Ի՞նչ սպառնալիք կարող է իրենից ներկայացնել Արցախի կառավարությունը Երեւանում

  • 21:00 03.04.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործում է Երեւանում։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է»։ Ի՞նչ անվտանգային խնդիր կարող է Հայաստանի համար ստեղծել Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը, ինչի՞ց են վախեցած Հայաստանի իշխանությունները։

-Ես չեմ տեսնում սպառնալիք, եւ այդ մասին բազմիցս հրապարակային խոսել ենք։ Ի՞նչ սպառնալիք կարող է իրենից ներկայացնել Արցախի կառավարությունը։ Եվ մանիպուլացնել՝ ասելով, թե Հայաստանում կա մեկ կառավարություն, եւ դա Հայաստանի կառավարությունն է, դա ուղղակի որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ ո՞վ է ասել, որ Արցախի կառավարությունը հավակնում է լինել Հայաստանի կառավարություն։ Դրա համար էլ անունը վտարանդի կառավարություն է։ Այսինքն՝ մարդիկ, կառույցներ, որոնք ունեն սահմանափակ գործելու հնարավորություն եւ որոնց միակ նպատակն Արցախի հետ կապված պետականության մնացորդները պահպանելն է։ Եվ այդ ամենը դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք, ինձ համար անհասկանալի է։

-Ի՞նչ գործողություններ կարող են հետեւել այս հայտարարությանը, տեղեկություններ ունե՞ք։

-Ես չունեմ որեւէ հստակ  տեղեկություն, բայց իշխանական պատգամավորների խոսույթում ես անձամբ սպառնալիք տեսել եմ, այն առումով, որ ասում են՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։ Ճիշտն այն կլիներ, որ Հայաստանի կառավարությունն ինքը շահագրգռված լիներ պահպանելու Արցախի պետականության այդ մնացած մասը, որն այսօր ունենք Հայաստանում։ Խոսքը չի վերաբերում բոլոր կառույցներին, բայց գոնե պետք է պահպանվեն այն կառույցները, որոնք շատ մեծ նշանակություն ունեն Արցախի պետականության տեսանկյունից։ Բայց արի ու տես, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն նպաստում դրանց պահպանմանը, այլ ընդհակառակը հռչակում են որպես ազգային անվտանգությա սպառնալիք։

Իսկ հնարավո՞ր է ԼՂՀ մշտական ներկայացուցության շենքը վերցնեն, արգելեն Արցախի նախագահին կամ պատգամավորներին մուտք գործել այնտեղ։

-Ես չեմ կարող որեւէ կանխատեսում անել, բայց ես ուզում եմ հույս ունենալ, որ նման բան չի լինի։

-Արցախ վերադարձի հարցը Հայաստանի իշխանությունները հանե՞լ են օրակարգից, ի՞նչ է կատարվում։

-Տեսնում ենք, որ ոչ մի մակարդակում արցախցիների վերադարձի հարցը չի քննարկվում։ Եվ անձինք, որոնք ինչ-որ կերպ փորձում են այդ հարցը միջազգային ուշադրության արժանացնել, Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր որակումներ են ստանում։ Հայաստանը չի քննարկում վերադարձի հարցը, այն պարագայում, երբ ես տարբեր միջազգային դերակատարների հետ հանդիպումների ժամանակ խոսում եմ, տեսնում եմ, որ միջազգային դերակատարների մոտ այդ ընկալումը կա։ Բացի դրանից, վերադարձի իրավունքը եւ անհրաժեշտությունը ֆիքսված է նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցներում։ Եվ Հայաստանը փոխանակ վեցնի այդ իրավական կարեւոր հաղթաթուղթը եւ առաջ մղի վերադարձի հարցը, ամբողջությամբ հրաժարվել է վերադարձի իրավունքի մասին խոսել։ Կարծում եմ, որ դրա համար պատճառ է հանդիսանում նաեւ այն, որ վերադարձի իրավունքի մասին խոսելիս Ադրբեջանը հայելային առաջ է բերում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը։ Բայց դրանք ընդհանրապես իրար հետ համեմատելի չեն։ Եթե մի դեպքում անհատական վերադարձի մասին է խոսքը, ապա արցախցիների մասին մենք մշտապես պնդում ենք հավաքական վերադարձի մասին՝ որպես հավաքական իրավունք։ Արցախցիները՝ որպես կոմպակտ բնակեցված, որպես տարածքի բնիկ ժողովուրդ, ունեն շատ ավելի այլ հավաքական իրավունքներ, քան անհատական ադրբեջանցիները, որոնք բնակվում էին Հայաստանում։ Հայաստանի իշխանություններն այս ամենը շատ հստակ ներկայացնելու փախարեն  ուղղակի հրաժարվում են արցախցիների վերադարձի իրավունքից։

Ադրբեջանը միշտ է գործել հայելային պահանջներ ներկայացնելով։ Եթե նայենք միջազգային դատարաններում ադրբեջանական հայցերը, ապա կտեսնենք, որ դա մարտավարություն է, որն Ադրբեջանն այս ամբողջ ժամանակահատվածում որդեգրել է։ Հայելային ինչ-որ պահանջ է ներկայացնում, որի հետեւանքով Հայաստանը տեղի է տալիս եւ հրաժարվում է իր պահանջներից։ Հայաստանի կառավարությունը պետք է առաջ մղի Սումգայիթում, Բաքվում, Կիրովոբադում, Գանձակի, Շահումյանի շրջանի հայերի վերադարձի հարցը եւ ասի, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը ոչ թե պետք է կապել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցի հետ, այլ Ադրբեջանում հայաբնակ քաղաքների հայության վերադարձը կարող է լինել դրա համարժեքը։ Բայց Հայաստանի իշխանությունները նախընտրում են ընդհանրապես հրաժարվել վերադարձի հարցից։