Մոսկվայում տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը

Քաղաքական գործիչը մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ Ողբերգական լուրը լայն արձագանք գտավ ամբողջ աշխարհում։ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։

2020 թվականի օգոստոսին Նավալնին թունավորվել էր Ռուսաստանում։ Նա ողջ է մնացել Գերմանիայում բժիշկների ժամանակին միջամտության և բուժման շնորհիվ: Նա վերադարձել է հայրենիք, որտեղ դատապարտվել է երկար տարիների ազատազրկման։ Քաղաքական գործչին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը։

Ըստ RusNews-ի՝ ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր դեպարտամենտի («E» կենտրոն) աշխատակիցները Բորիսովսկոյե գերեզմանատան մուտքի մոտ նկարում են Նավալնիին հրաժեշտ տալու եկած մարդկանց դեմքերը։

Մետրոյի Բորիսովո կայարանի մոտ մարդիկ ինքնաբուխ հուշահամալիր են կազմակերպել Նավալնիի հիշատակին։ Քաղաքական գործչին հրաժեշտ տալու եկածները ձյան մեջ ծաղիկներ ու մոմեր են թողնում մետրոյի մուտքի մոտ, ինչպես նաև հենց կայարանի պարապետի վրա և Մարինոյի եկեղեցու դիմաց։

Գերեզմանատան մուտքը փակ է, անվտանգության ուժերը սկսել են մարդկանց հեռացնել դարպասից, հայտնում է «Մենք կարող ենք բացատրել» թղթակիցը։ Ոստիկանները ամբոխին հեռացնում են ցանկապատից, սակայն հազարավոր մարդիկ, ովքեր հայտնվել են գերեզմանից կտրված վիճակում, չեն ցրվում։ Գերեզմանի մոտ գնալուն սպասողները լույս են տալիս լապտերներին, հայտնում է RusNews-ը։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք  կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է  սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։

Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։

Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։ Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։

Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։

Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։

Արցախցիների սոցիալական ծրագրերը կփոխվեն․ 40+10 միայն անչափահասների համար, իսկ 63 տարեկանից բարձր թոշակառուները կենսաթոշակային հավելավճար կստանան

Մեր աղբյուրները հայտնում են, որ փոփոխություններ են նախատեսվում արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերում։

Մասնավորապես, մարտին ավարտվող 40+10 հազար դրամի ծրագիրը կշարունակի գործել միայն անչափահասների համար։

Բացի այդ, 63 տարին լրացած անձանց և 1-ին խմբի հաշմանդամների կենսաթոշակներին կտրամադրվի ամսական 20 հազար դրամի չափով հավելավճար։

Այս փոփոխությունները վերաբերելու են Արցախից բռնագաղթված բոլոր անձանց, այդ թվում՝ 2020թ. տեղահանվածներին։

Հաղորդվում է նաև, որ սոցապնախարարությունում աշխատանքի է տեղավորվել 1244 արցախցի՝ նախարարություն դիմած 2140-ից։

Եվրոպան առաջ է տանում «Ալմա-Աթայի հռչակագիրը» և Ստալինի որոշումները՝ հիմք ստեղծելով Հայաստանի կործանման համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարելի է ավարտել արդեն այս տարի։ Այս մասին Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նշելով, որ Եվրամիությունը ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում։

«Պետությունների ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիրը։ Որպես մարդ, ով երկար տարիներ աշխատել է այս գործընթացի վրա, ես համոզված եմ, որ դրան կարելի է հասնել այս տարի։ Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հասնել համաձայնության, որն արդարացի կընկալվի բոլոր կողմերի կողմից։ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը, ինչպես նաև հաշտեցման և ռազմական գործողությունների հաղթահարման նշանակալի առավելությունները», – ասել է եվրոպացի դիվանագետը:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում անհրաժեշտ է հենվել արդեն իսկ կնքված պայմանագրերի վրա, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների միջև սահմանազատման գծերի վրա՝ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին. «Համաձայնագիրը պետք է ներառի սահմանի բացում՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար, այդ թվում՝ հարավային Հայաստանի տարածքով, Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան»:

Կլաարը նշել է, որ Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի դերին, որը բացառիկ հնարավորություն ունի նպաստելու խաղաղությանը՝ բացելով սահմանները և վերականգնելով Հայաստանի հետ տրանսպորտային կապերը։ Նրա կարծիքով, խաղաղ կարգավորումը օգուտ կբերի ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրներին, այլեւ ԵՄ երկրներին՝ ապահովելով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի միջեւ տրանսպորտային միջանցքի հուսալիությունը։

«Նման քայլը Եվրամիությանը վստահություն կհաղորդի Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի անխափան աշխատանքի նկատմամբ։ Այս դեպքում ԵՄ-ն նաև կկարողանա Հայաստանից դուրս բերել քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը տեղակայվել էր՝ ցույց տալու համար ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում»,- ընդգծել է Կլաարը։

Եվրամիությունը շարունակում է ակտիվորեն առաջ տանել ռուսական օրակարգը և խորհրդային պայմանագրերը, այդ թվում՝ Արցախի վերաբերյալ Ստալինի որոշումը։ Պատճառները պարզ են՝ միայն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ԵՄ-ն կարող է խոսել Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի ամբողջականության մասին։ Այս մոտեցումը տարածելով հետխորհրդային բոլոր հակամարտությունների վրա և անտեսելով սեփական սկզբունքներն ու փաստաթղթերը, Եվրամիությունը հիմք է ստեղծում Հայաստանի մասնատման և ի վերջո կործանման համար:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները հայտարարություններով են հանդես եկել

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նման զգայուն հարցերում ամենակարևորն առաջին պայմանավորվածությունների կատարումն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունը երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար 2023 թվականի ամռանը բացելու վերաբերյալ, որը մինչ այս պահը չի կատարվել, թեև Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր կողմից բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են ու սպասում են թուրքական կողմի արձագանքին։

«Այնպիսի զգայուն հարցերի դեպքում, ինչպիսին այս գործընթացն է, ամենակարևոր բանն առաջին պայմանավորվածությունների կատարումն  է, որովհետև երբ առաջին պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնում, մեր հասարակությունները տեսնում են, որ մենք վստահություն ենք կառուցում, կա միմյանց հետ աշխատելու հնարավորություն։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունների միջև անվստահություն կա, այսպիսով, մենք պետք է կառուցենք այդ վստահությունը։ Երբ մենք չենք նյութականացնում այս համաձայնությունները, գործընթացը գնում է հակառակ ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը։

Նա հավելել է, որ չի ցանկանում կենտրոնանալ բացասական բաների վրա՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ «Ես հույս ունեմ, որ ես և Սերդարը կհասնենք այն նպատակին, որ միասին սահմանել ենք, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը, մեր սահմանի ապաշրջափակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ինչպես տեսնում եք, դա այսօր տեղի չի ունենում, բայց հույս ունեմ, որ տեղի կունենա վաղը»,- եզրափակել է Հայաստանի հատուկ բանագնացը։

Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հսկայական պատմական կոնտեքստ ունեն, և դա մեր աշխատանքն ավելի հեշտ չի դարձնում։

Այնուամենայնիվ, Հայաստանը պատրաստ է աշխատել՝ հանուն ներկայի և ապագայի։ Ահա թե ինչու 2022 թվականի հուլիսին ես և Սերդար Քըլըչը հրապարակային հայտարարեցինք, որ մենք կբացենք հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո մենք ավելացրինք, որ սահմանը կբացենք նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ավելի ուշ մենք հայտարարեցինք, որ մենք դա կանենք 2023 թվականի ամռանը, դժբախտաբար, դա դեռ տեղի չի ունեցել։ Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի  ենք կոչում այս համաձայնությունը»,- մանրամասնեց նա։

Ռուբինյանը հավելել է, որ հաճախ այս հարցում որոշակի զգայունություն է նկատում երկու կողմից էլ, որը երբեմն էմոցիոնալ բնույթ է հաղորդում գործընթացին թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։

«Օրինակ, 2023 թվականին պատմական իրադարձություն եղավ, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 30 տարվա մեջ առաջին անգամ մեր սահմանը բացվեց, որպեսզի Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնատարները կարողանան անցնել սահմանը և հասնել երկրաշարժի գոտի։ Սա ներշնչող է, բայց նաև տխուր փաստ է, որովհետև մենք ողբերգությունների կարիք չունենք, որպեսզի սահման բացենք, մենք չպետք է սահմանը բացենք ողբերգական պատճառներով։ Մենք բաց սահմանների կարիք ունենք երջանկության և բարգավաճման ժամանակ։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի»,- ասաց Ռուբինյանը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շուտով կիրականացվեն՝ նշելով, որ  դա առաջին քայլը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական ապաշրջափակման համար։ «Սա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց Ռուբինյանը։

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք, բայց առաջին հերթին մենք պետք է հանդիպումներ ունենանք»,- ասել է Քըլըչը։

Նա նշել է, որ Մոսկվայում համաձայնության են հասել, որ հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացում նախապայմաններ չլինեն։

Քըլըչը հայկական կողմին մեղադրել է հետագա հանդիպումների համար երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման առաջ քաշելու մեջ։ «Ես Ռուբենին մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ Երևան այցելել բանակցությունների համար։ Ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել նաև Անկարայում։ Բայց, եթե նա երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացումը որպես նախապայման է դնում Անկարայում և Երևանում մեր հանդիպման համար, մենք այդ ժամանակ խնդիր ենք ունենում։ Մենք պետք է հանդիպենք և խոսենք։ Եթե մենք ցանկանում ենք լուծում գտնել, դրա բանալին հանդիպումն է, իսկ մենք մեկ տարուց ավելի է՝ չենք կարողացել հանդիպել»,- նշել է Թուրքիայի հատուկ բանագնացը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ կողմերը պայմանավորվել էին 2023 թվականի ամռանը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար՝ Քըլըչն ասել է, որ իրենք կցանկանային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ բոլորի համար, բայց այն ժամանակ, երբ պահը  հասունացած կլինի։

Արձագանքելով Քըլըչի հայտարարությանը, թե Հայաստանը հանդիպումների համար նախապայման է դնում՝ Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ, հնարավոր է, թյուրըմբռնում կա, որովհետև Հայաստանը հանդիպումների համար նախապայման չի դրել։ «Ես և Սերդարը վերջին անգամ հանդիպել ենք Թեհրանում։ Ես արդեն երկու անգամ եղել եմ Թուրքիայում և հանդիպել եմ Սերդարի հետ։ Այսպիսով, որևէ նախապայման չկա, և, իհարկե, մենք հետագայում կքննարկենք, թե որտեղ հանդիպենք»,- ասել է Ռուբինյանը։

Սավադյան․ եթե մեզ փախստականի կարգավիճակ են տրամադրել, ինչի՞ համար են քաղաքացիություն պահանջում

Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ արցախցիները կարտագաղթեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Արցախցիներն այսօր հավաքվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունը ներկայացնելով կառավարության բնակապահովման ծրագրի պայմանների վերաբերյալ։

«Կառավարությունը յուրաքանչյուր արցախցու 3 մլն դրամ է ուզում տրամադրել՝ բնակարան ձեռք բերելու համար, այն էլ՝ չափահասների կողմից հետ վերադարձնելու պայմանով։ Նախ 3 մլն դրամով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել, թեկուզ 4 հոգանոց ընտանիքին, եթե 12 մլն դրամ տան, ընդհանրապես հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։ Մենք հույս ունեինք, որ գոնե 4-5 մլն կտրամադրեին։ Կառավարությունում հանդիպման ժամանակ մենք տարբեր տեսակետներ ենք հնչեցրել, մեր առաջարկներից մեկն էլ այն էր՝ որպեսզի բնակչության թիվը չպակասի, արցախցիների համար համայնքներ կառուցեք։ Բայց, ինչպես տեսնում ենք, մեր առաջարկները հաշվի չեն առել»,- ասաց Վահան Սավադյանը։

Նա նշեց, որ անհեթեթություն է այն պայմանը, որ արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որպեսզի կարողանան բնակապահովման ծրագրի շահառու դառնալ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր գործարքների համար քաղաքացիության պահանջն արցախցիներին ներկայացվում է։

«Մարդիկ գնում են, որպեսզի աշխատանքի ընդունվեն, զինգրքույկ են պահանջում։ Զինգրքույկի համար գնում են զինկոմիսարիատ, զինկոմիսարիատում ասում են՝ պիտի քաղաքացիություն ձեռք բերես, որ հարցում կատարենք ու տրամադրեք։ Սա շատ սխալ որոշում է, եթե մեզ տրամադրել են փախստականի կարգավիճակ, անձնագրի մեջ կա հաշվառման կնիքը, սրա իմաստը ո՞րն է։ Նման վերաբերմունքը հետեւյալ վտանգներն է պարունակում, առաջինը՝ բնակչությունն ստիպված դուրս է գալու Հայաստանից։ Բայց կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի այն, որ Արցախի բնակչությունը մնա այստեղ ու ավելանա, ոչ թե պակասի»,- ասաց Սավադյանը։

 

Արցախցիների բողոքը բնակապահովման ծրագրի վերաբերյալ․ դա ձեռառնոցի է

Արցախից բռնի տեղահանված անձինք հավաքվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության բնակապահովման ծրագրի վերաբերյալ։

Արցախցիներին ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին հանդիպման են հրավիրել նախարարություն։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության առաջարկած ծրագրում ոչ մի լավ կետ չեն տեսնում։ Արցախցիների բարձրաձայնած հարցերը ներկայացնելու են նախարարությունում։

«Տեքստում գրված է, որ յուրաքանչյուրին 3 մլն դրամ են տալու՝ անչափահասներին անվերադարձ, չափահասները պետք է վերադարձնեն մի քանի տարի հետո։ Նախ սկսենք նրանից, այսօր Երեւանում 3 մլն-ով հնարավոր չէ բնակարան գնել, դա ձեռառնոցի է։ Ասում են՝ մեծահասակները հետ են վերադարձնելու, բայց այս ցածր աշխատավարձի պայմաններում ո՞նց են վերադարձնելու։

Եվ երրորդ՝ ասում են՝ մինչեւ քաղաքացիություն չընդունեք, չենք տալու։ Մենք առաջին հերթին պետք է խնդրենք, որ այդ քաղաքականության պայմանը հանեն։ Երկրորդ, պետք է ասենք՝ եթե գումար եք տրամադրում՝ տուն ձեռք բերելու, 3 մլն դրամը վերանայեք։ Երրորդ՝ ասելու ենք՝ մեզ սեփական տուն պետք չէ, մեզ պետք է մեր գլխին տանիք, սոցիալական բնակարաններ սարքեք։ Ամենալավ տարբերակը մեզ համար համայնք ստեղծելն է»,-ասաց Հայրյանը։

Նա նշեց, որ արցախցիները նպատակ ունեն վերադառնալ Արցախ։ «Մենք չեն ուզում հավատալ այն մարդկանց, որոնք ասում են՝ Արցախը պրծել է։ Մենք մեր կյանքի ու պայքարի գնով վերադառնալու ենք։ Հայաստանի հողը ո՞ւմ պետք է թողնենք։ Եթե այսօր իրենք քաղաքական վախերի պատճառով հայտարարում են, որ Արցախը հայկական չէ, աշխարհում ոչ ոք չի հավատում դրան»,- ասաց Հայրյանը։

Շեխեր-Երևան-Ստեփանակերտ-Երևան-Լոռի. ուժեղ կնոջ դժվարին ուղին

Շեխերցի Ժասմեն Մելքումյանը, 2023 թվականին հեռանալով Ստեփանակերտից, իր հետ Հայաստան է բերել միայն փոքրիկ հուշանվեր՝ «Տատիկ-պապիկի» պատկերով։

Սա միակ բանն էր, որ պատկանում էր նրան ու քրոջն՝ առաջին խմբի հաշմանդամին։ Նվեր են ստացել։

2020 թվականի հոկտեմբերին օկուպացվել է Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղը։ Ավելի վաղ, երբ սկսվել էին հրետանու և անօդաչու սարքերով ինտենսիվ գնդակոծությունը, գյուղի բնակիչները տարհանվել էին։ Ինչպես բնակիչներից շատերը, Ժասմենը թողեց այն ամենը, ինչ նա ձեռք էր բերել երկար տարիների աշխատանքի արդյունքում:

«Սեփական բազմահարկ տունը, որը լցված էր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով: Բակում 100-ից ավելի հնդկահավեր, 200-ից ավելի հավեր և այլ թռչունների ֆերմա։ Թողեցինք ամեն ինչ։ Ես ստիպված էի փրկել հիվանդ քրոջս»։

Երբ 44-օրյա պատերազմն ավարտվեց, Ժասմենը Երեւանում երկար չսպասեց։ Նոյեմբերի 13-ին նա արդեն Ստեփանակերտում էր։ Մի քանի օր տեղ չէին գտնում մնալու, մինչև նրանց տեղավորեցին Ստեփանակերտում կառավարությանը մոտիկ գտնվող ամուրիներին խնամելու պանսիոնատ։ Գիշերօթիկ տանը բազմաթիվ նման ընտանիքներ կային օկուպացված տարածքներից։

«Դժվար էր։ Հատկապես դժվար էր քրոջս մասին հոգալը. դեղեր և հիգիենայի պարագաներ դժվար էր ձեռք բերել։ Բայց հետո ամեն ինչ լավացավ։ Վերականգնողական կենտրոնը մեզ մեր խնամքի տակ վերցրեց, այլ կազմակերպություններ էլ մի բան տվեցին։ Արդեն լավ բանի հույս կա։ Բայց սկսվեց շրջափակումը, հետո պատերազմը, հետո տեղահանությունը։ Կրկին ստիպված էի փրկել քրոջս։ Մենք երկար ժամանակ Հայաստանում բնակարան փնտրեցինք, բայց հարազատներն օգնեցին, հիմա ես ու քույրս ապրում ենք Լոռու գյուղերից մեկում։ Դժվարությունները շատ են, ինչպես Հայաստանի մյուս հեռավոր գյուղերում»։

Հարցին, թե ինչ կվերցնեիք Շեխերի ձեր տնից, եթե հնարավորություն տրվեր, կինը առանց վարանելու պատասխանեց. «Երեք լուսանկարչական ալբոմ։ Այնտեղ, որտեղ հավաքված են իմ ընտանիքի բոլոր լուսանկարները, այն ժամանակվանից, երբ լուսանկարչությունը հայտնվեց Ղարաբաղում մինչև 2020թ. Իմ ընտանիքի ողջ պատմությունը»։

Ի հիշատակ Հայրենիքի, կինն ունի միայն կավ «Տատիկ-պապիկ»։

Արցախ վերադառնալու մասին հարցին ի պատասխան՝ նա չբացառեց նման հնարավորությունը, բայց առաջ քաշեց իր պայմանները. Սա Ադրբեջանի ելքն է տարածաշրջանից, ռուս խաղաղապահները հայտարարում են, թե կոնկրետ ում շահերն են պաշտպանում, և ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հայերը դառնան Արցախի անվտանգության երաշխավորը։

Ալվարդ Գրիգորյան

Դո՞ւ էլ, Եվրախորհրդարան։ Արցախի ժողովրդին առաջարկվում է վերադառնալ ահաբեկչական կազմավորում

Այս օրերին՝ 36 տարի առաջ Խորհրդային Միության գոյության տարիներին, Խորհրդային Ադրբեջանի բազմազգ մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի ցեղասպանություն, որը մինչ օրս չի դատապարտվել համաշխարհային հանրության կողմից։

Այսպիսով ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմակերպությունը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի օրինական իրավունքներին, ովքեր օգտվել են ինքնորոշման իրավունքից և հայտարարել ադրբեջանից անջատվելու և Հայաստանի հետ վերամիավորվելու մասին։ Ընդ որում, ցեղասպանությունը կատարվել է ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա ազգային-ազատագրական շարժման հետ կապ չունեցող մարդկանց նկատմամբ։ Մարդիկ ենթարկվել են ցեղասպանության միայն այն պատճառով, որ հայ են։

2024 թվականի այս օրերին «համաշխարհային հանրությունը», ավելի ճիշտ՝ նրա մասը՝ Եվրախորհրդարանը, ընդունեց երկու բանաձև՝ զգուշացնելով Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի հետևանքների մասին։ Բայց․․․

Այն օրերին, երբ, կարծես թե, պետք է հիշատակվեր Սումգայիթի ցեղասպանությունը, եվրոպացի խորհրդարանականները կրկին տանում են այն գիծը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության հայությունը վերադարձի իրավունք ունի և (ուշադրությո՛ւն) Ադրբեջանը պետք է ապահովի……….

Ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին, ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունների մասին

Սումգայիթում 1988թ.

Բաքվում 1990թ.

Շահումյանի և Հադրութի շրջաններում 1991թ. («Օղակ» օպերացիա)

Մարաղայում 1992 թ

Թալիշում 2016թ

Հադրութում, Շուշիում 2020թ

ամբողջ Արցախում 2023թ.։

Եվրամիությունը, որը 1992-ի հունվարին ադրբեջանին «ընդունեց» ԵԱՀԿ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ուժ չկիրառելու և ԼՂՀ կարգավիճակը որոշելու բանակցություններին մասնակցելու խոստման դիմաց, 34 տարի շարունակ աչք է փակում այն ​​փաստի վրա, որ ֆաշիստական ​​դաստիարակությամբ ադրբեջանը խախտել է միջազգային հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները և ագրեսիա իրականացրել ԼՂՀ-ի դեմ։ 1994-ին նա պարտվեց պատերազմում Արցախի ինքնապաշտպանության ուժերին և կորցրեց 7 շրջաններ, որոնք իրավամբ պատկանում են հայերին եւ քեմալականների ու բոլշևիկների կողմից են փոխանցվել ադրբեջանին։

Եվրամիությունը, որը 30 տարի մասնակցում էր ԼՂՀ կարգավիճակի որոշման բանակցային գործընթացին, փակեց աչքերը և հանգիստ համաձայնեց փոխել Մինսկի խմբի ձևաչափը, որտեղ Լեռնային Ղարաբաղը սկսեց ներկայացնել ըստ էության մեկ այլ պետություն՝ Հայաստանի ղեկավարը, որը բանակցություններից հեռացրեց ԼՂՀ օրինական ընտրված ներկայացուցիչներին։

Եվրամիությունը, որը տարիների ընթացքում (1994-2020թթ.) երբեք չի դատապարտել Ադրբեջանին Արցախի հետ շփման գծում բազմաթիվ միջադեպերի համար, շարունակում է աչք փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա և կոչ է անում նրա բնակիչներին վերադառնալ ֆաշիստական, ահաբեկչական կազմավորման իրավասության տակ, որը վերջին երեք տարիների ընթացքում իրականացրել է երկու ցեղասպանություն և էթնիկ զտումներ։

Ինչո՞վ է ԵՄ-ի դիրքորոշումը տարբերվում Ռուսաստանի դիրքորոշումից, որը քաղաքական, դիվանագիտական ​​և ռազմական օգնություն ցուցաբերեց բռնապետ Ալիևին բնիկ հայերին իրենց նախնիների երկրից արտաքսելու չարագուշակ ծրագրի իրականացման գործում։

Ի՞նչ տարբերություն Ալիևի և Պուտինի, Արցախի և Հայաստանի դեմ պատերազի եւ ուկրաինական պատերազմի միջեւ։

Իսկապե՞ս ԵՄ-ն որևէ լծակ չուներ Ալիևի վրա։ Իսկ գուցե լուռ կոնսենսուսն էր, որ հանգեցրեց Արցախի հայաթափմանը։

Եվրախորհրդարանի երկու բանաձևերը աջակցություն կստանային արցախցիների կողմից, եթե նշվեին Ադրբեջանի բոլոր «մեղքերը» և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Թե՞ «համաշխարհային հանրությանը» ձեռնտու է ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ճնշման տակ ՀՀ վարչապետի կողմից Արցախի ճանաչումը ադրբեջանի կազմում։ Իսկ որքանո՞վ է «համաշխարհային հանրությունը» գիտակցում, որ նախ՝ Փաշինյանը իրավասու չէ չեղյալ հայտարարել մի ամբողջ ժողովրդի իրավունքը, երկրորդ՝ չկան փաստաթղթեր, ըստ որոնց Արցախի Հանրապետությունը ադրբեջանի կազմում է, և երրորդ՝ սպառնալիքով ընդունված ցանկացած որոշում իրավական ուժ չունի։

Թե՞ ԵՄ-ն Ալիևի թելադրանքով կվերացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Թվում է, թե բոլորի համար արդեն ակնհայտ է, որ ադրբեջանը թքած ունի բոլոր բանաձեւերի, կոչերի, սպառնալիքների վրա, քանի որ նա, ի տարբերություն մյուսների, հասկացել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը բառերից այն կողմ չեն անցնում։

Այդպես է եղել Արցախի դեպքում, և ամենայն հավանականությամբ այդպես կլինի նաև Հայաստանի դեպքում։

Հայերը պետք է ապավինեն իրենց ինքնակազմակերպմանը և ռուս-ադրբեջանական տանդեմի նոր ագրեսիային պատրաստվեն։ Ալիևը դեռ չի մարել Պուտինի պարտքը Արցախի համար, և նա պետք է ավարտի իր հաջորդ խնդիրը՝ հայկական պետականության վերացումը, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունների օգնությամբ։

Սումգայիթը շարունակվում է` չնայած ամպագոռգոռ հայտարարություններին ու որոշումներին։

Մարգարիտա Քարամյան

Բաքվի քաղաքագետներ. Ռուսաստանը Ալիևին ստիպում է մարել պարտքը և հարձակվել Հայաստանի վրա

Բաքվի քաղաքագետ Ազեր Գասըմլին կարծում է, որ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Հայաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գործընթացին։

Գասըմլին կարծում է, որ դա նոր իրավիճակ չէ, և այն առաջացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ «Վերջին տարբերակը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունն է, որը ներառում էր Ադրբեջանի արևմտյան շրջանը Նախիջևանի հետ կապի հարցը։ Պուտինի փոխարեն այս մասին հիմնականում խոսել է Ալիեւը։ Սակայն վերջին օրերին այս մասին սկսել են բացահայտ խոսել նաեւ ռուս պաշտոնյաները։ Օրերս Սուսլովը բացահայտ հայտարարեց, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից կամ դուրս բերի ռուսական բազաները, ապա Ռուսաստանը Ադրբեջանին քարտ բլանշ կտա Զանգեզուր ներխուժելու համար։ Եթե ​​Ալիեւը նախկինում չէր խոսել միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողության մասին, ապա տեղական լրատվամիջոցներին տված իր վերջին հարցազրույցում այդ մասին բացահայտ հայտարարեց։ Ուզում էր ասել, որ մենք Ռուսաստանի հետ նույն նավակի մեջ ենք»,- ասում է քաղաքագետը։

«Փաստն այն է, որ վերջին ռազմական գործողությունները և Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումը, Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը, սահմանային բախումները Ռուսաստանի խնդրանքով տեղի ունեցած իրադարձություններ են։ Ալիևն առանց Ռուսաստանի համաձայնության ոչ մի քայլ չի անի։ Կարծես դրա դիմաց Ալիևը համաձայնել է, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները վերահսկվեն Ռուսաստանի կողմից»,- ասաց նա։

Գասըմլին ասում է, որ ռազմական ներխուժումը Հայաստան չի բխում Ալիևի ռեժիմի շահերից, սակայն իրեն ստիպում են։ «Ղարաբաղի հարցում Ադրբեջանն արդեն մտել է ռուսական սցենարով մշակված խաղի մեջ։ Այսինքն՝ Պուտինն իր գործն արել է Ղարաբաղի հարցում՝ չխառնվելով պատերազմին։ Այժմ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները։

Այնպես որ, կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը կա, բայց կախված իրավիճակից, դա կարող է չլինել։ Դրա համար, կարծում եմ, պետք է լինեն որոշակի պայմաններ։ Կա՛մ Փաշինյանը պետք է տապալվի, կա՛մ Ռուսաստանը պետք է ավելի լուրջ ճնշման բախվի Ուկրաինայում, կա՛մ աշխարհում ավելի մեծ կոնֆլիկտի օջախ առաջանա, որպեսզի Ադրբեջանը կարողանա դուրս գալ իրավիճակից, այլապես իշխանություններն այլ ելք չունեն…»:

Ազեր Գասըմլին նշել է նաեւ, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, կարող է միջազգային լուրջ պատժամիջոցների ու ճնշման ենթարկվել։

Բաքվի մեկ այլ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն զգուշացնում է Ալիևին. «Երբ Սադամ Հուսեյնն ասաց, որ Քուվեյթը Իրաքի տարածք է, ԱՄՆ դեսպանը դա անվանեց իրենց ներքին գործը: Ի՞նչ եղավ հետո։ Այն բանից հետո, երբ Սադամը մտավ Քուվեյթ, ԱՄՆ-ը պատժեց նրան բառիս բուն իմաստով»,- ասել է Ալիզադեն։

Ըստ նրա՝ Ալիևը նման քայլի չի գնա. «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կներխուժի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք և կփորձի ուժով բացել Զանգեզուրի միջանցքը։ Սա կբերի լուրջ ճնշման։ Իրաքը հարևան երկիր միջամտության ամենադառը օրինակն է։ Վստահ եմ, որ Իլհամ Ալիևն ամենից շատ սիրում է իր իշխանությունը։ Դրա համար նա չի հարձակվի և չի վտանգի իր իշխանությունը, եթե նույնիսկ Ռուսաստանը խնդրի, Ալիևը դա չի անի»։

Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռենդ Փոլը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից F-16-ների օգտագործումը 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  դեմ հարձակումներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Սենատորը կոչ է արել ընդունել բանաձևը՝ Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների վաճառքի համար Կոնգրեսի անհամաձայնության վերաբերյալ:

Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում Փոլը հիշեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդումը, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռ։ «Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր դաշնակից Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանն իրեն հպատակեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները՝ F-16-երը, որ տալիս ենք թուրքերին, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմում»,-ասել է սենատորը:

Նա շեշտել է, որ 2020-ի պատերազմում և 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ,  ստեղծվել է հումանիտար աղետ՝ ստիպելով ավելի քան 100 հազար մարդու տեղահանվել:

Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից: Բանաձևը, սակայն, ընդունվելու համար բավարար ձայներ չի ստացել:

Մարտ 2020. Զոնտիկներ, վերջին անգամ

2020 թվականի մարտ. Բնական-պատմական արգելոց Հունոտի կիրճ կամ Արցախի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Զոնտիկներ»։

Այդ պահին ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք վերջին անգամ ենք այստեղ։ Գարունը, ինչպես կասեր բանաստեղծը, զարթոնքի, նոր կյանքի ու հույսի ժամանակ է։ Այսօր մենք նշում ենք տարագրությունից հետո առաջին գարունը։ Հավատանք, որ հույսով…

Լուսանկարնեը՝ Ալվարդ Գրիգորյանի