Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր պաշտոնական էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ տեղադրելով Ստեֆան Սեժուրնեի ելույթի ամբողջական տարբերակը:
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։
Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Բաքվից եկող կեղծ տեղեկատվության ավելացման առնչությամբ, որը միտում ունի էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել Հայաստանին։ Էսկալացիայի, որից այսօր միայն Հայաստանն է ցանկանում խուսափել:
«Շատ նմանություններ ենք տեսնում այն ամենի հետ, ինչը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այս հարցին Բաքվում կայանալիք COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ:
Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի և Հայաստանի վրա հարձակումների նմանությունը քննարկվում է դիվանագիտական այսքան բարձր մակարդակով։ Հայաստանի դեմ պատերազմը, Արցախի օկուպացիան և Բաքվի ու Մոսկվայի ցանկությունը՝ ստիպելու Հայաստանին և համաշխարհային հանրությանը ճանաչել Հայաստանի դեմ անօրինական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած «իրողությունները», մինչ օրս չեն վիճարկվել արևմտյան հանրության կողմից։ Ավելին՝ Պոլսում 2023 թ․ սեպտեմբեի 17-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը համարվում է Արցախի ուժային օկուպացիայի համաձայնություն։
Միևնույն ժամանակ, Արեւմուտքը դատապարտում է Ուկրաինայում ռազմական նվաճումները օրինականացնելու Մոսկվայի փորձերը։
Հայաստանի կառավարությունն Ուկրայինայի եւ Ադրբեջանի նմանացման քաղաքականության հիմնական գործիքն է՝ առաջ մղելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ որի Ղրիմը Ուկրաինա է, իսկ Արցախը Հայաստան չէ։ Ուկրայինայում եւս՝ հրեական ծագումով հակապուտինյան պրոպագանդիստների ձեռամբ՝ նմանություն չեն տեսնում Արցախում եւ Ուկրաինայում կատարվածի մեջ։
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նոր արտգործնախարարի հայտարարությունը նշանակում է, որ մոտեցումները կարող են փոխվել։ Այն, որ ֆրանսիացի նախարարը Հայաստանը համեմատում է Ուկրաինայի հետ, խոսում է այն մասին, որ Փարիզը Հայաստանը համարում է անօրինական ռազմական ագրեսիայի զոհ, որի արդյունքները չեն կարող «կայացած իրողություններ» համարվել։
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Բլինքեն-ֆոն Դեր Լեյեն-Փաշինյան հանդիպումը։ Ֆրանսիան, որը չի մասնակցի հանդիպմանը, զգուշացնում է, որ եթե հանդիպման մասնակիցները պնդեն Արցախի օկուպացիայի ճանաչումը և “նոր սահմանները”, դա ինքնաբերաբար կպրոյեկտվի Ուկրաինայի և այլ երկրների վրա։