Լավրովն ու Փաշինյանը ցանկանում են «եւ հաճույք ստանալ, և պահպանել անմեղությունը», բայց հիմարներ չկան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հայտարարեց, որ Մոսկվան արդեն մտածում է, թե ինչպես կարգավորի Արցախի կարգավիճակը 2020 թվականից հետո, բայց Փաշինյանը հանկարծ գնաց Պրահա և Մակրոնի առաջարկով պայմանագիր ստորագրեց Ալիևի հետ, որով «Ղարաբաղը ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս։ » Դրանից հետո կարգավիճակի հարցը փակվեց, ասել է Լավրովը։

Կներեք, բայց Պրահայում Փաշինյանը թարմացրել է Ալմա-Աթայի հռչակագրի թեման, ըստ որի՝ ստեղծվել է ԱՊՀ-ն։ Ինչո՞ւ Լավրով-Քալանթարյանը չի նշում այս հայտարարությունը՝ չէ՞ որ դա ռուսական փաստաթուղթ է։ Գուցե այն պատճառով, որ դա աշխարհում միակ փաստաթուղթն է, ըստ որի Ղրիմը պատկանում է Ուկրաինային։ Եւ միակ փաստաթուղթը, որն անուղղակիորեն «հաստատում է», որ Ղարաբաղը Հայաստան չէ՞։ Եվ դրա համար էլ Փաշինյանը պնդում է Ալմա-Աթայի հռչակագիրը։

Լավրովը, փաստորեն, ընդունում է, որ Ռուսաստանը իր քաղաքականության մեջ առաջնորդվում է Փաշինյանի հայտարարություններով։ Իսկ Փաշինյանն Եվրոպայում ներկայացնում է Արցախից հրաժարումը որպես հակառուսական քայլ. տեսաք, ինչ արեցի, հիմա Մոսկվան «չի կարող խույզ տալ» Ալմա Աթայի հռչակագրից։

Ե՛վ Լավրովը, և՛ Փաշինյանը ցանկանում են «հաճույք ստանալ»՝ պահպանելով «անմեղությունը»։ Բայց Լավրովի ու Փաշինյանի «կուսությանը» վաղուց ոչ ոք չի հավատում։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական օրգիաները հրեշներ են ծնում. Հայաստանն արդեն առանց Արցախի է և պետականությունը կորցնելու շեմին է։ Ինչ վերաբերում է Ուկրաինային ու Ղրիմին, ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Ուկրաինային հրետանային արկերի մատակարարման շուրջ՝ միաժամանակ թույլ չտալով Ռուսաստանին պարտվել։

«Ահա թե ինչ էր սպասվում արցախցիներին եւ ինչու նրանք լքեցին իրենց հայրենիքը»․ Գեղամ Սստեփանյան

Այսօր Ամերիկյան համալսարանում «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարարկում է անցկացվում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով, ըստ իրենց կողմից իրականացված փաստահավաք աշխատանքի, Ադրբեջանի կողմից արձանագրվել է 223 անձանց սպանություն, որից 21-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 6-ը երեխաներ։ Եվս 238 անձ զոհվել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։

«Այս դեպքը, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով եւս կապակցված է Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով ստեղծված քաոսային իրավիճակի հետ եւ հետեւանք է ագրեսիայի։ Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետեւանքով դեռեւս անհայտ է մնում 21 անձի ճանակատագիր, իսկ պայթյունի հետեւանքով անհայտ է մնում եւս 20 անձանց ճակատագիր։ Այս ուղղությամբ մի քանի փորձ կատարվել է մեր կողմից կոնկրետ պայթյունի տարածքում նոր որոնողական աշխատանքներ իրականացնելու առումով, սակայն ադրբեջանական կողմը որեւէ ձեւով պատրաստակամություն չի ցուցաբերում։ Կարծես թե ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անընդհատ խախտվում են եւ արդյունք չեն ունենում»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ հարցերը Հայաստանի Հանրապետության կողմից բանակցային գործընթացում չեն բարձրաձայնվում, ինչպես նաեւ չեն բարձրաձայնվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցերը։

«Ինձ համար ՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, օրակարգում չորս հիմնական թեմաներ են՝ առաջինը, Արցախի բռնի տեղահանված անձանց սոցիալ-հումանիտար խնդիրները եւ միջազգայիան աջակցությունն այս հարցում, երկրորդը, վերադարձի իրավունքի ուղղությամբ աշխատանքները, երրորդը, Արցախից գերեվարված եւ պատանդառված անձանց ճակատագիրը եւ չորրորդը, Արցախում պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ աշխատանքները»,- նշեց նա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ Արցախում այսօր մնացել է 20 հայ։ «Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում։ Ստեփանակերտում տեղաշարժվելու համար նրանք պետք է թույլտվություն ստանան ադրբեջանական օկուպացիոն ուժերից, իսկ նրանց տների մոտ ոստիկանական կետեր են տեղադրվել՝ նրանց հսկելու համար։ Ահա թե ինչ էր սպասվում արցախցիներին եւ ինչու նրանք լքեցին իրենց հայրենիքը»,- հյավելեց Գեղամ Սստեփանյանը։

Ըստ նրա՝ Արցախի նկատմամբ կիրառածն Ադրբեջանն այսօր էլ փորձում է կիրառել Հայաստանի նկատմամբ։ «Համակարգային ցեղասպանական քաղաքականություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ, որին հակադրել զիջողական եւ պարտվողական օրակարգը, իմ կարծիքով, սխալ է, դա բերելու է նոր ողբերգությունների»։

Լիլիթ Շահվերդյանն ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրա․ Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

«Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանն ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրա: Շնորհավորեցի նրան փայլուն հաջողության առթիվ, ինչը նաև հույսի նշան է իր կոտրված սերնդի համար»,-գրել է նա:

Վարսիկ Աղաբեկյանը Պաղեստինի կառավարությունում պետնախարար է նշանակվել

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են նոր կաբինետի ստեղծման մասին։ Նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի օրը նախագահական հրամանագրով հայտարարել է նոր կառավարության կազմը։

Պաղեստինյան Wafa լրատվամիջոցը նշում է, որ նախարարների կաբինետում, ի թիվս այլոց, ներկայացված է նաև հայ նախարար։ Պաղեստինի նոր կառավարության անդամներից է Վարսեն Աղաբեկյանը, նա նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։

Հաղորդվում է, որ Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում 1958թ.-ին։ Նա Պաղեստինում Եկեղեցական գործերի վերահսկման Նախագահի Գերագույն կոմիտեի անդամ է: 1983 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ինդիանա նահանգի Փերդյու համալսարանում, իսկ Պիտսբուրգի համալսարանի քաղաքական հարցերով դոկտորի կոչում։ 1988-2008 թվականներին աշխատել է Երուսաղեմի համալսարանում՝ որպես դոցենտ, ապա՝ դեկան։

Ի՞նչ են տավուշցիները ուզում լսել Փաշինյանից, նոր “միջանցքի” խոստումնե՞ր

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ եւ փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք։ Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի»:

Մի քանի օր առաջ հայկական թերթերից մեկը գրել է, իբր ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ասել է, որ «զարմանալի է, թե մեզ այսքան ժամանակ ինչպես են հանդուրժում»։ Եւ իրոք, կարծես, էլ բան չի մնացել «ջարդելու», տալու, սակայն նույնիսկ Տավուշում մարդիկ հանգիստ սպասում են, որ Փաշինյանը գա ու լսի իրենց։ Ի՞նչ են սպասում նրանք Փաշինյանից։ Որ ավելի մեծ սպառնալիքի մասին խոսա՞, թե՞ որ “по блату” այդ գյուղերի բնակիչներին թույլ տա նոր՝ «Տավուշի միջանցքի» երկանքով քյաբաբնոցնե՞ր բացել։

Փաշինյանը դարձել է հայերին վախեցնելու գլխավոր աղբյուրը։ Հիմա նա նոր վախեր է գեներացնում, ասելով, որ 30 տարիների համար փորձելու են Հայաստանից վրեժ լուծել։

«Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք դա անելու համար։ Նրանք իրենց հերթին, մենք մեր հերթին։ Ես ի՞նչ եմ ասում, որ էս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն հանգիստ, խաղաղ, երջանիկ», – հայտարարել է Փաշինյանը։

Իհարկե, պետք է կանգնեցնել, բայց արդյո՞ք այն կետում, որը սպառնալիքի տակ է դնում հայոց պետականությունը։

Մեկ ուրիշ հայկական թերթ գրել է, որ «տավուշեցիները, որոնց գրեթե 70%-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը»։

«Իրագործման» մասին ասում են թիմի մյուս անդամները։ «Եթե բնակիչներին հանելու հարց լինի, պետությունը դա սպասարկելու բոլոր միջոցառումներն ունի», ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Այսինքն, մարդկանց տարհանումը չի բացառվում, նույնիսկ խոստանում են պետական «միջոցառումներ»՝- 40+10 հազ․եւ այլ։

Ընդդիմությունը, խորհրդարանում ոչ մի քաքաղաքական ընթացակարգ չձեռնարկելով, միայն կոչ է անում բանակին՝ չենթարկել անօրինական պահանջներին։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի: Սակայն ընդդիմադիր ուժերը այդպես էլ իրավական եւ քաղաքական հայցեր չներկայացրեցին հանցագործությունների առիթով։ Իրենց է՞լ են միջանցքից բան խոստացել։

Նաիրա Հայրումյան

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը։

««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները

Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։

«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում»,-նշում են Բևեռից։

Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։

Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած  անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։

Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։

Արտակ Բեգլարյանը հայտարարել է կայքի ու դրամահավաքի էջի մեկնարկի մասին

Արցախի նախկին օմբուդսմեն եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է կայքի ու դրամահավաքի էջի պաշտոնական մեկնարկի մասին։
Ուրախ եմ հայտարարելու Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի՝ կայքի, անդամակցելու մեխանիզմի ու դրամահավաքի էջի պաշտոնական մեկնարկի մասին:
Ծանոթացեք մեր կայքին, բաժանորդագրվեք թարմացումներին և դարձեք անդամ՝ միասին պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները՝ https://artsakhunion.org/hy
Աջակցեք մեր գործին` նվիրատվություն կատարելով ՌեԱրմենիա հարթակի մեր էջում՝ https://shorturl.at/ptz35
Որպես հիմնադիր նախագահ՝ ես ուրախությամբ կհամագործակցեմ Կազմակերպության նպատակներն ընդունող բոլոր անձանց ու կազմակերպությունների հետ՝ թե՛ որպես անդամ, թե՛ այլ ձևաչափերով: Դարձեք անդամ և մենք ոչ միայն միասին կգործենք, այլև՝ արտահերթ համագումարով կձևավորենք Կազմակերպության խորհուրդը և այլ մարմիններ:
Արցախ Միության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ տեղեկացված ու ներգրավված լինելու համար:
• Facebook: Արցախ Միություն / Artsakh Union
• Instagram: https://instagram.com/ArtsakhUnion
• Telegram: https://t.me/ArtsakhUnion
• X: https://twitter.com/ArtsakhUnion
Ամեն մի գործողություն, անկախ չափից, կարող է դրական փոփոխություններ բերել: Միասին պաշտպանե՛նք Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան:

Recruit Days. աշխատանքի հնարավորություն` ավելի քան 40 ընկերություններում

Մարտի 28-ին Move to Armenia-ի կողմից կազմակերպված Recruit Days տաղանդների միջոցառումը մեկտեղ էր հավաքել 40-ից ավել առաջատար ընկերությունների, բանախոսների և 3000-ից ավել հյուրերի: Middle+ մակարդակի համար նախատեսված միջոցառումը մեծ հնարավորություն է հետաքրքիր նախագիծ կամ թիմ գտնելու, գործընկերների հետ շփվելու, նոր գիտելիքներ ստանալու համար:  TEDtalks ձևաչափով ելույթ ունեցան Ucom-ի, Buy.am-ի, Rostelecom-ի և հայկական այլ խոշոր ընկերությունների փորձագետները:

Time ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լուսինե Վարդանյանն իր խոսքում նշեց, որ կա սխալ կարծիք` իբր արհեստական բանականությունը եկել է գողանալու մեր աշխատատեղերը։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր լավագույն դաշնակիցը և ընկերը: Հայտնվել ենք լրիվ նոր իրականության մեջ: Ռոբոտները և մեքենաները գրավում են աշխարհը, ստեղծվել են բազմաթիվ նոր բաներ, որոնք մեզ վախեցնում են: Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ և մենք կարող ենք դա օգտագործել ի օգուտ մեզ, ասել է նա։

Imast հավելվածի  հիմնադիր Հայկ Հայրապետյանը խոստովանեց, որ 20 տարեկանից սովորություն ուներ ինքն իրեն հարցնելու`ինչումն է իր գործողությունների իմաստը: Սկզբից զբաղվում էր ծրագրավորմամբ, իսկ 2020թ. ստեղծեց իր երազանքի ընկերությունը, որն ուներ 500 աշխատող: 2021թ. նոր իմաստների փնտրտուքում էր: Մտածում էր` ինչ պետք է անեմ հետո: « Բարեգործական հավելվածը ստեղծելու գաղափարը ծնվեց 44-օրյա պատերազմի օրերին: Մարդիկ ուզում էին օգնել, սակայն չգիտեին ինչպես: Ես պատահաբար հայտնվեցի մի միջոցառման, որտեղ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող ֆրանսիացին օգնող ծրագրեր էր իրականացնում: Դա ինձ մոտ առաջացրեց ձգտում, որ ես ավելիով փորձեմ օգնել Հայաստանին: Հավելվածը հեռախոսի մեջ ներբեռնելուց հետո դուք կարող եք ծանոթանալ բոլոր ստուգված բարեգործական կազմակերպություններին: Բարեգործություն կարող են կատարել աշխարհի ցանկացած վայրում գտնվող մարդիկ` հավելվածի միջոցով փոքր գումար փոխանցելով: Մեր գաղափարն է շարունակական դարձնել բարի սովորությունները: Մեզ պետք են երիտասարդ, ամբիցիոզ երիտասարդներ մեր ծրագրերին միանալու համար”:

E-commerce կազմակերպության տնօրեն  Սերգեյ Մարկոսյանը խորհուրդ տվեց բիզնեսով հետաքրքրված մարդկանց ընտրել իրենց կազմակերպությունը: Այն հնարավորություն է տալիս նոր մասնագիտություն ձեռք բերելով աշխատել աշխարհի բոլոր երկրների համար:

Recruit Days-ը մեծ հնարավորություն է բացահայտելու աշխատանքի բոլոր հնարավորությունները 40+ ընկերություններից, դրանց մշակույթի և առավելությունների վերաբերյալ հարցեր ուղղելու ընկերությունների մենեջերներին, անցնելու էքսպրես-հարցազրույց և ստանալու հաջորդ փուլի հրավեր, լսելու նախագծերի և պրոդուկտի ստեղծման, զարգացման փորձի մասին ընկերության ղեկավարներից:

Տաթեւ Ազիզյան

 

Փաշինյանը «սպառնալիք» է համարում իր երկրի մի մասի՝ Արցախի իշխանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբեր կամա թե ակամա դիմում են գործողությունների և քայլերի, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը, հայտարարում են վտարանդի կառավարություններ և այլն։ Եթե ​​ՀՀ-ում ինչ-որ մեկն իրեն ներկայացնում է որպես կառավարություն, սա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է»։

Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները վաղուց ոչ ոքի չեն զարմացնում։ Մարդը պարզապես չի հիշում կամ չի գիտակցում, որ ինքը մի անկախ երկրի վարչապետն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվել է Խորհրդային Հայաստանի + Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Ընդ որում, սա ամրագրված է Անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ։

Թեև, եթե երկրի վարչապետը, անձամբ ալիևի ճնշման ներքո, պատրաստ է փոխել և՛ Հռչակակիրը, և՛ Սահմանադրությունը, և՛ երկրի պետական ​​ատրիբուտները, պատրաստ է փոխարինել Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ, համարում է իրեն 28900 քառ. կմ տարածքով երկրի վարչապետ, թեկուզ երկրի 200 քառ․ կմ զավթած են, ինչո՞ւ նա չի կարող իր երկրի մի մասի իշխանություններին “ազգային անվտանգության վտանգ” համարել։

Փաշինյանի հայտարարություններում զարմանալի ոչինչ չկա։ Ի վերջո, երբ կառավարության ղեկավարը ողջ հասարակության և աշխարհի աչքի առաջ խախտում է իր երկրի Սահմանադրությունը, աջ ու ձախ տալով երկրի տարածքները և մնում է անպատիժ, ավելին, շարունակում է գլխավորել կառավարությունը, ապա նա կարող է «ազգային անվտանգությանը սպառնակիք» համարել այն ամենը, ինչը մթագնում է նրան որպես ժամանակավոր պաշտոնյայի, ում ճակատագրի կամքով բախտ է վիճակվել հայտնվել պետության ղեկին։

Փաստորեն, այն, որ «իր երկրի» ինքնիշխան տարածքի 200 քառ. կմ զավթած են, որ իր երկրի սահմաններին այլ պետության զորքեր են կանգնած, որ սեփական իշխանությունը պահպանելու համար նա մշտական ​​վախի մեջ է պահում սեփական ժողովրդին, «ազգային անվտանգության սպառնալիք» չէ, բայց սպառնալիք է Արցախի իշխանությունները (մի կողմ թողնենք նրանց իրավասության հարցը, կարևոր է, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ են), որը փորձում է ինչ-որ կերպ ներկայացնել Արցախի բռնի տեղահանվածների խնդիրները, կապեր հաստատել Հայաստանի իշխանությունների հետ, որն, ի դեպ, փախստականներին վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով։

Այստեղ տեղին է ասել, որ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը վաղուց էր ծրագրում դատի տալ Հայաստանի կառավարությանը և անձամբ Փաշինյանին՝ այդ թվում՝ նրա մեղքով ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված մարդկանց խնդիրները լուծելու միջազգային պարտավորությունները չկատարելու համար։ Ի վերջո, ՀՀ վարչապետն իրավասու չէր առանց մի կրակոցի հանձնել Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները, ինչը հանգեցրեց 10-ամսյա շրջափակման՝ կանանց, երեխաների, ծերերի, հիվանդների և Արցախի պաշտպանության բանակի և որպես արդյունք՝ Արցախի ժամանակավոր կորուստի: Բայց, ելնելով նման քայլի գնալու աննպատակահարմարությունից, երբ թշնամին կանգնած է Հայաստանի սահմաններին, արցախցիները ատամները կրճտացնելով, հաստատակամորեն ու հպարտորեն դիմանում են իրավական և սոցիալական խնդիրների բոլոր դժվարություններին։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ ավելի խելացի և իրավասու լինեին, եթե պետական ​​չափանիշներով մտածեին, ապա առաջին իսկ օրվանից կապ կհաստատեին ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների միջև, ինչը թույլ կտա արագ լուծել փողոցում հայտնված մարդկանց բոլոր իրավական, սոցիալական և այլ խնդիրները։

Հետաքրքիր է, եթե վաղը, Աստված մի արասցե, Տավուշի կամ այլ շրջանների բնակիչները, որոնք Փաշինյանի ձեռամբ տեղահանման վտանգի տակ են հայտնվել, եւ տեղական ​​պաշտոնյաները հայտնվեն Երևանում, նրանք է՞լ կդառնան «ազգային անվտանգության սպառնալիք»։

Չէ՞ որ այս մարդիկ բարձրաձայնելու են նույն խնդիրները, ինչ Արցախի բնակիչներն ու իշխանությունները։

Մարգարիտա Քարամյան

Արեգա Հովսեփյան․ Երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, գրեթե անհնար է լինելու վերականգնել կորցրածը

«Հայտարարությունները, որոնք անում են Հայաստանի դե ֆակտո իշխանությունները, բացարձակ չեն սպասարկում հայկական կողմի շահերը»,-  step1.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» նախագահ Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից։

Ըստ Արեգա Հովսեփյանի՝ հասկանալի է, որ սա սպասարկում է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Նրա խոսքով՝ միջազգային դատական ատյաններում գտնվող գանգատներով պաշտպանվում է հայերի, այդ թվում՝ արցախահայության հավաքական ու անհատական իրավունքները։ «Առաջին հերթին խոսքը վերաբերում է արցախահայերի վերադարձի իրավունքին։ Այս գանգատների միջոցով մենք կարողանում ենք առնվազն միջազգային ատյաններում բաց պահել այս հարցը, խոսել Արցախում հայերի նկատմամբ իրագործած հանցագործությունների մասին, բարձրաձայնել Արցախում հայկական ժառանգության պահպանման մասին։ Եվ այս գանգատները չեղարկելով՝ մենք փաստացի զրկվում ենք այս բոլոր իրավունքներից, որոնց համար մի ամբողջ դիվանագիտական կորպուս տասնամյակներով աշխատել է։ Իրենք փաստացի ոչ թե ինչ-որ գործողություն սկսում են զրոյական կետից, այլեւ զրոյացնում են ամեն ինչ։ Եթե Ադրբեջանի դեմ հայցերը չեղարկեն, դա մեծ հարված կլինի հայկական դիվանագիտությանը, որովհետեւ հետագայում, երբ Հայաստանում լինեն ազգային իշխանություններ, գրեթե անհնար է լինելու վերականգնել կորցրածը»,- ասաց նա։

Արեգա Հովսեփյանը նշում է, որ Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացվել են ոչ միայն միջպետական, այլ նաեւ անհատական գանգատաներ։ Անհատական գանգատների հարցը կմնա օդում կախված, եւ իշխանությունները կարող են այդ գանգատները միացնել միջպետական հայցերին ու դարձյալ չեղարկել։ «Այսինքն՝ սա լուրջ վնաս է պատճառելու ոչ միայն պետական ինստիտուտների գործունեությանը, այլ նաեւ առանձին անհատներին, հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դեմ»,- հավելեց նա։

 

Ի՞նչ վտանգ է ներկայացնում Արցախի կառավարությունը Հայաստանի համար

Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը կարեւոր է, քանի որ արցախցիների խնդիրները սպասարկում են պահանջում։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը։ Ըստ նրա՝ հասարակական կազմակերպությունները չեն կարող իրականությունն այնպես պատկերացնել, ինչպես պատկերացնում են այն մարմիները, որոնք տարիներով զբաղվել են արցախցիների խնդիրներով։ «Արցախում կար բնակարանային կոմիտե, որը բավական լավ փորձ ունի, կարծում եմ՝ պետք է օգտագործել այդ ինստիտուտների գոյությունը։ Ես չեմ ասում՝ Հայաստանում երկրորդ կառավարություն ձեւավորենք, բայց միգուցե այս համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Երեւանում։ Ի պատասխան՝ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է»։

Հարցին, թե ի՞նչ քայլեր կարող են հետեւել Փաշինյանի այս հայտարարությանը, Արամ Հարությունյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի, բայց կարծում եմ՝ կարեւոր է, որ մենք ինստիտուտները պահպանենք։ Չգիտեմ՝ ինչ ձեւաչափով դա պետք է լինի, միգուցե ինչ-որ զգայուն հարցեր կան, որոնք փակ ռեժիմով քննարկվեն»։

Ի՞նչ վտանգ կարող է լինել Հայաստանի համար, եթե Արցախի վտարանդի կառավարությունը գործի Հայաստանում, ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները։ Այս հարցին Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց․ «Չեմ կարող այդ գնահատականը տալ։ Հետո չեմ կարծում, որ այս պահին ճիշտ է վտարանդի անվանել։ Կան ինստիտուտներ, որոնք գործել են, գործում են, եւ այս պահին բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծմանը կարող են նպաստել իրենց գործունեությամբ։ Կան հարցեր, որոնք միգուցե պետք է փակ ռեժիմով քննարկվեն, որովհետեւ հասկանում ենք, որ տարածաշրջանում վիճակն անկայուն է։ Բայց նաեւ մյուս կողմից չեմ կարծում, որ Արցախի պետական ինստիտուտների գոյությունը սպառնալիք է»։

Ըստ Արամ Հարությունյանի՝ ամենամեծ խնդիրը կոմունիկացիայի բացակայությունն է, ինչը հանգեցրել է այս իրավիճակին։ «Եթե վտանգներ կան, որոնք Սամվել Շահրամանյանը կամ Արցախի այլ ներկայացուցիչ այս պահին չի կարող գնահատել, այն մարդիկ, որոնք կարող են գնահատել, համապատասխան շփումների, կոմունիկացիաների միջոցով կարող են տեղեկացնել»,- ասաց նա։