Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը ապօրինի է ճանաչվել

Երեկ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի որոշմամբ Աշոտ Դանիելյանի կալանավորումը կամ ազատությունից զրկելը ճանաչվել է անօրինական»,- ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես գրել է Step1.am-ը, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության աշխատակիցը փետրվարին ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ։

step1.am

«Մենք չգիտենք՝ ո՞վ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացի՞ ենք, արցախցի՞, թե՞ փախստական»

Արցախից բռնի տեղահանվածները խճճվել են Հայաստանի կառավարության գործելաոճի պատճառով։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում Քաշաթաղից բռնի տեղահանված անձինք, նրանք ասում են, որ կառավարության որոշումների պատճառով հայտնվել են անորոշ վիճակում։

Բռնի տեղահանված Աիդա Բեգոյանը լրագրողներին ցույց տվեց իր փախստականի վկայականը՝ հարցադրում անելով․ «Սա իմ փախստականի վկայականն է, սա ինչի՞ համար են մեզ տվել, ի՞նչ կարող ենք անել սրանով՝ մեզ բանկերը սրանով տուն կտա՞ն, պետությունը օգնություն կտա՞, կվերադարձնե՞ն այն, ինչ կորցրել ենք»։ Քաշաթաղից բռնի տեղահանված որոշ ընտանիքներ երեխաների նպաստ չեն ստանում։ Բնակիչներից մեկն ասաց, որ 2022 թվականին իր երեխան Հայաստանում է ծնվել, բայց չեն հաշվառել նպաստների համակարգում։ Սոցիալական մյուս խնդիրները եւս չեն լուծվում, Արցախից բռնի տեղահանվածներն անընդհատ խոչընդոտների են հանդիպում։ Քաշաթաղում հիմնականում բնակություն էին հաստատել Հայաստանից գնացած վերաբնակիչ ընտանիքները։ Նրանք այսօր բողոքում են․ «Սկզբում մեզ ասում էին՝ հայաստանցի եք, հիմա ասում են՝ արցախցի եք։ Մենք չգիտենք՝ ո՞վ ենք մենք՝ Հայաստանի քաղաքացի՞ ենք, արցախցի՞, թե՞ փախստական»,- հարցադրում արեց կինը։

Քաշաթաղի բնակիչներն ունեն Արցախի կառավարության կողմից հատկացված մուրհակներ, որոնք նրանք ստացել են 44-օրյա պատերազմից հետո՝ կորցրած գույքի գույքագրում կատարելու արդյունքում։ Նրանք ասում են, որ այս մուրհակները Հայաստանում առ ոչինչ են այսօր։ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել միայն բանկերում գրավադրված մուրհակների խնդիրը, այսինքն՝ երկակի մոտեցում է ցուցաբերում։ «Մենք տվյալ պահին ուզում ենք սրա փոխհատուցումը, բայց եթե պետությունը կասի՝ մենք ի վիճակի չենք հիմա վճարել, թող սա փոխարինի ՀՀ պարտամուրհակով։ Բայց կառավարությունն ասում է՝ կարաք տանեք, ճմրթեք դնեք սեղանին»,- ասաց նա։

Արցախի հասարակ բանկիչը մուրհակների դիմաց փոխհատուցում չի ստացել, իսկ ՀԷԿ-երի համար միլիարդներով փոխհատուցում է տրվել, ասում են արցախցիները։ «Այն ժամանակ, երբ մենք հարցրեցինք Արայիկ Հարությունյանին՝ ե՞րբ են արվելու այդ փոխհատուցումները, ասաց՝ փոխհատուցումը տրամադրվում է, որպեսզի նախ բիզնեսը զարգանա Արցախում։ Բայց հասարակ բնակիչը, որը մեկ կով կամ հինգ ոչխար է կորցրել, կորցրած տեխնիկայի համար պետք է փոխհատուցում ստանա, այդպես էլ չստացավ, փոշիացավ։ Հիմա Արցախի կառավարություն չկա, որ նրանից պահանջենք, Հայաստանի կառավարությունն էլ ասում է՝ Արցախի կառավարությունից ուզեք»,- դժգոհեց արցախցիներից մեկը։

Արմեն Չոմոյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունից իրենց ուղարկում են Արցախի կառավարություն․ «Ասում են՝ ձեր հարցը Արցախի կառավարության հետ է, իսկ Արցախի իշխանությունն էլ ասում է՝ դիմեք Հայաստանի իշխանությանը` մենք չկանք։ Բայց մենք լավ գիտենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի իշխանության կցորդն էր, Արցախում գոյություն չուներ անկախ կառավարում։ 2020 թվականից հետո մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ձեր ուղարկած գումարները Արցախում փոշիանում են։ Մենք հակված ենք նրան, որ գումարները գնացել են Արցախ, բայց մի մասը հետ է եկել Հայաստանի կառավարություն»։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Քաշաթաղից բռնի տեղահանվածները ներկայացրեցին իրենց բազմաթիվ սոցիալական խնդիրները։ Քաշաթաղցիներին Հայաստանի կառավարությունը բնակարանների գնման վկայագրեր էր հատկացրել։ Բայց, ինչպես տեղեկացրեց Արմեն Չոմոյանը, այսօր դեռ 1600-1700 ընտանիք չեն կարողացել այլ սերտիֆիկատներով բնակարաններ գնել։ «Բնակիչը գտնում է տունը, որը պետք է գնի, բայց բանկը գնահատում է ցածր արժեքով։ Առանց տուն մնացել է այն զանգվածը, որն ի վիճակի չէ ոչ գումար ավելացնելու, ոչ էլ բնակարան գտնելու, նրանց հարցը պետք է լուծվի։ Կառավարությունը որոշել է սահմանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում մինչեւ 16 մլն դրամ, բայց սահմանամերձ տարածքներին բանկերը մոտ չեն գնում, ասում են՝ ռիսկային գոտի է։ Իսկ Արցախում 2020 թվականից հետո 400 մլն դրամ վարկ էին տրամադրել՝ այգի հիմնելու համար, այն ժամանակ չէին ասում՝ ռիսկային է։ Թող մեզ բացատրություն տան՝ Արցախում անվտանգային երաշխիք չկար, բայց այդ վարկը տրամադրվել է, իսկ մենք մոտենում ենք բանկեր, մեզ ասում են՝ սահմանամերձ համայնքներ են, ռիսկային է»։

Նրանց բարձրացրած մյուս խնդիրն այն է, որ շատ արցախցիներ բանկերում «սեւ ցուցակում» են։ Թեեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ այս հարցը լուծվում է, բայց մարդիկ հակառակն են պնդում։ «Հայաստանի կառավարությունը բանկերում Արցախի բնակչության պարտքը գնել է, բայց խախտվել է մեր վճարման իրավունքը։ Մենք հիմա չենք կարողանում մեր վարկի դիմաց որեւէ տեղ վճարել, որպեսզի մեր մի քանի կտոր ոսկին ստանանք։ Գնում  ենք բանկ, բանկն ասում է՝ որոշում չկա, ձեր ոսկիները չենք կարող հատկացնել։ Կառավարությունը ոչ թե մեր վարկն է մարել, այլ մեր պարտքն է գնել՝ խախտելով մեր իրավունքները»,- ընդգծեց Արմեն Չոմոյանը։

Արցախի ԱԺ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ: Այդ մասին ասված է Արցախի Ազգային ժողովի հայտարարության մեջ։

Չնայած խաղաղության մասին միջազգային տարբեր հարթակներում սեփական բարձրակոչ հայտարարություններին՝ Ադրբեջանն անթաքույց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել: Դա հիմնականում արտահայտվում է հայկական քրիստոնեական պատմամշակութային, ազատագրական պայքարի և պետականակերտման խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների պղծմամբ, ոչնչացմամբ կամ էլ այսպես կոչված «աղվանական ծագման» հորջորջմամբ:

Վանդալիզմի վերջին դրսևորումներն են Ստեփանակերտի Աստմածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումը:

Ըստ զինված հակամարտությունների ժամանակ արժեքների մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի որևէ գործողություն: Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ կոչեր են հնչել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը վերջ դնելու համար և խոստումներ եղել առաքելություն ուղարկելու, սակայն որևէ առաքելություն առ այսօր այդպես էլ չի ժամանել Արցախ, Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատրվակով, և միզազգային հանրության անտարբերությունը և անուշադրությունն ազատություն են տվել ագրեսորի վանդալիզմին՝ դառնալով տարածաշրջանում նոր պատերազմների հրձիգ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները և իրավապաշտպան կազմակերպություններից, ՀՀ իշխանություններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին և ատյաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղություն:

«Մի վհատվեք, մենք կճեղքենք, ամեն ինչ լավ կլինի…»

Հադրութից  ​​երկու փախստական քույրերի պատմությունը

 

Հադրութից փախստականներ Իննա և Նարինե քույրերն իրենց ամուսինների հետ Երևանում վարձել են տարածք, որտեղ թխում եւ վաճառում են տարբեր ապրանքներ։ Նրանց ծնողները ծնվել են Հադրութում։ Իսկ Հադրութի շրջանի Կեմրաուչ գյուղում թաղված են նրանց պապերն ու նախապապերը…

Իննա.

«Ես ամուսնացած եմ ուղիղ քսան տարի: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Արցախի պետական ​​համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսումն ավարտելուց հետո ինձ ուղղորդել են աշխատելու Սևան քաղաք, որտեղ ութ տարի աշխատել եմ միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Բայց հետո, արդեն Հադրութում, ես ու ամուսինս՝ Հովիկը, որոշեցինք հիմնել մեր սեփական ընտանեկան բիզնեսը և կառուցեցինք մի մեծ խանութ, որտեղ վաճառում էինք մթերային, արդյունաբերական ապրանքներ, հուշանվերներ և խաղալիքներ։ Գործը լավ էր գնում, նույնիսկ կարողացանք տուն կառուցել։ Իսկ հետո հանկարծ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։

Լուսանկարը՝ հեղինակի։

Մենք մի քանի օր ռմբակոծության տակ էինք մնում, և հոկտեմբերի 3-ին ստիպված եղանք մեկնել Երևան։ Միակ բանը, որ տարել էի հետս, հարիչն էր։ Տղաս էր նվիրել ինձ, ու ես չէի կարողանա թողնել։ Բացի այդ, ես արդեն մասնագիտորեն զբաղվում էի հրուշակագործությամբ. հաճախորդներիս համար թխում էի տարբեր հացաբուլկեղեն։

Լուսանկարը՝ հեղինակի։

Երկու երեխա ունեմ՝ տղա և աղջիկ։ Որդիս՝ Հովիկը, ում ամուսնուս անունով ենք կոչել, սովորում է Գերմանիայում։ Նա կոմպոզիտոր է և վերջերս պաշտոնապես աշխատանքի է ընդունվել Բեռլինի ֆիլհարմոնիկում, ինչով մենք շատ հպարտ ենք։ Դուստրս՝ Քրիստինան սովորում է Երևանի պետական ​​համալսարանում՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ Մեր ամբողջ կյանքը բաժանված է երկու մասի՝ “սեպտեմբերի 27-ից” առաջ և հետո։ Հոկտեմբեր ամիսը մեզ համար սարսափելի էր՝ Երևանի երեք սենյականոց բնակարանում հավաքվել էին քսանհինգ հարազատներ։

Մարդը պետք է աշխատի, ինքը վաստակի։ Որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի ընդունում, երբ մարդ նստում ու սպասում է պետության կողմից նպաստների, ես չէի կարող հանձնվել և օգնության սպասել։ Եվ ես գնացի աշխատանք փնտրելու։ Մեր բախտը բերեց՝ գովազդով սենյակ գտանք, և ես ու քույրս՝ Նարինեն, սկսեցինք աշխատել։

Լուսանկարը՝ հեղինակի։

Փաստորեն, սա մեր ընտանեկան բիզնեսն է՝ ամուսինս, ես, քույրս և ապրանք առաքող մեր աղջիկը՝ Քրիստինան, բոլորս այստեղ ենք աշխատում։ Յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։
Մենք հիմնել ենք բիզնես եւ արդեն ունենք մեր մշտական ​​հաճախորդները։

Լուսանկարը՝ հեղինակի։

Բոլորն էլ սիրում են մեր թխվածքները, ժենգյալով հացը, խաչապուրին, տարբեր տորթեր, ղարաբաղյան փախլավան։

Լուսանկարը՝ հեղինակի։

Ընդունում ենք նաև պատվերներ մեր այցելուներից։ Ժամը 9-ից սկսում ենք աշխատել և աշխատում ենք մինչև երեկո։ Բայց մի երկու անգամ եղել է, որ ես ու Նարինեն թխել ենք մինչև առավոտ։ Մենք պետք է մասնակցեինք Էքսպո տոնավաճառին և որոշեցինք ամեն ինչ իդեալական անել: Առավոտյան տոնավաճառում վաճառեցինք մեր թխվածքները, իսկ կեսօրից հետո շարունակեցինք աշխատել արտադրամասում։

Որոշ ռեստորաններ ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Եվ բոլորը, ում հետ աշխատում ենք, գոհ են մեր արտադրանքից, իսկ մենք ինքներս ուրախ ենք, որ ուշադրություն են դարձնում մեզ…

Բնավորությամբ ես լավատես եմ, ինձ համար միշտ «բաժակը կիսով չափ լիքն է»: Եվ ես հավատում եմ, որ մենք կվերադառնանք մեր տուն՝ Հադրութ։ Այն տունը, որը ես ու ամուսինս կառուցել ենք ապրելու համար, որպեսզի մեր երեխաները այնտեղ ապրեն։ Մենք անցնելու ենք այս դժվարություններն եւս և, ինչպես սիրում եմ ասել իմ սիրելիներին՝ «Մի վհատվեք, մենք կճեղքենք, ամեն ինչ լավ կլինի…»:

Ալբերտ Ոսկանյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Արցախի Քաշաթաղի շրջանից բռնի տեղահանված բնակիչները։ Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այս պահին կառավարությունում չեն ընդունել նրանց։

Քաշաթաղի բռնի տեղահանված անձինք բարձրացնում են իրենց սոցիալական խնդիրները։ Նրանց խոսքով՝ խնդիրները շատ են, սկսած բնակարաններից, վերջացրած նպաստների ու զբաղվածության խնդիրներով։

Նրանք ասում են, որ կառավարության տրամադրած բնակարանների գնման վկայագրերի բնակիչների մի մասը չեն կարողացել բնականներ ձեռք բերել, բանկերը խնդիրներ են ստեղծում։

Քաշաթաղցիները հայտարարեցին, որ եթե կառավարությունում շարունակեն իրենց չընդունել, ծայրահեղ միջոցների կդիմեն՝ կամ նստացույց կանեն, կամ փողոցներ կփակվեն։

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

Մեզանից յուրաքանչյուրն արդեն ընտրություն է կատարել. եւ դա Արևմուտքը և Ռուսաստանը չէ

Հայաստանի քաղաքական «էլիտան» քննարկում է իբր ընտրությունը՝ Ռուսաստան, թե՞ Արևմուտք. Կողմերից յուրաքանչյուրը լուրջ դենքերով առաջ է քաշում իր փաստարկները՝ մեկը մյուսից ավելի անհեթեթ։ Բայց ընդհանուր խելագարության ֆոնին այս փաստարկները տրամաբանական են թվում։

Գործող իշխանության արևմտամետ կողմնակիցներն ասում են, որ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, ռուս խաղաղապահները վատն են՝ չնշելով, որ Ռուսաստանը, եթե ուզեր էլ, չեր կարող օգնել, որովհետև Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ հրաժարվելով ազգային անկախ պետականությունից։ Իսկ ռուսամետները միայն մեկ փաստարկ ունեն՝ ամեն ինչ ավարտված է, և քանի որ մենք պետություն չենք ունենա, ուրեմն թող գոնե մեր հողերը գնան Ռուսաստանին, այլ ոչ թե ուրիշներին։

Փաստորեն, մեզանից յուրաքանչյուրն արդեն կատարել է իր ընտրությունը, և հոգու խորքում շատերը պատրաստվում են նոր կորուստների։ Նրանք, ովքեր սովոր են կռվելուն և պատրաստ են շարունակել պայքարել իրենց իրավունքների համար, զարմանքով լսում նրանց փաստարկները, ովքեր հեշտությամբ վայր են դրել զենքերը և վերցրել ճամպրուկները։

Մենք “պառավ” ազգ ենք, որը կորցրել է պասիոնարությունը (ըստ Գումիլյովի), մենք անարժան ենք պետությանը, որովհետև մենք միմյանց չենք սիրում, մենք չենք կարողանում ընտրել դաշնակիցներ (իրականում տերեր), մեզ ինչի՞ն է պետք պետությունը՝ կարեւորը, որ կարողանանք փող աշխատել, երեխաները չզոհվեն «ուրիշների» հողի համար, և սուրճը ժամանակին մատուցվի։ Այս և այլ փաստարկները համոզիչ են հնչում և ամրացնում ընտրությունը: Մենք ընտրում ենք ոչ կյանքը:

Այս ընտրությամբ էական չէ՝ «խաչմերուկը» կկոչվի «պետությո՞ւն», «միջա՞նցք», այնտեղ կտեղակայվեն ռուսակա՞ն, թե՞ այլ զորքեր։ Մենքընտրել ենք խաչմերուկ՝ բոլոր համապատասխան ատրիբուտներով՝ քյաբաբանոցներով, ֆուդ կորտերով, մեկժամանոց մոթելներով և ուրիշներին սպասարկող անձնակազմով։ Նրանք, ովքեր չեն ցանկանում սպասարկել ուրիշներին հայկական խաչմերուկում, կսպասարկեն օտարներին այլ երկրներում։ Սա է ողջ տարբերությունը:

ՀՀ-ն կայացրել է սահմանը հատած զինծառայող Ռուսլան Փենախովին Ադրբեջանին հանձնելու որոշում. ԱԱԾ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից փետրվարի 28-ի ժամը 05։15-ի սահմաններում հայտնաբերված,  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, Հայաստանի Հանրապետության որոշմամբ, կհանձնվի ադրբեջանական կողմին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին մշակութային ցեղասպանության զոհ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ 

Արցախը ամբողջապես բռնազավթելուց հետո Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի կողմից Արցախում և Նախիջևանում իրականացվող մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է Թուրքիայի կողմից պետական մակարդակով Արևմտյան Հայաստանում իրականացվող մշակութակործան քաղաքականության շարունակությունը: Ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը ստեղծվել է հենց ցեղասպան քաղաքականության արդյունքում: Ամբողջապես հայաթափված Արցախում Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ադրբեջանական «APA TV»-ն 2024 թ. մարտի 1-ին հրապարակեց մի տեսանյութ, (https://www.youtube.com/watch?v=dVHGOd3DHCI) որից հստակորեն երևում է, որ եկեղեցին օգտագործվում է որպես պահեստ՝ տարբեր իրեր՝ հատկապես՝ պլաստիկ շշեր պահելու համար: Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների թիրախում է հայտնվել նաև 1990-ական թվականներին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ:
«Ադրբեջանցի» զավթիչների կողմից արձակած կրակոցների հետքերը պահպանվել են ինչպես եկեղեցու պատերին, այնպես էլ՝ եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա: Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի մասին լուսանկարներ է հրապարակվել նաև «@MountainsOfKarabakh»տելեգրամյան ալիքում: Եկեղեցին կառուցվել է 1800 թվականին:
Հարկ ենք համարում նշել, որ հայկական եկեղեցիները որպես պահեստ օգտագործելն ադրբեջանական ձեռագիր է, որին առնչվող բազմաթիվ օրինակներ կան, մասնավորապես՝ մինչև բերդաքաղաքի ազատագրումը՝ 1992 թ.։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին օգտագործվել է որպես ռազմամթերքի պահպանման պահեստ(https://hayqnews.am/?p=2675…
2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմից հետո օկուպացված Հադրութում՝ Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարոյի վանքը օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով վարում է անհանդուրժողական և ֆաշիստական քաղաքականություն հայկական մշակութային ժառանգության նկատմաբ:
Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգություն է»: Եկեղեցին որպես պահեստ օտագործելը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ՝ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակության կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքի համաձայն՝ պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի, թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները (Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 119) (https://monumentwatch.org/…/azerbaijan-removes…/…):

Կարեւորը՝ որ ես կարողացա բոլորին կենդանի հասցնել Հայաստան. սովորական սխրանք

«Սեպտեմբերի 19-ը սկսվեց որպես սովորական բլոկադային օր. նվազագույն սննդամթերք, մտքեր, որ մեկ օր էլ կանցկացնեն շուկայում կամ կրպակներում, որտեղ գյուղերից հազվադեպ ուտելի բան են բերում։ Այն քիչը, որ կառավարությունը հատկացրել է Տուն-ինտերնատի համար, օգտագործվում էր խնայողաբար։ Այսպիսով, օրը սկսվեց մտածելով, թե ինչ պիտի պատրաստեմ այսօր: Ժամը 13.00-ին մեր թաղամասում ըստ ժամանակացույցի միացվել է հոսանքը։ Եվ մոտավորապես ժամը 13.15-ին հրետակոծությունը սկսվեց։ Առաջին արկերը դիպել են մոտակայքում և ինտերնետի բակին։ Պատուհանները կոտրվել են, փոշի ու մշուշ բարձրացավ, ճիչեր ու լաց։ Բոլորին սկսեցին ուղարկել ապաստարան, պառկածներին նույնպես»։

Ժասմեն Մելքումյանն այսպես սկսեց 2023 թվականի պատերազմի պատմությունը։

Step1.am-ն արդեն պատմել է այս ուժեղ կնոջ պատմությունը https://step1.am/blog/2024/03/01/11932/։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ նրա հայրենի Շեխեր գյուղը գրավեցին, կինը առաջին խմբի հաշմանդամ քրոջ հետ հայտնվել է Ստեփանակերտի Տուն-ինտերնատում։ Այստեղ ապրում էին տասնյակ ընտանիքներ օկուպացված տարածքներից։ Շատ տարեցներ կային, միայնակ, հիվանդ մարդիկ։

Երբ եղավ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, իսկ հետո տեղահանությունը, կնոջ ուսերին ընկան ինտերնատի անօգնական բնակիչների հոգսերը։

Ստեփանակերտի ռմբակոծության առաջին ժամերին մտածում էին, որ հրետակոծությունը շուտով կավարտվի։ Սակայն հրետակոծությունը շարունակվել է ավելի քան մեկ օր։ Կինը մե՛կ վազում էր դեղորայքի, մե՛կ վերմակների, մե՛կ անհրաժեշտ այլ բանի հետեւից։ Իսկ երբ նրանք դուրս են եկել կացարանից, Ժասմենը նկատել է, որ ջրի հետ ինչ-որ խնդիրներ կան։

«Ծորակի ջուրը պղտորվեց, ծածկվեց յուղոտ թաղանթով և տհաճ հոտ էր գալիս: Ես վախեցա և բոլորին զգուշացրեցի, որ ջուրը չօգտագործեն։ Քայլող բնակիչների հետ սկսեցինք ջուր բերել մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արտեզյանից։ Էլեկտրականություն չկար։ Ծանոթներիցս մեկն ինձ ալյուր տվեց, և ես սկսեցի լավաշ թխել միայնակ ծերերի համար: Այսպես ինտերնատը ապրեց մի քանի օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը»։

Մինչ այդ հնարավորություն ունեցող ընտանիքները լքել են ինտերնատը։ Մնացածների համար կառավարությունը ավտոբուսներ տրամադրեց, իսկ Ժասմենին ասացին, որ ինքն է լինելու պատասխանատու ինտերնատի մարդկանց տեղափոխելու համար։

«Երբ ռմբակոծությունն ավարտվեց, խաղաղապահները սկսեցին բոլոր շրջաններից գյուղացիներին բերել Ստեփանակերտ։ Նրանք ասում էին, թե իբր մարդկանց տարհանում են, քանի որ ադրբեջանցի զինվորականները, մտնելով բնակեցված տարածքներ, սպանում են մարդկանց։ Ես դեռ զարմացած էի, մի ռուսի հարցրի, թե՞ ինչու չեն կանգնեցնում ադրբեջանցիներին, ասաց՝ «նման հրաման չկա» ու գնաց։ Ինտերնետում տեղավորվել են հիմնականում միայնակ տարեցներ։ Այն լիքն էր ծերերով՝ նստած-պառկած»։

«Սեպտեմբերի 27-ին երեք երթուղայիններում նստեցրել եմ 76 հոգու, որոնցից 15-ը գամված են եղել անկողնուն։ Վերցրեցի ամբողջ մնացած ուտելիքը և մատրասներ, որպեսզի պառկածները տեղավորվեն նստատեղերի միջև ընկած միջանցքում: Որպեսզի երկար ժամանակ բոլորի համար բավարար սնունդ լինի, ես ստիպված էի մեկ կարտոֆիլը բաժանել երկուսի։ Ջուրը խնայորաբար էինք օգտագործում։ Առաջին գիշերն անցկացրեցինք Ստեփանակերտում՝ Սոցնախարարության շենքի դիմաց գտնվող ավտոբուսում։ Օգնում էի որոշ մարդկանց փոխել տակդիրները. այս պայմաններում ամոթի ժամանակը չէր, վիրակապ էի անում, վերահսկում դեղերի ընդունումը և օգնում լուծել այլ խնդիրներ: Սեպտեմբերի 28-ի առավոտյան երեք ավտոբուսներն էլ շարժվեցին դեպի Հայաստան»։

«Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարության Դավիթ անունով աշխատակիցը մի քանի օր, ընդհուպ մինչև Ստեփանակերտից հեռանալը, մեզ հետ էր և ամեն ինչում օգնել է», – ասաց Ժասմեն Մելքումյանը։ Բայց, ցավոք, նա չգիտի նրա ազգանունն ու կոչումը։ Սեպտեմբերի 25-ից նա չի տեսել ինտերնատի տնօրինությանը։

«Ստեփանակերտում ինտերնատից մնացել են միայն Վարդանը, Հայկը, Արմենը և մի ամուսնական զույգ։ Ինչքան էլ աղաչեցի, չուզեցին ու փախան։ Ես չեմ փնտրել նրանց: Ստիպված էի գնալ առանց նրանց»:

Նա հիշեց, որ Հակարիի կամրջի վրա մի ադրբեջանցի մոտեցավ ավտոբուսին և հարցրեց, թե ինչու ենք մենք գնում, «ի վերջո, ադրբեջանցիները լավն են»։ Ի պատասխան Ժասմենը ցույց տվեց ինտերնատի մոտ պայթյունից վիրավորված ծերերին։

«Գլխավորն այն է, որ ես կարողացա բոլորին ողջ-ողջ բերել Հայաստան։ Առանց բավարար ջրի և սննդի։ Այստեղ Կարմիր Խաչը դիմավորեց բոլորին, օգնություն ցույց տվեց ու բաժանեց ում որ պետք էր։ Դե ես էլ վերցրի քրոջս, ու շատ դժվարություններից հետո հայտնվեցինք Լոռիում»։

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիների աջակցության ծրագրերում փոփոխություններ են իրականացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։

«Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝

վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել հղմամբ,

երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ հղմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հնարավոր համարեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։

«Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Նիկոս Դենդիասը։

Իսկ 2020 թվականին բռնի տեղահանված 30 հազար արցախցինե՞րը

Արդեն 5 ամիս է, ինչ Հայաստանի ղեկավարներն ու պաշտոնյաները, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչները խոսում են Արցախի Հանրապետության 100 հազար բռնի տեղահանված բնիկ բնակիչների մասին, որոնք 10 ամսվա շրջափակումից, ցեղասպանությունից հետո ստիպված էին լքել իրենց մշտական ​​բնակության վայրը։

Ինչո՞ւ հենց այս թիվը դարձավ Արցախից բռնի տեղահանվածների «խորհրդանիշը»։ Իսկ այն 30 հազար արցախցինե՞րը, ովքեր 2020 թվականին լքել են իրենց հայրենիքը 44-օրյա պատերազմի ժամանակ, որի արդյունքում գրավվեցին Հադրութի ու Շուշիի շրջանները, իսկ Արցախը Հայաստանի հետ կապող Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները հանձնվեցին առանց մեկ կրակոց արձակելու։

Ինչո՞ւ է նման վերաբերմունք է դրսեւորվում ոչ պակաս տուժած, քան վերը նշված տարածքների մյուս բնակիչների, անձանց հանդեպ։ Ի վերջո, նրանցից շատերը հավատացին ռուսական խաղաղապահ զորախմբի և անձամբ ՌԴ նախագահ Պուտինի հավաստիացումներին, որ Արցախի ժողովուրդը «կապրի ապահով և ազատ» և նորից վերադարձան Արցախ՝ իրենց կորցրած տներին ավելի մոտ լինելու համար։

Արեւմուտքի դիրքորոշումը շատ չի տարբերվում։ Դեռևս 2020-2021 թվականներին, երբ բռնի տեղահանված արցախցիները ստեղծեցին իրենց հասարակական կազմակերպությունները՝ պաշտպանելու հավաքական իրավունքները, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանց հստակ հասկացրին, որ Արցախն իրենց համար փակ թեմա է։ Մեկ անգամ չէ, որ նրանք երեսներիս ասացին, որ Արևմուտքը «չի ցանկանում խառնվել մեր հակամարտությանը» և մտադիր է միայն Հայաստանի կառավարության միջոցով լուծել տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրները։

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերը (այդ թվում՝ Արցախի բնակապահովման մշակվող ծրագիրը) իրականացվել են օտարերկրյա պետությունների կողմից որպես օգնություն տրամադրված միջոցներով, թե՞ դրանք իրականացվել են հայ հարկատուների վճարած հարկերի հաշվին (ինչպես սիրում են արցախցիների աչք մտցնել հայ պաշտոնյաները):

Բայց նույնիսկ այդ չնչին միջոցները, որոնք տրամադրվել էին տեղահանվածներին 2020 թվականին՝ որպես բնակարանների վարձակալության փոխհատուցում, կասեցվեցին 2023 թվականին Արցախից մնացած հայերի արտաքսումից հետո։

Այսօր 2020 թվականի բռնի տեղահանվածները զրկված են բոլոր վճարումներից։ Ավելին, թոշակառուները, մասնավորապես՝ զինվորական թոշակառուները, որոնք կենսաթոշակ են ստացել ՀՀ բյուջեից, այն կորցրել են 2023 թվականի սեպտեմբերից։ Դադարեցվել է նաև հաշմանդամության և երեխայի նպաստների ֆինանսավորման ծրագիրը։

Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք կընդգրկվեն բնակապահովության ծրագրին ցուցակների մեջ։ Բայց, ըստ ամենայնի, սրանից էլ կզրկվեն հադրութցիներն ու շուշեցիները, բացառությամբ Արցախ վերադարձածների և 2023 թվականին կրկին արտաքսվածների։

Ինչո՞վ է տարբերվում 2020 թվականի ագրեսիան 2023 թվականի ագրեսիայից և էթնիկ զտումներից։ Միայն թե 2020 թվականին Արցախի ամբողջական շրջափակում չկար, և պատերազմը տևեց 44 երկար օր։ Բնակավայրերի նույն գնդակոծությունը, խաղաղ բնակիչների սպանությունները, ովքեր ժամանակ չեն ունեցել կամ չեն ցանկանում լքել իրենց տները։

Բայց այն ժամանակ Ադրբեջանը այլ ձեւ գործեց. մարդկանց դաժանաբար սպանում էին (գլխատում, մասնատում, գնդակահարում) իրենց տներում կամ հողամասերում: Ինչու՞ այլևս չի նշվում 2020 թվականի ցեղասպանությունը։

Իսկ գուցե այն պատճառով, որ 2023 թվականին ցեղասպանությանը մասնակցել են նաև ռուս խաղաղապահները։ Չէ՞ որ նրանց աչքի առաջ են սպանել կամ գերի վերցրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, հենց նրանք են մտել բազմաթիվ գյուղեր և ստիպել բնակիչներին լքել իրենց տները և տեղափոխվել Իվանյանի իրենց բազան (օդանավակայան):

Մենք ապացույցներ չունենք, բայց կարող ենք թույլ տալ եզրակացնել, որ Արևմուտքը կրկին դիտարկում է ցեղասպանության և տեղահանության ենթարկված արցախահայության խնդիրները Ռուսաստանի հետ հարաբերությունների և տարածաշրջանում ՌԴ ապագա դերի պրիզմայով։

Բայց եթե արտաքին խաղացողների հետ ամեն ինչ պարզ է, ապա ՀՀ կառավարության վարքագիծն ու ներքին քաղաքականությունը պարզապես տարակուսանք է առաջացնում։

100 հազար բռնի տեղահանվածների հիշատակումը և 2020 թվականին տեղահանվածների խնդիրների մասին համառ լռությունը տրամաբանության մեջ չեն տեղավորվում. Ի վերջո, 2020-ի տեղահանվածները նույն արցախցիներն են, որոնք նույնպես ռուս-թուրքական-ադրբեջանական համատեղ «համալիր գործողության» արդյունքում վտարվել են իրենց տներից, իրենց պապերի հողից “ծանր օպերացիայի արդյունքում”, ինչպես անվանել է այն ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն:

Այս առումով պետք է նշել, որ 2023 թվականի էթնիկ զտումներից առաջ ադրբեջանցիները ցուցադրում էին կադրեր Հադրութից, որտեղ պարզ երևում էր, որ քաղաքը նույն տեսքն ունի, ավերածություններ չկան և այլն։ 2023 թվականից հետո ցուցադրվում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են էքսկավատորներով ավերվում բնակելի և վարչական շենքերը, Հադրութի քաղաքային լանդշաֆտը ամբողջությամբ փոխվում է և, դատելով Ալիևի հայտարարություններից, այն կվերածվի «մահմեդական մշակույթի կենտրոնի»։

Այսօր արդեն կադրեր են հայտնվել Ստեփանակերտում խորհրդարանի և Ազատամարտիկների միության շենքերի ոչնչացման մասին։

Եվ այս ամենը Հայաստանի իշխանությունների անատամ, ապաշնորհ դիվանագիտության և արտաքին քաղաքականության արդյունքն է, որոնք շարունակում են իրենց հակապետական ​​կուրսը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակին հաճոյանալու համար, իսկ տրիոյի նպատակը պարզ է՝ հայկական պետականության ոչնչացում։ Եվ հայոց պետականությունը սկսել են ավերել Արցախի հանձնմամբ ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոչնչացմամբ։

2020 թվականին տեղահանվածների խնդիրները լռեցնելը հանցավոր ծրագրի մի մասն է, որն ի վերջո կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորստի։

Մարգարիտա Քարամյան