Սպանություն եւ ինքնասպանություն Դիլիջանում

  • 16:45 03.04.2024

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Դիլիջանի «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ։

Ապրիլի 3-ին, ժամը 11:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում, և երբ նա ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:

f