Նրանք զոհվել են 2016, 2020, 2023 թվականների պատերազմներում: Եվս մի քանի տասնյակ երեխա տարբեր աստիճանի ծանրության վիրավորում են ստացել: Այս ամենը մանրամասնորեն արձանագրված է բազմաթիվ զեկույցներում, կոչերում, հայ իրավապաշտպանների համաշխարհային հանրությանը ուղղված հայտարարություններում՝ կից փաստերով և ֆոտո և տեսանյութերով։
«Յուրաքանչյուր պատերազմում առաջին զոհը միշտ երեխաներն են։ 2016 թվականի ապրիլին դպրոցի վրա արձակված ադրբեջանական հրթիռների առաջին անմեղ զոհը 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանն էր։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, կրկին երեխա դարձավ առաջին քաղաքացիական զոհը՝ 8-ամյա Վիկտորյա Գևորգյանը։ 2023 թվականի աշնանային պատերազմում ադրբեջանական ագրեսիայի առաջին զոհերը 10 և 8 տարեկան եղբայրներ Միքայել և Նվեր Ղազարյաններն էին։ Այս և շատ այլ երեխաներ սպանվել կամ վիրավորվել են դպրոցների, մանկապարտեզների և բնակելի թաղամասերի վրա թշնամու հրթիռակոծության հետևանքով:
Յուրաքանչյուր 10 տարեկան արցախցի երեխա իրավունք ունի ասելու, որ իր կյանքում տեսել է երեք պատերազմ, անցել տոտալ շրջափակման միջով, ենթարկվել դաժան տեղահանության և հրաշքով փրկվել ցեղասպանությունից»,- ասում է Արցախի Մարտունու շրջանի Հեր-Հեր համայնքից Արտակ Սարգսյանը։
Նա հիշում է, որ 2016 թվականի ապրիլի 4-ին հարյուրավոր մարդիկ եկել էին իրենց գյուղ՝ Վաղարշակ Գրիգորյանի հուղարկավորությանը։ Ամբողջ Արցախից։ Կային նաև լրագրողներ՝ տեղացի, Հայաստանից և այլ երկրներից։
Մահացած տղայի հարազատները դեմ էին, որ լրագրողները լուսանկարվեն կամ տեսանկարահանեն։ Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվեց համոզել նրանց՝ որպեսզի աշխարհն իմանա ադրբեջանական ագրեսիայի մասին և համապատասխան քայլեր ձեռնարկի։
«Բայց պարզվեց, որ աշխարհն անտարբեր է պատերազմի և Արցախի բազմաթիվ անմեղ զոհերի նկատմամբ։ Պարզվեց նաև, որ Ժնևի ոչ մի կոնվենցիա չի տարածվում թուրք-ադրբեջանական քաղաքականության վրա, իսկ միջազգային կառույցները գերադասում են երկակի ստանդարտներ։ Աշխարհը ոչ մի կերպ չարձագանքեց երեխաների մահվանը, էլ ինչ ասեմ սպանված կանանց ու ծերերի մասին»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: