Մեր կայքի եւ շատ ուրիշ լրատվամիջոցների եւ սոցցանցերի էջերում զետեղված՝ արցախցիներին վերաբերող ցանկացած ինֆորմացիա մի շարք դեպքերում բացասական եւ անառողջ արձագանք է առաջացնում։ Թեկուզ հայտնի է, որ տհաճ քոմենթների հեղինակները մեծամասամբ վարձու ֆեյքեր են, այնուամենայնիվ, թե՛ քանակով, թե՛ կեղտի թանձրությամբ այդ քոմենթները հաճախ հասարակական բացասական մթնոլորտ են ստեղծում։
Արցախցիների համար, որոնք 30 տարի ապրել են ավտոնոմ, մեծ հաշվով ընտանեական եւ տեղեկատվական առումով «կարանտինային» միջավայրում եւ զերծ էին տհաճ «քաղաքական» բանավեճերից, առավել տարօրինակ էր միանգամից հայտվել գրեթե թշնամական միջավայրում։
Վեց ամիս է անցել արցախցիների ցեղասպանությունից եւ բռնի տեղահանումից հետո, բայց իրավունքների պաշտպանության ցանկացած փորձ նույն վարկյանին որպես քաղաքական դավադրություն է որակվում եւ «օրորոցում» խեղդվում։ Եթե չեն օգնում ֆեյքերը, մարդկանց կանչում են «օրգաններ» եւ բացատրական աշխատանք տանում։
Այսօր դրա մասին ասվել է “Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միության” անդամների ասուլիսի ժամանակ։ Արտակ Բեգլարյանը ասել է, որ արցախցիները՝ օրենքի շրջանակներում պայքարում են եւ կպայքարեն իրենց իրավունքների մասին, չնայած ճնշումներին։
Արմեն Ասրյանն ավելի կտրուկ էր․ «Մենք այնքան ենք փչացել, որ միանգամից ամեն ինչ կեղտոտում ենք»։ Նա ասել է, որ ցանկացած քաղաքացիական գործունեություն միանգամից պիտակվում է՝ Նիկոկի պրոյեկտ, Քոչարյանի կողմնակիցներ, եւ ամեն ինչ փչացվում է։
Երեկ մեր կայքում հրապարակված նյութերից մեկի հերոսը զանգեց մեզ ու խնդրեց հեռացնել նյութը, «քանի որ բացասական քոմենթները շատ են եւ «Արցախ-Հայաստան» պատերազմ է սկսվել»։ Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ տհաճ, արցախցիներին նսեմացնող քոմենթների հեղինակները հիմնականում ֆեյքեր են եւ, հավանաբար, նույն աղբյուրից են սնվում՝ նույն թեզերը, բառերը։
Թե ով է ֆինանսավորում «թրոլերի ֆաբրիկաները» Հայաստանում, հստակ դժվար է ասել։ Օրինակ, այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ»։
«Տեղեկատվական ստերիլ միջավայրում» 30 տարի ապրած եւ հայրենասիրության գաղափարների վրա դաստիարակված արցախցիները դժվար են սովորում «դաշտային» կեղտոտ ինֆորմացիոն քաղաքականությանը, երբ պարզ չէ՝ ով է թշնամին։ Բայց վախենալ պետք չէ։