Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Չինարիի և Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

  • 20:06 05.04.2024

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, թե ժամը 15:10-ից 17:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել՝ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքն անմիջապես դադարեցվել է», – նշված է հաղորդագրությունում։

Բաքվի այս պնդմանը Երևանը չի արձագանքել:

f