Կրկնելու են Արցախի «սցենարը», Երևանում պատկերացնո՞ւմ են, ինչ է սպասում. տավուշցի Վարդգես պապը

Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք էլ չի։

Կիրանցեցի Վարդգես պապը 87 տարի է ապրում է Կիրանցում, ասել է թե՝ իր ամբողջ կյանքը։ Նրա հայրը նույնպես՝ 1900 թվին ծնվել ու ողջ կյանքն ապրել է  Կիրանցում։ Ասում է՝ մեր գյուղի պատմությունը շատ երկար է, շաաաատ, հենա Կիրանց վանքը, Առաքելոցը, Սրանոցը, Աճարկուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես մերն է, գերեզմանոցները լիքը խաչքարերով, քեզ որպես դրա վկայություն։

Վարդգես պապը 53 տարի գյուղում աշխատել  է որպես փայտագործ։ 1990-ականներին 53 տարեկան հասակում ստիպված էր զենք վերցնել ու կանգնել գյուղի ջահելների կողքին, որովհետև գյուղի մոտակայքում հաստատված քոչվոր ցեղերը սկսել էին նեղել գյուղի բնակիչներին։ “Իրանք եկել հաստատվել են մեր պապական հողերում, դե գիտես դրանց, ոնց են բազմանում, լցվել ու պատուհաս դարձել մեր գլխին, մենակ քառասուն գնդակ է մտել իմ տան տանիքը”, ասում է Վարդգես պապը։

Նա հիշում է 1991 թվականի «Օղակ» գործողությունը, ձայնը սկսում է հուզմունքից դողալ։ “Թուրքերը քիչ էին, հետն էլ ռուսական զորքը, դե են ժամանակ խորհրդային էին ասում։ Յոթը տանկ է մտել մեր գյուղը, երեք ուղղաթիռ, 50-60 ռուսական  զինվորական։ Ու պայման էին դրել մեր առաջ, որ հա՛մ զենքերը պիտի հանձնենք, հա՛մ ֆիդայիներին։ Առավոտվա ժամը 6-ից մինչև երեկոյան ժամը 5-ը, ով որտեղ նստած էր, մնաց տենց նստած, թույլ չէին տալիս տեղներիցս շարժվենք։ Բայց էտ խելագարն ո՞վ է, որ ֆիդայիներին հանձնի։ Ո՛չ զենքը տվեցինք, ո՛չ ֆիդայիներին հանձնեցինք։ Ահավոր բաներ են դրել մեր գլխին, հենա մեր էտ հոգիները վառված քաջ տղերքը հավաքվեցին ու մեր գլխին կախված վտանգի հարցերը լուծեցին։ Տանկերի դեմ էին կռվում մեր էտ առյուծի սիրտ կերած տղերքը, հասկանու՞մ եք տանկերի, անգամ մի տանկ էլ գրավեցին։ Ինքնաշեն նռնակներով, որսորդական հրացաններով գիշերը մեր քաջերն էին գյուղը հսկում, ցերեկը մենք։ Երկու աչք ունեի, երկուսն էլ փոխ էի առել հրացանը վերցրել սալլամի վրա պառկած սահմանը պահել, որ թուրքը չմոտենա մեր գյուղին։ Ահավոր օրեր էին, զոհեր, ողբ։ Հիմա էտ ի՞նչ զրույցներ են անում, ես չեմ հասկանում։ Բա մենք մեր հողերի համար էտքան արյուն ենք թափել, արդյո՞ք ճիշտա արյունով պահած հողի հետ էտպես վերաբերվել։ Երիտասարդ եք, չեք իմանա, բայց էտ թուրքերը վախկոտ շներ են, նրանք իրենց ուժեղ էին զգում ռուսի կողքին, հենց ռուսները գնացին, վախկոտ շան նման փախան։ Էսօր էտ հող տվողները, որ էն պատերազմի ժամանակ մեր գյուղում մի ժամ մնացած լինեին, էսօր էդ խոսքերը չէին ասի։

Մեր տղաների թափած արյունը մի կողմ, մեր գյուղի անվտանգությունը մի կողմ, բա էդ միջպետական ճանապարհը, գազամուղը ո՞նց է թողնում դրանց, ախր նույն վիճակը պիտի լինի, ինչ որ Արցախում։ Ախր դա հասկանալու համար մեծ խելք պետք չի։ Դե մենք ասենք՝ էլի ոչինչ, ջանդամ, անտառում ենք ապրում, փեդ կճարենք, բա քաղաքները ի՞նչ պիտի անեն, բա Երևանը ո՞նց պիտի լինի, դրա մասին մտածու՞մ են։ Երևանում չեն պատկերացնում իրենց, ինչ է սպասում։ Մեր թշնամին մեր խելքին չի, ինքը հետո սաղ փակելուա մեզ Արցախի օրը գցի, դա՞ ենք ուզում։ Ես 87 տարեկան մարդ եմ, բայց պատրաստ եմ կանգնել մեր գյուղի ջահելների կողքին, ինչով կարամ օգտակար կլինեմ։ Բա սա մեր գյուղնա, մեր տուն ու տեղնա, մեր քաջերը էս հողում են, ու՞ր պիտի թողնենք գնանք”։

Արմինե Հայրապետյան

Ֆրանսիայի դեսպանը հիշեցրեց Միջազգային դատարանի որոշման և դեպի Արցախ փակ ճանապարհի մասին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինին հայտարարել է, որ խախտվել են արցախահայության վերադարձի իրավունքները։

«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի կողմից 9-ամսյա շրջափակումից և դաժան հարձակումից հետո։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարված է»,- գրել է նա իր X-ում։

Սամվել Հովսեփյան. Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության աշխատանքի դրական արդյունքների մասին դեռ վաղ է խոսել

«Չէի ասի, թե արցախցիներից քչերն են պատրաստ պայքարել իրենց իրավունքների համար, հատկապես սոցիալական հարցերում։ Իսկ թե ինչու առաջին հանրահավաքին այդքան մարդ հավաքվեց, բացատրություն կա»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության» անդամ Սամվել Հովսեփյանը՝ մեկնաբանելով մարտի 20-ի հանրահավաքը։

Նա մի քանի պատճառ բերեց. Առաջին պատճառն այն է, որ հանրահավաքը աշխատանքային օր է նշանակել, քանի որ հավանականություն կար, որ պահանջների ուշացման դեպքում կառավարությունը կհաստատի մի ծրագիր, որը չէր նպաստի Արցախի ժողովրդի տարրական կարիքների լուծմանը։

«Երկրորդ պատճառն այն է, ինչի դեմ մենք պայքարում ենք՝ արցախցիների ֆինանսական անմխիթար վիճակը։ Պարզապես շատերը հնարավորություն չունեն մարզերից գալ Երևան և միանալ Նախաձեռնության շարժմանը։

Պետք է ընդգծել նաև, որ բոլոր տեսակի շարժումներն այնքան են շփոթեցնել մարդկանց՝ հետապնդելով քաղաքական և ոչ քաղաքական նպատակներ, որ մարդիկ իրոք շփոթության մեջ են և դժվարանում են որոշել, թե ում վստահել։ Բայց ես համոզված եմ, որ մարտի 20-ի առաջին հանրահավաքին եկածները տեսել և հասկացել են, որ հանրահավաքը կազմակերպել են արցախցիները, ներքաղաքական նպատակներ չեն հետապնդել և բարձրացրել են արդի խնդիրներ ու պահանջներ, որոնք բխում են մեր ընտանիքների համար արժանապատիվ կյանք ապահովելու անհրաժեշտությունից»,- ասաց նա։

Սամվել Հովսեփյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ կառավարությունը ուղարկված Նախաձեռնության միջնորդությանը իր ասուլիսի ժամանակ, որտեղ հնչեցրել է ներքին տեղահանվածների համար ընդունելի լուծում։ Խոսքը 40+10 հազար ծրագիրն առանց փոփոխությունների երկարացնելու մասին է։

Սակայն այս ծրագրի վերաբերյալ ասուլիսը և այլ հայտարարությունները առիթ չեն հաջողության մասին խոսելու, քանի որ ծրագիրը դեռևս չի հաստատվել կառավարության կողմից։ «Ուստի կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել Նախաձեռնության ձեռք բերած արդյունքների մասին»,- նշեց Սամվել Հովսեփյանը։

Նախաձեռնության հետագա քայլերի վերաբերյալ Սամվել Հովսեփյանը նշեց, որ «մեր գործողությունները կախված են նրանից, թե կառավարությունը կարձագանքի՞, թե՞ չի պատասխանի մեր ներկայացրած առաջարկներին»։

«Մենք դիմել ենք նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ խնդրանքով ընդունել մեր Նախաձեռնող խմբին՝ քննարկելու բարձրացված խնդիրները։ Այսինքն՝ այս հանդիպումից հետո կսկսվեն մեր գործողությունները, ինչի մասին հանրությունը կտեղեկացվի»,- ամփոփեց Սամվել Հովսեփյանը։

Ալվարդ Գրիգորյան

Պեսկով. ի՞նչ է նշանակում «Ռուսաստանի համար Հայաստանը ավելին է, քան եղբայրական երկիր»

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա որոշ դժվարություններին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր», չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ անցնում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Ի՞նչ է նշանակում «նույնիսկ ավելի քան եղբայրական երկիր»: Պեսկովը, ըստ երևույթին, ֆրոյդական սայթաքում է արել, քանի որ «եղբայրականшс» ավելին արդեն գաղութն է։

Պեսկովը չի զլանել կրկին հիշեցնել, որ «հայերի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը՝ տարեկան մինչև մի քանի միլիարդ»։

Ռուսաստանը «եղբայրաբար» վախեցնում է հայերին. տարօրինակ է, որ այս անգամ Պեսկովը ոչ թե ասաց, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում», այլ որ նրանք փող են ուղարկում Հայաստան։

Ղուկասյան․ Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտածում, որ ապուշներ են նստած Վաշինգտոնում եւ Բրյուսելում, ես չեմ հասկանում

Step1.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարո՛ն Ղուկասյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզի գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին, Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում 1990-ականների սկզբին իբր «ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Սա սպասելի սցենար էր, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

-Հայաստանի Հանրապետությունը պարտավոր չէ միակողմանի հետ քաշել իր զորքերը գոյություն ունեցող շփման գծից։ Իմ կարծիքով՝ այս ճգնաժամն ստեղծվեց քաղաքական նպատակով՝ հրահրել Հայաստանում անկայունություն, որպեսզի տապալվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպումը։ Հավանաբար ապրիլի 5-ն այն ժամնկետն է, երբ Հայաստանն ունի հնարավորություն՝ այս տարի որոշումներ կայացնելու եւ տնտեսական հարաբերությունների ու անվտանգության ոլորտներում պայմանագրեր կնքելու ԱՄՆ եւ Եվրամիության հետ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար ցանկալի դասավորություն չէ, եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամի թեկնածու պետություն։ Եվ թիկունքում ունենալով Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությունը՝ մենք տեսնում ենք սրացում։

Ոսկեպարի բնակիչները հայտարարեցին, որ եթե բանակը միակողմանի թողնի դիրքերը, իրենք այդ դիրքերը կպահեն քաղաքացիական անձանց ուժերով։ Եվ ավելի սրվեց իրադրությունը, Ադրբեջանն արդեն քայլեր ձեռնարկեց՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական անձանց, որպեսզի վախեցնի, վախի մթնոլորտ ստեղծի բնակիչների ու կամավորականների շրջանում, որոնք դիրքորոշում են հայտնել, որ շփման գծի դիրքերը չեն թողնի։

Ինչո՞ւ էր այս ամենը պետք Հայաստանի վարչապետին, իմ անձնական կարծիքն այն է, որ ինքն այդ կեղտոտ խաղի մեջ մտավ, որովհետեւ շարունակում է փորձել խաղալ երկու ուղղության վրա՝ եւ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջանի ծրագրերն է սպասարկում, եւ միաժանակ փորձում է ԱՄՆ-Եվրամիություն-Ֆրանսիա այս ուղղության վրա հանդես գալ։ Ըստ երեւույթին, Փաշինյանը չի ուզում ապրիլի 5-ին կոպիտ պատասխանել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, այլ ուզում է, ձեռքի տակ ունենալ հիմնավոր պատճառաբանություններ, թե ինչո՞ւ ինքը չի կարող այդ որոշումներն ընդունել՝ որովհետեւ Հայաստանում ճգնաժամ է, սահմանի վրա լարվածություն է։ Այն, որ վարչապետն այդ ամենին մասնակից է, փաստում են իր այցելությունը Տավուշ եւ հանդիպումը մարդկանց հետ։ Սա հիմք է տալիս ասելու, որ ինքն անձամբ սպասարկում է այդ ահաբեկչական ինֆորմացիոն ծրագիրը։

-Փաշինյանը նախ Տավուշի մարզ չորս գյուղերը Հայաստանի տարածքից դուրս հռչակեց, հետո հայտարարեց, որ փորձում են իբր «լեգիտիմ սահմաններ» ձեւավորվել։ Նման քաղաքականության հետեւանքը ո՞րը կարող է լինել։

-Լեգիտիմ սահմանների հարցը դելիմիտացիայի խնդիր է։ Որպեսզի դելիմիտացիան տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն եւ սկզբում քարտեզի վրա հաստատեն միջպետական սահմանը, հետո կատարեն դեմարկացիա։ Ընդ որում, դա պետք է իրականացվի այն պայմաններում, որ զորքերը գոյություն ունեցող շփման գծից հետ քաշվեն։ Հայաստանի Հանրապետության տարածքով այդ շփման գիծն անցնում է օկուպացիայի հետեւանքով։ 2022-2023 թվականներին Ադրբեջանի գործողությունների հետեւանքով օկուպացվել են ՀՀ տարածքները, եւ Եվրամիության կողմից ճանաչվել է Հայաստանի 178 քառակուսի կմ տարածքի գրավումն Ադրբեջանի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այս իրավիճակին արձագանքեց եւ պնդեց, որ եթե Ադրբեջանը առաջ է բերում հարց, որ հայկական բանակը հետ քաշվի շփման գծից, ապա նաեւ ադրբեջանական բանակը պետք է հետ քաշվի շփման գծից, այսինքն՝ դեօկուպացնի Հայաստանի տարածքները։

Որեւէ հիմնավոր պատճառ չի կարող լինել, որ Հայաստանի կողմից զորքերը պետք է միակողմանի հետ քաշվեն շփման գծից, իսկ Ադրբեջանի կողմից մնան նույն դիրքերում։ Եվ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այն, ինչ այսօր կատարվում է, դելիմիտացիայի արդյունք է, որը որոշել են սկսել Տավուշի մարզից, սուտ է, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Դելիմիտացիան արված չէ, իսկ դեմարկացիան չի կարող արվել, քանի դեռ դելիմիտացիան չի արվել։ Որպեսզի դելիմիտացիան լինի, պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, եւ զորքերը հետ քաշվեն շփման գծից։ Սա է միջազգային պրակտիկայում գոյություն ունեցողը կանոնը։ Այն, ինչ Տավուշում հիմա կատարվում է, որեւէ կապ չունի ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային պրակտիկայի հետ։ Դա պարզապես արհեստական ճգնաժամ է եւ առաջինը չէ։ Ամեն անգամ, երբ Հայաստանը կանգնում է ինչ-որ կարեւոր որոշումներ ընդունելու հարցի առաջ, դրան ընդառաջ տեղի են ունենում նման լարվածություններ թե սահմանին, թե երկրի ներսում։ Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտածում, որ ապուշներ են նստած Վաշինգտոնում եւ Բրյուսելում, միջազգային գործիչների ո՞ր դրսեւերումն է թույլ տվել Նիկոլ Փաշինյան մտածել, որ շուրջբոլորը հիմարներ են, ես չեմ հասկանում։

Լիաննա Պետրոսյան․ Մենք պետք է գիտակցենք, որ սա փոխհատուցում չէ, ընդամենը բնակապահովման ու աջակցության ծրագիր է

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը օրերս ասել էր, որ արցախցիներին բնակարանով ապահովման ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են։ Մասնավորապես բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի: Ըստ նրա՝ ծրագրի շահառու կլինեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք։

Արցախցիների շրջանում դժգոհություն է առաջացրել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը, հատկապես ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը։

Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց․ «Շրջանառվող կարծիքները հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ արցախցիների մեծ մասը դեմ են ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջին, չեն ուզում փախստականի կարգավիճակը կորցնել, քանի որ չեն ուզում հրաժարվել իրենց իրավունքներից։ Մարդիկ ասում են, որ դրանով կսահմանափակվի Արցախի նկատմամբ, Արցախում իրենց ունեցվածքի նկատմամբ պահանջատիրությունը»։

Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ բնակարանային ապահովման ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են, վերջնական լուծում կամ որոշման տարբերակ դեռ չկա, եւ վաղ է գնահատել այս ծրագիրը։ «Պետք է սպասենք, հասկանանք, թե կոնկրետ ի՞նչ առաջարկ է լինելու, որովհետեւ ասացին, որ դեռեւս քննարկումներ են լինելու։ Անգամ եղավ տեղեկություն, որ մինչեւ ամառ որոշումը դեռ չի լինի, կշարունակվի 40+10 հազար ծրագիրը։ Բայց երբ խոսում ենք քաղաքացիություն ստանալ-չստանալու մասին, պարզ է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը բնակապահովման ծրագիր է անում, պետություն ինչ-որ առաջնահերթություններ դնում է իր առջեւ։ Եվ դա չի արվում՝ որպես Արցախում կորցրածի փոխհատուցում։ Այսինքն՝ մենք չպետք է պահանջատիրությունից հրաժարվենք, պահանջատիրությունը միշտ պետք է լինի։ Մենք պետք է գիտակցենք, որ սա փոխհատուցում չէ, ընդամենը բնակապահովման ու աջակցության ծրագիր է»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հստակ լինի՝ արդյոք Արցախի քաղաքացիությունից հրաժարվելը պահանջատիրությունից հրաժարվելու նպատակո՞վ է արվում, թե դա արվում է զուտ այն նպատակով, որ ՀՀ-ն մեծ գումարներ է ներդնում եւ ցանկանում է այդ ծրագիրն իրականացնել ՀՀ քաղաքացիների համար։ «Բայց նաեւ չեմ բացառում, որ եթե աջակցության ծրագիր է, կարող են այնպես անել, որ փախստականի կարգավիճակով անձը նույնպես օգտվի դրանից, հատկապես, որ այս փախստականի կարգավիճակը հատուկ որոշմամբ է տրամադրված արցախցիներին։ Եվ ըստ այդմ՝ այդ շրջանակի անձանց պետք է հնարավորություն տալ օգտվել բնակապահովման ծրագրից, մնալ այդ բնակարաններում այնքան ժամանակ, մինչեւ հնարավորություն կլինի վերադառնալ Արցախ, ապրել իրենց տներում»,- հավելեց նա։

Ըստ Լիաննա Պետրոսյանի՝ մարդկանց վերջնանպատակն Արցախ վերադառնալն է։

 

Տիգրան Պետրոսյանին Ռուսաստան չթողեցին և վերադարձրին Երևան. կարծում էիք, որ 10-15 հազար կմնա՞ն

Տիգրան Պետրոսյանը գրում է.

Ինչի՞ համար։ Որ Ստեփանակերտի հրապարակում զայրացած ամբոխին թույլ չտվեցի՞ շրջել գեներալ Վոլկովի մեքենան, կամ որ ԱԴԾ-ի գծով խաղաղապահների պատասխանատուներին երեք անգամ զգուշացնել եմ, որ այս քաղաքականության շարունակությունը կհանգեցնի բնակչության զանգվածային արտահոսքի, և դուք կկորցնեք Հարավային Կովկասը…

Արտաքին հետախուզության կատարյալ ձախողում, կարծում էիք, որ Ղարաբաղում դեռ 10-15 հազար կմնա՞, ինչպես կարծում էիք, որ Կիևում քեզ ծաղիկներով կդիմավորեն…

Ես երեկ մեկնեցի Մոսկվա հանդիպման և պետք է վերադառնայի հանդիպումից հետո։ Ինձ 14 ժամ պահել են օդանավակայանում, որի կեսն անցկացրել եմ փակված, կեղտոտ սենյակում, առանց ջրի… Առավոտյան ինձ ուղարկեցին Երևան… սրանք կյանքի մանրուքներն են, բայց անարդարացիորեն վարվեցին ինձ հետ, թեկուզ ես ճիշտ էի…

Տեղեկություններ կան, որոնք ստիպում են ամաչել ու դառնություն զգալ

Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից հետո Հայաստանի նախագահի կայքից եւս հանվել է Արցախի մասին տեղեկատվության բաժինը։ Այս մասին գրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Տեղեկություններ կան, որոնք չես ցանկանում տեղադրել կայքում, քանի որ նորմալ մարդու մտքով նման բան չի կարող անցնել, և պարզապես ամաչում ու դառնություն ես ապրում:

Իսկ Փաշինյանը հարցրե՞լ է Ալիեւին, եթե նա Թուրքիայի հետ կապ է ուզում, ինչո՞ւ 4 տարի փակ է պահում սահմանները

Մենք կարևորում ենք տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմել է Սև ծովից դեպի Պարսից և Օմանի ծոցեր ճանապարհների մասին, ընդ որում, պարտադիր նշելով, որ «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրան տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով»։

Նա նաեւ ասել է, որ Հայաստանը կարող է միացնել «Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների»:

Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար, ասել է Փաշինյանը։

Նա անգամ մի բառ չասեց, թե ի՞նչ է այդ ամենից ստանալու Հայաստանը, քանի որ բոլոր թվարկած «փաստարկները» վերաբերում են բացառապես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Նա նաեւ չխոսաց Բաքուն ու Անկարան կապող այլ ճանապարհների մասին, ասենք, հարց չհնչեցրեց, թե ինչո՞ւ այդպես էլ չգործակվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որին դեմ էր Արեւմուտքը։ Ինչո՞ւ Իրանը 20 տարի է չի կառուցում Ադրբեջանին միացնող երկաթուղու 8 կմ Աստարա-Ռեշտ հատվածը։

Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ Ալիեւը 4 տարի է փակ է պահում իր երկրի ցամաքային սահմանները, այդ թվում՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ։ Գուցե, Ալիեւին ոչ թե դեպի Թուրքիա ճանապարհ է պետք, այլ ուղղակի Հայաստանն է ուզում գրավել։ Եւ դրա համար Փաշինյանի ձեռմամբ Հայաստանը վերածում է խաչմերուկի, որը չի կարող շահեր, սահմաններ, պետականություն ունենալ։

Հույները երեւի մի լավ կծիծաղեն հայերի վրա։

Բալթիմորում խոշոր կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ բեռնանավը բախվել է դրան

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում 2,5 կմ երկարությամբ Ֆրենսիս Սքոթ Քի ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է գետը։ Մինչ այս, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, բեռնանավ է բախվել դրան։

Տեղի պաշտոնյաների խոսքով՝ միջադեպի հետեւանքով մի քանի ավտոմեքենա է ընկել կամրջից, առնվազն յոթ մարդ մնացել է ջրի մեջ։

Տեղում աշխատում են փրկարարները։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Սենատում կազմակերպվել է ԼՂ-ին ու Հայաստանին նվիրված քննարկում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի գլխավոր բանախոսներ էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը եւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ բելգիացի այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան քննարկումը վարում էր բելգիացի սենատոր, Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավար Մարկ Դեմեսմայեկերը։

Սենատոր Դեմեսմայեկերն իր բացման խոսքում նշեց, որ իր համար թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ անձնապես կարեւոր է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության հետ տեղի ունեցածը օրակարգում պահել։ «Պատմական անարդարությունը չի լքում հայերին։ Երբ ինքս այցելեցի Արցախ, տեսա ազատության եւ խաղաղության արժեքներով մարդկանց, որոնք` չնայած մեկուսացված լինելուն, փորձում էին անկախ տնտեսություն ունենալ եւ դիմադրել մարտահրավերներին՝ ի դեպ, ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանություններով։ Ինձ համար ինքնորոշման իրավունքն առանցքային հարց է,  եւ ես համոզված եմ, որ ժողովրդավարությունները պետք է միավորեն դրա շուրջ», – նշեց սենատորը եւ հավելեց, որ արցախահայությունն ուզում է արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք, եւ այս ցանկությունն անտեսելն անթույլատրելի է։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց՝ չնայած պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու միակողմանի պահանջները շարունակվում են։ «Հայաստանն ինքն այսօր լուրջ մարտահրավերների առջեւ է, որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը», – նշեց Սարգսյանը։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը իր խոսքում նշեց, որ ներկա իրավիճակը հայ ժողովրդի համար ամենադժվարին ժամանակաշրջանն է Հայոց ցեղասպանությունից ի վեր, բայց պայքարը շարունակվելու է։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը նշեց, որ  2017 թվականին Հայ դատի հանձնախմբի  նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղ այցից հետո ամեն օր իրեն պատասխանատու է զգում օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության իրավունքների հարցը։

«Ցավոք, միայն համակրանքով ոչինչ չենք փոխի կամ կանգնեցնի։ Ադրբեջանը ցինիկաբար քանդում է ԼՂ Ազգային ժողովի շենքն ու փորձում ոչնչացնել հայկական յուրաքանչյուր հետք, չհավասարակշռված խաղաղության բանակցություններ է փորձում վարել։ Սա ամենեւին էլ անակնկալ չէ։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դիվանագիտական ճնշում բանեցնի Բաքվի վրա։ Ի վերջո, այս անարդարությանն ու անպատժելիությանը վերջ տալու համար պետք է պատժամիջոցներ կիրառել Բաքվի ռեժիմի դեմ», – նշեց Վան Հուֆը, ում երկար ժամանակ սեւ ցուցակում պահած Ադրբեջանը հանկարծ որոշել է կապվել ու Բաքու հրավիրել, բայց ապարդյուն, քանի որ Էլս Վան Հուֆն այդպես էլ չի համաձայնել։

Էլս Վան Հուֆի համար կենսական նշանակություն ունի հայ ժողորդի ամենատարրական իրավունքների պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարեւորեց եվրոպական հարթակում նման քննարկումների անցկացումը՝ ցավով ընդգծելով, որ արցախահայության վերադարձի հարցն օրակարգում չէ, ինչպես հարկն է, եւ այդ հարցում կա միջազգային հանրության օգնության կարիքը։ «Մեր իրավունքները միայն ֆինանսական ասպեկտ չունեն, մեզ համար կարեւոր է արժանապատիվ վերադարձը մեր տներ եւ մեր ինքնության պահպանումը», – հավելեց Ստեփանյանը։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ընդհանուր ցամաքային սահման ունենալ, ինչը տարածաշրջանում կարող են ապահովել միայն Հայաստանի հաշվին։ Պողոսյանի խոսքով՝ կան պարտավորություններ, որոնք Ադրբեջանը պետք է ստանձնի, բայց, ցավոք, չկա գործիքակազմ, որը կստիպի Ալիեւին դրանք իրականացնել։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ն չի կարող ապահովվել Հայաստանի անվտանգությունը, քանի որ բանակ չունի, բայց պետք է խրախուսել Եվրոպական գործընկերներին գալ եւ ներդրումներ ունենալ Հայաստանում, ապահովել ներկայություն։ Պողոսյանի խոսքով եվրոպական խաղաղության հիմնադրամի գործիքակազմն օգտագործելը կարեւոր է, բայց ոչ բավարար։

Քննարկման ավարտին հարց ու պատասխանի ժամանակ հնչած մտքերում կարեւորվեց այն փաստը, որ ներկա աշխարհաքաղաքական համատեքստում պետք է ամեն գնով կանխել Ադրբեջանի սալյամիի դիվանագիտությունը, հզորացնել հայոց բանակը։