“Թեժ գծին անհրաժեշտ են Ղարաբաղի բարբառով խոսող օպերատորներ”

  • 16:19 03.04.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունը երեկ հայտարարութուն տարածեց, որ  միասնական սոցիալական ծառայության 114 թեժ գծին անհրաժեշտ են Ղարաբաղի բարբառով խոսող օպերատորներ։

Նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ օպերատորները չեն հասկացել Արցախի բարբառով խոսող քաղաքացիներին և չեն կարողացել պատասխանել նրանց հարցերին․ «Հիմնականում նման խնդիրներ չենք ունենում, բայց որպեսզի բացառենք այդ խնդիրը, թիմում նախատեսում ենք ընդգրկել նաևՂարաբաղի բարբառով խոսող օպերատորներ»։

Այս պահին Զանգերի կենտրոնը 12 օպերատոր ունի, որոնք աշխատում են Միասնական սոցիալական ծառայության գրասենյակից։

2023 թվականի սեպտեմբերից հետո Թեժ գծի ծանրաբեռնվածությունը նկատելի ավելացել է․ արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող օրերին, շաբաթներին աշխատել են 24/7 ռեժիմով։

Չնայած արդեն անցել է 6 ամիս, բայց այսօր էլ Միասնական սուցիալական ծառայության թեժ գծից տեղեկություն ճշտելը մեծ խնդիր է։ Մարդիկ ասում են, որ դժվարությամբ  են կապ հաստատում թեժ գծի աշխատակիցների հետ։ Օրվա մեջ եթե մեկ անգամ հաջողվում միանալ, խոսել, արդեն մեծ հաջողություն է։ Թեև քաղաքավարի են պատասխանում զանգերին, բայց հաճախ որևէ հարցի վերաբերյալ լիարժեք, սպառիչ պատասխան չեն տալիս․ հիմնականում ուղղորդում են միասնական սոցիալական տարածքային ծառայություններ, որտեղ պետք է պարտադիր գրավոր դիմումներ ներկայացնել, կցել անձնական փաստաթղթերը, որպեսզի հուզող հարցերի պատասխաններն  ամբողջական տրվեն։

Զառա Մանուչարյանը տեղյակ է այս դժգոհություններից, ասում է՝ ծառայության աշխատանքի բարելավումը, մասնագետների վերապատրաստումն ու կադրային համալրումները այս պահի ընթացքի մեջ են։ Թեժ գծի աշխատակազմում արցախցի աշխատողներ ունենալը նույնպես կնպաստի աշխատանքի բարելավմանը։

Վեհանուշ Հովսեփյան

f