Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Միրզոյանը շեշտել է՝ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։ Նա հիշեցրել է ՀՀ վարչապետի խոսքերը, թե «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։ ԱԺ նախագահն էլ նախորդ շաբաթ ասել էր, որ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ։ Այսինքն՝ русское “нет” загнивающему Западу․
Իսկ Հայաստանում «քաղացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերը՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացման” հարցով կրքոտ ողջունում են ՀՀ իշխանությունների քայլերը։
Մարտի 28-ին այդ ուժերը նույնիսկ հայտարարություն են տարածել, որտեղ նրանք աջակցություն են հայտնում, բայց ոչ թե եվրոպական ինտեգրմանը, այլ գործող իշխանություններին։
«Ողջունելով Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, Ռուսաստանից սպառնալից կախվածությունը նվազեցնելուն և եվրոպական ինտեգրմանն ուղղությամբ ՀՀ իշխանությունների արած քայլերը», ասված է հայտարարության մեջ։
Իշխանության հատկապես ո՞ր քայլերը նկատի ունեն «եվրոպամետ» ուժերը՝ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից դուրս գակը, ԵՄ, ՆԱՏՕ անդամակցության հայտ ներկայացնելը, Լավրովի պլանից հրաժարվելը, ռուս-թուրքական ծրագրերը չսպասարկելը, թե՞ ՄԱԿ ԱԽ-ին եւ միջազգային դատարաններին դիմելը՝ Հայաստանի իսկական սահմանները հաստատելու պահանջով։
«Վերահաստատում ենք ՀՀ իշխանությունների՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման քաղաքականությանը աջակցելու մեր դիրքորոշումը՝ Եվրամիության արժեքային և իրավակիրառական լավագույն ավադույթներին հետևողական հավատարմության պայմանով»,- ասված է հայտարարության մեջ։
Արդյո՞ք «Եվրամիության արժեքային և իրավակիրառական լավագույն ավանդույթների» տակ նրանք նկատի ունեն սուպերվարչապետի կամայական որոշումները, պետության ազգային հիմքերը կասկածի տակ դնելը, կալանքը որպես քաղաքական հակառակորդներին պատժելու գործիք օգտագործելը, թե՞ Եվրոպային՝ Ստալինի որոշումները եւ ԱՊՀ հռչակագիրն որպես բարձրագույն արժեքներ ներկայացնելը։
Տարօրինակ է, որ «արեւմտամետ» ուժերը ոչ թե իրենք են ձգտում իշխանության, որպեսզի իրականացնեն եվրաինտեգրմանը ուղղված քայլեր, այլեւ վստահում են դա մի իշխանության, որը պարզ ասում է, որ ՆԱՏՕ եւ ԵՄ անդամակցության հայտ չի պատրաստվում ներկայացնել եւ դուրս չի գա ռուսամետ բլոկներից։ Արդյո՞ք «արեւմտամետ» ուժերը անհանգստացած են երկրի արտաքին կուրսով, թե՞ ամեն գնով փորձում են երկարացնել Փաշինյանի իշխանությունը, որից ամուր կախված են։
Հանրային հեռուստատեսությամբ եւ բազմաթիվ այլ խողովակներով հենց «արեւմտամետ» համբավ ունեցողներն են քարոզում եւ տարածում Փաշինյանի անիրավ եւ հակապետական թեզերը։
Հատկապես նրանք ջանք չեն խնայում, որպեսզի արգելափակեն արցախցիների ակտիվությունը, փորձելով այն կապել Ռուսաստանի, նախկինների, Մադուրոյի եւ չգիտես էլ ում հետ եւ չնկատելով, օրինակ, ֆրանս-արցախյան ամուր կապերը։ Երեկ Հանրայինի եթերում «արեւմտամետ» ռահվիրա Հովսեփ Խուրշուդյանը կես ժամ փորձում էր համոզել, որ Արցախի իշխանությունները վտարանդի կառավարություն ստեղծեն ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում (հավանաբար, արցախցիներին էլ տանեն իրենց հետ)։ Թեկուզ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վտարանդի կառավարության մասին ասել է ոչ թե ռուսական, այլ ֆրանսիական թերթին տված հարցազրույցում։ Իսկ ռուսական ԶԼՄ-ները 2024-ի հունվարի 1-ի լույս գիշերն են շտապել հայտարարել, որ Շահրամանյանի հրամանագիրը Արցախի լուծարման վերաբերյալ “ուժի մեջ է մտել”։ Ուրախացել են։
Իմիջիայլոց, Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ փակել են Արցախի ներկայացուցչությունը, մնացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ավստրալիայում եւ այլ տեղեր պահպանվել է։ Հիմա Հայաստանը ուզում է միանալ Ռուսաստանին և փակել Արցախի ներկայացուցչությունը, եւ դա անում է “արեւմտամետների” ձեռքերով։ Ինչպես կասեն հարեւան զավթիչները՝ մաշալա։
Ամոթն ու խիղճը չեն կորցնում՝ ծախում են, եւ բոլորը պետք է հիշեն իրենց ասած բառերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: