Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
-Պարո՛ն Խզմալյան, նախքան բրյուսելյան հանդիպումը մեծ սպասելիքներ էին ձեւավորվում, բայց փաստորեն որոշվեց միայն Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ոչ մի խոսք զենքի մատակարարման, անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին։ Սա ա՞յն էր, ինչ սպասվում էր։
-Ես այսպես չեմ գնահատում եւ կարծում եմ, որ մենք ամենակարեւորը չնկատեցինք, այդ մասին չխոսվեց։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը որպես առաջնահերթություն ձեւակերպեց Հայաստանի անվտանգության հարցը։ Եվ այդ հարցի պատասխանը տրվեց, թեեւ ոչ ուղղակի, այսինքն՝ ոչ պաշտոնապես։ Իսկ ինչո՞ւ ոչ պաշտոնապես, շատ թե քիչ հասկանալի է, բայց ես կմանրամասնեմ։ Ապրիլի 5-ին Բրյուսելում առանց ամպագոռգոռ ճառերի հիմնականում լուծվեց Հայաստանի պետականության, անվտանգության հարցը։ Այսինքն՝ մենք բանավոր, ոչ պաշտոնապես ստացանք երաշխիքներ առ այն, որ մեր երկիրը չի լինի ռուս-թուրքական դաշինքի թիրախ եւ մեզ կպաշտպանեն։ Մեծ հաշվով դա հենց այն էր, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեւակերպեց որպես նախապայման։ Այս պահին բացարձակապես երկրորդական է տնտեսական եւ էներգետիկ օգնությունը։ Խնդիրն այն է, որ մենք շատ արագ ենք լավին սովորում, եւ արդեն մեկ շաբաթ հետո մենք կսովորենք այս անվտանգությանը, ինչպես սովորեցինք եւ չենք նկատում, որ մեր արեւելյան եւ հարավային սահմանի հարաբերական անդորրն ապահովում է եվրոպացի դիտորդների առկայությունը։ Հիմա փաստորեն Հայաստանի ամբողջ տարածքը ապահովված է Եվրամիության եւ ԱՄՆ հեղինակությամբ։ Եվ սա իրականում շատ մեծ արդյունք է։
Երկրորդ հանգամանքն այն է, որ մեզ այսուհետ դիտում են որպես Եվրոպական միության անդամության թեկնածու եւ հետեւաբար՝ Եվրոպական միության եւ ԱՄՆ շահերի գոտի։ Սա երկրորդ բանն է, որը չի հայտարարվում պաշտոնապես, բայց դա այդպես է։ Դա այդպես է արդեն որոշակի ժամանակ, պարզապես Բրյուսելում դա ֆիքսվեց։
– Բայց բրյուսելյան հանդիպման ժամանակ ոչ մի խոսք չկար ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի հայտի մասին։ Ինչի՞ հիման վրա եք ասում, որ Հայաստանին արդեն դիտում են որպես Եվրամիության անդամության թեկնածուի։
-Այո՛, հիմա շատերը կհարցնեն՝ ինչի՞ վրա են հիմնված այսպիսի լավատեսական պնդումները։ Խնդիրը շատ պարզ է, մենք սովոր ենք ապրել ապօրինի պայմանավորվածությունների դաշտում։ Մինչդեռ, Եվրոպան եւ ԱՄՆ-ն օրենքի եւ միջազգային իրավունքի դաշտ են։ Ուստի, քանի դեռ Հայաստանը չի կատարել իր տնային աշխատանքը, այն է՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից, մենք չենք կարող ո՛չ հայտ ներկայացնել, ո՛չ էլ այդ հրավերը պաշտոնապես ստանալ։ Մեզ ասացին՝ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը պատրաստ են ընդունել ձեր հայտը, ո՞ւմ հերթն է հիմա, հերթը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն է։ Հիմա երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կատարում այդ քայլը, սա արդեն մեր ներքին քաղաքականության հարց է։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է արագ զարգացումներից, որովհետեւ եվրաինտեգրումը պահանջում է հանրաքվե։ Դա է պահանջում Հայաստանի Սահմանադրության 205-րդ կետը՝ որեւէ վերպետական կառույցի մեջ մտնելիս Հայաստանը պետք է անցկացնի հանրաքվե։
Հասկանալի է, որ դա ոչ բոլորին է դուր գալիս, որովհետեւ դրա տրամաբանական արդյունքը պետք է լինեն արտահերթ ընտրությունները։ Դա ո՛չ իշխող կուսակցությանը, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությանը դուր չի գալիս, որովհետեւ իրենք հիմա գտնվում են պարադոքսալ համագործակցության մեջ, երբ իշխանությունը պահպանում է իր իշխանությունը՝ մատնանշելով թշնամական ընդդիմությանը։ Եվ հակառակն էլ է տեղի ունենում՝ ընդդիմությունն ապրում է հիմնականում իշխանությանը փնովելու հաշվին։ Սա զրկում է մեր երկիրը զարգացման հեռանկարից, արագ եւ արդյունավետ եվրաինտեգրման գործընթացի հնարավորությունից, ուստի, մենք այդ հարցը պետք է լուծենք ներսում։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը մեզ Բրյուսելում ցույց տվեցին իրենց աջակցությունը, բայց աջակցությունը տրվում է նրան, ով կատարում է իր աշխատանքը։ Հիմա մեր հերթն է՝ այդ աշխատանքը կատարելու։
-Եռակողմ հանդիպման ժամանակ նաեւ ոչ մի հայտարարություն չեղավ Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու մասին։ Հայտարարություն չեղավ նաեւ Արցախի հարցի քաղաքական կարգավորման, Արցախի բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի, միջազգային անվտանգության մեխանիզմների ներդրման մասին։ Եվ միայն խոստացան, որ ֆինանսավորում կհատկացնեն՝ Հայաստանում արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Այսպիսով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ճանաչեցի՞ն Արցախի հարցը ուժով «լուծելու» ծրագիրը։
-Ես ասում եմ՝ ոչ, եւ դա միայն իմ կարծիքը չէ։ Ես երկու փաստարկ կբերեմ, սկզբում ասեմ երկրորդ փաստարկը։ Դա այն է, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, որը ներկայացնում է Ֆրանսիան, տարբեր առիթներով երեք անգամ բարձրաձայնել է արցախախահայության վերադարձի հարցը, ազգային իրավունքները։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան՝ որպես Եվրամիության առաջնորդ, ոչ մի վայրկյան չի մոռանում եւ անհրաժեշտ է համարում բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը։ Իսկ առաջին փաստարկը հետեւյալն է՝ մեզանում չեն հիշատակում, բայց մենք իրավունք չունենք մոռանալու, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց արցախահայության խաղաղ ու ազատ վերադարձի իրավունքի պահանջով։ Այսինքն՝ դա Արեւմուտքի գլխավոր դատական ատյանի որոշումն է, որը պետք է իրականացնել։
Այն, որ Հայաստանի իշխանությունն այդ մասին չի խոսում, դա մեր պրոբլեմն է, Արեւմուտքն իր մոտեցումն արտահայտեց։ Ես կարծում եմ, որ ցանկացած որոշում կողմեր ունի, եւ այդ կողմերից մեկը՝ տուժող կողմը, որը պետք է իր իրավունքները պահանջի, դա հայ ժողովուրդն է։ Եվ այստեղ ես մեծ հարցեր ունեմ, թե ինչո՞ւ մենք այս կես տարվա ընթացքում չբարեհաճեցինք ստեղծել իրական կառավարություն կամ որեւէ ներկայացուցչական մարմին, որը կարող էր, իրավասու կլիներ ներկայացնել արցախահայության իրավունքները։ Ես բազմիցս առաջարկել էի ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն, այլ ոչ թե այդպիսին համարել մոսկովյան չեկիստներին։ Հայաստանի իշխանությունները ձեւանցնում են, որ չեն լսում այդ առաջարկը եւ ընդամենն ասում են, որ Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, ունի եւ բարոյական, եւ իրավական պարտավորություն՝ ներկայացնելու իր արցախյան մասի իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։ Մենք պարտավոր ենք օգնել արցախահայությանը, որը հիմա փախստականի կարգավիճակում է, ձեւավորել իրենց հասարակական կարծիքը, ստեղծել ներկայացուցչական մարմին եւ հետապնդել մեր ընդհանուր շահը, վերականգնել ոտնահարված ազգային արժանապատվությունը եւ միջազգային իրավունքը, այդ թվում՝ Արցախ վերադառնալու իրավունքը։ Դա Երեւանը չի անում, ինչո՞ւ ենք մենք դա պահանջում Արեւմուտքից, ես դա չեմ հասկանում։ Արեւմուտքը պարզապես առաջնահերություններով է առաջնորդվում։ Հիմա առաջնահերթություն է համարում փրկել Հայաստանը ռուս-թուրքական զավթումից։
Հիմա մենք պետք է անցնենք երկրորդ հարցին՝ հանուն ինչի՞ ենք մենք պահպանում Հայաստանի Հանրապետությունը։ Ի թիվս այլ բաների, նաեւ հանուն նրա, որ բոլոր հայերի իրավունքները պաշտպանվեն։ Դա գրված է մեր անձնագրերում, որ այս անձնագիրը կրողն ունի ՀՀ պաշտպանություն։ Եթե ՀՀ-ն ունի Արեւմուտքի պաշտպանությունը, ինչը վավերացվեց Բրյուսելում, մենք պետք է անենք հերթական քայլերը, այդ թվում է նաեւ Արցախի հարցի լուծումը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: