RFI
Սիրիական SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնում է, որ ապրիլի 1-ին, տեղական ժամանակով մոտ 17:00-ին, Գոլանի բարձունքներից իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Աղբյուրը մանրամասնում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։
Գերատեսչությունից հայտնել են, որ շենքում գտնվող բոլորը կա՛մ սպանվել են, կա՛մ վիրավորվել:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ արձագանքել» Իսրայելի հարվածներին։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ «Իրանը համապատասխան պատասխան կտա» այս հարձակմանը, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը։
Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։ «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները», հաղորդում է Reuters-ը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է իր յոթ անդամ, այդ թվում՝ երկու գեներալ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ զոհվածների թվում են ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ էր՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, նշում է BBC-ն։
Իրանական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ հարձակման հետևանքով մի քանի իրանցի դիվանագետներ են սպանվել, հայտնում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է ութ մահվան մասին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաների:
Իսրայելը նախկինում էլ է հարվածներ հասցրել սիրիական տարածքին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, իրանամետ խմբավորումների դիրքերին և իրանական թիրախներին Սիրիայում 2011 թվականին այս երկրում պատերազմի սկզբից ի վեր։ Հարձակումները հաճախակիացան հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ արյունալի ահաբեկչություն իրականացրեց Իսրայելի տարածքում, որից հետո Իսրայելը պատերազմ սկսեց Հեզբոլլահի և Համասի հետ։ Իսրայելը հազվադեպ է մեկնաբանում Սիրիայի տարածքին հարվածները, սակայն բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին ուժեղացնել իր դիրքերը Իսրայելի սահմանների մոտ։
Վերլուծաբաններն ասում են, որ Իսրայելը, որը վեց ամիս շարունակ չի կարողանում ստիպել Իրանին ուղղակիորեն միջամտել Գազայի հատվածի պատերազմին, հիմա հուսահատ փորձեր է անում պատերազմը տարածել դեպի Իրան՝ ներգրավելով նաեւ արևմտյան երկրներին: ԱՄՆ վարչակազմը լարել է հարաբերությունները Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, ում դեմ Իսրայելում վերսկսվել են բողոքի ցույցերը։
Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա սադրիչ հարվածը կարող է ազդել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքի վրա։