Քաղաքացիությո՞ւն, թե՞ ժամանակավոր պաշտպանություն

  • 12:07 02.04.2024

Step1.am-ի հարցերի պատասխանում է իրավաբան-իրավապաշտպան Անուշ Շահրամանյանը։

 -Ի՞նչ իրավունքներ է տալիս փախստականի կարգավիճակը արցախցիներին:

-Փախստականի կարգավիճակը իրավունք է տալիս ՀՀ-ում օգտվել սոցիալական պաշտպանության ծրագրերից, ինչպես նաև նպաստի և կենսաթոշակի իրավունք է տալիս: Այդ ամենից զատ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն: Պետությունը Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, որը պատկանում է  Փաստաբանների պալատին, անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց:

Նրանք ունեն նաև անվճար բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք` պետական բժշկական հաստատություններում:

Անշարժ գույքի ձեռք բերման մասով կարող ենք ասել, որ նրանք ունեն վարձակալության, ինչպես նաև անշարժ գույք ձեռք բերելու իրավունք:

Եթե խոսենք ընտրությունների մասին, ապա նրանք չեն կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, բայց 1 տարի հաշվառում ունենալով համայնքներում, կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Հաջորդ հարցը, որը շատ հաճախ բարձրացվում է մեր հայրենակիցների կողմից, վերաբերում է նրան, թե ինչով է տարբերվում քաղաքացիություն ստանալը փախստականի կարգավիճակից: Քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել հանրային ծառայության ոլորտում, որը ամրագրված է Սահամանադրությամբ, և իհարկե ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք: Մեր հայրենակիցներից շատերը դեռ չեն վերցրել վկայականները, ճիշտ է, մենք, ըստ օրենքի ժամանակավոր պաշտպանության ներքո ենք, և մեզ փախստականի կարգավիճակ է տրվել, բայց ՀՀ-ից դուրս գալու և  ՀՀ մուտք գործելու համար պետք է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Ծրագրերի մասով պետք է նշեմ, որ դեռևս չկա մի այնպիսի ծրագիր, ըստ որի եթե անձը ստացել է քաղաքացիություն, զրկվում է այդ ծրագրից:

-Իսկ արդյո՞ք փախստականի կարգավիճակ ունեցող անձինք կարող են փախստականի  կարգավիճակ ստանալ այլ երկրներում

-ՀՀ-ն համարվում է ապահով երկիր, որն ընդունել է Արցախից փախստականների և նրանց տվել է ժամանակավոր պաշտպանություն, և իհարկե, այլ երկրում չեն կարող նորից փախստականի կարգավիճակ պահանջել․ նրանք հանդիսանում են հենց ՀՀ-ի կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք 3-րդ անվտանգ երկրում, այսինքն մենք ՀՀ-ի կողմից ռասայական, կրոնական խտրականության չենք ենթարկվում, չենք հետապնդվում և այլն:

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ մեծամասնությունը չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:

-Բնականաբար դա այդպես է, մարդիկ մտածում են, որ յուրաքանչյուր պահի կարող են դիմել, բայց նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է լինի ինչ-որ ծրագիր կոնկրետ փախստականների համար, եթե նույնիսկ հիմա այդպիսի ծրագրեր չկան: Թեպետ ՀՀ-ի կառավարությունը մի քանի անգամ նշել է, որ այդպիսի ծրագրեր չեն լինելու, բայց մարդիկ միևնույն է ունեն մտավախություններ:

Ալվարդ Գրիգորյան

f