Ինչքան գումար է տրամադրվել արցախցիների համար․ թվեր

Արցախի էթնիկ զտման օրերին, երբ հազարավոր բռնի տեղահանվածներ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրների կողմից հայտարարություններ էին տարածվում բռնի տեղահանված արցախցիների հումանիտար կարիքները բավարարելու համար Հայաստանին միջազգային աջակցություն տրամադրելու մասին։ Տպավորություն էր ստեղծվում, որ բազմաթիվ երկրներ ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև ֆինանսական միջոցներով են աջակցում Հայաստանին։
Իսկ ինչպիսի՞ն է/էր միջազգային աջակցությունը Արցախից բռնի տեղահանվածներին։
Հայաստանին տրամադրված միջազգային աջակցության իրական թվերը պարզելու ուղղությամբ ուսումնասիրությունները հանգում են հետևյալ թվերին՝ 36,42 միլիոն եվրո և 27,38 միլիոն դոլար։ Սրանք թվեր են, որոնք ստացվել են մեդիա հրապարակումների հիման վրա։
Պետք է արձանագրել, որ այս գումարները ոչ թե տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ մեծ մասամբ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Հայկական կարմիր խաչը, ՄԱԿ֊ի տարբեր կառույցներ, «Մարդը կարիքի մեջ», Առաքելություն Հայաստան և այլն։
Հոկտեմբերի 14֊ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները 35 միլիոն եվրո են խոստացել ԿԽՄԿ֊ի միջոցով, դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն։ Սակայն հատկացվել է թե ոչ, այդպես էլ պարզ չէ։ Առհասարակ, իմ գնահատմամբ, այս հարցում թափանցիկության լուրջ խնդիր կա։
Սակայն ասելիքս այլ է։ Հրապարակային հայտարարությունների համաձայն՝ տրամադրված միջազգային աջակցության թիվը չի անցնում 67 միլիոն դոլարից։
Հիմա համեմատենք տարածաշրջանում այլ կոնֆլիկտի և տեղահանության ժամանակ միջազգային հանրության արձագանքի հետ։ ԵԽԽՎ֊ի տվյալներով 2008 թվականի Ռուսաստան֊Վրաստան հակամարտության հետևանքով հակամարտության գոտուց 133 հազար մարդ է տեղահանվել և ապաստան գտել Վրաստանում, որից 100 հազարը նույն ամսում նորից վերադարձել են իրենց տները, այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով տեղահանված են մնացել շուրջ 33 հազար անձինք։
Այդ անձնաց հումանիտար կարիքները հոգալու և վերաբնակեցման համար Եվրոպական միությունը Վրաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն։ Նույն նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանը ստացել է 1 միլիարդ դոլարի չափ միջազգային աջակցություն։ Այլ երկրների կողմից ևս Վրաստանին տրամադրվել են աջակցություններ։
Կարծում եմ՝ թվերը ինքնին խոսուն են, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանն այս անհամեմատ ավելի մեծ աղետի պայմաններում ստանում է անհամեմատ ավելի փոքր աջակցություն:
Իհարկե, հնարավոր է, որ Վրաստանին նման ծավալի օգնություն է տրամադրվել նաև այն պատճառով, որ Վրաստանի հակամարտությունը Արևմուտքի հավաքական հակառակորդի հետ էր։ Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ անհամեմատ ավելի փոքր աջակցության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ։
Պարբերաբար լսում ենք, որ Հայաստանը բռնի տեղհանվածների համար անում է այնքան, որքան կարողանում է, և, իհարկե, տրամաբանական է, որ Հայաստանն էլ մեծ ռեսուրսներ չունի։ Այս պարագայում, ինչո՞ւ ակտիվ քայլեր չեն ձեռնարկվում միջազգային աջակցություն գեներացնելու համար։
Հ․Գ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ես անձամբ բարձրաձայնել եմ արցախցիների բնակարանային ապահովման և հումանիտար այլ կարիքների համար միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպելու անհրաժեշտության մասին, սակայն, որքան հասկանում ենք, այդպիսի հստակ օրակարգ Կառավարությունը մինչ օրս չունի։

«Տավուշի միջանցքը» հանձնենք, որ «Զանգեզուրի միջանցքից» չխոսեն. Զախարովան և Ալեն Սիմոնյանը ոչինչ չեն թաքցնում

Մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ խոսում է երթուղու մասին, որը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջևանի արևմտյան շրջանի հետ։

Հայ պաշտոնյաներն ասում են, որ «Զանգեզուրի միջանցքը» 3 տարի է չի բացվում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը, իբր, համաձայն չէ «արտտարածքային» պայմաններին։ Ալեն Սիմոնյանը երեկ նույնիսկ ակնարկել է, որ Տավուշի գյուղերի հանձնումն ինչ-որ կերպ կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Մենք թույլ կտանք, որ Տավուշի միջանցքը ստեղծվի, որպեսզի մեզ չստիպեն բացել Զանգեզուրի միջանցքը, փաստորեն ակնարկում է Ալեն Սիմոնյանը։

Հիշվում է՝ անցյալ տարվա գարնանը, երբ Մոսկվան և Բաքուն Բերձորի միջանցքում ապօրինի անցակետ էին տեղադրել՝ փակելով Արցախի միակ ճանապարհն ու հաղորդակցությունները, նույն Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենք չեն պահանջի վերականգնել Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը, որպեսզի Ալիեւը նույն կարգավիճակ չպահանջի Զանգեզուրի միջանցքի համար։

Հիմա, երբ Բաքուն և Մոսկվան պահանջում են «միջանցք» ստեղծել Տավուշում՝ Հայաստանի կառավարության տված “իրավունքով” փակելով Վրաստան-Հայաստան ճանապարհն ու գազատարը, Զախարովան և Ալեն Սիմոնյանը կրկին հիշեցին «Զանգեզուրի միջանցքը»։

Զախարովան ասում է, որ իրենք դա «միջանցք» չեն անվանում։ Սա իսկապես «միջանցք» չէ, այլ պետական ​​շրջափակման մեխանիզմ։

«Բերձորի միջանցքը» հորինվել է Արցախը ճիշտ ժամանակին արգելափակելու և օկուպացնելու համար։ Հիմա Հայաստանը Վրաստանից անջատելու համար անհրաժեշտ է դեպի Լոռի ելքով «Տավուշի միջանցքը»։ Իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի սկզբանե նպատակ ուներ վերացնել հայ-իրանական սահմանը։ Բայց դա կլինի ամենավերջում։

Զախարովան բացահայտ խոսում է ամեն ինչի մասին, Ալեն Սիմոնյանը, փաստորեն, նույնպես։ Ոչ ոք չի թաքցնում Հայաստանը որպես պետություն վերացնելու մտադրությունները։

Պետք է դիմադրություն լինի ոչ միայն զենքով, այլ նաեւ դիվանագիտական ու ինֆորմացիոն դաշտում

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց շինծու կերպով մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում 1990-ականների սկզբին իբր «ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Սա սպասելի սցենար էր, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

-Սա շատ վատ եմ գնահատում, բայց, այո, սպասելի էր։ Սրա մասին ես եւ շատերը զգուշացրել էինք, որ նման զիջումները վերջ չեն ունենալու։ Առավել եւս, եթե դու թշնամուդ հնարավորություն ու իրավական հիմքեր ես տալիս՝ քեզ մեղադրանքներ ներկայացնելու, նա ներկայացնելու է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդրի լուծման որեւէ ցանկություն չունի, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ակնարկում ու ակնկալում, այսպես կոչված սովետական Հայաստանի հայեցակարգի վրա։ Եթե անգամ Ադրբեջանն ընդունի այդ կեղծ եւ անօրինական սահմանները, միեւնույն է, դա չի բերելու խաղաղությանն, որովհետեւ այդտեղից բխելու են այդ 18 հոգու ու այլոց նկատմամբ հետախուզումները, ռազմական տուգանքի պահանջը, «հայրենադրաձության» պահանջը դեպի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան»։ Հերթական անգամ մենք ականատես ենք լինում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը լիովին անհաջողության է մատնվում։ Սխալներն ինքն է անում, բայց տուժում է ամբողջ երկիրն ու ժողովուրդը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ փորձում է Հայաստանի լեգիտիմ սահմանները ձեւավորել, բայց միաժամանակ ասում է, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ չի ընդունում։ Այսինքն՝ չկա իրավական փաստաթուղթ, բայց հողի վրա սահմանագծում են իրականացնում, սա ինչպե՞ս կոչել։

-Սա պետք է անվանել դավաճանություն, Սահմանադրության խախտում։ Մեր Սահմանադրությունը հստակ ասում է, որ սահմանի փոփոխությանը վերաբերող հարցերը պիտի հանրաքվերով լուծվեն։ Սովետական Հայաստանի մասով չկան լեգիտիմ սահմաններ, որովհետեւ լեգիտիմ նշանակում է օրենքի վրա խարսխված ինչ-որ որոշում։ Այսինքն՝ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները որոշող որեւէ փաստաթուղթ։ Առավել եւս, որ դա սահման էլ չէ, որովհետեւ սահմանը ինքնիշխանությունները բաժանող գիծն է, իսկ սովետական միության վարչական սահմանները որեւէ ինքնիշխանություն չեն բաժանել, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը եղել են ՍՍՀՄ մաս։ Սա պարզապես մեր թշնամու ամենացանկալի երազանքների իրականացումն է։ Նիկոլ Փաշինյանը դա անում է՝ իբր թե հանուն խաղաղության, բայց սա ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ։ Երբ դու ասում ես՝ 4 գյուղը ադրբեջանական տարածք է, բնականաբար, իրավական հիմք ես ստեղծում հարձակվելու ու այդ տարածքները գրավելու։

-Իշխանությունները փորձում են կոտրել դիմադրությունը, մենք դա տեսնում ենք Տավուշի զարգացումների համատեքստում։ Կան տեսակետներ, որ բանակը կարող է չկատարել Փաշինյանի եւ մյուսների ապօրինի հրամանները, այդպե՞ս է։

-Բանակի գլխավոր հրամանատարը մեզ մոտ Նիկոլ Փաշինյանն է, թեեւ օրենսդրությունը մի փոքր խառն է, պատերազմի ժամանակ է այդպես։ Հիմա մենք չենք հասկանում՝ մենք պատերազմի մեջ ենք, թե՞ ոչ։ Բայց անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հսկայական ժամանակ մսխեց, եւ մեր բանակը չունի այդ պաշտպանունակությունը, միեւնույն է, պետք է դիմադրել։ Եթե դիմադրենք, եթե անգամ դիմադրությունը չհաջողի, թշնամին արդեն ծանր ու թեթեւ կանի՝ իմաստ ունի՞ նման ձեւով շարունակել, թե ոչ։ Եթե մենք ակնկալում ենք, որ միջազային հանրությունը մեզ աջակցի, ապա այդ երկրները եւ հանրությունը պետք է տեսնեն, որ մենք չենք հանձնում, չենք տալիս։ Արեւմուտքն ասում է՝ եթե դուք համաձայն եք այս լուծումներին, ես ինչո՞ւ միջամտեմ։ Այսօր նույն Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղված Արեւմուտքին, որով կոչ է անում չաջակցել Հայաստանին, ապրիլի 5-ին հանդիպում չանցկացնել։ Ասում է՝ եթե դուք հանդիպում ու աջակցում եք Հայաստանին, ապա Հայաստանը դառնում է ավելի քիչ կամակատար, եւ խնդիր է առաջանում։ Այսինքն՝ Ադրբեջանի համար կայունություն ու խաղաղություն նշանակում է իր բոլոր ցանկությունների ու նպատակների կատարում։ Այո, պետք է լինի այդ դիմադրությունը, պետք է դիմադրություն լինի ոչ միայն զենքով, այլ նաեւ դիվանագիտական ու ինֆորմացիոն դաշտում։ Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ մեր իշխանությունը դիմի նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հոդվածներ ունի ինքնապաշտպանության իրավունքի ու պատերազմի վտանգի վերաբերյալ։ Պետք է հայտարարություններ տարածել, դիմել, ոչ թե նստել ու սպասել միայն այն հույսով, որ Ադրբեջանը մի օր բավարարված կզգա իրեն։ Հաստատ այդպես չի լինելու, ինչքան զիջումներ լինեն, այնքան ախորժակը կբացվի։

-Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի շահե՞րն է սպասարկում, այդ պատճառո՞վ ձեր նշած գործողությունները չեն իրականացվում։

-Եթե ասում ենք՝ դավաճան, հենց դա նկատի ունենք։ Դավաճանը նա է, ով իր սեփական հայրենիքի հաշվին թշնամու խնդիրներն է լուծում։ Այո, դա նկատելի է բազմաթիվ անգաներ։ Օրինակ՝ երբ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր նշանակվել, եւ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ խաղաղ բնակչության համար վտանգ չկա, բնականաբար, հաջորդ օրը դա մեր երեսին են շփացնում։ Եվ Ադրբեջանին էթնիկ զտման մեջ մեղադրելը դառնում է հիմնազուրկ, որովհետեւ իրենք հղում են անում Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ ձեր վարչապետն է ասել, որ վտանգ չկա։ Եվ մենք բազմաթիվ նման օրինակներ կարող ենք բերել, որ ինքն իր հայտարարություններով եւ գործողություններով նպաստում է թշնամու գործողություններին։

 

Ամոթ է․ սա՞ է ՀՀ իշխանությունների “քաղաքականությունը”

“Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են, պաշտպանելու են», – ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Բայց հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Հայաստանը որոշի, որ հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահներ չպետք է լինեն, նա նույն րոպեին պատասխանեց. «Ո՛չ, նման խոսակցություն չի եղել: Սա էդ դեպքը չի»:

Ստացվում է, որ թեկուզ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, բայց Հայաստանը չի «առաջարկի» Մոսկվային զորքերը հանել ռուս-հայկական սահմանից։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ իշխանությունների քաղաքականության մասին։

Նույն մոտեցում՝ մնացած հարցերում։

Մենք «դիվերսիֆիկացնում ենք» մեր կապերը, բայց ռուսական բլոկներից դուրս չեն գա։ Հարցին՝ հնարավո՞ր է Բլինքենի, Ֆոն դեռ Լայենի եւ Փաշինյանի հանդիպմանը քննարկվի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը, Սիմոնյանը միանշանակ պատասխանեց. «Նման հարց այս փուլում մենք չենք քննարկում եւ չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»:

Այսինքն՝ դատարկ խոսակցություն է ընթանում Արեւմուտքի հետ։

Սիմոնյանը խոստովանեց է, որ չկա երաշխիք, որ Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող օկուպացված տարածքներից: Ավելին, նա ասել է, որ եթե Հայաստանը չհանձննի այդ գյուղերը, Ադրբեջանը կհարձակվի. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչու՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են»:

Սա էլ ապացույցն է, որ Հայաստանը լիովին ճանաչում է հարձակվելու ադրբեջանի իրավունքը։ Իրոք, ինչու՞ չպիտի հարձակվի։

Ալենը կատաղել է ու մարդ է փնտրում

Հայաստանում եւ Տավուշի մարզում որեւէ գյուղ չկա, որի վերաբերյալ քննարկվում է որեւէ մեկին հանձնելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրին:

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք դա համարում են  Հայաստանի տարածք: Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ  դրանք Հայաստանի տարածքում են: Հայաստանը կարող է իր տարածքը մետր առ մետր ցույց տալ բոլոր քարտեզներով, Խորհրդային Միության ստեղծումից սկսած՝ վերջացրած Հայաստանի անկախանալով”:

Ալեն Սիմոնյանը փաստորեն կատաղել է այն բանից հետո, երբ պարզվեց, որ հայկական հողերի հանձնումը քաղաքացիները դավաճանություն եւ հանցագործություն են համարում, եւ դիմադրության պատրաստ խմբեր կան։ Կատաղել է նաեւ, որ արդեն քննարկվում է “չկրակելու” եւ “հետ քաշվելու” հրամանների օրինականությունը։ 

Ալեն Սիմոնյանը լավ կլինի մարդ փնտրի, որը կասի, թե ո՞րն է ադրբեջանի տարածքը։ Եթե չկա սահմանազատում, չկան համաձայնեցված քարտեզներ, ապա ինչի՞ հիման վրա են որոշվում սահմանները։ Արդյո՞ք սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած են ռուսները, եւ հենց նրանք փոխեն իրենց դիրքը, սահմանը կփոխվի։     

Զգուշացում․ Ալիևի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել Արցախի գերեւարված ղեկավարների հետ

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակվող և անօրինական բանտարկությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը, այդ թվում՝ նրանց կյանքին վտանգ սպառնալը, միջազգային լուրջ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել: Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր և ապահովելու Ադրբեջանում պատանդառված բոլոր հայ ռազմագերիների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ կերպով հայրենիք վերադարձը»։

Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ Ադրբեջանը կալանքի տակ է պահում Արցախի Հանրապետության ութ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից կալանքի տակ պահվող բոլոր հայերի տառապանքը խորապես մտահոգիչ է, այսուհանդերձ, նրանց հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։«Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։

Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի չորս ամսվա «կանխարգելիչ կալանավորմանը» հետևելու են մի շարք շինծու մեղադրանքներ:

Հաշվի առնելով Վարդանյանի և մնացած բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդանշական և պատմական նշանակությունն Արցախի անկախության գործում՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել նրանց հետ։

Ինստիտուտը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչախմբին՝ անհապաղ կերպով ազատ արձակելու բոլոր հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին։ Բացի այդ, միջազգային հանրությանը հորդորել է զերծ մնալ ցանկացած տեսակի օգնության տրամադրումից, որը կարող է ավելի վատթարացնել Արցախի ցեղասպանության զոհերի տառապանքը կամ քաջալերել Ադրբեջանին՝ իրականացնելու ցանկացած անօրինական ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։

Պապիկյան-Ասրյան․ Պետական դավաճանությունը Ոսկեպարի շեմին

Ինչ պետք է ականջներին օղ անեն ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոններին նշանակված Սուրեն Պապիկյանը եւ Էդուարդ Ասրյանը, որոնք կատարում են Փաշինյանի անօրինական հրամանները չկրակելու եւ ՀՀ տարածքը, ժողովրդին անպաշտպան թողնելու մասին։ Սա հակասահմանադրական ու հակապետական գործունեություն է, Փաշինյանը նման հրամաններ տալու իրավունք չունի, հատկապես այն պարագային, երբ պատերազմ հայտարարված չէ։ Այսինքն, տեղի ունեցողի համար Պապիկյանը եւ Ասրյանը հավասար պատասխանատվություն են կրում Փաշինյանի հետ եւ չեն կարող թաքնվել ինչ- որ «գերագույն հրամանատարի հրամանների» հետեւում։

ՀՀ Սահմանադրական տարածքը օկուպացված է, օկուպացված է ՀՀ Արցախի մարզը։ Ոսկեպարը «Բերձորի միջանցքն» է, որի հանձնումը ՀՀ պետականության լուծարման գործընթացի գործնական մեկնարկն է՝ տարածքի օտարմամբ, բանակի կազմալուծմամբ, մայրուղիների եւ մյուս հաղորդակցությունների վերահսկողությունը Բաքվին հանձնելով եւ բնակչության զանգվածային տարագրմամբ։ 29,8-ը չեղարկված է, սահմանազատումը, հաղորդակցությունների ապաարգելափալումը, «խաղաղության պայմանագիրը» ՀՀ պետականության լուծարման ծրագրի քողածածկույթն են, դրանք տեղի չեն ունենալու։ ՀՀ ՆԳՆ եւ ԱԱԾ կոչվող կառույցները կատարելու են Բաքվի ստորաբաժանումների առաջխաղացման եւ դրանց անվտանգության ապահովման գործառույթը (ավելի մանրամասն այստեղ)։ 

Այս ծրագիրն առաջնորդում եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը իր կառավարության հետ։ Ապացույցները բազմաթիվ են՝ սկսած միջազգային ատյաններում միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի քննարկումներից, Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման խնդիրը բարձրացնելուց հրաժարվելուց, վերջացրած անօրինական հրամաններով։ Փաշինյանը գիտակցաբար եւ հետեւողականորեն վերացնում է հայկական իրավունքների այս անառարկելի փաթեթը։

Հայկական բանակի որեւէ գործողությունը փլուզելու է այսպես կոչված «ադրբեջանը», որի լեգիտիմացումը որպես պետություն բացառապես կախված է Երեւանից։ Նկատենք՝ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն կադաստրային թուղթ չունի, սակայն նույնը չի ասում «ադրբեջանի» մասին, թեեւ իրականությունը լիովին հակառակն է։

ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոններին դրված Սուրեն Պապիկյանը եւ Էդուարդ Ասրյանն այսպիսով պատկերացնում են տեղի ունեցողի ողջ ընդգրկումը եւ հետեւանքները եւ կրում են ուղիղ պատասխանատվություն։ Առավել եւս, որ բանակը կարող է շրջել իրավիճակը, կատարելով իր սահմանադրական պարտականությունները։

ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ  

Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը կհանդիպե՞ն Ալիևի հետ, թե՞ Փաշինյանը կխոսի երկուսի փոխարեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, ինչպես նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են ներառված ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման օրակարգում, և դիտարկվու՞մ է արդյոք քաղաքական, տնտեսական կամ անվտանգային բնույթի որևէ աջակցություն Հայաստանին։

Պետքարտուղարության ներկայացուցիչը, փաստորեն, ասում է, որ խոսքը ոչ թե Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի «երկկողմանի հարաբերությունների», այլ խաղաղության մասին է, որը չի կարող միակողմանի լինել։ Կհանդիպե՞ն արդյոք Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Ալիևի հետ։ Եթե ​​ոչ, ապա ստացվում է, որ Փաշինյանը կխոսի «երկուսի անունից» և կփորձի համոզել ԱՄՆ-ին և ԵՄ-ին ընդունել «խաղաղության» արդեն իսկ համաձայնեցված Ալիևի, Փաշինյանի և Պուտինի տարբերակը։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն դեռ վերապահումներ ունեն այս ծրագրի վերաբերյալ, թեև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ագրեսիայից 2 օր առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների Ստամբուլում կայացած հանդիպումը հուշում է, որ կա ընդհանուր կոնսենսուս։ Այժմ, ըստ ամենայնի, քննարկվում են վերջնական մանրամասները։ Եւ դրանք կներկայացնի Փաշինյանը։

Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

«Լադանիվա» հայ-ֆրանսիական խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական ժողովրդական երգեր, որոնք խմբին մեծ ճանաչում բերեցին Հայաստանում:

«Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը զեկույց է հրապարակել

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում։

Համահեղինակները նշում են, որ վիզաների ազատականացումը էական փոփոխություն կբերի Հայաստանի ժողովրդին, քանի որ մարդկանց միջև շփումների ավելացումը կարևոր է։

Զեկույցում հատկապես ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է նշի, որ  պատրաստ է Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ առաջարկել, ինչը կարևոր ազդանշան կլինի։

Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը զարգանա, երկրում օրենքի գերակայություն տիրի, և մարդկանց իրավունքներն ու ժողովրդավարությունը պահպանվեն։ ԵՄ օգնությունը պետք է ուղղված լինի այն փոփոխություններին, որոնք մարդիկ կարող են տեսնել և զգալ:

Անդրադառնալով Հայաստանի պարենային անվտանգությանը՝ զեկույցի հեղինակները նշում են, որ այս առումով Եվրոպական Միությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ սուբսիդավորելով Հայաստանին հիմնական պարենային ապրանքների ներմուծումը։ Զուգահեռաբար ԵՄ-ն պետք է աջակցի Երևանին՝ ավելի կայուն և ծախսարդյունավետ ներքին տնտեսության զարգացման գործում։

Զեկույցում նշվում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար կարևոր է ուշադրություն դարձնել նաև էներգետիկ ոլորտին․ հրավիրել Հայաստանին՝ դառնալու եվրոպական էներգետիկ համայնքի անդամ, օգնել Հայաստանին արագացնել իր բարեփոխումները կանաչ էներգիայի փոխակերպման, էներգիայի ներմուծումը և աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի  միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Համահեղինակներն ընդգծում են, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության խիստ անկայուն միջավայրում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել և ազդանշան է տալիս, որ Հայաստանի դեմ հարձակման է պատրաստվում։

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանի կողմից դեռևս 2021 և 2022 թվականների հարձակման հետևանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք գտնվում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանության համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ զեկույցում ասվում է, որ դրանով Բաքուն Երևանի դեմ հետագա հարձակման համար փորձում է տեղեկատվական դաշտ ապահովել։

Մատնանշվում են նաև նախագահ Ալիևի սպառնալիքներն՝ ուղղված ՀՀ մայրաքաղաք Երևանին, որի նկատմամբ ևս Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դեպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար ՀՀ Սյունիքի մարզը։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիան ևս կարող է իր մասնակցությունն ունենալ, քանզի շարունակում է սերտորեն կապված լինել Ադրբեջանի հետ՝ հրաժարվելով բացել սահմանները Հայաստանի հետ և ճնշում գործադրելով վերջինիս վրա։ Այդուհանդերձ, արձանագրվում է տարածաշրջանում Թուրքիայի դերի կարևորությունը և խոսվում Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։

Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաև կարևոր ազդակ կուղարկի Բաքվին և Անկարային։

Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։

Անդրադառնալով նաև Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն փաստացի սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր անվտանգության մեխանիզմները։

Բացի այս, զեկույցում ասվում է, որ Հայաստանի համար կարևոր դեր կարող է ունենալ Թուրքիայի հետ զուսպ և ուղիղ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը։

Սեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից

28-ամյա Աշոտն ավարտել է Արցախի պետական ​​համալսարանի հիմնական զինվորական պատրաստության և ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետը։ Արցախի պաշտպանության բանակի շարքերում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան։ Մեկնելուց որոշ ժամանակ անց իմացավ մորս հիվանդության մասին և վերադարձավ հայրենի քաղաք՝ Շուշի։ Մայրիկին չհաջողվեց փրկել: 2022 թվականին Աշոտն ամուսնացավ, և շուտով նրանք ունեցան հիանալի դուստր։

Այնուհետեւ Աշոտը համալրել է պաշտպանության բանակի շարքերը՝ նվիրվելով հայրենի երկրի պաշտպանության սուրբ գործին։ Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է մասնակցել Արցախյան երեք պատերազմի։ Շուշի քաղաքի կորստից հետո Աշոտը ընտանիքով վերադարձել է Ստեփանակերտ և նոր տուն կառուցել։

Սեպտեմբերի 19-ը Աշոտին զրկեց հայրենի հողում ապրելու ու ստեղծագործելու երազանքից։ Աշոտը, ինչպես մնացած արցախցիները, հասկացավ, որ այլ ելք չունի և ընտանիքը փրկելու համար պետք է հեռանա Արցախից։ Նա եւս վառելիքի խնդիր ուներ, եւ սեպտեմբերի 25-ին հարյուրավոր հայրենակիցների նման ողբերգության մասնակից դառավ։

Աշոտը հիշում է, թե ինչպես է դժոխքի վերածված վայրը խլել իր կողքին կանգնած մարդկանց կյանքը։ Նա կարծում էր, որ փրկություն չկա, շուրջբոլորը վառվում էր, և սարսափելի ճիչ էր լսվում։ Այդ պահին նա հիշեց փոքրիկ դստեր և կնոջ խնդրանքը. «Պետք է ողջ մնաս, իրավունք չունես…»:

Նա ուժերը հավաքեց, բռնեց դիմացի գետնին ընկած ինչ-որ երկաթե բանից, ձեռքերը վառելով, ու մի կերպ դուրս եկավ կրակի միջից։ Նրա հագուստն ամբողջությամբ այրվել է։ Այդ պահին նա նույնիսկ փորձել է օգնել կողքի անօգնական ճչացող կնոջը։ Հետո, լսելով փրկարարների ձայնը, Աշոտը գնացել է նրանց կողմը։ Հասնելով փրկարարներին՝ Աշոտը կարծել է, որ սարսափելին հետևում է, սակայն հիվանդանոցում ապշեցուցիչ պատկերի ականատես լինելուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։

Արցախում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Աշոտը նույնպես տեղափոխվել է Հայաստան, որտեղ համապատասխան բուժում է անցել։ Աշոտն ընտանիքի հետ այժմ ապրում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում։ Նրա առողջական վիճակը ծանր է, անվասայլակով է։ Ընտանիքի անդամները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ Այժմ Աշոտը ամբուլատոր բուժում է անցնում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Նա երախտապարտ է Այրվածքների ազգային կենտրոնի մասնագետներին և Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմին՝ պրոֆեսիոնալիզմի, ուշադրության և աջակցության համար։

Անցնելով սարսափելի օրեր, լինելով անօթևան և ունենալով առողջական լուրջ խնդիրներ՝ Աշոտը չի դադարում հավատալ ապագային՝ փորձելով ուժ գտնել՝ առաջ գնալու հանուն իր ընտանիքի, հանուն կռված տղաների սխրագործությունների, որոնք կյանք են տվել Արցախի համար։

Արսեն Աղաջանյան