“Խաչմերուկի” շեմ․ Իսկ ուրիշները Հայաստանը քաղաքակրթություն են համարում եւ “ալիմենտ” պահանջում

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը։

Հայաստանի թշնամիները դարերով փորձում են ջնջել պատմական եւ այլ աղբյուրներից Հայաստանի՝ որպես քաղաքակրթության մասին հիշատակումները, թեկուզ բազմաթիվ ազգերի “քաղաքակրթական” արմատները տանում են Հայկական լեռնաշխարհ։

Հայկական R1b հապլոգոխումբը հիմնական բնութագրիչ նշանն է ողջ Արևմտյան Եվրոպայի համար:
Բրիտանացիների ամենահին տարեգրության մեջ հենց առաջին էջում ուղղակիորեն գրված է, որ նրանք եկել են Հայաստանից։ Նույն բանն է ասվում Արմինիուսի մասին բավարական տարեգրության մեջ։ Իսկ բասկերի՝ Պիրենեյներ տեղափոխված ժողովրդի առաջնորդի անունն էր Հայտոր, որը հայերեն բառացի նշանակում է հայի թոռ։

Հայաստանը քաղաքակրթություն է, որը կյանք է տվել բազմաթիվ մշակութների։ Բայց հայերը չեն ցանկանում իրենց վրա “հայրապետական” պատասխանատվություն վերցնել՝ գերադասելով ճչանաչել սեփական “հայրությունը”։ Թեկուզ “զավակներն” հենց Հայաստանից են ճանաչում պահանջում՝ սահմանների, պետական իրավունքի, նույնիսկ կայսրություն լինելու։ Հայաստանն էլ շռայլում է թե՛ պապական հողերը, թե՛ իրավունքները։

Հատկապես վերջին տարիներին հայերը փորձում են իրենց գժի տեղ դնել եւ զավակների համառ պահանջներին ի պատասխան ձեւացնում են, որ իրենք ոչ մի իրավունք չունեն, Հայաստանն էլ՝ խաչմերուկ է այլ քաղաքակրթությունների համար։ Я не я и лошадь не моя.

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը։ «Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ”:  Յա, իրո՞ք։

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանն իր խոսքում եւս սահմանափակեց թեման խաչմերուկով։

“Մեր աշխարհագրական դիրքը՝ չնայած բոլոր սահմանափակումներին, մեր պատմական ու քաղաքակրթական հետքն ու ժառանգությունը թույլ են տալիս գրագետ և համակարգային մոտեցման պարագայում շահեկանորեն դիրքավորել Հայաստանը՝ որպես քաղաքակրթական, առևտրատնտեսական, լոգիստիկ և էներգետիկ հանգույց Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև»,-ասաց Աբրահամյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ավելի պարզ խոսաց։ Նա նշեց, որ «մշակութային խաչմերուկի և համաշխարհային քաղաքակրթությանն ինտեգրվելու գաղափարը միայն պատմական անցյալին չի վերաբերում”։ “Մեր երկիրը պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ համաշխարհային քաղաքակրթություններին միանալու, սեփական արժեքները փոխանցելու և նոր գաղափարներ յուրացնելու հարցում։ ՀՀ կառավարությունն արդեն տևական ժամանակ է, ինչ առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է բացել մեր տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները, նպաստավոր պայմաններ ստեղծել բոլոր երկրների տարանցիկ առևտրի ու ենթակառուցվածքների անխափան գործունեության համար»,-ասաց Ծառուկյանը:

Սկզբից ասեիք, էլի։

 

«Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից»

Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք իրավահաջորդն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, այդ դեպքում ինչի՞ց են վերցրել, որ Տավուշի այդ 4 տարածքներն ադրբեջանական են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

«Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, հիմա իրենք ինչ-որ բան են ստեղծել ու բրդելով գնում են մեր հաշվին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի քարտեզի ցուցադրությանը եւ հայտարարությանը, որ դա է Հայաստանը, Արկադի Կարապետյանն ասաց. «Դա Հայաստան չի, դա եսիմինչի կտոր է»:

Նա նկատեց, որ բոլորն այսօր վախեցած են. «Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից են վախեցած: Վախերը շատ մեծ նշանակություն ունեռն: Հիմա թե՛ Ադրբեջանի ճնշումն է, Կրեմլի ճնշումն է, թե՛ Եվրոպայի ճնշումն է, թե՛ իրենց կուրատորների ճնշումն է, ինչ-որ մի բանից վախենում են: Ինքը վախեցած է, գնում տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է:

Մեծ գիտելիքներ պետք չէին հասկանալու համար, որ պատերազմ է լինելու, ասում էինք, որ պատրաստվեին: Հիմա էլ եմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց չենք պատրաստվում: Եթե չեն պատրաստվում է, նշանակում է՝ վախեցնում են, որ իրենց համար ձեռնտու արդյունքի  հասնեն:

Հարցը մենակ հողը չի, այլ նաեւ իրավունքները. այսօր Արցախը իրենց տիրապետության տակ է, վաղը մեր տիրապետության տակ է  լինելու, բայց մենք մեր իրավունքները պետք է պահենք: Հիմա Հայաստանի իրավազրկումն է գնում»,-ասաց հրամանատարը:

Արկադի Կարապետյանի խոսքով, եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. «Նժդեհն ասում էր՝ քո հոգու մեջ պետք է կառուցես հաղթանակի տաճարը: Մեր մեջ պատկերացում է ձեւավորվել, որ Տավուշը ամրոց է, ու եթե այդ ամրոցը տալիս ես, քո մեջ ինչ-որ բան խաթարվում է: Դա մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց նա:

Խզմալյան․ «Մեզ փորձում են համոզել, որ Արցախը դա ժողովրդավարացման գինն է»

«Մեզ փորձում են համոզել, որ Արցախը դա ժողովրդավարացման գինն է։ Մենք երբեք չենք ընդունի այս կեղծ գաղափարը եւ պայքարելու ենք ոչ միայն փախստական դարձած արցախցիների իրավունքների, այլ նաեւ նրանց վերադարձի իրավունքի համար՝ համաձայն միջազգային օրենքի, որը շատ հստակ ձեւավորվեց ՄԱԿ-ի գլխավոր քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դատավճռում»,- այսօր հրավիրած «Հանուն ՀՀ եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Ըստ նրա՝ եվրաինտեգրումը հնարավորություններից մեկը չէ, այլընտրանք չունեցող ազգային քաղաքականություն է։ Այս ընտրությունը, որը հիմա մենք կատարում ենք, այն պատմական որոշումը, որը պետք է կայացնենք, ոչ թե Ռուսաստանի քաղաքական նենգության, ծավալապաշտության ու Արցախի ժամանակավոր կորստի արդյունք է, դա մեր ժողովրդավարական նկրտումների, ազգային ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունն է։

«Ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ մասի՝ որեւէ վերպետական կառույցի անդամակցելու համար, ինչպես նաեւ Հայաստանի տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե։ Ուստի, մենք առաջարկում ենք սկսել աշխատանքները՝ հանրաքվե անցակացնելու ուղղությամբ։ Եվրոպական ընտրությունը ոչ թե մեկ մարդու, մեկ կուսակցության, այլ ողջ ժողովրդի ցանկությունն ու ընտրությունն է։ Համենայնդեպս մենք աշխարհին եւ ինքներս մեզ դա պետք է ապացուցենք։ Որպես խիստ անհրաժեշտ միջոց՝ Երեւանում եւ բոլոր մարզերում պետք է հիմնվեն Եվրոպայի տներ, որպեսզի եվրաինտեգրման գաղափարը վերացական ծրագրից դառնա գործնական»,- հավելեց Խզմալյանը։

Ինչ է սպասում Երեւանին առաջիկայում

«Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք չի։ Դե մենք ասենք՝ էլի ոչինչ, ջանդամ, անտառում ենք ապրում, փեդ կճարենք, բա քաղաքները ի՞նչ պիտի անեն, բա Երևանը ո՞նց պիտի լինի, դրա մասին մտածու՞մ են։ Երևանում չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասում։ Մեր թշնամին մեր խելքին չի, ինքը հետո սաղ փակելուա մեզ Արցախի օրը գցի, դա՞ ենք ուզում», Step1.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի 87-ամյա բնակիչ Վարդգես պապը։

Ավելացնենք՝ երեւանցիները ոչ միայն հիմա չեն պատկերացնում, այլեւ չեն պատկերացնելու նույնիսկ այն ժամանակ, երբ գազը, էլէներգիան չլինեն, իսկ քաղաքից դուրս գալու համար ստիպված լինեն անցաթուղթ վերցնել Բաքվի անցակետերում։ Երեւանցիների համար Արցախը, Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը հեռու ու անհաղորդ ինչ որ բաներ են, որոնք չպետք է խաթարեն առօրյան, իսկ եթե պետք է փրկել Հայաստանը՝ ուրեմն պետք է հանձնել դրանք։ Թե ինչ են հասկանում Հայաստան ասելով՝ մնում է ենթադրել։ Այս իրողությունների մեջ կարելի է համոզվել ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական լրահոսին հետեւելով, այլեւ շրջելով երեւանյան փողոցներում։

Պատճառը միայն հայաստանյան մեդիա-քաղաքագիտության դեբիլային քարոզչությունը չէ, այլեւ երեւանյան «քաղաքական մշակույթի» առանձնահատկությունները եւ բնույթը, որը հրաշալի ներկայացրել է ժամանակակից փիլիսոփա Վարդան Ջալոյանը։ Երեւանը «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» տարանջատիչ «հայեցակարգի» շրջանակում բնականաբար լիովին կտրվել է դրա երեք բաղադրիչներից։ Կտրվել է սերունդների միջեւ կապը։ Երեւանը գյուղ չէ, բայց քաղաք էլ չի դարձել՝ լռվելով ինչ որ կետում իր «քաղաքային» պսեւդոմտավորականությամբ ու տրեխավոր «իստեբլիշմենտով»։

Այս երկուսի տիպիկ ներկայացուցիչները՝ Ալեն Սիմոնյանը եւ Նիկոլ Փաշինյանը, կարող են առավոտյան հանգիստ հայտարարել, որ հայ ժողովուրդ չկա, հայերը հայրենիք չունեն, Հայաստանը անօրինական է, հողերը հայկական չեն եւ այլն, երեկոյան հանգիստ գնալ սրճարան ու համերգ, տուն, եւ այդպես ամեն օր։ Իսկ համալսարանական ու ակադեմիական բթամտությունը, տրեխավոր «քաղաքական դաշտը» եւ թշնամական ծրագրերի սպասարկու հայաստանյան մեդիա-քաղաքագիտությունը շինիչ քննարկումներ ծավալեն սրճարաններում ու կլուբներում։

Սա է Երևանը հավաքական առումով։ Չնայած երեւանցիները չեն հավատա, բայց քիչ-ինչ լրացնենք Տավուշցի Վարդգես պապի խոսքը։ Տավուշի «անկլավները» տեղային ինչ որ խնդիր չէ, այլ Հայաստանի պետականության վերացման գործնական մեկնարկը Արցախում կիրառված սխեմայով՝ ՀՀ Սահմանադրական տարածքի օտարմամբ, բանակի կազմալուծմամբ, Հայաստանի լիակատար շրջափակմամբ, մայրուղիների եւ մյուս հաղորդակցությունների վերահսկողությունը Բաքվին հանձնելով եւ բնակչության զանգվածային տարագրմամբ։

Տավուշին հետեւելու է Տիգրանաշեն-Երասխ հատվածի հանձնումը Բաքվին՝ Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքի բացմամբ, մայրուղու երկայնքով եւ Երեւանում այսպես կոչված «ադրբեջանցիների» զանգվածային բնակեցմամբ։ Երեւանը սկզբի համար ունենալու է բաժանարար գիծ եւ լինելու է երկհամայնք՝ քաղաքի արեւելյան մասի հանդեպ Բաքվի ուժային վերահսկողությամբ։ Բաժանարար գիծն անցնելու է Աբովյան փողոցով։ Փաշինյանը հիմա հայկական հողերը հանձնելը «հիմնավորում է» հանրագիտարանին հղումով, իսկ Երեւանը ոչ հայկական քաղաք է հայտարարելու՝ հղում անելով Բաքվի խորհրդարանի համապատասխան հայտարարությանը։ Հետեւանքները թողնում ենք երեւանցիների երեւակայությանը եւ ինտելեկտին։

Մի ժամանակ Փաշինյանն ու մյուս քպ-ականները հայտարարում էին, թե Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը չեն պնդելու՝ Մեղրիի միջանցքի հարց չբարձրացնելու համար։ Հիմա ասում են, թե Տավուշը հանձնում են՝ Մեղրիի միջանցքի հարց չբարձրացնելու համար։ Հազվադեպ քաղաքական մեկնաբաններ տարիներ առաջ զգուշացնում էին, որ Մեղրիի միջանցքի շուրջ աղմուկը ընդամենը քողածածկույթ է ՀՀ պետականության վերացման ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Մեղրիի միջանցքի հարցը տեխնիկական է եւ լուծվելու է ընդհանուր ծրագրի համատեքստում, իսկ ավելի պարզ՝ Տիգրանաշեն-Երասխ հատվածը հանձնելուց հետո։

«Տավուշը, Սյունիքը, Չարբախը, հին ստադիոնը, մզկիթի շրջակայքը տանք՝ Երեւանը փրկենք»։ Երեւանցիներին հիասթափեցնենք, որ բաժանարար գծով ամեն ինչ չի ավարտվելու՝ Կոնդի, Ակադեմիական քաղաքի, պետական հիմնարկները տեղափոխելու ծրագրերը վկա։ Պետք է հասկանալ, որ Ալիեւի հայտարարությունները ներքին լսարանի կամ անձնական քմահաճույքների համար չեն, ինչպես սովորաբար ներկայացվում է։ Ալիեւը չի կարող հայտարարել մի բան, որը չի կարողանալու իրականացնել։ Սրանք ռուս-թուրքական պայմանավորվածություններն են Փաշինյան-քպ-ի առաջնորդությամբ, Ալիեւն ընդամենը թվարկում է դրանք։ Այս ծրագրերն անհնար են առանց պաշտոնական Երեւանի առաջնորդության։

Պաշտոնական Երեւանը պաշտոնական Երեւան, իսկ ի՞նչ են մտածում իրենք երեւանցիները, որոնք վերը բերված պնդման ուժով կիսում են լիարժեք պատասխանատվությունը Հայաստանի գոյության համար։ Ռուս-թուրքական ծրագրերը ոչինչ ու առոչինչ են առանց Երեւանի որոշման։

ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ  

Արցախցիների բնակապահովման ծրագիրը կներկայացվի ապրիլին

«Կարծում եմ՝ ապրիլին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը վերջնական տեսքով կարող ենք ներկայացնել»: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են: Խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը թե՛ երկրորդային շուկայում առաջարկի տեսանկյունից, թե կառուցման մեջ գտնվող շինարարության տեսանկյունից բավական էական փոփոխություն է:

Հաշվի առնելով, որ առաջին փուլում ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն, ստիպված  կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել, մենք աջակցության ծրագրերը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն»,-ասաց նա:

Գլխավոր Դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը

Օրեր առաջ Գրողների միությունը և Նկարիչների միությունը ծանուցում են ստացել Դատախազությունից. Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ պահանջում է անվավեր ճանաչել 2001 թվականին Գրողների միությանը և 2003 թվականին՝ Նկարիչների միությանը տրված  սեփականության իրավունքի պետական գրանցումները: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Միությունների նախագահները դեռևս չեն հասկանում, թե ի՞նչ խնդիր կարող էր առաջանալ այսքան տարի անց, հաշվի առնելով այն փաստը, որ թե՛ Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության  շենքը, թե՛ Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքը, տասնամյակներ առաջ են կառուցվել և մինչ օրս սեփականության իրավունքով միություններին են պատկանել:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով, Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ միությունների շենքերի սեփականաշնորհման ընթացքում խախտումներ են եղել:

«Պատճառաբանում են, թե այն ժամանակ Կադաստրի կոմիտեն իրավունք չուներ այդ գործարքներն իրականացնելու: Անհանգստություն, այո՛, կա, անորոշությունից ավելի է շատանում անհանգստությունը: Մեր միության անդամները մեզ հարցադրումներ են անում, բայց մենք այս պահին պատասխաններ չունենք»,-ասում է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն անհանգստացած է, կարծում է, որ միությունների պետականացումն անհետևանք չի մնալու:

«Կպետականացնեն, հետո ուզած պահին կգան, կասեն դուք պիտի վարձեր տաք, կամ էլ կասեն՝ դե հաջողություն ձեզ, գնացե՛ք, ձեր գլխի ճարը տեսե՛ք: Ու այդպես, ինչ մենք պատմում ենք, խոսում ենք, հօդս կցնդի:  Եվ մարդիկ կչարանան երկրի, վճիռ կայացողների նկատմամբ»,-ասաց Գրողների միության նախագահը:

Փաշինյանը կոշտ մեղադրանք ներկայացրեց Սամվել Շահրամանյանին․ ի՞նչ քայլեր են հետեւելու

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը ֆրանսիական Ֆիգարո-ին, որտեղ նա հստակ ասել է, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Երեւանում։

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն:

Սա հարց է, որը պետք է պատասխան ստանա, ես այսօր չեմ ուզում եզրակացություններ անեմ այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող:

Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են:

Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, նրանք այդ պատասխանատվության հանդես գալու հնարավորությունն ունեցել են եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ:

Ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Կներեք, բյց պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են եւ այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- ասել է նա:

Ի՞նչ քայլեր է հետեւելու նման մեղադրանքներին, հայտնի չէ։ 

Ռուսաստանում միգրանտների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ թշնամանքն աճում է

Ռուսաստանի Դաշնության տարածքում կտրուկ աճել է հակամիգրանտների հռետորաբանությունը։ Այս խնդրի առանցքային պատճառներից մեկն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է օգտագործել էթնիկ լարվածությունը իր քաղաքական նպատակների համար, գրում են The New York Times-ի հեղինակները։

Հրատարակության հեղինակները նաև նշում են, որ Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում էթնիկ հակամարտությունները վերածում է իր ընտրական և քաղաքական դիվիդենտների։

Մերձմոսկովյան Կրոկուս-հոլլում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը ևս մեկ խթան դարձավ Ռուսաստանի Դաշնությունում ազգամիջյան ատելություն բորբոքելու համար։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ միլիոնավոր աշխատանքային միգրանտներ Ռուսաստանում մշտապես բախվում են բացահայտ թշնամանքի հետ նրանց նկատմամբ, սակայն այժմ այդ խնդիրը բազմիցս սրվել է. մեծ թվով ժամանածների վրա հարձակումներն ավելի հաճախակի են դարձել։

Հրատարակությունը մեջբերում է նաև ռուս իրավապաշտպան Սվետլանա Աննուշկինային, ով նշել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ նույնպես փորձում են մոբիլիզացնել աշխատանքային միգրանտներին։ «Միգրանտներն անհրաժեշտ են որպես ռուսական բանակի թնդանոթի միս և որպես աշխատուժ»,- ասաց նա:

Նրա խոսքով, հենց որ հայտարարվեց Կրոկուսի հավանական ահաբեկիչների ազգությունը, պարզ դարձավ, որ ռուսական ուժայինները կսկսեն բռնել տաջիկներին։ «Տաջիկստանից միգրանտները շատ վախեցած են և գրեթե դուրս չեն գալիս փողոց: Հիմա նրանք վախենում են ոչ միայն արտաքսումից, այլև որ իրենց կստիպեն պատերազմել Ուկրաինայի դեմ»,- հավելեց իրավապաշտպանը։

Կառավարությունը որոշեց 40+10 հազ․ ծրագիրը երկարացնել մինչեւ տարեվերջ

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի հիման վրա եւս 9 ամիս շարունակել աջակցության տրամադրումը, այսինքն շահառուների կեցության եւ այլ ծախսերը հոգալու համար տրամադրել աջակցություն 2024-ի ապրիլից մինչեւ դեկտեմբերը ներառյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանը ներյկայացնելով նախագիծը՝ նշեց, որ աջակցությունը կհատկացվի ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում անչափահասներին:

«Այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020-ից հետո  տեղահանված ընտանիքների անդամներին, նրանց թիվը շուրջ 6 հազար է: Նաեւ շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները:

Այս ծրագրով շահառու չեն հանդիսանա ՀՀ-ում բնակարանային ծրագրի շահառուները, սա վերաբերում է բնակարանային հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին:

Նույն ծրագրի շրջանակներում ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 50 եւ 100 հազարի ծրագրերում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ այդ ծրագրերի եւ մյուս  ծրագրերի շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ քննվող դիմումների հիման վրա մենք միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու  փաստի մասով»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից, իսկ 40+10 ծրագրի համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու:

«Տարեվերջին ծրագրի տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք եւ կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը»,- ընդգծեց Նարեկ Մկրտչյանը:

Պետդեպ․ ապրիլի 5-ի հանդիպման նպատակն է՝ օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ ի պատասխան լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպումը ներառական չէ և կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս հանդիպումից հետո կկիսեն պատասխանատվությունը հետագա հնարավոր էսկալացիայի համար։

«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի»,- ասել է խոսնակը։

Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին․ Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր

Ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև, հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում․

«Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»,- ասել է նա:

Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։

Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․

«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։

Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։

Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր, ասել է Շահրամանյանը։

«Ուժերի անհավասարության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս զերժ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։

«Վըսկե ծերքեր»-ը` ապրիլի 7-ին Թումանյան’ս ART-ում

Ապրիլի 7-ին Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում տեղի կունենա «Վըսկե ծերքեր» փառատոն: Փառատոնի ընթացքում կլինի ցուցահանդես-վաճառք:

Փառատոնն կուղեկցվի միջոցառումներով, վարպետաց դասերով, անակնկալ նվերներով և հյուրասիրությամբ:

Փառատոնի հիմնական նպատակը՝ օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել նորը ստեղծելու համար: