Արդեն երրորդ օրն է՝ գնդակոծվում են հայկական գյուղեր Սոթք-Խոզնավար գծի երկայնքով, որը Փաշինյանը 2020 թվականի պատերազմից եւ Քարվաչառն ու Քաշաթաղը առանց մի կրակոցի հանձնելուց հետո անվանեց «Հայաստանի սահմաններ»։ Կրակում են ոչ միայն դիրքերի, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների ու տների ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները սա անվանում են «անկանոն» կրակոցներ՝ ըստ էության ասելով, որ նման գնդակոծությունը պատասխան գործողություն չի պահանջում։ Նրանք սա անվանում են սադրանք և ռազմական էսկալացիայի առիթների որոնում։
Արարատ Միրզոյանն ասում է, որ «իրավիճակի դեէսկալացիայի համատեքստում կարևոր է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ այս առաքելությունը դարձել է հայ-ադրբեջանական սահմանի կայունության իրական, շոշափելի, արդյունավետ գործոն»։
Նման հայտարարությունները ուղղակի ծաղր են հայկական բանակի հասցեին՝ պարզվում է, որ կայունության գործոնը ոչ թե ազգային բանակն է, այլ 200 եվրոպացի դիտորդները։ Իսկ եթե ինչ-որ բան լինի, մեղավորը կլինի ոչ թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ ԵՄ-ն՝ իր «քաղաքացիական առաքելությամբ»։ Ինչպես նախկինում մեղավոր էին ռուսական զորքերը /որոնք ի դեպ այնտեղ “Փաշինյանի խնդրանքով են” հայտնվել, «նախկինները», որոնք ժամանակին հրթիռներ չեն գնել կործանիչների համար, ընդհանրապես՝ բոլորը, բացի Հայաստանի ղեկավարությունից։
Ի դեպ, արդեն երրորդ օրն է, ինչ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արձանագրում է, որ սահմանին ամեն ինչ «կայուն» է։ Առաքելությունը չի արձանագրում ադրբեջանական կողմից կրակոցները, միայն հերքում է Բաքվի «մեղադրանքները», թե հայկական կողմն իբր պատրաստվում է որոշակի գործողությունների։ Նրանք փորձում են միայն “ապացուցել”, որ հայկական կողմը casus belli՝ պատերազմի պատճառ չի ստեղծում։ Բայց առաքելությունը չի նկատում, որ հայկական գյուղերը գնդակոծվում են։
Ինչո՞ւ ԵՄ առաքելությունն իր զեկույցներում չի արձանագրում հայկական գյուղերի գնդակոծությունները. չէ՞ որ սա մաքուր casus belli-ն է: Տների և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծություններն արձանագրվել են ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ՆԳՆ եւ օմբուդսմենի կողմից: Մովսեսի գյուղապետարանի նախկին ղեկավար Զավեն Պապյանն ասել է, որ «կրակել են ոչ թե դիրքերի, այլ գյուղի վրա։ Նրանք մեծ վնաս են հասցրել՝ գերեզմանոցին, տների տանիքներին։ Կրակել են նաեւ տան պատուհանների վրա, տանը քնած անչափահաս երեխան հրաշքով է փրկվել»։
Պաշտոնյաները դա անվանում են նաև «ահաբեկում»՝ ակնարկելով, որ դա արվում է՝ բնակիչներին ստիպելու լքել իրենց համայնքները: Սա էլ չի արձանագրում ԵՄ առաքելությունը։
Ամեն ինչ շատ նման է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում, երբ լայնածավալ հրետակոծությունն ու միջշրջանային ճանապարհների շրջափակումը ստիպեցին արցախյան գյուղերի բնակիչներին լքել իրենց տները՝ թողնելով անգամ իրենց աչքի առաջ կրակոցներից զոհված հարազատների դիերը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Հայաստանը ճանաչեցին Բաքվի իրավունքը՝ օկուպացնելու և ցեղասպանություն իրականացնելու Արցախը։ Եվ պատահական չէ, որ Սոթք-Խոզնավար գծի գյուղերի գնդակոծությունները սկսվեց ապրիլի 5-ից հետո։
Հայաստանում սեպտեմբերի 19-ի կրկնության անմիջական պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև նրանց «արևմտամետ» կամակատարները, ովքեր հայտարարեցին, որ ապրիլի 5-ից հետո Հայաստանը իբր հայտնվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության ներքո։