Հարություն և Ռուբեն Թովմասյանները եղբայրներ են։ 2023թ-ի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից և հաստատվել Երևանում։ Հիմա որոշել են իրենց ընտանիքներով հեռանալ երկրից։ Տոմսերն արդեն գնված են, ճամպրուկները՝ պատրաստ։ Մեկնում են Ռուսաստանի Ռյազան քաղաք, որտեղ ապրում է իրենց հորաքույրը։
Կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, վերջին 10 տարվա մեջ 3 պատերազմի է մասնակցել՝ Ապրիլյան քառօրյային, Արցախյան 44-օրյային և 2023 թ․-ի սեպտեմբերի 19-20-ի մարտերին։ Երկրից հեռանալու որոշումը դժվար է կայացրել, երկար է մտածել, երկմտել։
«Գրեթե 6 ամիս է, ինչ տեղահանվել ենք Արցախից։ Պարապ չեմ նստել։ Ընտանիքս պահելու համար ցանկացած աշխատանք արել եմ, բայց վարձատրությունը շատ քիչ է, ստիպված մեկնում եմ․․․
Հույս ունեմ, որ բարեկամներիս օգնությամբ աշխատանք կունենամ ու կկարողանամ ոտքի կանգնեցնել ընտանիքս, չնայած գիտեմ, որ այնտեղ ևս հեշտ չի լինելու։»
Ծնողները դժվարությամբ են հաշտվել որդիների՝ երկրից հեռանալու որոշման հետ։ Երեխաները, թոռները միշտ իրենց կողքին են եղել, շատ կապված են նրանց հետ։
«Մեր մեծ ընտանիքը կիսվում է, դժվար կլինի դիմանալ կարոտին, – ասում է հայրը՝ Սուրեն Թովմասյանը, և դառնությամբ ավելացնում․– Կարծում եմ՝ շատ ընտանիքներ կհեռանան Հայաստանից»։
ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչև մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13619 քաղաքացի, վերադարձել է միայն 5794-ը։ Փաստորեն Արցախից բռնի տեղահանված մոտ 8 հազար մարդ արդեն արտագաղթել է Հայաստանից, և այս թիվն ամեն օր ավելանում է։ Շատ ընտանիքներ սպասում են ուսումնական տարվա ավարտին՝ այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու համար։
Արցախցիների՝ Հայաստանից հեռանալու պատճառները հիմնականում տնտեսական, սոցիալական վատ պայմաններն են՝ աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրությունը, առաջարկվող բնակարանային ապահովման ծրագրից դժգոհությունը և այլն։ Արտագաղթին նպաստող խորքային հանգամանքը երկրի ներքին և արտաքին անկայուն վիճակն է և պատերազմի վերսկսման վտանգը։
Հեղինակ՝ Կարինե Բախշիյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: