Դժվարն անցել է, բայց առջեւում երկարատև ապաքինման փուլ է

  • 15:49 02.04.2024

Եգոր Խաչատրյանն Արցախից է։ 2023 թ-ի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել և արդեն 6 ամիս է պայքարում է կյանքի համար։ Բժիշկները միայն վերջերս են հանել նրա գլխի վիրակապն ու հայտնել երկար սպասված լուրը՝ անցնում ենք վերականգնողական բուժման։

2023թ-ի սեպտեմբերի 25-ի առավոտյան, շատ արցախցիների պես, Եգորն էլ ընտանիքով պատրաստվում էր հեռանալ Արցախից։ Քիչ վառելիք ունեին, դրանով Գորիս չէին հասնի։ Երբ լսեց, որ Ասկերանի մայրուղու վրա գտնվող վառելիքի պահեստից մարդիկ բենզին են վերցնում, ինքն էլ եղբոր հետ այնտեղ գնաց։

«Մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել, քաոսային վիճակ էր տիրում։ Իրենց կորցրած խուճապահար մարդիկ տարբեր չափսերի տարաներով վերուվար էին աում։ Կանայք, երեխաներ էլ կային»:

Հանկարծ հզոր պայթյուն լսվեց, ու ամեն ինչ կորավ կրակի մեջ։ Պայթյունը Եգորին ցած նետեց, ամեն ինչ հայտնվեց մթության մեջ։ Սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում․ ոչինչ չէր տեսնում, ամբողջ մարմինը նվվում էր ցավից․ գլխի մի մասն ու ձեռքերը վառվել էին։

«Ինչքան ուժ ունեի՝ հավաքեցի ու մի կերպ դուրս եկա՝ ինձ հետ դուրս բերելով նաև ամբողջությամբ վառված մի տղայի։ Երբ հայտնվեցի դրսում, հասկացա, որ կորցրել եմ երկվորյակ եղբորս՝ Վիտալիին։ Ահավոր վայնասուն, ճիչեր էին, մարդիկ ասես խելագարվել էին ցավից։ Բարեբախտաբար գտա եղբորս ողջ էր, բայց ահավոր վառված․․․»

Առաջին բուժօգնությունը Եգորին Ստեփանակերտի հիվանդանոցում են ցուցաբերել։ Երկու օր հետո, սեպտեմբերի 27-ին, նրան և եղբորը տեղափոխել են Սիսիան, ապա՝ Երևան։ Մոտ 5 ամիս բուժում է ստացել, մի շարք վիրահատություններ տարել։

Վիճակը ծանր էր․ հարազատները հույս չունեին, որ ողջ կմնա։ Երկար պայքարել է կյանքի համար։

«Աչքիս առաջ միշտ աղջնակս էր՝ մեկ տարեկան Վարյան, հենց նա է ուժ տվել ինձ։ Ճակատագիրը ինձ երկրորդ հնարավորությունն է տվել ապրելու, կյանքը վերաարժևորելո»։

Կինը՝ Սնեժանան, ամուսնուն թև ու թիկունք է եղել բուժման ողջ ընթացքում։ Ասում է, որ իրեն էլ Այրվածքաբանության ազգային ինստիտուտի մասնագետներն են շատ օգնել, հույս տվել, քաջալերել։ Դժվարն արդեն անցել է, բայց  առջևում դեռ երկարատև ապաքինման փուլ կան, որ պետք է միասին հաղթահարեն։

Արցախում Խաչատրյանները սեփական բիզնես են ունեցել, զբաղվել են փայտամշակմամբ, մեղվաբուծությամբ։ Հիմա Եգորը անգործ է մնացել։

« Ձեռքերիս վերքերը դեռ չեն լավացել։ Անգամ մեքենա վարել չեմ կարողանում։ Ոչ մի աշխատանքից չեմ վախենում. շուտ ապաքինվեմ ու աշխատանքի անցնեմ․․․»

 2023 թ․-ի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ապաքինված, բայց դեռևս բնականոն կյանքի չվերադարձած արցախցիները օգնության ու աջակցության կարիք ունեն։ Նրանք վերածնվել են, որ շարունակեն ապրել․․․

Կարինե Բախշիյան

 

f