ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին հիմնավորում են, որ նրանց մասին տեղեկատվություն չկա կամ ID քարտի վրա արցախցիների ծննդավայրը պետք է նշվի «Ադրբեջան»։ Խնդիրն այն է, որ ID քարտերում որպես ծննդավայր նշվում է երկիրը, ոչ թե քաղաքը։
Step1.am-ի թղթակիցն այս հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանից։
Արմեն Ղազարյանն ասաց, որ իրավական խոչընդոտ չկա, սա տեխնիկական խոչընդոտ է, որին լուծում կտրվի։
«Աշխատանք է տարվում, որպեսզի նշվի ոչ թե երկրի անունը, այլ քաղաքը, որի ծրագրային լուծումը մենք դեռեւս չունենք, բայց առաջիկայում կներդրվի։ Ծննդավայր տողում հնարավորություն է լինելու գրել նաեւ քաղաքը, ինչպես արվում է անձնագրերում»,- ասաց նա։
Արմեն Ղազարյանը հավելեց, որ ծրագրային լուծումը կներդրվի առաջիկա ամսվա ընթացքում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: