սպիտակ բանակի իր ընկերներին, մյուսը՝ հերոսապատումներ է վավերագրել»,- ասաց Արևը։

1994-ին կյանքից անժամանակ հեռանում է Գավրուշայի կինը։

Տղամարդն իր զավակների համաձայնությամբ նոր կյանք է սկսում Կարինեի հետ։ Արևն ասում է դա բոլորի ցանկությունն էր, միայն թե հայրը միայնակ չլիներ։ «Ամեն ինչ հրաշալի էր, մենք էլ ամեն ինչ անում էինք, որ նա երջանիկ լիներ»։ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո շուրջ 5 օր Մարտունու շրջանն արտաքին աշխարհի հետ կապ չի ունեցել։ Արևի խոսքով՝ օրեր են հաշվել, որ վառելիք ու ավտոբուսներ տրամադրեն շրջանը տարհանելու համար, որը ցավոք ուշացել է։

«Սեպտեմբերի 25-ին մեր ընտանիքը դուրս եկավ։ Ես զանգեցի Կարինեին, ասաց, որ Գիշիի խաչմերուկում են դեռ, հավանաբար վաղն են գալու։ Քույրս խոսեց հորս հետ, որ իր ընտանիքի հետ գա, հայրս էլ ասաց, որ «Կարինեի հետ միասին գալու ենք, դուք հանգիստ գնացեք»։Հետո ասել էր, որ իրենք որոշել են Գորիս գնալ, այնտեղ ապրել։ Մենք այդ ժամանակ միայն ուզում էինք ողջ դուրս գալ, մնացածը լուծվող հարցեր էին։ Անգամ Ռուսաստանում ապրող եղբայրս է առաջարկել, որ տանի իր մոտ, ինքը չի համաձայնվել»,- ասաց Արևը։

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում այրվածքներ է ստացել նաև Արևի դստեր ամուսինը։ Ամբողջ հարազատները մի պահ կենտրոնացել են հիվանդանոցում, իսկ Արևը, որ անընդհատ զանգել է Կարինեին հորից լուր իմանալու համար, անհասանելի էր։ Բջջային կապ ու ինտերնետ չի եղել։ Գավրուշան ու Կարինեն սեպտեմբերի 26-ին տեղափոխվել են Ստեփանակերտ։

Կարինեի խոսքով՝ Գավրուշայի դստրերի հետ կապի բացակայության պատճառով չի կարողացել տեղեկացնել, որ ապաստանել են Ստեփանակերտի համար 1 դպրոցում։ Այնտեղ սպասում էին, մինչև ավտոբուսներով Հայաստան գաղթելու իրենց հերթը գա։

«Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի կեսօրին, հայրս իմանալով, որ Ստեփանակերտում հացի 1 փուռ է աշխատում, որոշել է գտնել ու հաց բերել այնտեղ ապաստանած բնակիչներին։ Գնացել ու չի եկել։ Շատ չանցած կարինեն սկսել է որոնել նրան, ավելի ուշ երբ կապը վերականգնվել է նաև մեզ է տեղեկացրել։ Ես մինչև Հակարի կամուրջ հորս գիրքը կարդալով եմ գնացել։ Քույրս ասաց հորս մասին»,- պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ավելի քան 5 ամիս նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն։

Կարինեն Ստեփանակերտում բոլոր համապատասխան կառույցներին տեղեկացրել է Գավրուշայի անհետ կորելու մասին։ Որոնումներ են նախաձեռնվել, որոնք սակայն արդյունք չեն տվել։ Մի քանի օրից նա ևս տեղափոխվում է Հայաստան։ Արևն ասում է, որ ինքն ու քույրը այստեղից դիմել են այն ժամանակ դեռ Արցախում մնացած փրկարարներին, հետո Կարմիր խաչին, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գրանցված արցախցիների տվյալներն են նույնականացրել, նայել Հայաստանում գործող բոլոր խնամքի կենտրոնները, ոչ մի տեղից ոչ մի դրական պատասխան։

«Ինչ ասես մտքներովս չի անցնում։ Իմ ծանոթներից մեկն ասել է, որ այդ օրերին քաղաքում նաև անծանոթ մեքենաներ են եղել, մարդիկ կասկածել են, որ ադրբեջանցիներ կարող էին լինել»։

Արևն ու քույրն ամենայն ուշադրությամբ հետևել են Ստեփանակերտում գտնվող արցախցիների մասին Բաքվի կողմից հրապարակված կադրերը, հորը չեն տեսել, որևէ մեկին չեն նմանացրել։ «Կարմիր խաչի աշխատակիցները նույնիսկ Մարտունի են գնացել, մեր տուն, որևէ հետք, որևէ տեղեկություն, ցավոք, առայժմ չկա»,- ասաց Արև Էմիրյանը։

Հունան Թադևոսյան

“Արձանի որդին” հիմա էլ Աբովյանի արձանն է “սպանել”

Ալիեւը, որին “արձանի որդի” են անվանում, քանի որ իր ամբողջ երկիր կոչվածը եւ աշխարհի մի շարք վայրեր հեղեղել է հոր՝ Հեյդարի արձաններով, Արցախում արձաններ է սպանում։

Ինչպես հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն -ը, Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստվել է դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին քանդակագործ Պետրոսյան Արմենը։

Վերին Լարսը չի՞ փակվի

Ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, որ Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։ Այս մասին մարտի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների համապատասխան տեղեկատվությունը։

«Ես ծանոթ եմ այս տեղեկատվությանը, որը տարածվել է լրատվամիջոցներով։ Սակայն ռուս գործընկերներն ասացին, որ նման խոսակցություններ կամ հրահանգներ չեն եղել։ Նրանք հավելեցին, որ այս մասին առաջին անգամ են լսում։

Այս պահին սահմանափակումներ չկան, սահմանը բաց է, բեռները գրանցվում են։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- նշել է Հակոբյանը։

Նա ասաց, որ անցակետում մեքենաների կուտակումներ չկան, ճանապարհը բաց է, մեքենաներն անցնում են սովորականի պես։

Սպիտակ Բիմ` Սև ականջը

Արցախի կորստից հետո բոլոր ընտանիքներում կան թեմաներ, որոնց մասին լռում են, կան բառեր, որոնք այլևս չեն ասվում: Դա պայմանավորվածությունների կամ որոշումների արդյունք չէ, պարզապես բոլորը գիտակցում են՝ մեկ բառը բավարար է, որպեսզի փխրուն իրականությունն ու նրանում ապրող մարդիկ կոտրվեն: Իսկ մարդիկ, որոնք արդեն իսկ մեծ դժվարությամբ են հավաքվել իրենց հազարավոր մասնիկներից, ապրում են ծանր սրտով՝ խուսափելով մտքերից ու խոսակցություններից:

Մեր ընտանիքում այդպիսի թեմաներից մեկն էլ Բիմն է:

2024 թվականի սեպտեմբերին, երբ տաս ամսվա շրջափակումից հետո պարզ դարձավ, որ բնակիչները ստիպված են հեռանալ Արցախից, մարդիկ սկսեցին հավաքվել: Ոմանք վառելիք էին փնտրում, ոմանք՝ հագուստ, լուսանկարների ալբոմներ հավաքում, ոմանք այցելում էին գերեզմանոց, իսկ ոմանք հրաժեշտ էին տալիս ընտանիքի անդամներին, որոնց չէին կարող իրենց հետ վերցնել… Կենդանիներին: Շներ, կատուներ և այլ կենդանիներ, որոնք չէին հասկանում, թե ինչ է կատարվում, պարզապես գիտակցեցին, որ մնացել են մենակ՝ տներում ու փողոցներում, որտեղ նախկինում մարդիկ էին ապրում: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է նրանց սպասում ճանապարհին, որքան կտևի փրկության ուղին, և արդյոք կհաջողվի հաղթահարել այն: Շատերը չունեին մեքենաներ, վառելիք կամ տեղ՝ կենդանիներին տեղափոխելու համար:

Մեր ընտանիքում, սակայն, խնդիրը մեքենայի կամ տեղ չունենալու մեջ չէր:

Բիմին գտանք դեռ 2014 թվականին՝ մի անձրևոտ օր քաղաքի սահմաններից դուրս՝ ճանապարհի եզրին: Մութ էր, ցուրտ և խոնավ: Երբ տեսանք նրան՝ փոքրիկ, միայնակ, անձրևի տակ՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ նրան այնտեղ չենք թողնի: Նրա գոյությունն ու մեր կյանքում ներկայությունը իմ ընտանիքի համար օրհնություն էր տիեզերքի կողմից։ Առաջին հայացքից, նա ոչ այնքան շան, ինչքան խոզուկի էր նման։ Մի քանի օր անց նրա փորն այնքան էր մեծացել, որ հազիվ էր ոտքի կանգնում (20 օրական էլ չեր): Շատ սիրեցինք նրան: Նա սովորական փողոցի շուն էր՝ ցեղատեսակների խառնուրդ։ Բիմային մենք հրամաններ չէինք սովորեցրել։ Նա չգիտեր՝ «նստի’ր», «կանգնի’ր» հրամանները, բայց գիտեր, երբ տրամադրություն չունենք, և երբ պիտի գար ու գլուխը մեր ուսին դներ: Նա չգիտեր՝ «գլորվի’ր», «պարի’ր» հրամանները, բայց երբ հայրիկս բազկաթոռին քնում էր հեռուստացույց նայելու ժամանակ, նա անջատում էր սենյակի լույսը։ Նա գիտեր սիրել, և նորովի սովորեցրեց մեզ՝ ինչ է անմնացորդ սերը։ Նա բառացիորեն մեր ընտանիքի անդամը դարձավ, մեր չորրորդ երեխան:

 

Շրջափակման ժամանակ մայրիկիս խանութի հերթերում կարելի էր տեսնել միայն այն դեպքում, երբ կարելի էր ինչ-որ բան գնել, որից հնարավոր էր կերակուր պատրաստել Բիմի ու մեր կատուների համար: Իմ ծնողները հաճախ սոված էին մնում, բայց Բիմին սոված թողնել չէին կարողանում:

Յուրաքանչյուր շուն սրտի խորքում բոլոր մարդկանցից մեկին ամենաշատն է սիրում, ում իր տերն է համարում, ով շատ ժամանակ է անցկացնում նրա հետ կամ ամենաուժեղ կապն է ստեղծում նրա հետ: Մեր ընտանիքում դա հայրիկս էր: Նա Բիմին անվանեց «Սպիտակ Բիմ, սև ականջ» ֆիլմի շան պատվին: Թեև Բիմի ականջը սև չէր, բայց հայրիկը շատ էր նմանեցնում ֆիլմի շանը:

2020 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում պատերազմ սկսվեց, Բիմը, ինչպես բոլորս, շատ վախեցավ պայթյունների ձայներից: Միշտ վազում ու թաքնվում էր մահճակալի տակ: Մեր տունը սեփական էր՝ ինչպես ասում ենք Արցախում (այսինքն՝ տուն, ոչ թե բնակարան): Ապրում էինք երկրորդ հարկում, միայն պապիկի սենյակը առաջին հարկում էր: Պատերազմի ժամանակ մենք էլ գիշերները անցկացնում էինք առաջին հարկում, բայց դա ո՛չ նկուղ էր, ո՛չ էլ ապաստարան, և այնտեղ ոչ ոք չէր փրկվի, եթե անօթաչու սարքը հարվածեր տանը: Ես պատերազմը տանը չէի անցկացնում, այլ՝ ուրիշ լրագրողների հետ՝ տեղեկատվական կենտրոնում և դպրոցներից մեկի նկուղում: Մայրիկը՝ բուժքույր լինելով, գիշերներն ու ցերեկներն անցկացրեց հիվանդանոցում: Եղբայրս՝ պատերազմի առաջին իսկ օրը զորակոչվեց: Փոքր քույրիկս՝ մեր ընտանիքի միակ անդամն էր, ում պատերազմի երկրորդ շաբաթից հետո ուղարկեցինք Երևան: Հայրիկս (հաշմանդամ՝ առաջին արցախյան պատերազմից), պապիկն ու Բիմը տանն էին: Մեր թաղամասում (Ստեփանակերտում կոչում ենք այն «Զավադսկոյ») միակ ապաստարանը հագուստի գործարանի նկուղային տարածքն էր: Երբ քաղաքը սկսեցին ավելի հաճախ ու անողոքաբար ռմբակոծել, պապիկը միացավ մյուս մարդկանց՝ այդ ապաստարանում: Հայրիկը մնաց տանը: Ինչու՞: Քանի որ ապաստարաններում կենդանիներին չէին թույլատրում մտնել, իսկ Բիմին միայնակ տանը թողնել հայրիկը չէր կարողանում: Այսպես էլ անցկացնում էին ամբողջ պատերազմը՝ բաց երկնքի տակ՝ հայրիկն ու Բիմը: Բիմն էլ, իր հերթին,  ամեն օր իր հետևից բակի շներին ու կատուներին բերում էր մեր տուն (այն ժամանակ էլ բազմաթիվ մարդիկ, որոնք հեռանում էին Ստեփանակերտից, իրենց կենդանիներին բաց էին թողնում փողոց):

2020 թվականի նոյեմբերի 7-ին, երբ ամբողջ քաղաքը ստիպված էր տարհանվել, ծնողներս, իհարկե, Բիմին էլ իրենց հետ վերցրին: Անհասկանալի էր՝ արդյոք կկարողանան գտնել մի տեղ, որտեղ կարելի էր մնալ շան հետ (կենդանիների տերերը կհասկանան):

2023 թվականին, երբ մեր ծնողները բռնեցին գաղթի ուղին, մենք սպասում էինք բոլորին՝ մայրիկիս, հայրիկիս, Բիմին… Պապիկս մահացավ շրջափակման ժամանակ…

Շրջափակումից առաջ ես ու քույրս, մնացել էինք Երևանում՝ տարբեր պատճառներով: Երբ սկսվեց վերջին պատերազմը, մենք անհանգստանում էինք բոլորի համար: Այս անգամ ես անհանգստանում էի Երևանում, այլ ոչ թե, ինչպես անցած անգամ, հանգստացնում էի մյուսներին: Երբ մեզ հաջողվեց խոսել ծնողներիս հետ, և երբ իմացանք, որ ճանապարհը բաց է, մենք անմիջապես հարցրինք Բիմի մասին՝ «Մա’մ, կբերեք Բիմին, չէ՞: Գիտեմ, որ պետք է մեքենայով շատ մարդկանց տեղափոխեք, բայց Բիմն ինչ-որ մեկին խանգարել հո չի՞ խանգարի»: Նրանք ինչ-որ անհասկանալի ձևով խուսափում էին պատասխանել՝ պատճառաբանելով զբաղվածությունը: Բայց մենք իսկապես մի վայրկյան չէինք կասկածում, որ նրան կբերեն: Այլ տարբերակ նույնիսկ չէր քննարկվում:

Միայն այն ժամանակ, երբ նրանք եկան, իմացանք, որ Բիմը այլևս չկա: Նա 9 տարեկան էր: Այս անգամ նա չդիմացավ պատերազմի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռմբակոծությունները, Բիմը վախից էպիլեպսիայի նոպա ունեցավ: Սարսափից սիրտը կանգնեց… Իսկ ծնողներս չկարողացան մեզ պատմել մինչև այն ժամանակ, երբ դա անխուսափելի էր։

Մենք մինչ օրս Բիմի մասին չենք խոսում, նրա անունը չենք տալիս, քանի որ դա շատ, շատ ցավոտ է: 9 տարի նա մեզ հետ կիսեց մեր հացն ու ջուրը: Երբեմն շատ ամաչում եմ, որ վշտում եմ իմ շան համար, երբ տեսնում եմ այնքա՜ն մարդկանց, ովքեր իրենց ընտանիքի անդամներին են կորցրել: Մարդկային կորստի հետ ոչինչ չի կարող համեմատվել: Բայց կարծում եմ՝ ինձ, մեր ընտանիքին և շատ մարդկանց, որոնք կորցրել են իրենց կենդանիներին, տրված է այդ համեստ իրավունքը՝ մեր սահմաններում լուռ ողբալ մեր կորուստը:

Արցախյան պատերազմի ժամանակ կինոռեժիսոր Կարին Հովհաննիսյանը եկավ Ստեփանակերտ՝ նկարահանելու ֆիլմ՝ պատերազմի մասին իմ օրագրերի աչքերով: Շրջափակումից առաջ մենք ունեցանք ֆիլմի պրեմիերան Ամերիկայում: Բիմն էլ «մասնակցեց» այդ ֆիլմին: Այսօր ես այնքան ուրախ եմ, որ Բիմը հիշատակվեց մեր Արցախյան և պատերազմի մասին պատմող ֆիլմում, որը մնալու է պատմության մեջ: Ես այնքան երջանիկ եմ, որ իմ կյանքի այդքան տարիները կիսեցի նրա հետ: Բոլոր այն ժպիտների համար, որոնք նա ինձ նվիրեց, և բոլոր այն արցունքների համար, որոնք լպստեց իմ այտերից:

Բոլորից շատ, երևի, կոտրվեց հայրս: Ծնողներս հաստատվել են Գյումրիում, և այն տանը, որտեղ նրանք ապրում են, մի քանի ամիս առաջ մահացել է ընտանիքի հայրը՝ մի տղամարդ, որի մոտ ապրում էր մի հսկա, գեղեցիկ շուն՝ Կոստյան: Կոստյան գրեթե ոչինչ չէր ուտում, մինչև ծնողներիս այնտեղ տեղափոխվելը: Եվ այսպես, հանդիպեցին երկուսը՝ տերը՝ առանց շան, և շունը՝ առանց տիրոջ, երկուսն էլ տխուր աչքերով, երկուսն էլ կորցրած իրենց լավագույն ընկերներին: Հավանաբար, սա ճակատագիր է: Եվ այդպես էլ ապրում են, փորձելով ամոքել միմյանց վերքերը և իրար կյանքի վերադարձնել:

Լիկա Զախարյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

ԵՄ-ն անհասկանալի առաջարկ է անում արցախցիներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին իրենց հանձնառության համաձայն:

ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում:

ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության:

Բացի այդ, տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը»: