Առաջին Զատիկը տարագրության մեջ․ ուզում ես խոսել հայրենակցիդ հետ հայրենի բարբառով, հարցնել՝ ինչպես ես տեղավորվել

  • 22:11 01.04.2024

Արցախում Սուրբ Զատիկը նշվում էր եկեղեցական բոլոր կանոնների համաձայն՝ եկեղեցական արարողությունների հաճախում, զատկական սեղան, գունավոր ձվեր, բարեմաղթանքներ։ Այնուհետև սկսվում էին այցելությունները հարազատներին և ճամփորդությունները դեպի տեսարժան վայրեր: Վերջին տարիներին առանձնահատուկ ակնածանքով էին պահպանվում ազգային ավանդույթները՝ ձվակռիվները ու հայկական այլ խաղերը։

Առաջին Զատիկը տեղահանության մեջ։ Չորս պատի մեջ նստելը հոգեբանորեն անհնար է։ Խնջույք կազմակերպել, հյուրեր հրավիրել, ուտել և խմել կամ ավանդական ուտեստներ պատրաստել ցանկություն չկա: Ուզում ես ուղղակի հայրենակցիդ հետ խոսել հայրենի բարբառով, հարցնել, թե ինչպես են տեղավորվել, եւ մաղթել հույսը չկորցնեն: Ուստի Զատկի պատարագից հետո եկեղեցու տարածքից դուրս չես գալիս։

Զատիկի օրը Խոր Վիրապը մարդաշատ էր. զբոսաշրջային սեզոնը բացվել է․ տարբեր ռասաների դեմքեր, ամբողջ օրը ավտոկայանատեղին լեփ-լեցուն է՝ մեկը հեռանում է, մյուսները՝ գալիս։

Դանդաղ քայլելով՝ ակամա փնտրում ես «յուրայիններին»՝ արցախցիներին։ Նույնիսկ եթե չես ճանաչում, անմիջապես տեսնում ես՝ Արցախից է․ դեմքի անհանգստ արտահայտություն, մտահոգ հայացք։ Հավանաբար այսպիսի տեսք ունեն երկրագնդի բոլոր փախստականները:

«Անկախ նրանից, թե ով ենք մենք՝ Արցախից, Երևանից, թե մեկ այլ տեղից, բոլորս գալիս ենք Արարատը տեսնելու։ Նայում ենք Արարատ լեռան վրա, հետո շրջվում դեպի Արցախ։ Մտածում եմ՝ իսկապե՞ս մենք նույն կարոտով ենք նայելու Արցախին և պատմական հայկական այլ տարածքներին, ինչպես հիմա նայում ենք Արարատին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին։ Ափսոս, որ աշխարհը մեզ ընկալում է որպես մի ազգ, որն ընդունակ է միայն կորցնել։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ազատագրեցինք հայկական հողերը, վերադարձրինք Արցախը, բայց 30 տարի անց հետ տվեցինք։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ մենք մոռացել ենք ազգային գաղափարը՝ նախընտրելով ապրել սպառողական կյանքով և հեշտությամբ զոհաբերելով սերունդներ, որոնք ունակ են ինչ-որ բան փոխել։ Ինչպես դա արվեց 44-օրյա պատերազմում»,- կարծիք հայտնեց ՀԱԵ ծխական Սուրեն Սարումյանը։

Ալվարդ Գրիգորյան

f